ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Սույն օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը: 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան 

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաuտանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
  2. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից եւ (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
  3. Սույն օրենքով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակի, սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ: 

Հոդված 2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 

  1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, կենսաթոշակների եւ նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով: 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 

  1. Սույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
  • հաշմանդամություն՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երեւույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը․
  • հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական տեւական խնդիրների եւ տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.
  • միջավայրային գործոններ` ֆիզիկական եւ սոցիալական միջավայր, որն ազդեցություն է թողնում անձի եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում նրա մասնակցության վրա, այդ թվում՝ ֆիզիկական, աշխարհայացքային, տեղեկատվական եւ հաղորդակցական խոչընդոտները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք.

ա. ֆիզիկական միջավայր՝ անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսեւորումներով, բնակության եւ գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում եւ կազմակերպում իր անձնական եւ հանրային կյանքը.

բ. սոցիալական միջավայր` անձին շրջապատող եւ նրա գոյության ու գործունեության հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգեւոր պայմանների ամբողջությունը.

4) միջավայրային գործոններ` ֆիզիկական եւ սոցիալական միջավայր, որն ազդեցություն է թողնում անձի եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում նրա մասնակցության վրա, այդ թվում՝ ֆիզիկական, աշխարհայացքային, տեղեկատվական եւ հաղորդակցական խոչընդոտները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք.

5) միջավայրային արգելքներ՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ՝ անմատչելի ֆիզիկական միջավայրը, տեղեկատվական եւ հաղորդակցական խոչընդոտները, համապատասխան աջակցող միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը եւ խանգարում են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը եւ լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

  • սոցիալական ներառում` հասարակական կյանքին անհատի լիարժեք ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը.
  • համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների եւ մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, յուրաքանչյուր անձի համար առավելագույնս մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը.
  • աջակցող միջոցներ՝ ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար․
  • հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ նաեւ՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը.
  • հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր (այսուհետ նաեւ՝ տարեկան ծրագիր)՝ համալիր ծրագրի շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման եւ պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.
  • մատչելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության եւ հաղորդակցությունների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ համակարգերի, ինչպես նաեւ հանրության համար բաց հաստատությունների եւ հանրությանը մատուցվող ծառայությունների՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային եւ գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է.
  • խելամիտ հարմարեցում՝ անհրաժեշտ եւ համապատասխան փոփոխությունների եւ հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք համաչափ են, չեն առաջացնում անհարկի բեռ եւ ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի մարդու իրավունքներից եւ հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն․
  • անկախ կյանք՝ միջավայրային եւ անհատական գործոնների ամբողջություն, որը հաշմանդամություն ունեցող անձին ընձեռում է իր առօրյա կյանքին վերաբերող որոշումները կայացնելու հնարավորություն հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասարհիմունքներով․
  • անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ անհատույց կամ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու.
  • հաշմանդամության հիմքով խտրականություն՝ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ/կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորումը եւ/կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման եւ (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը։ Հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաեւ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը։ 

ԳԼՈՒԽ 2

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ 

Հոդված 4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը 

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց եւ նրանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման ապահովման շրջանակներում իրականացվող գործառույթների (լիազորությունների) եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համալիր միջոցառումների ամբողջություն է:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ընդգրկում է պետության կողմից երաշխավորված տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումներ:
  3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ուղղված է վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական եւ այլ ռեսուրսների լիարժեք, արդյունավետ, նպատակային օգտագործման եւ համագործակցության միջոցով ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:
  4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչներն են՝

1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ նաեւ՝ լիազորած մարմին),

2) պետական կառավարման այլ մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները,

3) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ նաեւ՝ Ազգային հանձնաժողով),

4) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝

ա. համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը,

բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը),

գ. միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը,

5) հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված՝ սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական եւ սոցիալ-կրթական միջոցառումներ իրականացնող սուբյեկտները,

6) սույն մասի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաեւ սույն մասի 5-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը:

 

  • Discussed

    06.08.2019 - 21.08.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9322

Print

Suggestions

maya simonyan

20.08.2019

Օրենքում ոչ բավարար է արտացոլված Կոնվենցիայի 24, 25 և 26 Հոդվածները, մասնավորապես. - Երաշխավորել վաղ հայտնաբերումը և վաղ միջամտության ծառայությունները, հետագա բարդությունները կանխելու նպատակով, ներառյալ երեխաների և տարեցների շրջանում: Առողջապահական ծառայությունները մատուցել հնարավորինս մոտ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներում, ներառյալ գյուղական համայնքները: - Կազմակերպել, ամրապնդել և ընդլայնել համապարփակ աբիլիտացիայի և վերականգնողական ծառայություններ և ծրագրեր, մասնավորապես առողջության, զբաղվածության, կրթության և սոցիալական ծառայությունների ոլորտներում, այնպես, որ այս ծառայությունները և ծրագրերը. սկսվեն հնարավորինս վաղ փուլում և հիմնված լինեն անհատական կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա, հատկապես կանանց և երեխաների համար: - Ապահովել մատչելիություն և հատկացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ երաշխավորելու խելամիտ հարմարեցումներ, որոնք կհեշտացնեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ այն մարդկանց, ովքեր ապրում են մարզերում և գյուղական համայնքներում) մուտքը ներառական և որակյալ կրթություն, այդ թվում՝ նախադպրոցական /համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի հարցերով կոմիտեի 24 Հոդվածի վերաբերյալ դիտարկումների/: - Հոդված 30, Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն խաղի, ժամանցային ու սպորտային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները, ներառյալ` դպրոցում: - Ո՞վ և ինչպես է իրականացնելու այս օրենքի իրականացման մշտադիտարկումը:

Կարինե Գրիգորյան

19.08.2019

Հոդված 7-ի, կետ 14-ի մեջ «հնարավորինս» բառը հանել։ Եթե հնարավոր է այն փոխարինել «պարտադիր» բառով։

Գևորգ Մալխասյան

14.08.2019

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Այս առումով հաշմանդամություն ունեցող անձինք ևս ազատ են անելու օրենքով չարգելված գործողություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենսի նախագիծ մշակողները փաստորեն չեն համարում, որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 39-րդ, 29-րդ և այլ հոդվածների պահանջերը, որով իսկ ոտնահարում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքները: Կարծում եմ, որ օրենքով պետք է միայն ապահովի, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան լիարժեք կենսագործել իրենց իրավունքները, ինչպես նաև օրենքը պետք է պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար: Օրենքի նախագծում նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար բազում երաշխիքների ու պայմանների ապահովում: Այս դեպքում պարզ չէ թե ՀՀ պատրաստ է այդ երաշխիքներ ապահովել օրենք ուժի մեջ մտնելու պահից: Բազում պահանջներ են դրված նաև կազմակերպություների վրա, որն իրատեսկան չէ ու պահանջելու է մեծ ծախսեր: Նախագծի 23-րդ հոդվածում նշված հարաբերությունները կարող են կարգավորվել միայն դատավարական օրենսգրքերով: Առաջարկում եմ նաև հանել նախագծի 13-րդ հոդվածը, քանի որ այն օրենքով կարգավորվող իրավահարաբերություն չէ:

See more