Add to favourites

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծերով առաջարկվում է երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնել վերջինիս օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմում) դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Միաժամանակ սահմանվում է 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալ կամավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը: Բացի այդ սահմանվել է, որ երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնելիս, անկախ տարիքից նրանց կարծիքը լսելը պարտադիր է,  բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

  • Discussed

    29.04.2020 - 28.05.2020

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9298

Print

Suggestions

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակակական դիտորդական խումբ

28.05.2020

Նախագծով նախատեսված «16 տարին լրացած» (հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխան») ձևակերպումը վիճահարույց է։ Անորոշ է, թե որքանո՞վ է հիմնավորված հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխաների՝ իրենց հիմնական իրավունքների իրացման կամ չիրացման համար տարիքային տարանջատումը 16 տարին լրացածների և 16 տարին չլրացածների միջև։ Արդյո՞ք առկա է ողջամիտ բացատրություն, թե ինչու՞ 16 տարին չլրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխաների կամավոր իրազեկված համաձայնությունը բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամ էլ՝ բժշկական միջամտության ենթարկելու գործընթացի շրջանակներում չպետք է լինի նախապատվելի։ Այսինքն՝ Նախագծի վերոնշյալ ձևակերպմամբ պարզ է դառնում, որ երեխաների կարծիքը լսելը պարտադիր է, սակայն ենթադրվում է, որ հաշվի չեն առնվում 16 տարին չլրացած անձանց կամքը, սահմանափակվում է նրանց հոգեկան անձեռնմխելիության հիմնական իրավունքը, և փաստորեն, լիարժեքորեն չի ապահովվում հիմնական իրավունքների երաշխավորումը։ Անհրաժեշտ է ընդգծել, որ Սահմանադրական դատարանն իր Որոշմամբ չի տարբերակել 18 տարին չլրացած անձանց առանձին տարիքային խմբերի՝ փաստելով, որ հոգեկան անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակման որևէ հիմք չի կարող դիտվել որպես բավարար և անհրաժեշտ պայման՝ հոգեկան անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման համար։ Բացի այդ՝ ՀՀ ներքին իրավական ակտերով և ՀՀ կողմից վավերացված միջազգային իրավական ակտերով և դրանց իրագործման կապակցությամբ ընդունված ուղեցույցներով՝ երեխայի լսված լինելու իրավունքը սահմանափակված չէ երեխայի տարիքով, այն բացարձակ իրավունք է, այսինքն՝ պետք է իրացվի առանց սահմանափակման: Այլ հարց է՝ այն հաշվի առնելը և դրա հիման վրա քննարկվող իրավունքների իրացումը. երեխայի կարծիքը պետք է հաշվի առնվի՝ ելնելով նրա տարիքից և հասունության աստիճանից: Երեխայի կարծիքը հաշվի առնելու սահմանափակումները չեն կարող ինքնին հիմք հանդիսանալ երեխայի լսված լինելու իրավունքը սահմանափակելու համար: Ինչ վերաբերում է Նախագծի 5-րդ մասով նախատեսված «կարծիքը լսելը պարտադիր է» ձևակերպմանը, ապա՝ այն բավարար պայման չի կարող հանդիսանալ երեխայի պատշաճ մասնակցությունն իր նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին ապահովելու համար՝ իրազեկված համաձայնություն ստանալու պահանջի խստագույն պահպանման առումով, քանի որ ստացվում է, որ երեխային տրամադրված է կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը, իրազեկված համաձայնություն տալու կամ չտալու հնարավորությունը, սակայն անորոշ է, թե արդյո՞ք տրամադրված է իր վերաբերյալ կայացվող հիմնական որոշումների վերաբերյալ իր կամքի որոշիչ լինելու հնարավորությունը։ Այսինքն՝ վերոգրյալ ձևակերպմամբ անձը կարող է ներկայացնել իր տեսակետը, սակայն այն հաշվի առնելու պարտադիր պայմանն առկա չէ կամ չի արտացոլվում նախատեսված ձևակերպմամբ։ Ուստի, առաջարկվում է առաջնորդվել Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված պահանջներով։ Առաջարկում ենք․ Նախագծի 2-րդ մասը խմբագրել՝ հետևյալ ձևակերպմամբ․ «2․ Հոգեբուժական օգնություն և սպասարկում ստանալը կամ դրանից հրաժարվելն իրականացվում է երեխայի կամավոր իրազեկված համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եթե 1) հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ հաստատվում է, որ երեխայի տարիքը, հասունության մակարդակը և հոգեկան առողջության բնույթը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կատարվող բժշկական միջամտության բնույթն ու հնարավոր հետևանքները, և 2) բխում է երեխայի լավագույն շահից։ 3․ Հոսպիտալացումն ու բուժումը իրականացվում է դատարանի որոշմամբ, եթե բացակայում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները»: 2. Նախագծի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը հանել։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակակական դիտորդական խումբ

