Add to favourites

Under development

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Առաջարկությունների հիմնավորումը պայմանավորված է հետևյալով.

  1. Առաջարկվում է որպեսզի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսվի դրույթ, ըստ որի՝ քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելու, ինչպես նաև համեմատական հետազոտման համար նմուշներ տալն իրականացվի դատարանի որոշմամբ՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը:

Ընդ որում դատարանի վերահսկողությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի սահմանադրական պաշտպանության, այլ նաև հետագայում այդ գործողությունները չկատարելու համար պատասխանատվության նախատեսմամբ (տե´ս 4-րդ կետում):

2.Առաջարկվում է, որպեսզի Օրենսգրքի 55-րդ հոդվածում, որը սահմանում է քննիչի լիազորությունները, նախատեսվի դրույթ, ըստ որի՝ ի թիվս, մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով դատարան դիմելու լիազորություննների, քննիչը լիազորված կլինի նաև հարկադրաբար քննում, փորձաքննություն կատարելու կամ նմուշներ ստանալու միջնորդությամբ ևս դիմելու դատարան:

  1. Առաջարկվում է, որպեսզի Օրենսգրքի 57-րդ հոդվածում, որը սահմանում է հետաքննության մարմնի լրազորությունները, լրացնել նոր կետ, ըստ որի՝ հետաքննության մարմինը հարկադրաբար քննում, փորձաքննություն կատարելու կամ նմուշներ ստանալու միջնորդությամբ կարող է դիմել դատարան.
  2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 4-րդ, 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն կասկածյալը և մեղադրյալը պարտավոր են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման, փորձաքննության և բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարման, ինչպեսնաև քրեական վարույթն իրականացնող մարմնին ընձեռել հնարավորություն վերցնելու մարմնի արտաթորությունների նմուշներ:

Ստացվում է, որքրեական վարույթի վերոնշյալ մասնակիցներն օրենքով նախատեսված կարգով կրում ենքննման,փորձաքննության և բժշկական ստուգման ենթարկվելու, մատնադրոշմման, լուսանկարման, ինչպեսնաև մարմնի արտաթորություններինմուշներներկայացնելուպարտականություն, մինչդեռ նշված պարտականությունների շարքում բացակայում է համեմատական հետազոտման համար այլ նմուշներ ներկայացնելու պարտականությունը:

Հաշվի առնելով, որ համեմատական հետազոտման համար այլ նմուշներ ներկայացնելու պարտականություն չնախատեսելն օրենսդրական բաց է, ուստի այնլրացնելու նպատակով առաջարկվում է Օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում և 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում կատարել համապատասխան լրացում՝  մասնավորապեսկասկածյալի և մեղադրյալի համար նախատեսելով նաև՝ «համեմատական հետազոտման համար այլ նմուշներ ներկայացնելու» պարտականությունը, որըբխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից և որի դեպքում միայն հնարավոր կլինի լուծել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացման կիրարկման ապահովման խնդիրը:

5.Առաջարկվում է Օրենսգրքի 188.1-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով, ըստ որի՝ վարույթն իրականացնող մարմինն անձին կնախազգուշացնի քննմանը, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականությունը չկատարելու դեպքում նշված քննչական գործողությունները դատարանի որոշմամբ հարկադրաբար կատարելու մասին, ինչպես նաև կպարզաբանի նշված քննչական գործողությունները կամավոր չկատարելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:

5.1. Առաջարկվում է նախատեսել դրույթ, ըստ որի՝ քննմանը, փորձաքննությանը ենթարկվելուց կամ նմուշներ տալուց հրաժարվելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը կկազմի արձանագրություն, որտեղ կնշվի քննչական գործողություններին մասնակցելու պարտականությունը կատարելուց անձի հրաժարվելու մասին։

Քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ վերցնելը հարկադրաբար կկատարվի միայն դատարանի որոշման հիման վրա։

5.2. Առաջարկվում է, որպեսզի վարույթն իրականացնող մարմին հանձնարարի հետաքննության մարմնի աշխատակցին՝ օրենքով սահմանված կարգով և միջոցներով աջակցելու՝ քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելուն կամ նմուշները հարկադրաբար ստանալուն:

Եթե քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ վերցնելը հարկադրաբար կատարելն օբյեկտիվորեն անհնար է կամ դրանց իրականացումը կարող է հանգեցնել ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության խախտման, ապա բացառիկ դեպքերում, եթե այլ եղանակներով հնարավոր չէ ապացուցել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները, վարույթն իրականացնող մարմինը հանձնարարում է հետաքննության մարմնին գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալները ձեռք բերել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

  1. Առաջարկվում է Օրենսգրքի 279-րդ հոդվածում, որը սահմանում է դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները, սահմանել դրույթ, ըստ որի՝ ի թիվս այլ քննչական գործողությունների կնախատեսվի նաև դատարանի որոշմամբ քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելը կամ նմուշները հարկադրաբար ստանալը, որպես քննչական գործողություն:
  2. Առաջարկվում է Օրենսգրքի 283-րդ հոդվածում, որը սահմանում է դատարանի կողմից քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը, լրացնել նաև հարկադրաբար քննում, փորձաքննություն կատարելու կամ նմուշներ ստանալու վերաբերյալ միջնորդությունների ներկայացումը, որը ինչպես բնակարանի խուզարկության միջնորդությունները կքննարկվեն անհապաղ:

