Add to favourites

«ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___  ___________ 2018 թվականի N _________

 

ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ                                                           Ն.ՓԱՇԻՆՅԱՆ           

                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

___________ ______

№ _________   որոշման

 

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

  1. ՆԱԽԱԲԱՆ

 

  1. Սույն հայեցակարգի նպատակն է հիմնավորել Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ ՀՀ) աղետների վաղ ազդարարման համակարգի (այսուհետ՝ ԱՎԱՀ) ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նմանատիպ համակարգերի կառուցման ժամանակակից միտումները, տվյալ համակարգի առջև դրվող խնդիրների սահմանումը, համակարգի կառուցվածքի և գործունեության ռեժիմների, ինչպես նաև համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունների և նրանց իրականացման կարգի որոշումը:
  2. Սույն հայեցակարգը նախատեսված է շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարների և համապատասխան մասնագետների համար:
  3. Հայեցակարգի մշակման ընթացքում օգտագործվել են հետևյալ իրավական ակտերը՝
  • «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը.
  • «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը.
  • «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պա­տերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայման­նե­րում պետական  կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու  մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի  6 ապրիլի  N  346 – Ն որոշումը.
  • ՀՀ կառավարության 2017 թ. ապրիլի 6-ի նիստի  N 14 արձանագրային որոշումը:

 

  1. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

  • ՀՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. ՀՀ տարածքը կազմում է 29,743 կմ2:
  2. ՀՀ տարածքը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում՝ զբաղեցնելով վերջինիս մոտ 10%-ը, Կուր-Արաքսյան լեռնային միջագետքի մեծ մասը՝ տարածված Կովկասյան պարանոցի հարավում:
  3. ՀՀ տարածքը գտնվում է հյուսիսային լայնության 38050/-41018/ և արևելյան երկայնության 43027/-46037/ միջև: Հայաստանի տարածքը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ունի մոտ 400 կմ ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունն արևմուտքից արևելք կազմում է 200 կմ, հարավ-արևելքում այն առաջացնում է մի ելուստ (Զանգեզուրը), որի ամենանեղ մասի լայնությունը կազմում է 26 կմ:
  4. ՀՀ պետական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1479 կմ: Հյուսիսից այն սահմանակից է Վրաստանին, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, արևմուտքից՝ Թուրքիային:
  5. ՀՀ–ն լեռնային երկիր է: Տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1850մ: Համեմատաբար հարթ մակերևույթ ունեցող տարածությունները կազմում են ՀՀ տարածքի 20%-ը միայն, մինչդեռ զառիթափ լանջերը և դարափուլերը՝ ավելի քան 40%-ը:
  6. Հայաստանի կլիման բնութագրվում է խիստ բազմազանությամբ, ինչը պայմանավորված է բարդ ռելիեֆով: Հանրապետության տարածքում առկա են կլիմայի բոլոր տարատեսակները չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ բարձր լեռնային:

 

 

  • ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

  1. ՀՀ բնակչության 91%-ը բնակվում է հնարավոր տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների խոցող գործոնների ազդեցության գոտիներում:
  2. ՀՀ վարչատարածքային բաժանման հիմք է հանդիսանում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզերի և Երևան քաղաքի (իր 12 վարչական շրջաններով): Մայրաքաղաքը  Երևանն է՝8 հազար մարդ բնակչությամբ:
  3. Խոշոր քաղաքներն են՝ Գյումրի (բնակչությունը0 հազար մարդ), Վանաձոր (բնակչությունը 80.7 հազար մարդ), Հրազդան (բնակչությունը 40.8 հազար մարդ), Վաղարշապատ (բնակչությունը 46.6 հազար մարդ), Կապան (բնակչությունը 42.6 հազար մարդ): Տվյալները տրված են 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
  4. 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը ընթացիկ հաշվառմամբ կազմել է 1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1901.4 հազ. մարդ, իսկ գյուղականը` 1084.7 հազ. մարդ:
  5. ՀՀ բնակչության և տարածքների համար առավելագույն վտանգ են ներկայացնում քիմիական, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում, հիդրոտեխնիկական կառույցներում (ջրամբարներ, պոչամբարներ) և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի և սողանքի առաջացման հետևանքով արտակարգ իրավիճակների առաջացումը:
  6. Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի  «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի հաuտատելու մաuին» N919-Ն և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարների պլան) հաստատելու մասին» N 2328 -Ն որոշումների՝
  • ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում (Գառնի` φ= 40°06΄, λ=44°48΄, M=7.0, H=15 կմ (10-11 բալ) տվյալների հաշվարկով)՝ բնակավայրերի տարածքները կենթարկվեն տարբեր ուժգնության ցնցումների:

Հնարավոր ուժեղ երկրաշարժի հետևանքով, որպես երկրորդային սեյսմիկ վտանգի օբյեկտներ, կարող են վթարվել ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի, ՀՀ Գեղարքու­նիքի, ՀՀ Լոռու մարզերի և Երևան քաղաքի հիդրոտեխնիկական կառույցների պատվարները և քիմիական վտանգավոր օբյեկտները:

Երկրաշարժի հետևանքով հնարավոր են բազմաթիվ երկրորդային վտան­գավոր երևույթներ՝ փլուզումների, սողանքների, սելավների տեսքով, որոնք իրենց հերթին կստեղծեն լրացուցիչ բազմաթիվ խոցող գործոններ: Կավերվեն և կվնասվեն ճանապարհային շինություններն ու կառույցները, կխցանվեն ավտոմայրուղիները:

Ավերիչ երկրաշարժի ազդեցության գոտում կհայտնվեն 190084 շենքեր և շինություններ, որոնցում բնակվում է 1905468 մարդ: Բնակչության շրջանում ընդհանուր կորուստները կկազմեն մոտավորապես 364.0 հազար մարդ, որոնցից անվերադարձ` 209.0 հազար մարդ, սանիտարական` 155.0 հազար մարդ (ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 919-Ն որոշում):

  • ՀԱԷԿ-ի ընդհանուր վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման (այսուհետ՝ ՆՊՄԻ) գոտում կհայտնվեն ՀՀ Արմավիրի մարզի 5 և ՀՀ Արագածոտնի մարզի 1 համայնքներ, իսկ շտապ պաշտպանական միջոցառումնմերի պլանավորման (այսուհետ՝ ՇՊՄՊ) գոտում` ՀՀ Արմավիրի մարզի 17 և ՀՀ Արագածոտնի մարզի 2 համայնքներ:

ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում ընդգրկվող ՀՀ 25 բնակավայրերի բնակչության թվաքանակը՝ 95771 մարդ է, այդ թվում` ՀՀ Արմավիրի մարզի 22 բնակավայրերինը՝  92734 մարդ և ՀՀ Արագածոտնի մարզի 3 բնակավայրերինը՝ 3037 մարդ:

  1. ՀՀ տարածքի 21 քիմիապես վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում մթնոլորտ կարող են արտանետվել ուժեղ ներգործող թունավոր նյութեր, քիմիական վարակվածության գոտում հավանական է հայտնվի մոտ 61.0 հազ. մարդ (առանց հավանական քիմիական զենքի կիրառման):
  2. ՀՀ տարածքի 24 հատուկ նշանակության ջրամբարների պատվարի փլուզման դեպքում աղետալի ջրածածկման գոտում կհայտնվի 84 համայնք` մոտ 260.0 հազ. բնակչությամբ:
  3. Արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ տարածքի բոլոր օբյեկտներում հնարավոր են հրդեհներ և պայթյուններ, սակայն առավել վտանգավոր են ուժեղ ներգործող թունավոր նյութեր օգտագործող, վերամշակող, տեղափոխող ու հրդեհապայթունավտանգ օբյեկտները: Առավել ծանր իրավիճակ կստեղծվի Երևան քաղաքում, որտեղ կենտրոնացված է հանրապետության բնակչության, հրդեհապայթունավտանգ ու քիմիապես վտանգավոր օբյեկտների զգալի մասը:
  4. ՀՀ անտառածածկ տարածքներում հնարավոր են նաև անտառային հրդեhներ:
  5. ՀՀ տարածքում գործում են պաշտպանության համար ռազմավարական նշանակություն ունեցող թվով 16, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող թվով 35, բարձր վտանգավորություն ներկայացնող թվով 35 կազմակերպություններ ու թվով 20 առավել վտանգավոր ջրամբարներ և կարևորագույն նշանակության թվով 1804 կազմակերպություններ:
  6. ՀՀ տարածքում գտնվում է միջպետական նշանակության թվով 17 ավտոմոբիլային ճանապարհներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է8 կմ, հանրապետական նշանակության թվով 85 ավտոմոբիլային ճանապարհներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 1969.05 կմ և ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության թվով 616 ավտոմոբիլային ճանապարհներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 3805.7 կմ: ՀՀ տարածքում գտնվում են մոտ 104 խոշոր ավտոճանապարհային և 684 երկաթուղային կամուրջներ:
  7. ՀՀ գազատրանսպորտային համակարգում շահագործվում են 1740,070 կմ գազատարներ, որից 1220 մմ տրամագծով` 56,2 կմ, 1020 մմ տրամագծով` 288,312 կմ, 720 մմ տրամագծով` 599,357 կմ, 530 մմ տրամագծով` 610,418 կմ, 377 մմ տրամագծով` 63 կմ, 325 մմ տրամագծով` 136,902 կմ, 219մմ տրամագծով` 24,973 կմ, 159 մմ տրամագծով` 12,683 կմ, 108 մմ տրամագծով` 8,225 կմ:

Գազատրանսպորտային օբյեկտները շահագործվում են Վանաձոր, Աբովյան, Դիլիջան, Գորիս, Մարտունի քաղաքներում տեղակայված գծային շահագործման մասնաճյուղերի միջոցով:

  1. ՀՀ էներգամատակարարումն իրականացվում է թվով 7 մեծ և 70 փոքր Էներգետիկ աղբյուրներից:
  2. ՀՀ ջրամատակարարումն իրականացվում է թվով 442 ջրաղբյուրների միջոցով, գործում են թվով 369 օրվա կարգավորման ջրամբարներ: Ջրային տնտեսության ոլորտի հին մասնագիտացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող «Երևան  Ջուր «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ–ջրմուղկոյուղի», «Լոռի–ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ի կողմից սպասարկվում են մոտ 135 ջրաղբյուրներ՝ 650 կապտաժային կառուցվածքներով, 350 օրվա կարգավորման ջրամբարներ: Հանրապետության 560 բնակավայրեր վերը նշված ընկերությունների կողմից չեն սպասարկվում:

 

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. 2013 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 9040 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 393, տուժել` 8647 մարդ: 2013 թվականի ընթացքում հանրապետությունում 2012 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 1558-ով, իսկ զոհերի թիվը նվազել է  161-ով:
  2. 2014 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 9327 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 393, տուժել` 8934 մարդ: 2014 թվականի ընթացքում հանրապետությունում 2013 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը աճել է 287-ով, իսկ զոհերի թիվը մնացել նույնը:
  3. 2015 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 9668 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 442, տուժել` 9226 մարդ: 2015 թվականի ընթացքում հանրապետությունում 2014 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը աճել է 341-ով, իսկ զոհերի թիվը աճել է 49-ով:
  4. 2016 թվականի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 9586 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 354, տուժել` 9232 մարդ: 2016 թվականի ընթացքում հանրապետությունում 2015 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը նվազել է 82-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 88-ով:
  5. Արտակարգ իրավիճակներում՝ ջրհեհեղներից, սելավներից, հրդեհներից, փլուզումներից, սողանքներից, երաշտներից, կարկտահարություններից և այլն, բավականին մեծ չափի վնասներ են հասցվել ազգաբնակչությանը: Արտակարգ իրավիճակների վերլուծությունը ցույց է տալիս, որ պահպանվում է տարատեսակ արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության քանակի աճի միտումները:

 

 