28.05.2020

1.2 ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: 2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ «1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: 2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան (…) »: ՀՀ Սահմանադրական դատարանը 30.01.2020թ. թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ արձանագրել է, որ «18 տարին չլրացած (...) պացիենտները բժշկական միջամտության ենթարկվելու առումով հավասարեցված են այն պացիենտներին, որոնց վիճակը թույլ չի տալիս արտահայտել իրենց կամքը և նրանց փոխարեն համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցիչների կողմից:» Սահմանադրական դատարանը հավելել է, որ օրենսդրության համաձայն՝ «թեև անձի վիճակը կարող է թույլ տալ նրան արտահայտել իր կամքը, սակայն 18 տարին չլրացած լինելու (...) փաստի ուժով անձը զրկվում է իր կամքն արտահայտելու հնարավորությունից»: Սահմանադրական դատարանը ընդգծել է, որ «օրենքը պետք է ստեղծի անհրաժեշտ նախադրյալներ հաշվի առնելու երեխայի կարծիքը իրեն վերաբերող հարցերում, եթե նրա տարիքը և հասունության մակարդակը այդ հնարավորությունը տալիս են, և, երբ երեխան ունակ է ինքնուրույնաբար իրականացնելու հոգեկան անձեռնմխելիության իր հիմնական իրավունքը, իսկ օրինական ներկայացուցչի ներգրավումը, ինչպես և չափահաս անձանց դեպքում, պետք է իրականացվի սուբսիդիարության սկզբունքի հիման վրա»։ 2013 թվականին Կոմիտեն ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում նշել է, որ Կոմիտեն անհանգստացած է, որ 18 տարեկանից ցածր երեխաների դեպքում բժշկական միջամտության վերաբերյալ համաձայնությունը տալիս է միայն երեխայի ներկայացուցիչը: Կոմիտեն ուշադրություն է դարձնում մասնակից պետությանը իր՝ թիվ 12 (2009) ընդհանուր մեկնաբանությանը երեխայի լսվելու իրավունքի վերաբերյալ և խորհուրդ է տալիս, որ պետությունը միջոցներ ձեռնարկի այդ իրավունքի ամրապնդման համար՝ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն: Մասնակից պետությանը առաջարկում է՝ (...) ապահովել, որ երեխաների կարծիքները հաշվի առնվեն բժշկական միջամտությունների դեպքում, ինչպես նշված է Կոմիտեի N 15 (2013) ընդհանուր մեկնաբանության մեջ (Committee on the Rights of the Child․ Concluding observations on the combined third and fourth periodic reports of Armenia, adopted by the Committee at its sixty-third session (27 May – 14 June 2013): «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին 2020 թ․ մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության համար համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, եթե բացակայում են հետևյալ պայմանները (Տե՛ս «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին 2020թ․ մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը (Առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու մարդու (պացիենտի) իրավունքը) ) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով երեխան ի վիճակի է գնահատել իր առողջական վիճակը. 2) տեղեկությունները իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, 3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն, բացառությամբ 16 տարին լրացած երեխայի: Նախատեսված պայմանների առկայության դեպքում հաշվի է առնվում 16 տարին չլրացած պացիենտի կարծիքը: Նախագծով առաջարկվող կարգավորումներն անդրադառնում են միայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականությանը, չկատարելով սահմանադրի այն պահանջը, ըստ որի պետք է երաշխավորվի երեխայի կարծիքն իրեն վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը՝ երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, որն ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից, արդեն իսկ տրվում են առանձնահատուկ կարգավորումներ երեխայի (…)՝ իր առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու, երեխայի (..) կողմից բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքների վերաբերյալ: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ անչափահաս անձանց լսված լինելու իրավունքին վերաբերելի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և Նախագծով առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են և դրվագային լուծումներ են պարունակում տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդրի լուծման համար: ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված Նախագծի ընդունմամբ չի երաշխավորվում Սահմանադրական դատարանի 