Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված բողոքները և ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման արդյունքում վերհանված խնդիրները: Այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:

Նախագծով առաջարկվել է.

  • ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ, պաշտոնատար անձից բացի, կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, որը խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման: Ըստ այդմ, նախագիծը լրացնել առանձին մասով:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով:
  • Քրեական օրենսգրքի հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:
  • Discussed

    29.01.2019 - 28.02.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Penitentiary, Criminal legislation

  • Ministry

    Human Rights Defender's Staff

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13696

Print

Suggestions

Justice Group

28.02.2019

(ԲՀՀ-Հայաստան արդարադատության խմբի առաջարկի ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ) ... 2․ ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ Ազատ արտահայտման իրավունքը պաշտպանված է միջազգային իրավունքով։ Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուրն ունի ազատ արտահայտման իրավունք, սակայն այն կարող է ենթարկվել սահմանափակումների և թույլ տալ օրենքով սահմանված պատժամիջոցներ, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում մի շարք արժեքներ պաշտպանելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տարբեր եվրոպական և միջազգային կառույցներ քննադատել են զրպարտության և վիրավորանքի (defamation) համար քրեական պատասխանատվության սահմանման համար։ Քննադատության հիմքում ընկած է այն անհանգստությունը, որ ի տարբերություն քաղաքացիական պատասխանատվությանը՝ քրեական պատասխանատվությունը ավելի մեծ հավանականություն ունի ճնշելու լրատվամիջոցներին և սահմանափակելու արտահայտման ազատությունն ավելի լայն առումով։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ պետությունները պետք է «քննարկեն և նկատի ունենան զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը, և ամեն դեպքում քրեական իրավունքի կիրառումը պետք է տեղի ունենա միայն ամենածանր գործերով, իսկ ազատազրկումը ոչ մի դեպքում պատշաճ պատիժ չի»։ (“General comment No. 34”, U.N. Human Rights Committee, 102nd session, published 12 September 2011, www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/GC34.pdf): 2002թ․ ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության ներկայացուցիչը նշել է, որ «զրպարտության և վիրավորանքի քրեականացումը չի հանդիսանում արտահայտման ազատության արդարացված սահմանափակում, զրպարտության և վիրավորանքի բոլոր քրեական օրենքները պետք է վերացվեն և, որտեղ անհրաժեշտ է, փոխարինվեն համապատասխան քաղաքացիական օրենքներով»։ (Joint Declaration on Freedom of Expression and the Administration of Justice, Commercialisation and Freedom of Expression, and Criminal Defamation (2002), www.oas.org/en/iachr/expression/showarticle.asp?artID=87&lID=1). Ավելին, ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության ներկայացուցիչը պարբերաբար կոչ է անդում ԵԱՀԿ մասնակից պետություններին վերացնել զրպարտության և վիրավորանքի քրեականացումը (Tenth Anniversary Joint Declaration: Ten Key Challenges to Freedom Of Expression in the Next Decade (2010), http://www.oas.org/en/iachr/expression/showarticle.asp?artID=784&lID=1). Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երբևէ ուղղակիորեն չի բացառել զրպարտության և վիրավորանքի քրեականացումը, սակայն բազմիցս քննադատել է նման դրույթների օգտագործումը։ Երբեմն ՄԻԵԴ-ն առաջարկել է, որ քրեական պատասխանատվության կիրառումը միայն կարող է բավարար լինել, որպեսզի արձանագրվի 10-րդ հոդվածի խախտում, քանի որ նման սանկցիան անհամաչափ է։ ՄԻԵԴ-ն ավելի հստակ է գտնվել պատժի տեսակի առումով։ Մասնավորապես, դատարանը նշել է, որ «ազատազրկումը լրատվամիջոցի գործունեության հետ կապված կարող է համապատասխան լինել լրագրողների ազատ արտահայտման իրավունքին միայն բացառիկ հանգամանքներում, երբ այլ հիմնարար իրավունքներ լրջորեն ոտնահարվել են, օրինակ, ատելության խոսքի կամ բռնության դրդման դեպքերում» (Cumpănă and Mazăre v. Romania, no. 33348/96 (2004). Զրպարտության և վիրավորանքի այլ գործերով ևս դատարանը գտել է, որ ազատազրկումը 10-րդ հոդվածի խախտում է՝ անկախ նրանից՝ քրեական պատասխանատվությունն ինքնին արդարացված է, թե՝ ոչ (Օրինակ՝ Affaire Belpietro c. Italie, no. 43612/10 (2013), Affaire Mika c. Grèce, no. 10347/10 (2013), Mariapori v. Finland, no. 37751/07 (2013)). Ներպետական դատարանները պետք է զերծ մնան քրեական պատասխանատվության ենթարկելուց՝ հատկապես ազատությունից զրկման: Նման պատիժները վտանգում են ազատ արտահայտման իրավունքի հիմքերը և հանդես են գալիս որպես ամբողջ լրատվամիջոցների գրաքննություն (ցենզուրա)՝ խթանելով մամուլի՝ որպես հանրային վերահսկողի դերը: Չնայած որ պատժի նշանակումը ներպետական դատարանների գործն է, սակայն նման պատիժը կարող է համապատասխանել լրագրողների ազատ արտահայտման իրավունքին միայն բացառիկ դեպքերում, երբ այլ հիմնարար իրավունքներ լրջորեն խախտվել են, օրինակ՝ ատելության խոսքի կամ բռնությանը դրդման դեպքերում (Mahmudov and Agazade v. Azerbaijan, 18 December 2008): Նույնիսկ երբ քրեական պատասխանատվությունը եղել է փոքր տուգանքի տեսքով, դա կարող է հանգեցնել անուղղակի գրաքննության, քանի որ նման պատիժը կարող է խանգարել հետագայում նման քննադատություն անելուն (Lingens v. Austria, 8 July 1986, Barthold v. Germany): Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք հետևյալը․ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1․ Պետք է միատեսակ մոտեցում լինի մի կողմից փաստաբանին, մյուս կողմից՝ դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին, դատավորին, դատական ակտերի հարկադիր դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելու դեպքերում (բացի փաստաբանից՝ ներկայիս օրենսդրությամբ մյուս անձինք պաշտպանված են քր․օր․-ով)։ 2․ Անհրաժեշտ է բացառել ազատազրկումը՝ որպես պատիժ ազատ արտահայտման իրավունքի իրացման դեպքերում։ 3․ Անհրաժեշտ է չսահմանափակել ազատ արտահայտման իրավունքը այն քրեականացնելով։ 4․ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է իրականացնել հավելյալ ուսումնասիրություններ և քննարկումներ հարցը ավելի արդյունավետ լուծելու համար օրենսդրական և պրակտիկ մակարդակներում։ 5․ Անհրաժեշտ է նաև հավելյալ քննարկումներ և ուսումնասիրություններ իրականացնել ատելության խոսքի համար արդյունավետ պատասխանատվության ապահովման համար։