III  ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

  • ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
  • Աղետների վաղ ազդարարման համակարգի (այսուհետ ԱՎԱՀ) ձևավորման նպատակն է՝ զանգվածային իրազեկման ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ բարձրացնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և կառավարման մարմինների, արձագանքող ուժերի, բնակչության ազդարարման և տեղեկատվության տրամադրման արդյունավետությունը և հուսալիությունը: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
  • կրճատել՝ բնակչության և ղեկավար կազմի երաշխավորված ազդարարման ապահովման ժամանակահատվածը.
  • տրամադրել բնակչությանն արագ և օպերատիվ տեղեկատվության՝ անվտանգ գործելակերպի վերաբերյալ.
  • ապահովել արտակարգ իրավիճակներում, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում, բնակչությանը անհրաժեշտ գործողությունների կատարման վերաբերյալ հանձնարարականների փոխանցումը.
  • ապահովել համակարգի հնարավորությունն իր մեջ ընդգրկել ինչպես արդեն իսկ գոյություն ունեցող այնպես էլ հետագայում կառուցվող ազդարարման հանգույցները, մարդկաց զանգվածային տեղակայման վայրերում տեղադրված բարձախոսային ու գովազդային վահանակների, սեյսմիկ ու մթնոլորտային մոնիթորինգի և փոխհամագործակցող այլ համակարգերը.
  • բարձրացնել մթնոլորտային և սեյսմիկ իրավիճակի մոնիտորինգի արդյունավետությունը.
  • բարձրացնել պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում իրավիճակի մոնիթորինգի արդյունավետությունը.
  1. ԱՎԱՀ-ն հանդիսանալով բնակչության պաշտպանության կառավարման համակարգի բաղադրիչ մաս, կհամակցվի ամենօրյա կառավարման մարմինների համակարգերի հետ և կապահովի որոշումների ընդունման և ճգնաժամային կառավարման տեղեկատվական փոխանցումը: Դա թույլ կտա խուսափել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում գործառույթների կրկնորդումից և նվազեցնել ազդարարման համակարգի ձևավորման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը:
  2. Ներկայացված խնդիրների լուծման համար անհրաժեշտ հիմնական միջոցառումներն են՝
  • բնակչության ազդարարման գործընթացի կազմակերպչական, իրավական, նորմատիվ, հայեցակարգային և համակարգային հիմքերի մշակումը և կատարելագործումը.
  • ԱՎԱՀ-ի ստեղծման, ծավալման և շահագործման իրավական բազայի ձևավորումը.
  • բնակչության ազդարարման և իրազեկման նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը.
  • ԱՎԱՀ-ի կառուցվածքի մշակում և համակարգի տարրերի նկատմամբ պահանջների սահմանումը.
  • ԱՎԱՀ-ի նախագծում, նախագծանախահաշվային և շահագործման փաստաթղթերի մշակումը.
  • ԱՎԱՀ-ի տեղեկատվական ապահովմամ մշակումը.
  • ԱՎԱՀ-ի փուլային ծավալումը և շահագործման հանձնումը:

 

  • ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

  1. ԱՎԱՀ-ի ստեղծման համար անհարժեշտ միջոցների ճշգրիտ գնահատման համար անհրաժեշտ է անցկացնել նախագծահետազոտական աշխատանքներ:
  2. ԱՎԱՀ-ի ստեղծման և օգտագործման ընթացքում նախատեսվում է այնպիսի մոտեցումների և սկզբունքների օգտագործում, որոնք կապահովեն իրականացվող միջոցառումների հիմնավորված ընտրությունը և համակարգի ստեղծման ու իր խնդիրներին և նպատակներին համահունչ օգտագործման հիմնական խնդիրների և պահանջների հավասարակշռված լուծումն ապահովող մոտեցումների և սկզբունքների կիրառում:
  3. Միջոցառումների իրականացման հիմնական մոտեցումներն ու սկզբունքներն են՝
  • համակարգված և համալիր մոտեցում.
  • ռեսուրսների համախմբում բնակչության կենսագործունեության անվտանգության ապահովման հիմնական ուղղություններում.
  • այլընտրանքայնությունը, որպես ԱՎԱՀ-ի ստեղծման և օգտագործման հիմնական նպատակներին հասնելու հնարավորություն ֆինանսական միջոցների տարբեր ծավալների դեպքում:
  1. ԱՎԱՀ-ի արդյունավետությունն արտահայտվում է երկու հիմնական ձևերով՝
  • ուղղակի արդյունավետություն՝ ծրագրային միջոցառումների նպատակներին հասնելու համար բոլոր տեսակի ծախսերի նվազեցում.
  • անուղղակի արդյունավետություն՝ արտակարգ իրավիճակների հետևանքով հասցրած վնասի նվազեցում՝ բնակչությանը ժամանակին և արդյունավետ նախապատրաստման արդյունքում:
  1. ԱՎԱՀ-ի ստեղծման միջոցառումների իրականացումը թույլ կտա հասնել արդյունավետության հետևյալ ցուցանիշներին`
  • ազգաբնակչության իմացությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման բնագավառներում.
  • բնակչությանը՝ սպառնալիքների վերաբերյալ իրազեկման և անվտանգ գործելակերպի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամկետների կրճատում.
  • արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ծախսերի նվազեցում:

 