30.01.2020թ. թիվ ՍԴՈ-1504 որոշման պահանջների կատարումը ստորև ներկայացված հիմնավորմամբ: Այսպես, «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որպես «lex specialis» նորմեր պարունակող օրենսդրական ակտ, երաշխավորված չէ երեխայի լսված լինելու իրավունքն առողջապահական ոլորտում, մասնավորապես՝ գաղտնի բժշկական խորհրդատվություն և այլ բժշկական ծառայություններ ստանալն առանց ծնողների համաձայնության։ Նախատեսված չէ միայն երեխայի իրազեկված և կամավոր համաձայնության դեպքում բժշկական միջամտության հնարավորությունը՝ առանց ծնողների համաձայնության, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վավերապայմանը, որ օրինական ներկայացուցիչները չեն առարկում տեղեկությունները տրամադրելուն, բացառությամբ (...) 16 տարին լրացած երեխայի, անհամաչափ և ոչ իրավաչափ սահմանափակում է։ Այդպիսի սահմանափակման նախատեսումը դուրս է միջազգային չափանիշների, սահմանադրական նորմերի և լավագույն փորձի շրջանակից: Բացի այդ, այն հակասում է նույն օրենքի 16-րդ հոդվածի 3 մասին այն առումով, որ այդ պայմանի գործողությունը վերաբերում է 16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության իրականացմանը։ Այդպիսով, 16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության իրականացումը պայմանավորվում է ոչ թե անձի իրազեկված և կամավոր համաձայնությամբ, այլ օրինական ներկայացուցչի առարկությամբ: Բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու պացիենտի իրավունքի իրացման պայմանները պետք է տարբերակել բժշկական միջամտության իրականացման կանոններից։ Հետևաբար, բժշկական միջամտության իրականացումը չի կարող պայմանավորվել բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու պացիենտի իրավունքի իրացման կանոններով։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ «Մարդու գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացառությամբ 1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում` Կառավարության սահմանած կարգով. 2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով»: Նշված իրավակարգավորումները հակասում են Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1504 որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումներին։ Սահմանադրական դատարանը անդրադարձել է որևէ անձի կամ այլոց առողջության պաշտպանության նկատառումներով հոգեկան անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմանը, և փաստել, որ հենց այդ նպատակով ոչ թե պետք է սահմանափակվի անձի իրազեկված համաձայնություն ստանալը, այլ այն պետք է երաշխավորվի բոլոր դեպքերում, երբ նա ունակ է ինքնուրույն իրականացնել այդ իրավունքը: Անձի հոգեկան առողջությանը միջամտությունն այդ համաձայնությամբ պայմանավորելն ինքնին չի ենթադրում, որ նա, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան, եթե հոգեկան խանգարում ունի և նրանից վտանգ է բխում, չի կարող զրկվել անձնական ազատությունից՝ օրենքով սահմանված կարգով: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով նախատեսված հոդվածները, որոնք վերաբերում են բժշկական միջամտության իրականացման համար համաձայնության տրամադրման պայմաններին, չեն համապատասխանում ՍԴՈ-1504 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներին, չեն ապահովում անչափահասների պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին, հետևաբար Նախագիծը որպես «lex specialis» նորմեր պարունակող օրենսդրական ակտ առաջնային լուծումներ պետք է պարունակի։ Առաջարկում ենք․ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ և 4-րդ մասերով՝ հետևյալ ձևակերպամբ․ «3․ Բժշկական միջամտություն ստանալը կամ դրանից հրաժարվելն իրականացվում է երեխայի կամավոր իրազեկված համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եթե 1) բժշկի եզրակացությամբ հաստատվում է, որ երեխայի տարիքը, հասունության մակարդակը և հոգեկան առողջության բնույթը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կատարվող բժշկական միջամտության բնույթն ու հնարավոր հետևանքները, 2) բխում է երեխայի լավագույն շահից։ Երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից, եթե բացակայում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանները»: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին 2020 թ․ մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կարգավորումները համապատասխանեցնել ներկայացված առաջարկություններին։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակակական դիտորդական խումբ

