Add to favourites

Under development

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով հետևյալ հանգամանքները, մասնավորապես.

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182¹-րդ հոդվածով, սահմանված է, որ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Նախատեսվում է Օրենսգրքի 182¹-ին հոդվածի վերնագրում և դիսպոզիցիայի մեջ կատարել փոփոխություններ՝ ստուգումների հետ միաժամանակ սահմանել նաև «հարկային հսկողություն» եզրույթը, իսկ պետական մարմնի հրամանի կամ հանձնարարագրից բացի լրացնել նաև «հարկային հսկողության հիմք համարվող փաստաթուղթ» եզրույթը:

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ hարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը:

Օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանվում է, որ հարկային հսկողությունն իրականացվում է հարկային ստուգումների, հարկային ուսումնասիրությունների և հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններ եղանակներով:

Ստացվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը հարկային մարմնի Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաև ուսումնասիրությունների միջոցով: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքի է Օրենսգրքի 182¹-ին հոդվածում կատարել փոփոխություն՝ վարչական պատասխանատվություն նախատեսելով նաև ուսումնասիրություններ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի (պաշտոնատար անձի) օրինական պահանջները չկատարելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար:

Մաժամանակ, Օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ Օրենսգրքի կիրառության իմաստով՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտեր են համարվում Օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնց պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություններն այդ իրավական ակտերով վերապահված են հարկային մարմնին:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ՀՀ-ում հարկային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով, Օրենսգրքով, վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով, դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ, բացառությամբ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ ենթակետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ, բացառությամբ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների:

Օրենսգրքի 331-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում վարչական վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման խախտումների վերաբերյալ տեղեկությունները հարկային հսկողության ընթացքում օգտագործվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով:

Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է օրենքով սահմանված կարգով իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հարկային իրավախախտումների վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև հարկային հանցագործության կատարման մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայության դեպքում:

 Նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում պահանջել բացառապես այնպիսի փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, հաշվարկներ և այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին ու հարցերին: 

Նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել հարկ վճարողի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային, արխիվային, տարածքներ և հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, գույքագրման, չափագրման, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում կապարակնքել այդ տարածքներն ու շինությունները, դրամարկղերը, բեռնաթափքերը, բեռնախցիկները, ցիստեռնները, իրականացնել սույն կետում նշված տարածքների ու շինությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների, փաստաթղթերի ու առարկաների զննում:

Նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում բացառապես հարկային հսկողության նպատակների ու հարցերի շրջանակներում հարկ վճարողից (հարկային գործակալից) կամ նրա պաշտոնատար անձից պահանջել անցկացնել ակտիվների և պարտավորությունների գույքագրում, այդ թվում՝ ներգրավելով հարկ վճարողի (հարկային գործակալի) համապատասխան աշխատակիցների և մասնագետների:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը:

Oրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել, ի թիվս այլ միջոցառումների, օպերատիվ հարցում, իրերի և փաստաթղթերի հետազոտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում:

Oրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ hարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով:

Oրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ իրերի և փաստաթղթերի հետազոտումը դրանց զննումն է, հատկանիշների և բովանդակության բացահայտումը` տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: Հետազոտման ընթացքում դրանից հետո ապահովվում է օբյեկտների և դրանց վրա եղած հետքերի պահպանությունը:

Oրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների և այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ և այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց, ինչպես նաև հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:

Այսպիսով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ստուգումներ իրականացնելուն խոչընդոտելու համար, մինչդեռ հարկային հսկողությունը հարկային մարմնի Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջություն է, որը իրականացվում է նաև հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողությունների, այն է՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 182¹-ին հոդվածով նախատեսված գործող իրավակարգավորումները Վարչության աշխատակիցների համար հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքի 407-410-րդ հոդվածների և 412-րդ հոդվածով նախատեսված խախտումների բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, հիմնականում առաջացնում են խնդիրներ, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող օպերլիազորների օրինական պահանջները տնտեսվարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց կողմից չեն կատարվում, մասնավորապես.

ա) արգելվում է տրանսպորտային միջոցների զննումը, որն ենթադրում է դրանցում առկա մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ուսումնասիրումը, հաշվառումը, գույքագրումը,

բ) մատակարարվող (տեղափոխվող) ապրանքների ամսաթվերի, բեռնման (բեռնաթափման) վայրերի և այլ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, որոնք անմիջականորեն առնչվում են օպերլիազորների իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին ու հարցերին, չեն ներկայացնում համապատասխան բացատրություններ, տեղեկանքներ (այդ թվում ապրանքային մնացորդների վերաբերյալ), հաշվարկներ և այլ տեղեկություններ,

գ) արգելվում է մուտք գործել հարկ վճարողի առևտրային, արտադրական, պահեստային տարածքներ և հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքներ ու շինություններ, որտեղից փաստացի իրականացվում են ապրանքների մատակարարումներ և տեղափոխություններ,

դ) մատակարում (տեղափոխություն) իրականացնող վարորդները կամ առաքիչները չեն ներկայացնում իրենց անձը հաստատող փաստաթղթերը:

Վերոնշյալ իրավանորմերի և դրանց մեկնաբանությունների համալիր  վերլուծությունից ակնհայտ է, որ հարկային մարմինը օժտված լինելով վերը թվարկված լիազորություններով, խնդիրներ է ունենում այն իրագործել:

Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հարկային հսկողությունը իրականացվում է ոչ միայն հարկային ստուգումների, ուսումնասիրությունների, այլ նաև հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենքով սահմանված օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով, անհրաժեշտությունն է առաջացել մշակել սույն օրենքի նախագիծը՝ վարչական պատասխանատվություն նախատեսելով նաև հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններին խոչընդոտելու համար:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի մշակումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ամրագրել ոչ միայն հարկային ստուգումներին խոչընդոտելու, այլ՝ ուսումնասիրությունների, ինչպես նաև հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ Օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններին (օպերատիվ հետախուզական միջոցառումներին) խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարաբերությունները:

  • Discussed

    09.05.2020 - 24.05.2020

  • Type

    Legal code

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6963

Print

Suggestions

Դավիթ Սևումյան

24.05.2020

Առաջարկում եմ 1 տարվա ընթացքում նույն խախտումը 2-րդ անգամ կատարելու համար տուգանքների չափերը կրկնապատկել, իսկ 3-րդ և ավելի անգամ՝ քառապատկել։

Գոռ Ամիրյան

20.05.2020

Նախագծով առաջարկվող 100,000 դրամ տուգանքը որևէ արդյունք չի տալու, քանի որ մեր անպարտաճանաչ տնտեսվարողներին ավելի ձեռք կտա տուգանվել այդ չնչին գումարով, քանի իրենց խախտումների համար ավելի մեծ գումարներ տուգանվելով։ Եթե օրենքը իրոք արդյունավետ լինի և պրակտիկայում օգուտ տա, պետք է շատ մեծ տուգանքներ սահմանել, առնվազն 1-2 միլիոն դրամ

Ամալի Սենեկյան

20.05.2020

Պատասխանատվության միջոցը շատ մեղմ է ընտրված, առաջարկում եմ առնվազն 500000 դրամ տուգանք սահմանել, որպեսզի արդյունավետ լինի։

See more