  1. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

  • ԱՌԿԱ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. ՀՀ տարածքում տեղադրված է Պ-160, Պ-164 սարքավորումների հիման վրա կառուցված ազդարարման համակարգը: Պ-160, Պ-164 սարքավորումները հանված են արտադրությունից, տվյալ սարքավորումների համար պահեստամասեր, անհրաժեշտ պիտույքներ և գործիքներ չեն արտադրվում:
  2. Խորհրդային տարիներից ժառանգված «Պ-160», «Պ-164» սարքավորումների հիման վրա կառուցված կենտրոնացված ազդարարման համակարգը չի գործում «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավտոմատ հեռախոսակայանների թվայնացման, անալոգային կապուղիների շահագործումից հանելու և ապամոնտաժելու պատճառով: «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն ելնելով այն հանգամանքից, որ թվային ավտոմատ հեռախոսակայաններով «Պ-160», «Պ-164» կենտրոնացված ազդարարման վահանակները հնարավոր չէ գործարկել, նշված  սարքերը ապամոնտաժել է:
  3. Հանրապետությունում առկա համակարգի միակ բաղադրիչը, որը տեխնիկական վիճակի մանրակրկիտ զննումից հետո հնարավոր կլինի օգտագործել  նոր կառուցվող Հանրապետական ավտոմատացված կենտրոնացված ազդարարման համակարգում դա էլեկտրոշչակներն են:
  4. «Պ-160», «Պ-164» սարքավորումներով կենտրոնացված ազդարարման հիմքն է լարային ռադիոհեռարձակումը: Ռադիոհեռարձակման տվյալ տեսակը հանրապետությունում ներկա ժամանակում չի գործում:
  5. Ներկայումս հանրապետության համայնքներում տեղադրված են թվով 744 շչակներ (477-ը սարքին, 267-ը անսարք): Ըստ նախնական մոտավոր հաշվարկների անհրաժեշտ են ևս թվով 1500 շչակներ`
  • Հանրապետության համայնքներում տեղադրված թվով 744 շչակներից թվով 455-ը «Ս-40» տիպի եռաֆազ շչակներ են, իսկ 289-ը՝ «ԼԴ-800» տիպի միաֆազ շչակներ: Թվով 671 շչակներ աշխատում են մեխանիկական ազդարարման միջոցով (լոկալ՝ այսինքն արատակարգ դեպքերի և պատահարների ժամանակ ազդարարումն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից մեխանիկական ձևով միացնելով ազդարարման սարքավորման սեղմակը):
  • 2015-ից 2017 թվականների ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համատեղ իրականացված «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում ավտոմատացված ազդարարման համակարգի ներդրման» պիլոտային, ՀՀ Շիրակի մարզում իրականացված Հայկական Կարմիր խաչի ընկերության «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» աղետների ռիսկի նվազեցման, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման «Աղետների ռիսկի կառավարման Հայաստանի գրասենյակ»-ի իրականացված թվով 10 համայնքներում ազդարարման համակարգի արդիականացման և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի hայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում իրականացված «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրերի շրջանակներում տեղադրվել են «Պ-166Մ» ազդարարման համակարգի թվով 73 հեռակառավարվող «ԲՈՒՍ» սարքավորումներ, 4 «ՍԶՕ-2» բարձրախոսներ, 10 «Ս-28» ու 22 «Ս-40» շչակներ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ու Տավուշի, Սյունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում կառուցվել են ազդարարման համակարգի կենտրոնացված կառավարման համակարգեր:
  1. Հանրապետության տարածքում առկա էլեկտրաշչակների մեծամասնությունը գործում են ավտոնոմ և ընդգրկված չեն մեկ ընդհանուր ցանցում: Միաժամանակ հարկ է նշել, որ էլեկտրաշչակների միացումն, առանց լրացուցիչ ձայնային տեղեկատվության տրամադրման չի ապահովում ազդարարման արդյունավետությունը, քանզի բնակչությանը չի տրամադրվում տեղեկատվություն արտակարգ իրավիճակի և անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:
  2. Ուստի հաշվի առնելով տարատեսակ արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվական հոսքերի ավելացումը անհրաժեշտ է ակտիվորեն կիրառել ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաները:
  3. Տվյալ տեխնոլոգիաները պետք է թույլ տան հավաքագրել և վերլուծել մոնիթորինգային տվյալները, ազդարարել, տրամադրել տեղեկատվություն և ուսուցանել մարդկանց անկախ նրանց գտնվելու վայրերից, օգտագործելով տարատեսակ վերջնակետ սարքավորումներ (բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, հեռուստացույցեր, ռադիոհաղորդիչներ և այլն):

 

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ՑԱՆՑԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ

 

