Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին

Հիմնավորում

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1.Միջոցառման իրականացման  անհրաժեշտությունը և նպատակը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված է միայն փոստային կապի նշանակված օպերատորի կողմից իրականացվող միջազգային փոստային փոխադրումների առաքվող ապրանքների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման պայմաններն ու կարգը, իսկ  այլ փոստային և սուրհանդակային օպերատորների կողմից իրականացվող փոստային և սուրհանդակային առաքումների հետ կապված մաքսային գործառնությունների առանձնահատկությունները կարգավորված չէ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 19-րդ ենթակետի համաձայն՝ միջազգային փոստային առաքանիներ են համարվում՝ ծանրոցները և նամակագրական թղթակցության առաքանիները, որոնք, Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան, համարվում են փոստային փոխանակման օբյեկտներ, ուղեկցվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով, միջազգային փոստային փոխանակման վայրերից (հիմնարկներից) առաքվում են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս կամ հասնում են Միության մաքսային տարածք՝ միջազգային փոստային փոխանակման վայրեր (հիմնարկներ), կամ տարանցման կարգով փոխադրվում են Միության մաքսային տարածքով: Հետևաբար, Օրենսգրքի իմաստով միայն Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով ուղեկցվող ապրանքները կարող են դիտարկվել որպես միջազգային փոստային առաքանիներ և միայն տվյալ փաստաթղթերով ուղեկցվող ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել Օրենսգրքի 40-րդ գլխով սահմանված՝ միջազգային փոստային փոխադրումներով առաքվող ապրանքների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման պայմաններին ու կարգին առնչվող դրույթները:

Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված է էքսպրես-բեռ հասկացությունը, համաձայն որի՝ այն տրանսպորտի ցանկացած տեսակով արագացված ռեժիմով փոխադրման շրջանակներում փոխադրվող բեռն է՝ փոխադրումների կազմակերպման և հետագծելիության վերահսկման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ անհատական բեռնագրին համա­պա­տաս­խան այդ ապրանքը հնարավոր նվազագույն և  (կամ) սահմանված ժամկետում ստացողին հասցնելու նպատակով՝ բացառությամբ միջազգային փոստային առա­քանիով առաքվող ապրանքների: Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի թիվս նշված մասում ամրագրված այլ ապրանքների, էքսպրես-բեռների նկատմամբ մաքսային գործառնությունները ևս իրականացվում են առաջ­նահերթ կարգով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշման 1-ին կետով հաստատված ուղեցույցի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված է, որ, ի թիվս այլ դեպքերի, ապրանքի հայտա­րարագրի փոխարեն կարող են օգտագործվել տրանսպորտային (փոխադրման), առևտրա­յին և (կամ) այլ փաստաթղթեր էքսպրես-բեռների համար, որոնք հայտա­րա­րագրվում են «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Արտահանում» մաքսային ընթացակարգերով, ինչպես նաև «Վերաարտահանում» և «Վերաներմուծում» մաք­սային ընթացակարգերով, եթե նախկինում այդպիսի ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգերով նույն ուղեցույցին համապատասխան կամ «Վերա­արտա­հանում» մաքսային ընթացակարգով, եթե Միության մաքսային տարածք ներմուծված բեռները մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվել: Ընդ որում՝ էքսպրես-բեռների հայտարարագրման ժամանակ օգտագործվում է էքսպրես-բեռների ռեեստր, որը հաստատված է նույն ուղեցույցի 1-ին հավելվածով, և որը ստորագրում է էքսպրես-փոխադրողի (սուրհանդակային ծառայությունների մատուցման արտոնագիր ստացած սուբյեկտ) լիազորված անձը, ինչը նշանակում է, որ ապրանքային հայտարարագրով հայտարարագրման ենթակա, սուրհանդակային առաքումով փոխադրվող բեռների մաքսային հայտարարագրման համար վերոնշյալ որոշմամբ սահմանված դեպքերում նախատեսված է մաքսային հայտարարագրման պարզեցված ընթացակարգ՝ հայտա­րարագրումը էքսպրես-բեռների ռեեստրով իրականացնելու միջոցով՝ պայմանով, որ էքսպրես-փոխադրողը հանդես գա նաև որպես մաքսային ներկայացուցիչ՝ Օրենսգրքին համապատասխան:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով, որ 2019 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Փոխադրողի կողմից որպես էքսպրես-բեռներ տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրումը ուղևորային մաքսային հայ­տարարագրի օգտագործմամբ» N158, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի «Փոխադրողի կողմից որպես էքսպրես-բեռներ տեղափոխվող ապրանքների հայտարարագրումը ապրանքի մաքսային հայտարարագրի օգտագործմամբ» N142, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի «Էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրերի կառուցվածքի և ձևաչափի մասին» N 9 որոշումները, որոնք սահմանում են էքսպրես-բեռների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումների մեջ:  

 

2.Կարգավորման առարկան

      Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և 211-Ն որոշումներով հաստատված Սուրհանդակային կապի օպերատորի և Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերում: Մասնավորապես,  սուրհանդակային առաքանու տեսակներում և այլ փոստային ծառայությունների դասակարգման մեջ ավելացնել էքսպրես-բեռը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ կկանոնակարգվի այլ փոստային և սուրհանդակային օպերատորների կողմից առաքվող միջազգային փոստային և սուրհանդակային առաքանիներով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության, մաքսային ձևակերպման և մաքսային ընթացակարգերի առանձնահատկությունների, ինչպես նաև առաքվող ապրանքների արգելման և սահմանափակման հետ կապված գործառնությունները:

 

  • Discussed

    26.06.2019 - 12.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Postal service

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7063

Print