Առաջարկը պայմանավորված է նրանով, որ՝ նմուշներ վերցնելու գործընթացին պետք է աջակցեն հետաքննության մարմինները, քանի որ ո´չ քննիչը և օրինակ՝ ո´չ էլ բժիշկը չունեն հարկադրանքիմիջոցներկիրառելու լիազորություն, որը օրինակ՝ «ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ունի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:

Հարկ է նշել, որ համանման նորմ նախատեսված է, օրինակ՝ Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքում[1], որի 111-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝քննչական գործողություններ կատարելիս վիրաբուժական միջոցներ և մեթոդներ կիրառելը կամ բժշկական հետազոտություն իրականացնելը, որոնք առաջացնում են ուժեղ ցավ, թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` տվյալ անձի համաձայնությամբ։

Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 147–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե հնարավոր չէ փորձանմուշները վերցնել կամավոր, այն իրականացվում է կողմերի միջնորդության հիմա վրա՝ դատարանի որոշմամբ:

Համանման կարգավորում առկա է նաև Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքում[2], որի245–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն` եթե անձը հրաժարվում է կամավոր հանձնել կենսաբանական նմուշներ, ապա քննիչ–դատավորը, կամ քրեական վարույթն իրականացնող անձի միջնորդությամբ` դատավորն իրավունք ունի քննիչին, դատախազին թույլատրել (կամ նրանց պարտավորեցնել, եթե միջնորդությունը ներկայացրել է պաշտպանության կողմը)՝ կենսաբանական նմուշները վերցնել հարկադրաբար:

Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքում[3] տարբերակված են մեղադրյալից և տուժողից (վկայից) փորձանմուշներ վերցնելու դատավարական կարգերը։ Այսպես` Ղազախստանի քրեական դատավարության օրենսգրքի 268–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն` կասկածյալից, մեղադրյալից նմուշներ կարելի է վերցնել հարկադրաբար։ Նույն հոդվածի 2–րդ մասի համաձայն` տուժողից և վկայից նմուշ կարելի է վերցնել միայն նրանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշ վերցնելը պահանջում է կասկածյալը, մեղադրյալը՝ իրենց քրեական իրավախախտում կատարելու մեջ մերկացնող ցուցմունքները ստուգելու նպատակով, ինչպես նաև նմուշներ վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է վեներական կամ այլ վարակիչ հիվանդություններն ախտորոշելու համար, եթե նման ախտորոշումը գործի լուծման համար ունի նշանակություն։ Նշված դեպքերում տուժողից, վկայից հարկադրաբար նմուշներ վերցնելը կատարվում է միայն դատախազի թույլտվությամբ կամ դատարանի որոշմամբ:

Առաջարկվում է, որպեսզի Օրենսգրքում նախատեսվի դրույթ, ըստ որի՝ հարկադրաբար նմուշներ վերցնելու վերաբերյալ միջնորդությունների քննարկումը դատարանի կողմից իրականացվի անհապաղ, քանի որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձն, օրինակ՝ ալկոհոլ (թմրանյութ) օգտագործած վիճակում հրաժարվելու է փորձաքննության ենթարկվելուց կամ հրաժարվելու է նմուշներ տրամադրելուց՝ գիտակցելով, որտվյալ նմուշներն իր օրգանիզմում պահվելու են որոշակի ժամանակահատվածում, կամ նախաքննության ընթացքում չի թույլատրելու մարմնի վրայից համապատասխան հետքեր վերցնել, այն ակնկալիքով, որ հետագայում կարող է դրանք մաքրել կամ լվանալ:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության 2017 թվական (սեպտեմբեր) կարծիքի համաձայն՝ մասնավորապես՝ նախագծի 457-րդ հոդվածի (քննման, փորձաքննության,բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ տալուց հրաժարվելը կամ խուսափելը)վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, որ հանցագործություն կարող է կատարվել միայն, եթե անձը չի ենթարկվել դատարանի կոնկրետ կարգադրությանը:

Պետք է նշել նաև, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից պետությունը մի շարք հանցագործություններով (օրինակ` կյանքի, առողջության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, խոշտանգում) կրում է պատշաճ քննություն կատարելու պոզիտիվ պարտականություն։ Այս տեսակի հանցագործություններով քննման, փորձաքննության, բժշկական ստուգման, մատնադրոշմման ենթարկվելը, լուսանկարվելը, համեմատական հետազոտման համար նմուշներ տալը պատշաճ քննություն կատարելու կարևորագույն, իսկ առանձին դեպքերում  նաև` միակ միջոցներն են։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծին ուղղված է օրենքի վերը նշված բացերը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, որըբխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

ՀՀ քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվողարդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու դատավարական պարտականության հարկադիր կատարման վերաբերյալ իրավահարաբերությունների ընթացակարգերը:

 

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտե

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտե

 

[1]https://www.matsne.gov.ge/ru/document/download/90034/37/ru/pdf

[2]http://kodeksy.com.ua/ka/upku-2012/statja-245.htm

[3]https://online.zakon.kz/Document/?doc_id=31575852&doc_id2=31575852#activate_doc=2&pos=324;-98&pos2=4173;-101

  • Discussed

    30.11.2018 - 15.12.2018

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8631

Print

Suggestions

A. D.

30.11.2018

«Արգելվում են հարկադրաբար քննչական գործողություններ կատարելիս այնպիսի միջոցների և մեթոդների կիրառումը, որոնք կարող են առաջացնել ուժեղ ցավ:» Ինչպես է որոշվելու` անձը ուժեղ ցավ զգացել է, թե ոչ? Հնարավոր չէ որոշել!!! Փաստորեն, մեռյալ դրույթ է։

See more