28.05.2020

Ներկայացված առաջարկությունները մշակվել են «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակական դիտորդական խմբի կողմից։ 1. ԵՐԵԽԱՅԻ ԼՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ 1.1 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 12-րդ հոդվածի համաձայն. «1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն: 2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով»: Երեխայի լսված լինելու իրավունքը Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներից է: ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) 12-րդ հոդվածը համարում է Կոնվենցիայի չորս ընդհանուր սկզբունքներից մեկը, որը ներառում է նաև խտրականության արգելքի, կյանքի և զարգացման իրավունքները, ինչպես նաև երեխայի լավագույն շահերին առաջնահերթություն տալու սկզբունքը: Սա նշանակում է, որ այս հոդվածը ոչ միայն ինքն է սահմանում հատուկ իրավունք, այլև պետք է հաշվի առնվի բոլոր մյուս իրավունքների մեկնաբանման կամ իրականացման ժամանակ (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 12 (2009) The right of the child to be heard, 20 July 2009, CRC/C/GC/12, par. 2 available at: https://www.refworld.org/docid/4ae562c52.html [accessed 27 May 2020]): Կոմիտեն արձանագրել է, որ «Պետությունները պետք է վերանայեն կամ ընդունեն օրենսդրությունը, որը ճանաչում է դեռահասների իրավունքը` ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու իրենց կյանքի վրա ազդող որոշումների համար: Կոմիտեն խորհուրդ է տալիս մասնակից պետություններին ներդնել տարիքային նվազագույն սահմանափակումներ` համաձայն իրավունքի պաշտպանության, երեխայի լավագույն շահի սկզբունքի և դեռահասների զարգացող կարողությունների հարգանքի: Օրինակ՝ տարիքային սահմանափակումները պետք է ճանաչեն բժշկական ծառայությունների կամ բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը, որդեգրման համաձայնությունը, անվանափոխությունը կամ դիմումներ ներկայացնելը ընտանեկան դատարաններ: Բոլոր դեպքերում, այդ նվազագույն տարիքից ցածր ցանկացած երեխայի համար, ով կարողանում է բավարար պատկերացում կազմել համաձայնության կամ մերժման իրավունքի մասին, այս իրավունքը պետք է ճանաչվի: Դեռահասի կամավոր և տեղեկացված համաձայնությունը պետք է ընդունվի, անկախ ծնողներից որևէ մեկի կամ խնամակալի համաձայնությունից, ցանկացած բժշկական բուժման կամ ընթացակարգի համար (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 20 (2016) on the implementation of the rights of the child during adolescence, 6 December 2016, CRC/C/GC/20, par. 39, available at: https://www.refworld.org/docid/589dad3d4.html [accessed 27 May 2020]):Կոմիտեն շեշտում է, որ բոլոր դեռահասներն, անկախ տարիքից, իրավունք ունեն, ցանկության դեպքում, օգտվել գաղտնի բժշկական խորհրդատվությունից՝ առանց ծնողների կամ խնամակալների համաձայնության: Այս իրավունքը տարբերվում է որոշակի բժշկական միջոցառումների ընդունմանը համաձայնելու իրավունքից, և, հետևաբար, չպետք է ենթարկվի որևէ տարիքային սահմանափակման (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 12 (2009): The right of the child to be heard, 20 July 2009, CRC/C/GC/12, par. 101, available at: https://www.refworld.org/docid/4ae562c52.html [accessed 27 May 2020]):Կոմիտեն արձանագրել է, որ «Պետությունները պետք է վերանայեն կամ ընդունեն օրենսդրությունը, որը ճանաչում է դեռահասների իրավունքը` ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու իրենց կյանքի վրա ազդող որոշումների համար: Կոմիտեն խորհուրդ է տալիս մասնակից պետություններին ներդնել տարիքային նվազագույն սահմանափակումներ` համաձայն իրավունքի պաշտպանության, երեխայի լավագույն շահի սկզբունքի և դեռահասների զարգացող կարողությունների հարգանքի: Օրինակ՝ տարիքային սահմանափակումները պետք է ճանաչեն բժշկական ծառայությունների կամ բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը, որդեգրման համաձայնությունը, անվանափոխությունը կամ դիմումներ ներկայացնելը ընտանեկան դատարաններ: Բոլոր դեպքերում, այդ նվազագույն տարիքից ցածր ցանկացած երեխայի համար, ով կարողանում է բավարար պատկերացում կազմել համաձայնության կամ մերժման իրավունքի մասին, այս իրավունքը պետք է ճանաչվի: Դեռահասի կամավոր և տեղեկացված համաձայնությունը պետք է ընդունվի, անկախ ծնողներից որևէ մեկի կամ խնամակալի համաձայնությունից, ցանկացած բժշկական բուժման կամ ընթացակարգի համար (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 20 (2016) on the implementation of the rights of the child during adolescence, 6 December 2016, CRC/C/GC/20, par. 39, available at: https://www.refworld.org/docid/589dad3d4.html [accessed 27 May 2020]):Կոմիտեն շեշտում է, որ բոլոր դեռահասներն, անկախ տարիքից, իրավունք ունեն, ցանկության դեպքում, օգտվել գաղտնի բժշկական խորհրդատվությունից՝ առանց ծնողների կամ խնամակալների համաձայնության: Այս իրավունքը տարբերվում է որոշակի բժշկական միջոցառումների ընդունմանը համաձայնելու իրավունքից, և, հետևաբար, չպետք է ենթարկվի որևէ տարիքային սահմանափակման (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 12 (2009): The right of the child to be heard, 20 July 2009, CRC/C/GC/12, par. 101, available at: https://www.refworld.org/docid/4ae562c52.html [accessed 27 May 2020]): Անչափահասների առողջության և զարգացման իրավունքի համատեքստում մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ ազգային օրենսդրությունում նախատեսվեն հատուկ իրավական դրույթներ, ներառյալ (…) առանց ծնողների համաձայնության բուժման հնարավորությունը: Այս նվազագույն տարիքը (...) պետք է ուղղակիորեն արտացոլի 18 տարին չլրացած՝ իր կարողությունների զարգացման մակարդակին, տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքներով օժտված անձի կարգավիճակի ճանաչումը ( United Nations, CRC, General comment No. 4 (2003) Adolescent health and development in the context of the Convention on the Rights of the Child, CRC/GC/2003/4, 1 July 2003, par. 5, available at: https://www.refworld.org/docid/4538834f0.html [accessed 27 May 2020]): Կոմիտեի 2009 թվականի թիվ 4 Ընդհանուր մեկնաբանությամբ նախատեսվում է, որ դեռահասները, որոնք հասունության մակարդակը թույլ է տալիս ստանալ խորհդրատվություն առանց ծնողի կամ այլ անձի մասնակցության, ունեն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք և կարող են դիմել (...) բուժում ստանալու խնդրով (Տե՛ս