Under development
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Անվտանգության ապահովման խնդիրը ցանկացած պետության և հասարակության կենսական նշանակություն ունեցող հիմնահարցերից է: Իր հերթին երկրի ազգային անվտանգության համակարգում իրավական անվտանգությունը ունի մեծ դեր և կարևորություն:
Սրանով է պայմանավորված նաև այն, որ ՀՀ Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին ՆՀ-37-Ն հրամանագրով դատական իշխանության անաչառությունը և անկախությունը ևս դիտարկվել է որպես ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիք, իսկ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը առանձնացվել է որպես ազգային անվտանգության ներքին սպառնալիք:
Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) իրավական անվտանգության սահմանադրաիրավական երաշխիքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), իսկ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում իրավական անվտանգության հիմնախնդիրը Սահմանադրության մեջ արտացոլում ստացավ մի շարք ուղղություններով, որի հիմնական նպատակը պայմանավորված էր իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը նախատեսելու և կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:
Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները ուղղակիորեն առաջադրեցին երկրում իրավական անվտանգության ապահովման ուղղված հստակ քաղաքականության մշակելու և այն հետևողականորեն կենսագործելու պահանջ:
Շատ երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունը, չունեն երկրի իրավական անվտանգության հստակ հայեցակարգ։ Իրավական անվտանգության հիմնահարցերը միայն մասնակիորեն են տեղ գտնում Ազգային անվտանգության հայեցակարգերում։ Դա չի կարող կայուն զարգացման երաշխիք ապահովել։ Երկրի իրավական անվտանգության համալիր հայեցակարգի մշակումը և հետևողական իրացումը դառնում են ժամանակի հրամայականը[1]։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Իրավական անվտանգության հայեցակարգում (այսուհետ՝ Հայեցակարգ) մանրամասն վերլուծության է ենթարկվել իրավական անվտանգություն եզրույթի բովանդակությունը, որի արդյունքում լայն իմաստով իրավական անվտանգությունը դիտարկվել է որպես իրավունքի սուբյեկտների (անհատ, պետություն, հասարակություն) կենսականորեն կարևոր շահերի իրավական պաշտպանվածության (ապահովվածության, երաշխավորվածության) վիճակ, սուբյեկտիվ և օբյեկտիվ բնույթ կրող ներքին և արտաքին սպառնալիքներին իրավական միջոցներով դիմակայելու և խախտված շահերի ու իրավունքների վերականգնման հնարավորություն, իսկ նեղ իմաստով բուն իրավական համակարգի ներքին պաշտպանվածության, կայունության երաշխավորում:
Հայեցակարգում առանձնացվել են իրավական անվտանգության երաշխավորման խնդիրները և նպատակները, առաջնահերթությունները, ներքին և արտաքին սպառնալիքները:
Որպես իրավական անվտանգության գլխավոր խնդիր առանձնացվել է երկրի սահմանադրական անվտանգության ապահովումը, իսկ որպես հիմնական խնդիրներ առանձնացվել են՝
- իրավունքի գերակայության երաշխավորումը.
- իրավական որոշակիության և իրավական համակարգի կանխատեսելիության ապահովումը.
- անհատի իրավունակության երաշխավորվածությունը.
- անհատ-հասարակություն-պետություն շղթայի շահերի ներդաշնակության երաշխավորումը.
- իրավական համակարգի վրա արտաքին և ներքին բացասական ազդակների ժամանակին բացահայտում և կանխումը:
Հայեցակարգում հստակ սահմանվել են իրավական անվտանգությանը սպառնալիք հանդիսացող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները:
Որպես արտաքին սպառնալիքներ առանձնացվել են՝
- միջազգային այն հնարավոր իրավական քայլերը, որոնց հետևանքները կարող են վտանգել երկրի ինքնիշխանությունը, հակասել Սահմանադրությանը.
- միջազգային կազմակերպություններում երկրի շահերի ոչ բավարար իրավական պաշտպանությունը.
- արտաքին քաղաքական լուծումների հնարավոր բացասական իրավական հետևանքները.
- միջազգային իրավական ատյաններում երկրի ու նրա սուբյեկտների շահերի պաշտպանության իրավական և կառուցակարգային երաշխիքների անբավարարությունը.
- պետության միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ մշտադիտարկման բացակայությունը:
Որպես իրավական անվտանգության ներքին սպառնալիքներ նախատեսվել են՝
- սահմանադրականության դեֆիցիտը.
- անհետևողական և անհամարժեք մոտեցումը իրավունքի գերակայության սկզբունքի իրացմանը.
- անվստահությունը դատական իշխանության նկատմամբ.
- իրավագիտակցության ցածր մակարդակը.
- իրավական անվտանգության վիճակի համակարգային մշտադիտարկման բացակայությունը կամ անլիարժեքությունը:
Հաշվի առնելով իրավական անվտանգության սպառնալիք հանդիսացող ներքին և արտաքին գործոնները՝ հստակ նախատեսվել են երկրի իրավական անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում հանրային իշխանության մարմինների անելիքները՝ Սահմանադրության գերակայության երաշխավորում, իրավական մշտադիտարկման իրականացում, իրավաստեղծ գործունեության արդյունավետության բարձրացում արդարադատության նկատմամբ հանրային վստահության ամրապնդում, գործադիր իշխանության իրավաստեղծ և իրավակիրառ գործունեության արդյունավետության բարձրացում, միաժամանակ նախատեսվել են այն միջոցառումները, որոնց իրականացման պահանջը բխում է հայեցակարգից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է եղել և Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կողմից:
Նախագծի մշակմանն օժանդակել է ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել իրավունքի գերակայության երաշխավորումը, իրավական որոշակիությունը և իրավական համակարգի կանխատեսելիությունը, իրավական համակարգի վրա արտաքին և ներքին բացասական ազդակների ժամանակին բացահայտումը և կանխումը, օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի արդյունավետ մշտադիտարկումը, բնակչության իրավագիտակցության բարձրացումը, միջազգային իրավական պարտավորությունների ոլորտում երկրի շահերի արդյունավետ պաշտպանվածությունը և դրանց շարունակական մշտադիտարկման իրականացումը:
[1] Տե՛ս Գ.Հարությունյան, Երկրի իրավական անվտանգության երաշխավորումը որպես սահմանադրական ժողովրդավարության հաստատման կարևոր գրավական http://www.concourt.am/armenian/structure/president/articles/harutyunyan-02-2017.pdf (23.05.2017):
-
Discussed
08.06.2017 - 23.06.2017
-
Type
Decree
-
Area
Justice, Security, Constitutional and administrative legislation
-
Ministry
Ministry of Justice
Views 10485
Print