Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

    Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 188-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում կատարել փոփոխություն` նախատեսելով, որ առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությամբ առանց ծանուցման զբաղվելը համարվում են ապօրինի ձեռնարկատիրություն: Նախագծի 1-ին հոդվածի  2-րդ մասով Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է կատարել փոփոխություն, որի համաձայն լիցենզիայի կամ թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը ներառվում է պետությանը պատճառված վնասի հաշվարկում: Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով, որ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս համարվում է կեղծ ձեռնարկատիրություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված կանոնակարգումները գործող Օրենսգրքում առկա չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել Նախագծով համապատասխան լրացումներ կատարել Օրենսգրքում:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապօրինի ձեռնարկատիրություն է համարվում առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով:

     ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նույն հոդվածի կիրառության իմաստով՝ ապօրինի գործունեություն է համարվում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (բացառությամբ օրենքով արգելված գործունեության) իրականացումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն եթե իրականացվող ապօրինի գործունեությունը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է լիցենզավորման կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է ծանուցման, ապա նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներից բացի, խախտումներ կատարած անձանցից գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում:

     ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համալիր հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում՝ լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից:

      «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասի 3-րդ կետի համաձայն  նույն օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հարկային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում` լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքերում:

          Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նախատեսված չեն    առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությամբ առանց ծանուցման զբաղվելը, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ:

     Միաժամանակ, նշվածի կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում` լիցենզիայի կամ թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը ներառելով պետությանը պատճառված վնասի հաշվարկում:

     ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

     Այստեղից պարզ է դառնում, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով հնարավոր է ստեղծել առևտրային կազմակերպություն, ինչպես նաև հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, հետևաբար առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս կարող է դիտարկվել որպես կեղծ ձեռնարկատիրություն:

     Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով, որ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս համարվում է կեղծ ձեռնարկատիրություն:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

      Հաշվի առնելով Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի շրջանակներում նախատեսվում է Օրենսգրքում ապօրինի և կեղծ ձեռնարկատիրության հասկացությունները լրացնել անհրաժեշտ կանոնակարգումներով, քանի որ առկա է օրենսդրական բաց:

  • Discussed

    19.06.2020 - 05.07.2020

  • Type

    Legal code

  • Area

    Criminal legislation

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6026

Print