Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով։

Կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած բանկում բացված հաշվին փոխանցելու միջոցով։

Կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Այս դեպքում, գործում է հետևյալ ընթացակարգը. անձը դիմում է բանկին, բացում է համապատասխան բանկային հաշիվ, որից հետո դիմում է Ծառայության տարածքային բաժին՝ գումարը այդ բանկային հաշվին փոխանցելու միջոցով վճարելու համար:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը, չաշխատող անձանց տրվող  մայրության նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակո։

Ընդ որում, այս դեպքում գործում է 2 տարբերակ։

Առաջին տարբերակում բանկային հաշիվը լիազոր մարմնին է ներկայացնում շահառուն, որից հետո գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին։

Երկրորդ տարբերակում ծնողի վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա բանկը բացում է բանկային հաշիվ և այդ հաշվում է մուտքագրում նպաստի գումարը: Ընդ որում, այս դեպքում, անձը ավանդատուի (հաշվետիրոջ) իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 910-րդ հոդվածի համապատասխան՝ այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը բանկ ներկայացնելու դեպքում։ Այսինքն, պարտադիր է անձի ֆիզիկական ներկայությունը՝ գումարը ստանալու համար։

Երկրորդ տարբերակով վճարվում է նաև թաղման նպաստի գումարը։

Կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարները վճարելու կապակցությամբ առկա հիմնական խնդիրն այն է, որ, հաշվի առնելով խնդրո առարկա հաշվի սպասարկման արտոնյալ պայմանները, երբեմն բանկերը պահանջում են կենսաթոշակառու լինելը հավաստող փաստաթղթեր։ Արդյունքում, գործնականում առաջանում են դեպքեր, երբ օբյեկտիվորեն ձգձգվում է վճարման գործընթացը։

Խնդիրներ են առաջանում նաև այն դեպքերում, երբ ներկայացված բանկային հաշվի համարը լինում է սխալ, կամ ինչ-ինչ պատճառներով՝ փակված։

Միանվագ բնույթ կրող նպաստների անկանխիկ վճարման Երկրորդ տարբերակով (տրամադրած տվյալների հիման վրա բացված բանկային հաշվի միջոցով) վճարման գործընթացի կապակցությամբ առկա հիմնական խնդիրն այն է, որ համապատասխան բանկային հաշիվների վարման առանձնահատկությունները սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ, և հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները՝ առանձին դեպքում իրականացվոււմ է չհիմնավորված վարչարարություն։

2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել սոցիալական ապահովության հաշվի գաղափարը։

Սոցիալական ապահովության հաշվի միջոցով վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։

Ընդ որում, այդ հաշվին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։

Միաժամանակ, առաջարկվում է կենսաթոշակային հաշվի վարման առանձնահատկությունները ևս սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում կբարելավվի ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու գործընթացի արդյունվետությունը, ինչպես նաև՝ շահառուներին մատուցվող ծառայությունների որակը։

Միաժամանակ, կպարզեցվեն կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարները անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը։

Արդյունքում կավելանան անկանխիկ վճարումների ծավալը՝ բարելավելով գործընթացի թափանցիկությունն ու ֆինանսական կառավարելիությունը, ինչպես նաև նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է ընդունել «Սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի և կենսաթոշակային հաշվի պայմանագրի օրինակելի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում։

Միաժամանակ, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել.

  • ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ (սահմանելով, որ զբաղվածության ծրագրերի շրջանակներում գործազուրկներին վճարվող գումարները վճարվում են բացառապես սոցիալական ապահովության հաշվի միջոցով)։
  • Discussed

    30.03.2017 - 14.04.2017

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

30.03.2017 17:56

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8899

Print