Justice Group

28.02.2019

ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումներն ու նկատառումները ՀՀ քրեական օրենսգրքի 332․2 հոդվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու 2 օրենքների նախագծերին, որոնք վերաբերում են փաստաբանի գործունեությանը խոչընդոտելուն, ինչպես նաև նրան վիրավորանք հասցնելուն կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելուն։ Առաջարկում ենք, որ տվյալ նախագծում 1-ին հոդվածի 3-րդ մասում ավելացվի [․․․դրա համար լիազորված անձի կողմից․․․]․ այսինքն՝ «3. Փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով դրա համար լիազորված անձի կողմից ՝․․․»։ Նույն հոդվածի փոփոխության, լրացման օրենքի մեկ այլ նախագիծ, որն այս պահին հասանելի չէ e-draft-ում, առաջարկում էր քրեականացնել փաստաբանին կամ նոտարին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը։ Առաջարկվում է նաև քրեականացնել փաստաբանին զրպարտելը։ Արդեն առկա իրավակարգավորումներով քրեականացված է պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քր․ օր․ 332․3-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ (ՀՀ քր․ օր․ 332․3-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեականացված է նաև Դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ (ՀՀ քր․ օր․ 344-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև դատավորին զրպարտելը՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ (ՀՀ քր․ օր․ 344-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Պատիժը նաև նախատեսում է ազատազրկում։ Բացի այդ՝ քրեականացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը (ՀՀ քր․ օր․ 332․2-րդ հոդված)։ Տվյալ կարգավորումը բարձրացնում է մի կողմից ազատ արտահայտման իրավունքի, մյուս կողմից՝ փաստաբանի՝ իր գործունեությունն ազատ իրականացնելու ապահովման, ինչպես նաև արդարադատության ապահովման հարցեր։ 1․ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ և ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ փաստաբանն աջակցում է հասարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում է օրինականության քարոզչություն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ: ՀՀ ներպետական օրենսդրությամբ բացակայում են փաստաբանի՝ փաստաբանական գործունեության իրացման կայուն երաշխիք հանդիսացող իրավական լծակները: Գործող օրենսդրությամբ քրեորեն արգելված արարք է հանդիսանում միայն փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ի տարբերություն փաստաբանի նկատմամբ վիրավորանքի, զրպարտության քրեորեն անպատժելիությանը՝ քրեական օրենսդրությամբ արգելված արարքներ են հանդիսանում իրենց լիազորությունների առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանին, դատավորին վիրավորելը: ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում դատախազին զրպարտելու համար։ Իհարկե հաշվի առնելով վերոնշյալ անձանց կողմից հասարակական կյանքում օրինականության ամրապնդման առաքելությունը՝ միանգամայն տրամաբանությունից զուրկ է փաստաբանին մարդու իրավունքների պաշտպանից և դատավորից զատելը, հատկապես այն պայմաններում, որ նշված մասնագիտացմամբ բոլոր անձինք էլ գործում են հանուն արդարադատության իրականացման: Վերը նշվածը հիմնավորվում է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականով, որի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո: Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: Հարկ է նկատել, որ փաստաբանին վիրավորելը, նրա մասնագիտական գործունեությանն խոչընդոտելն ինքնին խախտում է ՀՀ-ի կողմից վավերացրած Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը: Վերոնշյալ միտքը պայմանավորված է նաև ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներով: Վերոնշյալ միտքը պայմանավորված է նաև ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներով, որի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: Նշվածը հիմնավորվում է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով, ըստ որի փաստաբանների հատուկ կարգավիճակը տալիս է նրաց կենտրոնական դեր արդարադատության ապահովման գործընթացում՝ որպես միջնորդ հասարակության և դատարանի միջև: Նման դիրքորոշումը բացատրվում է սովորական միջամտություն փաստաբանների նկատմամբ: Հաշվի առնելով այս ոլորտում փաստաբանների առանցքային դերը՝ օրինական է ենթադրել, որ նրանք նպաստում են պատշաճ արդարադատության իրացմանը՝ այդպիսով պահպանելով հանրային վստահությունը։ Տվյալ պարագայում փաստաբանին վիրավորելը, փաստաբանի գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը մշտապես պետք է դիտարկել արդարադատության իրականացման նկատմամբ ոչ իրավաչափ միջամտություն, հետևաբար խնդիրը չպետք է դիտարկել միայն որպես փաստաբանի պատվի, արժանապատվության, գործարար համբավի նվաստացում, այլև այն որպես կանոն խոչընդոտում է տվյալ փաստաբանի պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը: Վերը նշվածն առավել ցայտուն դրսևորվում է քրեական դատավարության շրջանակներում, որպիսի պայմաններում փաստաբանն առաջնորդվելով իր վստահորդի լավագույն շահով՝ արժանանում է մյուս կողմի պարսավող գնահատականին՝ նույնացվելով իր վստահորդի անձի հետ: Այս պայմաններում ցանկացած միջամտություն, որը կարող է դրսևորվել վիրավորանքի, զրպարտության տեսքով, իրապես խոչընդոտ է ստեղծում փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար: Վերոգրյալը բերում է այն եզրահանգման, որ արդարադատության իրացման համատեքստում պետք է ապահովվի փաստաբան-մարդու իրավունքների պաշտպան- դատախազ- դատավոր հավասարակշռությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության: Փաստաբանի մասնագիտական գործունեության ապահովման, փաստաբանի դերի ամրապնդման , այդուհանդերձ հասարակական կյանքում արդարադատության իրականացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության արդյունավետ իրականացման գործընթացում անհրաժեշտ է փաստաբանի գործունեության իրավական երաշխիքների ստեղծումը, որպիսի պայմաններում առաջնային է փաստաբանին վիրավորելը, զրպարտելը՝ որպես համարժեք պատժելի արարք սահմանելը: ...

See more