Add to favourites

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

  1. 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

    Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովմանը, մասնավորապես՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների հստակեցմանը, միատեսակ կիրառման ապահովմանը և պատասխանատվություն կիրառող մարմնի հայեցողական լիազորությունների սահմանափակմանը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները և նպատակը

Ներկայումս, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից Օրենքի խախտման դեպքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով)  իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

 Օրենքի 36-րդ հոդվածով սահմանվում են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում կատարված իրավախախտումների համար կիրառվող տուգանքների չափը, մասնավորապես`                                                                        

1. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:

  1. Տնտեսականգործունեության արգելված համակարգման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:
  2. Գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:
  3. Հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:
  4. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
  5. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև հինգ տոկոս:
  6. Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
  7. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
  8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
  9. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

Ըստ այդմ, Հանձնաժողովը պատասխանատվության միջոց կիրառելիս իրավասու է տալ նախազգուշացում կամ նշանակել տուգանք ըստ իր հայեցողության՝ հաշվի առնելով տվյալ դեպքի հանգամանքները։

Վերոգրյալի արդյունքում ստացվում է, որ Հանձնաժողովին հնարավորություն է ընձեռվել կախված իրավախախտման բնույթից, որոշ հանգամանքներից ելնելով բավարարվել  նախազգուշացում տալով և այն հանգամանքը, որ դրանից զատ Հանձնաժողովը ստանում է հայեցողական լիազորություն նշանակելու տուգանք` բավարար հիմնավորված չէ, քանի որ եթե Հանձնաժողովը առաջին անգամ իրավախտում կատարած անձին տվել է նախազգուշացում պատճառաբանված որոշմամբ, որից հետո անձը շարունակել է իրավախախտ գործողությունները այդ դեպքերում պետք է լինի հստակ տուգանքի չափ՝ առանց «մինչև» ձևակերպման:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է.

  • Վերացնել տուգանքների չափերի մասով կիրառվող «մինչև» ձևակերպումը՝ հստակեցնելով կիրառվող տուգանքի չափերը։
  • Հանձնաժողովին հնարավորություն ընձեռել իր որոշմամբ նշանակել նախատեսված տուգանքի չափերից ավելի ցածր տուգանքի չափ՝ այն պարագայում, երբ վերջինս կարողանա հստակ հիմնավորել ավելի ցածր տուգանք նշանակելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) տնտեսվարող սուբյեկտի պատմությունը և այլն։
  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը որդեգրել է պետական կարգավորումների արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման քաղաքականություն:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի Հանձնաժողովի կողմից նշանակվող տուգանքի չափի հստակեցումը և միատեսակ կիրառումը։

  • Discussed

    25.10.2018 - 09.11.2018

  • Type

    Law

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7405

Print