  1. Մրցակցության զարգացմանն ուղղված քաղաքականության շնորհիվ բազմաթիվ նոր մատակարարներ են մուտք գործել շուկայի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ ծառայությունների սեգմենտներ՝ նպաստելով մրցակցության ինտենսիվացմանը, ներդրումների աճին, ծառայությունների տեսականու և օգտվողների թվաքանակի ավելացմանը։ Մասնավորապես, էապես աճել է միջազգային «IP» տարանցման ծառայության հոսքերը, որն իր հերթին նպաստել է այդ ծառայության սակագնի նվազմանը։ Մեծանում են լայնաշերտ ինտերնետ ծառայությունների մատուցման ծավալները, ինչպես նաև բաժանորդների քանակը։
  2. Ներկայումս հեռահաղորդակցության ոլորտում լիցենզավորված գործունեություն են իրականացնում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի 72 օպերատորներ (այդ թվում, 3 շարժական բջջային կապի և 17 ոչ աշխարհագրական կոդերով ծառայություններ մատուցող օպերատորներ), որոնցից ՀՀ ամբողջ տարածքում ծառայություններ մատուցող խոշոր օպերատորներ են հանդիսանում՝ «Վեոն Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «ՋիէնՍի-Ալֆա», «Յուքոմ» և «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ընկերությունները։
  • «Վեոն Արմենիա» (Beeline) ընկերությունը ամրակցված կապի հիմնական օպերատորն է, որն ամրակցված հեռախոսակապի լարային և անլար (CDMA) ծառայություններ է մատուցում ամբողջ ՀՀ տարածքում։ Ընկերությունը հանրային ամրակցված հեռախոսակապ է ներդրել հանրապետության բոլոր բնակավայրերում։ Թվային կայաններին միացվել է հանրային ամրակցված հեռախոսակապի բաժանորդների մոտ 87 տոկոսը, արդյունքում՝ Երևան քաղաքում թվայնացման մակարդակը կազմել է 100 տոկոս, իսկ մարզերում՝ 68 տոկոս։ Հարկ է նշել, որ ընկերությունը լիցենզիոն պարտավորությունների համաձայն պետք է արդիականացնի հանրապետության մարզերում CDMA անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հեռախոսագծերը՝ հնարավորություն ընձեռելով այդ հեռախոսագծերով ստանալու լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ Բացի այդ, ընկերությունը լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ է մատուցում ADSL տեխնոլոգիայով։ Միաժամանակ, ընկերության ցանցը փոխկապակցված է հյուսիսային սահմանում՝ Վրաստանի Հանրապետության, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ցանցերի հետ։ Ի դեպ ընկերությունը Վրաստանի Հանրապետության հետ տարանցիկ օպտիկամանրաթելային կապուղու միջոցով կազմակերպում է նաև միջազգային «IP» տարանցման հոսքեր։ Բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը և ենթակառուցվածքների արդիականացումը նշված օպերատորի գործունեության գերակայություններից մեկն է հանդիսանում։
  • «ՋիէնՍի֊Ալֆա» (Rostelecom) ընկերությունը մատուցում է ամրակցված հեռախոսակապի (ոչ աշխարհագրական կոդերով) և ինտերնետ հասանելիության ծառայություններ։ Ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա և տարածվում Է ավելի քան 2500 կմ։ Այն միացված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության հետ միջազգային կապուղիների միջոցով։
  • «Յուքոմ» ընկերությունը օպտիկամանրաթելային կապուղիների միջոցով մատուցում է ամրակցված հեռախոսակապի (աշխարհագրական և ոչ աշխարհագրական կոդերով) և ինտերնետ հասանելիության ծառայություններ։ Ներկայումս ընկերությունը ծառայություններ է մատուցում Երևան, Աբովյան և Վանաձոր քաղաքներում, միաժամանակ զարգացնելով իր ցանցը ՀՀ ողջ տարածքով ամրակցված հեռախոսային ծառայությունների մատուցման նպատակով։ Մասնավորապես, համաձայն ընկերությանը տրամադրված համարային ռեսուրսների պայմանների՝ ընկերությունը պարտավոր է 2013-2018 թվականների ընթացում զարգացնել իր ցանցը հանրապետության ավելի քան 45 խոշոր բնակավայրերում՝ ապահովելով հանրային ամրակցված հեռախոսային ծառայությունների մատուցումը։ Բացի այդ, ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից վարձակալված օպտիկամանրաթելային կապուղու միջոցով կազմակերպում է նաև միջազգային «IP» տարանցման հոսք։
  1. «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADS) ընկերությունը օպտիկամանրաթելային կապուղիների միջոցով մատուցում է ամրակցված հեռախոսակապի (ոչ աշխարհագրական կոդերով) և ինտերնետ հասանելիության ծառայություններ։ Միաժամանակ, ընկերությունը Վրաստանի Հանրապետության հետ տարանցիկ օպտիկամանրաթելային կապուղու միջոցով կազմակերպում է նաև միջազգային «IP» տարանցման հոսք։
  2. Հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող շարժական բջջային կապի օպերատորներն են՝ «Վեոն Արմենիա» (Beeline), «ՄՏՍ Հայաստան» (Vivacell-MTS), «Յուքոմ» ընկերությունները։ Այս օպերատորները ՀՀ ամբողջ տարածքում գործարկել են շարժական կապի փոխադարձ ներթափանցման ծածկույթ ունեցող լայնաշերտ 3G տեխնոլոգիայի վրա հիմված շարժական կապի ցանցեր։ Ընդ որում, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքի տարածքում գործարկվել է լայնաշերտ 4G/LTE տեխնոլոգիայի վրա հիմնված ցանց, որն ապագայում կընդլայնվի նաև մարզերում։ Շարժական բջջային կապի բաժանորդների քանակը (ըստ հեռախոսաքարտերի) կազմում է մոտ 3.2 մլն։ Շարժական կապի հեռախտությունը 100 բնակչի հաշվով 98.3 տոկոս է։ Ներկայումս հանրային շարժական բջջային կապի ծածկույթով ապահովված է ՀՀ բնակավայրերի 98%-ը և միջպետական ավտոճանապարհների 94%-ը։ Հանրային շարժական բջջային կապի օպերատորների կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում 2018 թվականին հանրային շարժական բջջային կապի ծածկույթով կապահովվեն ՀՀ բնակավայրերի 100%-ը։ Միաժամանակ հետևողական աշխատանքներ են իրականացվում միջպետական ավտոճանապարհների ծածկույթ չունեցող հատվածները հանրային շարժական բջջային կապի ծածկույթով ապահովելու ուղղությամբ։
  3. Ինտերնետ հասանելիության ծառայությունների (մանրածախ) շուկան բնութագրվում է մատուցվող ծառայությունների հիմքում ընկած տարաբնույթ տեխնոլոգիաներով, հոսքերի արագությամբ, զեղչային սխեմաներով, պայմանագրային ժամկետներով, մատուցման եղանակներով։ Սա դինամիկ զարգացող սեգմենտ է, ինչը պայմանավորված է հատկապես լայնաշերտ տեխնոլոգիաների արագորեն տարածման և սակագների նվազման միտումներով։ Ինտերնետ մատակարարների քանակը մոտ 7 տասնյակ է, իսկ բաժանորդների քանակը՝ մոտ 2 մլն, որից լայնաշերտ ինտերնետ բաժանորդների քանակը կազմում է մոտ 450 հազար։ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան, Աբովյան, Աշտարակ, Չարենցավան, Արմավիր և Մեծամոր քաղաքներում հասանելի են դարձել FTTx տեխնոլոգիայի վրա հիմնված օպտիկամանրաթելային ցանցերը։

 

 

  • ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  1. ԱՎԱՀ-ն, որպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգի բաղադրիչ մաս պետք է ունենա հետևյալ մակարդակները`
  • հանրապետական.
  • տարածքային (մարզային).
  • տեղական (համայնքային).
  • օբյեկտային (կազմակերպության):
  1. ԱՎԱՀ-ն պետք է օժտված լինի հետևյալ հատկություններով՝
  • գործունեության կայունություն.
  • վերջնակետային սարքավորումների հասանելիություն.
  • հուսալիություն.
  • արդիականություն.
  • փոխանցվող տեղեկատվության օպերատիվություն և հուսալիություն.
  • անցանելիության բարձր թողունակություն.
  • ունակություն՝ իր մեջ ընդգրկել ինչպես նախկինում կառուցված, այնպես էլ հետագայում կառուցվելիք մոնիթորինգային, տեղեկատվական, հեռարձակման, տեսաձայնային և այլ փոխհամագործակցող ենթահամակարգերը:
  • Միայն 52-րդ կետում նշված ձևերի բարձր ցուցանիշների ապահովման դեպքում հնարավոր է ապահովել համակարգում ընդգրկված ուժերի ու միջոցների գործունեության համակարգման և օպերատիվ ու որակյալ կառավարման ապահովման խնդիրների լուծումը:
  1. ԱՎԱՀ-ի աշխատանքին ներկայացվող հիմնական պահանջն է՝ կայուն գործունեությունն արտակարգ իրավիճակների ժամանակ և քաղաքացիական պաշտպանության միջոցառումները իրականացնելիս երբ հնարավոր են համակարգի տարբեր հատվածներում որոշակի տարրերի աստիճանաբար անջատումներ:
  • Համակարգը պետք է կայուն գործի երեք աշխատակարգում (ռեժիմներում)`
  • ամենօրյա աշխատանքային գործունեության դեպքում` բնակչության կենսագործունեության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ ծրագրային հաղորդումների փոխանցում ԱՎԱՀ-ի, ինչպես նաև կապի ծառայություններ տրամադրող ընկերությունների և այն էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ)-ների միջոցով, համաձայն նախապես կնքված երկարաժամկետ պայմանագրերի:
  • արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ դրանց առաջացման դեպքում՝ ԱՎԱՀ-ի շահագործումը կապահովի ղեկավար կազմի, արձագանքող ուժերի, բնակչության օպերատիվ իրազեկումը ստեղծված իրավիճակում գործելակերպի վերաբերյալ, թույլ կտա հասցնել նվազագույնին առաջացած վնասը, նվազագույնին հասցնել սպառնացող վտանգը: Այդ դեպքում պետք է լրացուցիչ ներգրավվեն բոլոր էլեկտրոնային ԶԼՄ-ների ու լիցենզավորում ստացած կազմակերպությունների տեխնիկական միջոցները, նախապես ստեղծված տեխնիկական պայմանների և մշակված իրավական ակտերի հիման վրա:
  • արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դեպքում՝ ԱՎԱՀ-ի շահագործումը թույլ կտա կառավարման մարմիններին, արձագանքող ուժերին և բնակչությանը պարբերաբար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
  • Ապակենտրոնացված ցանցային լուծումների միջոցով համակարգը ձեռք է բերում կայունություն խոցող գործոնների նկատմամբ: Համակարգում չպետք է գոյություն ունենա որևէ տարր, որի խափանման դեպքում համակարգը ամբողջովին շարքից դուրս կգա:
  1. ԱՎԱՀ-ում պետք է կիրառվի տեղեկատվության փոխանցման փաթեթային սկզբունքը, ինչը թույլ կտա իրականացնել հաղորդագրության փոխանցումը բազմատարբերակ երթուղիներով, հետևաբար, փոխարինելով ցանկացած խափանված կապուղուն:
  2. Տեղեկատվության փոխանցման գծային և ոչ գծային տեխնոլոգիաների համադրումը, երաշխավորում է համակարգի աշխատունակությունը տարբեր զուգորդված խոցող գործոնների դեպքում:
  3. ԱՎԱՀ-ի գլխավոր հատկությունն և հուսալիությունը ձեռք է բերվում կապուղիների, սնուցման սարքերի ու այլ ցանցային տարրերի պահեստային կրկնորինակմամբ և պարբերական կանոնավոր ստուգումների իրականացման արդյունքում: Համակարգի պարբերական շահագործումը՝ արտակարգ իրավիճակների թեմատիկային վերաբերվող տեղեկատվության հեռարձակումը կնպաստի խափանված և ոչ հուսալի տարրերի արագ հայտնաբերմանը:
  4. ԱՎԱՀ-ի աշխատանքի կայունությունը պետք է ապահովել.
  • համակարգում ներդրվող բարձր աստիճանի կայունություն ունեցող ժամանակակից սարքավորումներով, համակարգի բաղկացուցիչ մասերի հուսալի շահագործման և ծրագրային ապահովման միջոցով.
  • ԱՎԱՀ-ի տեխնիկական վիճակի և աշխատունակության ավտոմատ վերահսկման միջոցների, վերջնակետային սարքավորումների և տվյալների փոխանցման ցանցերի միջոցով, որոնք հանդիսանում են համակարգի կոմպոնենտները.
  • տվյալների փոխանցման ցանցում պահեստային կապուղիների (երթուղիների) միջոցով, որոնք թույլ են տալիս կոմպենսացնել սարքերի սխալ աշխատանքը` տեխնիկական միջոցների խափանման կամ անսարքության ժամանակ.
  • վթարից էլեկտրասնուցման համակարգի սարքավորումների պաշտպանության միջոցով (անխափան պահուստային սնման աղբյուրների օգտագործմամբ).
  • Վերջնակետային սարքերի հասանելիության միջոցով:
  • Տեղեկատվության ժամանակին փոխանցումն ապահովվում է տեղեկատվական կենտրոնների համակարգչային ենթակառուցվածքների (ներառյալ հուսալի ծրագրային ապահովմամբ), կապի ու տվյալների փոխանցման կապուղիների և միջոցների, ինչպես նաև տեղեկատվության ռացիոնալ մշակման, սեղմման, պահպանման և արտացոլման շնորհիվ: ԱՎԱՀ-ն պետք է ապահովված լինի իրական ժամանակում ցանկացած տեսակի տեղեկատվության՝ «կետ-կետ» և «կետ-բազմակետ» (հեռարձակման աշխատակարգ) սկզբունքներով, փոխանցման աշխատակարգով:
  • Տեղեկատվության փոխանցման օպերատիվությունն ապահովվում է տեղեկատվական կենտրոններում տվյալների հավաքման, վերլուծության, սեղմման, պահպանման և արտացոլման ավտոմատացման ռացիոնալ մեթոդների օգտագործման, ինչպես նաև կապի և տվյալների փոխանցման տարածքային բաշխված թվային ցանցի ստեղծման շնորհիվ:
  1. Փոխանցվող տեղեկատվության հավաստիությունը ապահովվում է տվյալների գաղտնագրման, սեղմման և վերականգման ժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ, ինչպես նաև անհրաժեշտ պահեստային կապի միջոցների ու կապուղիների օգտագործմամբ և փոխանցված տվյալների արխիվացմամբ:
  2. ԱՎԱՀ-ի անհրաժեշտ տվյալների փոխանցման թողունակությունը պետք է ապահովվի կապի առաջնային և երկրորդային ցանցերի կապուղիների ու գծերի, տեղեկատվական կենտրոնների փոխկապակցված կապի հանգույցների վրա հիմնված կապի և տվյալների փոխանցման համակարգերի ենթակառուցվածքների ռացիոնալ ընտրությամբ: Պահանջվող թողունակության ապահովման համար նպատակահարմար է ունենալ տվյալների փոխանցման մի ընդհանուր համակարգ (ձայնի, տվյալների և այլնի փոխանցման համար), որը կարող է փոխանցել բոլոր տեսակի տվյալները և մեկ կապուղիով բաշխել ցանցային ռեսուրսները վիճակագրական հիմունքներով, ռացիոնալ ձևով:

