Add to favourites

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

     Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-10-Ն օրենքով Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «18 տարին լրացած անձն իրավունք ունի իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում` ազգության, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները այդպիսի տեղեկություններ կարող են տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել ապանձնավորված»: Նշված կարգավորման համաձայն՝ 18 տարին լրացած անձին իրավունք է վերապահվել անխոչընդոտ կերպով ստանալ որդեգրման փաստի և կենսաբանական ծնողների հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ՝ նույնիսկ կենսաբանական ծնողների համաձայնության բացակայության դեպքում: Ընտանեկան օրենսգրքի նշված հոդվածը 18 տարին լրացած անձի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը չի պայմանավորում որդեգրողի համաձայնության առկայությամբ: Մինչդեռ, Քաղաքացիական կացության ակտերի մասին 2004 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ ՔԿԱԳ մարմինը տեղեկություններ կարող է տրամադրել բացառապես որդեգրողի համաձայնությամբ, իսկ 2-րդ և 3-րդ մասերը կարգավորում են որդեգրողի մահվան և համաձայնության բացակայության դեպքերում չափահաս երեխայի՝ համապատասխան տեղեկություններ ստանալու կարգը:   

 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում որդեգրողի համաձայնությունը ստանալու ընդհանուր կարգավորումից բացառություն նախատեսել Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի համար և ուժը կորցրած ճանաչել նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, քանի որ դրանք կարգավորում են որդեգրողի մահվան կամ համաձայնության բացակայության դեպքում չափահաս անձի կողմից որդեգրման մասին տեղեկություններ ստանալու կարգը, մինչդեռ 18 տարին լրացած անձն ունի առանց որդեգրողի համաձայնության որդեգրման փաստի մասին տեղեկություններ ստանալու իրավունք:

                Բացի այդ, առկա է որոշակի անհամապատասխանություն Օրենքի 47-րդ հոդվածի և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի միջև: Մասնավորապես, Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և աշխատողը իրավասու չեն որդեգրման մասին որևէ տեղեկություն հայտնելու կամ փաստաթղթեր տալու՝ առանց որդեգրողների (որդեգրողի) համաձայնության:

                Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձինք, որոնք հրապարակում են երեխայի որդեգրման գաղտնիքը նրա որդեգրողների կամքին հակառակ, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:  

                Քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելու համար այն անձի կողմից, ով որդեգրման փաստը պարտավոր էր պահպանել որպես ծառայողական կամ մասնագիտական գաղտնիք:

                Կարծում ենք՝ «առանց համաձայնության» և  «կամքին հակառակ» արտահայտությունների միջև առկա է սկզբունքային տարբերություն: Եթե «առանց համաձայնության» արտահայտությունը կիրառելու դեպքում որդեգրման հետ կապված տվյալների հրապարակման համար պահանջվում է որդեգրողի դրական կամահայտնություն, ապա «կամքին հակառակ» արտահայտության կիրառման դեպքում որդեգրողի բացասական կամահայտնության պայմաններում հրապարակվում է որդեգրման գաղտնիքը: Այսինքն՝ «առանց համաձայնության» արտահայտությունը կիրառելու դեպքում ՔԿԱԳ մարմնի համար որդեգրողի համաձայնութոյւնը ստանալը պարտադիր է և վերջինս առանց որդեգրողի համաձայնության իրավասու չէ որդեգրման վերաբերյալ տեղեկություններ հայտնել կամ փաստաթղթեր տրամադրել: Միևնույն ժամանակ, եթե անձը չի արտահայտել ոչ համաձայնություն, ոչ անհամաձայնություն, ապա կամքին հակառակ գործել հնարավոր չէ, քանի որ անձի կամքը, ըստ էության, բացահայտված չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կամքի հաշվառման ձևը, դրա իրացման մեխանիզմը անձի համաձայնությունը ստանալն է՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և Ընտանեկան օրենսգրքում՝  որդեգրողի կամքին հակառակ բառերը փոխարինելով առանց որդեգրողի համաձայնության բառերով:

                Այսինքն՝ ստացվում է, որ առաջին դեպքում պետք է ստացվի անձի համաձայնությունը, որպեսզի հնարավոր լինի հրապարակել տեղեկություն, իսկ երկրորդի դեպքում՝ բավարարել միայն անձի անհամաձայնության բացակայությունը:

 ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում կվերանա որդեգրման գաղտնիքի հետ կապված Քրեական օրենսգրքի, Ընտանեկան օրենսգրքի և Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի միջև առկա հակասությունը և  18 տարին լրացած անձանց համար կերաշխավորվի անխոչընդոտ կերպով որդեգրման փաստի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը:  

 

 

  • Discussed

    25.03.2019 - 09.04.2019

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5677

Print