Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 848-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 848-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

1.

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը

 

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1403-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 848-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում հղում է կատարվում «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին: Որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որոշման քննարկվող դրույթները համապատասխանում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախկին իրավակարգավորումներին: Մինչդեռ, «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-93-Ն օրենքով «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն՝ քննարկվող հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ փրկարար ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ հոդվածում լրացված 3.1-ին մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: Հետևաբար, Որոշման, որպես ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, դրույթները և նախաբանն անհրաժեշտ է համապատասխանեցնել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ օրենքով սահմանված իրավակարգավորումներին: Մասնավորապես, Նախագծով նախատեսել, որ աղետից տուժած երկրում փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

1.2. Որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար արագ արձագանքում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին 25000 ԱՄՆ-ի դոլարի չափով վարկային քարտային հաշվի չափաքանակ և 25000 ԱՄՆ-ի դոլարի չափով կանխիկի չափաքանակ: Քննարկվող դրույթների համար հիմք են հանդիսացել նախկինում գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգի 41-րդ և 42-րդ կետերով սահմանված իրավակարգավորումները (Որոշման նախաբանում ևս հղում է կատարվում ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմանը), համաձայն որի՝ կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով` ____ գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսեր` միայն օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտի (բացառությամբ օդային տրանսպորտի) ծախսեր_______: Մինչդեռ, ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշումը, և սահմանվել են բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կողմից ստանձնած պարտավորությունների դիմաց վճարումների իրականացման նոր իրավակարգավորումներ՝ անկանխիկ փոխանցման եղանակով, կանխիկ դրամով և բանկային վճարային քարտերի միջոցով: Ընդ որում՝ կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով` նպաստներ և այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց: Իսկ գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսերը կարող են իրականացվել միայն բանկային վճարային քարտերով: Հետևաբար, անհրաժեշտ է Որոշման 2-րդ կետի դրույթները համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին, միաժամանակ, Որոշման նախաբանում փոխելով նաև հղումը: Մասնավորապես՝ Նախագծով նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար արագ արձագանքում իրականացնելու նպատակով, որպես օպերատիվ ռեզերվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է ունենալ ՀՀ պետական բյուջեից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին 50 000 ԱՄՆ-ի դոլարի չափով միայն բանկային քարտային հաշվի չափաքանակ (բանկային վճարային քարտով)՝ գործող իրավակարգավորմամբ սահմանված 25000 ԱՄՆ-ի դոլարի չափով վարկային քարտային հաշվի չափաքանակի և 25000 ԱՄՆ-ի դոլարի չափով կանխիկ չափաքանակի փոխարեն, ինչպես նաև նախատեսել, որ արտարժույթի օպերատիվ ռեզերվը ձևավորվում է արտարժութային քարտային հաշվի ձևով, և ռեզերվից վճարումներ կատարվում են միայն բանկային վճարային քարտով՝ գործող իրավակարգավորմամբ սահմանված կանխիկ դրամով իրականացվող վճարումների փոխարեն:

1.3. Որոշման մեջ անհրաժեշտ է կատարել նաև մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, մասնավորապես՝

- «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» և «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերն ու դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «արտակարգ իրավիճակների նախարարություն» և «արտակարգ իրավիճակների նախարար» բառերով ու դրանց հոլովաձևերով: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով, որպես նախարարություն, Կառավարության կառուցվածքում սահմանվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ (ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության  2018 թվականի հունիսի 8-ի N 705-Ն որոշմամբ) սահմանվել, որ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` արտակարգ իրավիճակների բնագավառի իրավահաջորդն է,

- «պետական կառավարման մարմիններ» և «հանրապետական գործադիր մարմիններ» բառերն ու դրանց հոլովաձևերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմիներ» բառերով ու դրանց հոլովաձևերով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջները,

- «երկակի նշանակության արտադրանքներ» և «լիցենզավորման» բառերը փոխարինել համապատասխանաբար «երկակի նշանակության ապրանքներ» և «թույլտվության տրամադրման» բառերով ու դրանց հոլովաձևերով՝ հիմք ընդունելով «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքի (կիրառվում է «երկակի նշանակության ապրանք» հասկացությունը) պահանջները: Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով երկակի նշանակության ապրանքների արտահանման և տարանցիկ փոխադրման համար լիցենզավորման կարգ սահմանված չէ, հետևաբար՝ նշված գործունեությունը չի կարող համարվել լիցենզավորման ենթակա: ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի N 924-Ն որոշմամբ սահմանվում է, որ երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար տրամադրվում է թույլտվություն,

- «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «Պետական եկամուտների կոմիտե» և «Ազգային անվտանգության ծառայություն» բառերով: Ներկայումս սահմանային անցակետերում պարզեցված կարգով սահմանահատման գործընթացների ապահովման լիազորությունը օրենքով վերապահվում է մաքսային մարմիներին՝ Պետական եկամուտների կոմիտեին: Միաժամանակ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գործում է որպես Ազգային անվտանգության ծառայություն՝ Վարչապետին ենթակա մարմին,

- նախատեսել, որ աղետից տուժած երկրից Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ՝ գործող իրավակարգավորմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու փոխարեն՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 9-ի N 1230-Ն որոշման պահանջները:

2.

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

 

Ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, համաձայն որի նախատեսվում է՝

- Որոշման նախաբանը և դրույթները համապատասխանեցնել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումներին,

- աղետից տուժած երկրում փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը,

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար արագ արձագանքում իրականացնելու նպատակով, որպես օպերատիվ ռեզերվ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է ունենալ ՀՀ պետական բյուջեից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին արտարժույթային քարտային հաշվի չափաքանակ (բանկային վճարային քարտով), ինչպես նաև արտարժույթի օպերատիվ ռեզերվը ձևավորել արտարժութային քարտային հաշվի ձևով, և ռեզերվից վճարումներ կատարել միայն բանկային վճարային քարտով,

- Որոշման մեջ կատարել նաև մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:

3.

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

 

Նախագիծը մշակվել է Փրկարար ծառայության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կաապահովվի Որոշման համապատասխանեցումը գործող օրենսդրության պահանջներին, կբացառվեն նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև իրավական կոլիզիաները և հակասությունները ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմերին:

5.

Նորմատիվ բնույթի հիմնավորվա­ծությունը

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման, գործող իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

  • Discussed

    14.07.2020 - 29.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6954

Print