Նման ինտեգրված ծառայությամբ համակարգը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ցանցային ռեսուրսները, ներառյալ կապուղիների թողունակությունը, և նվազեցնել կապի համակարգի տարրերի մշակման, ներդրման և շահագործման ընդհանուր ծախսերը:

 

  • ԱՎԱՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՐԱ ՏԱՐՐԵՐԸ
  1. Համակարգում որպես տեխնոլոգիական հենք, որը թույլ կտա օգտագործել քաղաքային, տարածաշրջանային և գլոբալ բազմաֆունկցիոնալ ժամանակակից ցանցերի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները պետք է կիրառվեն «Ethernet» և «GPRS» տեխնոլոգիաները: ԱՎԱՀ-ի ստեղծման նախագծային լուծումները իրականացվում են ավտոմատացված կենտրոնացված ազդարարման  համակարգի  համալիր ծրագրային և տեխնիկական միջոցների հիմքի վրա:

Կապի և տեղեկատվության փոխանցման ցանցը ընդհանուր է համակարգի բոլոր ֆունկցիոնալ ենթահամակարգերի համար և ապահովում է տեղեկատվության փոխանակումը հիմնական ու պահեստային ազդարարման կենտրոնների, կառավարման կետերի, մարզային ազդարարման կենտրոնների, ազդարարման կետերի, հեռարձակման ցանցերի և փոխհամագործակցող այլ միջոցների միջև:

  1. ԱՎԱՀ-ի ստեղծման ընթացքում կազմակերպվում են՝
  • ԱՎԱՀ-ի հանրապետական հիմնական ազդարարման կենտրոն.
  • ԱՎԱՀ-ի հանրապետական պահեստային ազդարարման կենտրոն.
  • ԱՎԱՀ-ի մարզային հիմնական ու պահեստային ազդարարման կենտրոններ.
  • հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ցանցերին միացման կետեր.
  • էլեկտրաշչակներով ազդարարման կետեր.
  • տեքստային հաղորդումներով ազդարարման կետեր.
  • քիմիական վտանգավոր օբյեկտների, հիդրոտեխնիկական կառույցների, և ճառագայթային վերահսկման ու մոնիտորինգի համակցման կետեր.
  • վտանգավոր տարերային երևույթների մոնիթորինգային համակարգերի հետ համակցման ցանցեր:

 

