Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:

2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք:

Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում):

Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում միավորված համայնքներում իրականացվել են ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն ԱՄՆ դոլար) և Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ:

          ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Այդ նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո՝ Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2),

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ՝  Քասախ, Պռոշյան (թվով 2),

ՀՀ Տավուշի մարզի Իջևան՝ Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն (թվով 19),

          Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 23 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 3 համայնք: Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

          Միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ (բացառությամբ՝ Քասախի և Պռոշյանի) կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Որպես «շրջանային» տարբերակի լրացուցիչ հիմնավորում դիտարկվել է նաև այն հանգամանը, որ այդպիսով կկարգավորվեն միավորվող համայնքերի միջև ներկայումս առկա հողային վեճերը, որոնք առաջացել էին 2008-2011թթ. իրականացված հողային ռեֆորմի ընթացքում: Համայնքների միավորման արդյունքում այդ հողերը հնարավոր կլինի օգտագործել առավել արդարացի և հավասարակշռված սկզբունքով: Ներկայացվող նախագծով կմիավորվեն նախկին Իջևանի շրջանի համայնքները, Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան, ինչպես նաև մեծամասամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված Լոռու մարզի Լերմոնտովո և Անտառաշեն համայնքները (ինչով նաև ապահովված կլինի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի դրույթներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունը):

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 3 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Քասախ, Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Նախագծով կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը, ինչը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության և ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու և արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղաթոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

         

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը

         

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

  • Discussed

    25.10.2019 - 09.11.2019

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12062

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

29.10.2019

Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նշված մեծ քանակի բնակավայրերի միավորումը մեկ համայնքում իրատեսական չէ, հակառակ դեպքում փաստարկված հիմնավորման կարիք ունի: Մեծ թվով բնակավայրերը /շուրջ երկու տասնյակ և ավելի/ մեկ համայնքում միավորելը հետագա գործունեության և կիրարկման տեսակետից ազդեցության գնահատման խնդիր ունի, ի՞նչ սկզբունքներ կամ չափանիշներ են գործել նման խոշորամասշտաբ միավորման հիմքում, կարելի է ներկայացնել բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ՝ նման խոշորածավալ միավորման դեմ /այդ թվում՝ բնակավայրերի բնակիչների կարծիքը/, պարզ չեն հնարավոր հետևանքների և ռիսկերի կառավարման մեխանիզմները, բացասական և դրական կողմերը գնահատելու և վերլուծելու անհրաժեշտություն կա: Առաջարկում եմ դիտարկել նմանատիպ խոշոր միավորումների դեպքում տեղական հանաքվեների կիրառման և օրինակ՝ 6-7 բնակավայրը մեկ համայնքում միավորելու հնարավորությունը, ինչպես նաև խոշորացման ենթակա բնակավայրերում լայնածավալ իրազեկման և դրական կողմերի ներկայացման պրակտիկան:

Վահագն Ալավերդյան

28.10.2019

Առաջարկում եմ համայնքների խոշորացումն իրականացնել ըստ փնջերի հաշվի առնելով համայնքներում հանրային քննարկումների արդյունքները,համայնքների աշխարհագրորեն տարանջատումները, համայնքների փոխկապակցվածությունը, անկախացումից ի վեր համայնքների ձեռք բերած զարգացման նոր առանձնահատկությունները, մեծ խոշորացված փնջերի զարգացման դանդաղ տեմպերը,ինչպես նայև համայնքների սահմանապահ լինելու առանձնահատկությունները: Հաշվի առնելով վերը նշվածը և Ազատամուտ,Այգեհովիտ,Վազաշեն,Դիտավան համայնքներում հանրային քննարկման արդյունքները(այս չորս համայնքներում հանրային քննարկման արդյունքում որոշել են միավորվել չորս համայնքով և ստեղծել առանձին փունջ) առաջարկում եմ վերանայել նախագիծը և հանարավորություն տալ այս համայնքներին միասին գծագրել և իրականացնել իրենց զարգացման պլանը:

Արամ Ճուղուրյան

25.10.2019

Առաջարկում եմ համայնքների խոշորացումն իրականացնել ըստ նախկին շրջանների և նախկին հանրապետական նշանակության քաղաքների՝հաշվի առնելով որոշակի սպեցիֆիկաներ։Նախկին շրջանները թե՛ իրենց ֆիզիկաաշխարհագրական առումով, թե՛ որպես տնտեսական և ծառայություններ մատուցող միավորներ, խորհրդային տարիներին ևդրանից հետո ձևավորված միվորներ են, որոնք կարող են խոշորացված համայնքի հիմք հանդիսանալ։Եթե հեռանկարային առումով մենք դիտարկում ենք պետական որոշակի լիազորությունների ապակենտրոնացում, դրանց փոխանցումը համայնքներին, ապա պետք է հրաժարվել խոշորացման փնջային տարբերակից, որպեսզի խոշորացումը լինի վերջնական, ֆինանսական առումով թեթև ու նպատակահարմար, որը հիմք կհանդիսանա մարզպետարաններից հրաժարվելու և վարչատարածքային երկաստիճան համակարգը հանելու համար։Կարծում եմ 12 նախարարություն և մոտ 60 համայնք հարաբերակցությունը շատ նորմալ է օպտիմալ կառավարում իրականացնելու համար։ Առաջարկս վերաբերում է ոչ միայն այս դեպքին։ Տավուշի մարզի օրինակով կարող եմ ասել. խոշորացված և խոշորացվելիք համայնքներով Տավուշում կլինի վեց համայնք, որից Դիլիջան, Բերդ, Իջևան համայնքները շատ առումներով համադրելի են, իրենց տարածքում ունեն պետական կառավարման մարմինների տարածքային դտորաբաժանումներ(որոնց լիազորությունները որոշ չափով և աստիճանաբար ակնկալվում է, որ պետք է փոխանցվի համայնքներին),իսկ ահա նախկին Նոյեմբերյանի շրջանի տարածքի երեք համայնքները համադրելի չեն մյուս երեքի հետ, և այստեղ մենք կրկին բախվելու ենք ֆինանսապես ուժեղ և թույլ համայնքներ խնդրին։

See more