նույն տեղում, կետ 7): Անչափահասների առողջությունն ու զարգացումը խթանելու նպատակով, խրախուսվում է խստորեն հարգել անձնական կյանքի և տեղեկատվության գաղտնիության իրավունքը, ներառյալ առողջապահական հարցերով խորհրդատվության վերաբերյալ տեղեկությունը։ Երեխաների առողջության և զարգացման հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս մասնակից պետությունները բոլոր դեպքերում պետք է ամբողջությամբ հաշվի առնեն Կոնվենցիայի ընդհանուր սկզբունքները: Կոմիտեի կարծիքով, մասնակից պետությունները պետք է, inter alia, երաշխավորեն դեռահասների՝ իրենց առողջության և զարգացման համար կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորությունը և մասնակցայնությունն իրենց առողջության վրա ազդող որոշումների կայացմանը (հատկապես՝ տեղեկացված համաձայնության և գաղտնիության իրավունքի հիման վրա), որպեսզի դեռահասները ստանան համապատասխան կյանքի հմտություններ ու տարիքին համապատասխան տեղեկատվություն և կարողանան ընտրել առողջ ապրելակերպ: Պետությունները պետք է նաև միջոցներ ձեռնարկեն կանխելու հոգեկան առողջության հետ կապված խնդիրները և ամրապնդելու դեռահասների հոգեկան առողջությունը (United Nations, CRC, General comment No. 4 (2003) Adolescent health and development in the context of the Convention on the Rights of the Child, CRC/GC/2003/4, 1 July 2003, par. 35․, available at: https://www.refworld.org/docid/4538834f0.html [accessed 27 May 2020]): Դանիայում և Սլովենիայում բժշկական միջամտության իրականացման համար անհրաժեշտ է ստանալ 15 տարին լրացած անձի համաձայնությունը։ Դանիայում, սակայն, 15-17 տարեկան անձի՝ առանց ծնողի համաձայնության բուժում ստանալը որոշվում է կախված իր հասունության մակարդակից, որը յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվում է։ Լատվիայում նվազագույն տարիքը 14 տարեկանն է, իսկ Միացյալ Թագավորությունում 16, սակայն կարող է լինել մինչև 16-ից ցածր, եթե անձը կարող է գնահատել բուժման կամ ախտորոշման բնույթը և հետևանքները: Ավստրիայում, Բելգիայում, Չեխիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում բժշկական բուժումներին համաձայնություն տալու համար նվազագույն տարիքային պահանջ սահմանված չէ․ յուրաքանչյուր դեպք ստանում է անհատական գնահատական՝ կախված երեխայի հասունությունից ( Հասանելի է՝ https://fra.europa.eu/en/publication/2017/mapping-minimum-age-requirements/consent-medical-treatments): Այսպիսով, միջազգային իրավական կարգավորումները և միջազգային փորձի վերլուծությունը վկայում են, որ՝ 1. Երեխայի լսված լինելու իրավունքը ենթակա է պաշտպանության և ճանաչման կյանքի տարբեր ոլորտներում։ 2. Երեխան իրավունք ունի ստանալու գաղտնի բժշկական խորհրդատվություն՝ առանց ծնողների համաձայնության, որը չի կարող սահմանափակվել երեխայի տարիքով։ 3. Առանց ծնողի համաձայնության բժշկական միջամտություն կարող է իրականացել օրենսդրությամբ ամրագրված նվազագույն տարիքի հասած երեխայի իրազեկված և կամավոր համաձայնությամբ։ Սահմանված նվազագույն տարիքից ցածր տարիքի երեխաների համաձայնությունը, պայմանավորված երեխայի հասունության մակարդակով, պետք է հաշվի առնվի։ 4. Ցանկացած բժշկական միջամտության դեպքում առաջնային է երեխայի լավագույն շահը։

See more