Add to favourites

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1.

Առկա իրավիճակը, կարգավորման ենթակա ոլորտը կամ խնդիրը

 

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ փրկարարներին տրվում են որակավորման հետևյալ դասերը՝

- միջազգային կարգի փրկարար.

- առաջին կարգի փրկարար.

- երկրորդ կարգի փրկարար.

- երրորդ կարգի փրկարար.

- փրկարար:

Խոսքը գնում է ինչպես լիազոր մարմնի կազմում` փրկարարական ծառայության մեջ չընդգրկված փրկարարների, այնպես էլ փրկարարական ծառայության մեջ ընդգրկված փրկարարների (փրկարարական ծառայողների) մասին:

Փրկարարների որակավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1391-Ն որոշմամբ:

Որակավորման հիմնական խնդիրներն են`

- արտակարգ իրավիճակներում փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար փրկարարների պատրաստվածության աստիճանի ստուգումը.

- փրկարարների գիտելիքների, մասնագիտական հմտությունների, հակահրդեհային, առաջին բուժօգնության, ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի ստուգումը.

- համապատասխան խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեխնիկայով, գույքով և հանդերձանքով` որակավորվող փրկարարի ապահովվածության ստուգումը:

Ընդ որում,

- «Փրկարար» որակավորման դաս շնորհվում է այն քաղաքացուն, որն ուսուցում է անցել և հանձնել քննություններ` փրկարարների պատրաստման ծրագրով.

- «3-րդ կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 3-րդ կարգի համար վերաորակավորված այն փրկարարին, որն ունի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ.

- «2-րդ կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 2-րդ կարգի համար վերաորակավորված այն փրկարարին, որն ունի 3-րդ կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ.

- «1-ին կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 1-ին կարգի համար վերաորակավորված փրկարարին, որն ունի 2-րդ կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ.

- «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է այն փրկարարին, որն ունի 1-ին կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ և մասնակցել է միջազգային փրկարարական աշխատանքների:

Փրկարարի որոկավորման դասեր (փրկարարի կարգավիճակ) ստացած փրկարարական ծառայողները ներգրավվում են արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման,  քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ  ընդգրկվում են արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Փրկարարական ծառայողներն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, մասնակցում են Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը, իրականացնում են փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ և այլն:

Տուժած երկրներին միջազգային փրկարարական օգնություն տրամադրելու, միջազգային որոնողափրկարարական խմբերին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու և լայնածավալ երկրաշարժերի դեպքում միջազգային օգնության համակարգման մեթոդոլոգիան մշակելու նպատակով ստեղծվել է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը (INSARAG): 2015 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, գերազանց հանձնելով ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորումը, Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի 194 անդամ երկրների շարքում դարձավ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG-ի) 34-րդ անդամը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որպես լրացուցիչ աշխատավարձ, սահմանվում է հավելավճար դասային, դիվանագիտական աստիճանների, տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու, կոչումների, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի, օտար լեզուների իմացության համար:

Միաժամանակ հարկ է նշել, որ փրկարար ծառայության ծառայողներին, ինչպես նաև զինծառայողներին, քրեակատարողական ծառայության ծառայողներին կոչման համար հավելավճար չի տրվում:

Մինչդեռ, կոչման համար հավելավճարը տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին (հարկային և մաքսային ծառայողներին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար): Դասային աստիճանի համար հավելավճարը տրվում է հատուկ քննչական ծառայության ծառայողներին և քննչական կոմիտեի ծառայողներին: Քաղաքացիական ծառայողին հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում:  Դիվանագետները հավելավճար են ստանում դիվանագիտական աստիճանի և օտար լեզվի իմացության համար: Հավելավճարներ տրվում են նաև օրենքով սահմանված այլ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետևյալ հիմնական սկզբունքները՝

- պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը,

- պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը,

- հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովումը,

- համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը:

Ուստի, օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներն ապահովելու նպատակով ներկայացվող Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել հավելավճար փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի համար, ընդ որում՝ փրկարարական ծառայության տարբեր պաշտոններ (փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններ) զբաղեցնող ծառայողների որակավորման դասին համարժեք և հավասար հավելավճար տալու նպատակով Նախագծով առաջարկվում է փրկարարի որակավորման դասի համար հավելավճար սահմանել ոչ թե պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացմամբ, այլ պաշտոնային դրույքաչափին ավելացող դրամական բացարձակ մեծությամբ (անկախ զբաղեցրած պաշտոնից սահմանել յուրաքանչյուր որակավորման դասին համարժեք և բոլոր պաշտոնների համար հավասար չափի հավելավճար): Նախագծով նախատեսվում է փրկարարի որակավորման դասի համար հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանել Կառավարության որոշմամբ:

2.

Կարգավորման նպատակը

 

Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ, համաձայն որի օրենքով սահմանել հավելավճար՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի համար: Ընդ որում՝ հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը նախատեսվում է սահմանել Կառավարության որոշմամբ:

3.

Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք

 

Նախագիծը մշակվել է Փրկարար ծառայության կողմից: Նախագծի մշակման գործընթացում այլ անձինք չեն ներգրավվել:

44.

Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգա­վորելիս

 

Տեղեկություններ չկան

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքները:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում մշակել և սահմանված կարգով ներկայացնել «Փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի համար հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը–համապատասխանում է ստանձնած պարտավորություններին:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Սույն Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության, հետևաբար՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Սակայն, սույն տեղեկանքում Նախագծով առաջարկվող փոփոխությունների հստակ ֆինանսական գնա­հատականը տալ հնարավոր չէ, քանի որ Նախագծով առաջարկվող լրացմամբ նախատեսվում է փրկարարական ծառայողների հավելավճարների հաշվարկման այլ իրավակարգավորում (ոչ թե պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում, այլ՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում): Հետևաբար, Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է մշակել և սահմանված կարգով ներկայացնել «Փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի համար հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվելիք հավելավճարի չափերի հիման վրա հնարավոր կլինի հստակ հաշվարկել և Կառավարության նշված որոշման նախագծին կից տեղեկանքում ներկայացնել ֆինանսական գնահատականը և ՀՀ պետական բյուջեից պահանջվող լրացուցիչ ֆինանսական միջոցների չափը:

 

  • Discussed

    18.01.2019 - 03.02.2019

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9066

Print