  • ԱՎԱՀ-Ի ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ
  1. ԱՎԱՀ-ի կենտրոնական օղակներ են հանդիսանում հանրապետական հիմնական և պահեստային ազդարարման կենտրոնների համակարգչային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված համակարգերը, որոնք ապահովում են ազդարարման համակարգի գործարկման ամբողջ ընթացքի տվյալների վերլուծություն, վերջնակետում շահագործվող սարքավորումների մոնիտորինգ, ամբողջական տվյալների և գործողությունների բազաների ֆիքսում և պահպանում: Իր հերթին, տեղադրվող համակարգչային տեխնոլոգիաները մարզային ազդարարման կենտրոններում ապահովում են տեղեկատվության հավաքագրում և ազդարարման գործարկման ընթացքի տվյալների վերամշակում՝ մարզի մակարդակով, միաժամանակ ապահովելով տեղեկատվության փոխանակում հիմնական և պահեստային ազդարարման կենտրոնների հետ:
  2. ԱՎԱՀ-ի ազդարարման կենտրոններում ղեկավարվող համակարգչային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված համակարգերը նախատեսված են ժամանակին ամբողջ համակարգի միացման, փորձարկման և նրա ենթահամակարգերի աշխատունակության ստուգման համար:
  3. Ազդարարման կենտրոնների համակարգչային տեխնոլոգիաներին միացվում են ավտոմատացված ազդարարման համակարգեր, որոնք նախատեսված են ֆիքսված և շարժական կապի ցանցերով, ցանկացած տեսակի շարժական հեռախոսներին հաղորդագրության փոխանցման համար, ղեկավար կազմին օպերատիվ ազդարարման նպատակով: Միացումը կատարվում է համակարգչային թույլատրելի բոլոր հնարավոր համակցումներով (USB, LTP COM և այլն) ինտերֆեյսի միջոցով:
  4. Մարդաշատ վայրերում ազդարարման համար նախատեսվում են հաղորդումների միջոցով ազդարարման կետեր, համալրված համապատասխան հզորության ձայնաուժեղացուցիչ կայաններով, ձայնաուժեղացուցիչ բլոկներով և բարձրախոսներով:
  5. Ձայնաուժեղացուցիչ կայաններում տեղադրվում են՝
  • կարգավորման և վերահսկման բլոկներ (ԿՎԲ), ապահովելով հիմնական և պահուստային ղեկավարման կապուղիներով աշխատանք:
  • ռադիոհեռարձակման հզորության ուժեղացուցիչներ (ՌՀՈՒ)՝ հագեցված մարտկոցներով:
  1. Ձայնաուժեղացուցիչ կայանների և բլոկների ղեկավարումն իրականացվում է ազդարարման կենտրոններից կառավարվող համակարգիչների միջոցով՝ ցանցային համակցման բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով հիմնված գործող կապի ցանցի և տվյալների փոխանցման համակարգով:
  2. Խիտ բնակեցված տարածքներում բնակչության ազդարարման համար նախատեսվում է օգտագործել գործող առկա և նոր տեղադրվող էլեկտրաշչակները: Շչակի ձայնը լսելիս, որը բավականին հեռու է տարածվում քան բարձրախոսից հեռարձակվող հաղորդումները, միացնելով հեռուստատեսությունը կամ ռադիոն, բնակչությունը իրազեկված կլինի արտակարգ պատահարների և իրականացվող գործողությունների վերաբերյալ, որն անհրաժեշտ է կատարել արտակարգ պատահարների հետևանքների նվազեցման համար:
  3. Էլեկտրաշչակների ինտեգրման համար ՀՀ ԱՎԱՀ-ում օգտագործվում են էլեկտրաշչակ միացնող սարք, որն ապահովում է ղեկավարման հիմնական և պահուստային կապուղիների աշխատանքը: Նշված սարքերի ղեկավարումն իրականացվում է կառավարվող համակարգիչների միջոցով, ցանցային համակցման բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով հիմնված, գործող կապի ցանցի և տվյալների փոխանցման համակարգով:
  4. Հեռուստահեռարձակման և լարային ռադիոհեռարձակման միջոցով բնակչության ազդարարման համար օգտագործվում են սարքավորումները, որոնք միացվում են հեռուստատեսային և ռադիոհեռարձակվող կայանների ընդունիչ և հաղորդիչ սարքերի միջնամասում: ՀՀ ԱՎԱՀ-ի գործարկման պահին սարքավորումներն ընդհատում են հեռարձակվող հաղորդումները և եթեր են տրվում այն տեղեկատվությունները, որոնք ստացվում են ազդարարման համակարգից: Նշված սարքերի ղեկավարումն իրականացվում է կառավարվող համակարգիչների միջոցով, օգտագործելով կառավարման հիմնական և պահուստային կապուղիները:
  5. Հատուկ, կարևորագույն օբյեկտների շուրջօրյա վերահսկման և արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ օպերատիվ արձագանքման ու բնակչության պաշտպանության քայլեր ձեռնարկելու համար, նախատեսված է օգտագործել օբյեկտներում մոնիտորինգ իրականացնող համակարգերի սենսորների ակտիվացման ֆիքսումը: Սենսորների ակտիվացումը ֆիքսող սարքերը տեղադրվում են մոնիտորինգ իրականացնող կարգավորիչների մոտ: Նշված սարքերն ընդունում են կարգավորիչներից ստացված ազդանշանը «կոշտ միացում» տարբերակով և գործող կապի ցանցերի ու տվյալների փոխանցման համակարգերի միջոցով հաղորդում կառավարվող համակարգիչներին՝ տեղադրված ազդարարման կենտրոններում:
  6. Կապի և տվյալների հաղորդման ենթահամակարգը ապահովում է տվյալների փոխանցումը հանրապետական նշանակության ՃԿԱԿ-ի, մարզային նշանակության ՃԿԿ-ների, ինչպես նաև համակարգի հիմնական և պահուստային ղեկավարման  համակարգերի և ՀՀ ԱՎԱՀ-ի վերջնակետային սարքավորումների միջև:
  7. ՀՀ ԱՎԱՀ-ի ցանկացած կետում նախատեսվում է ունենալ նվազագույնը երկու հեռահաղորդակցման կապուղի՝ հիմնված տարբեր տեխնոլոգիաների բազայի վրա (ֆիքսված և ոչ գծային):
  8. Կապի և տվյալների հաղորդման ենթահամակարգը իրենից ներկայացնում է «IP» ցանց, ընդգրկելով քաղաքային և համայնքային սեգմենտները: Տեղեկատվական և ազդարարման համակարգերում շրջանառվող տեղեկատվությունը փոխանցվում է «IP» ստանդարտներով: «IP» ցանցի կառուցման համար գոյություն ունեցող տեխնոլոգիաները կապահովեն ցանկացած տեսակի ծավալների՝ տվյալների հաղորդման, ձայնային հեռարձակման, հաղորդումների փոխանցման անհրաժեշտ որակի ծառայություն: Համակարգի հեռախոսացանցը կառուցվում է «IP» հեռախոսակապի միջոցով: «IP» ստանդարտների բազայի հիման վրա միասնական հեռահաղորդակցության ենթակառուցվածքների օգտագործումը՝ բոլոր տեսակի ծավալների փոխանցման համար, թույլատրում է նվազեցնել ցանցի կառուցման և պահպանման կապիտալ ծախսերը:
  • «IP» ցանցի կառուցման համար օգտագործվում են «IP VPN» կորպորատիվ ցանցեր:
  • Կապի և տվյալների հաղորդման ենթահամակարգի սեգմենտները կառուցվում են «Metro Ethernet», «ADSL», «SHDSL» տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչպես նաև լայնածավալ հասանելիությամբ ոչ գծային տեխնոլոգիաների միջոցով: Նման տեխնոլոգիաների օգտագործումն ապահովում է թվային կապուղիների հոսքերի թողունակությունը, որոնք պահանջվում են կառավարման կետերի և փողոցային ազդարարման կետերի միջև ձայնախոսակցական հոսքերի հեռարձակման համար:
  • Թվային կապուղիների և քաղաքային «IP» ցանցերի կազմակերպման համար կպահանջվի տարածաշրջանի կապի ծառայություններ տրամադրող օպերատորներից համապատասխան ռեսուրսների և մատուցման ծառայությունների վարձակալություն:
  1. Կապի և տվյալների հաղորդման ենթահամակարգի մարզային սեգմենտների «IP» ցանցերի կազմակերպման համար և հանրապետական ինֆորմացիոն կենտրոնի հետ կապ ապահովելու նպատակով, կպահանջվի համապատասխան ռեսուրսների և հանրապետական նշանակության կապի ծառայություններ մատուցող օպերատորներից վարձակալել կապուղիներ՝ տվյալների փոխանցման համար:
  2. Արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ կարող են տեղի ունենալ կապի համակարգի տարրերի մասամբ և աստիճանաբար անջատումներ կապի և տվյալների հաղորդման ենթահամակարգը պետք է աշխատի կայուն, առանց խափանումների:
  3. Այսպիսով ինտեգրված տեղեկատվության փոխանցման ստանդարտացված կապի և տվյալների հաղորդման ենթահամակարգի միջոցները պետք է ինքնուրույն ընտրեն օպտիմալ ճանապարհներ (շրջանցելով ուղղությունները)  և անալոգային կամ թվային կապի կապուղիներով  իրականացնեն տեղեկատվության երաշխավորված փոխանցում: Այդ պատճառով է, որ կապի և տվյալների հաղորդման ենթահամակարգում նախագծվում են չսպասարկվող ռեժիմում աշխատող  անխափան և կայուն սարքավորումներ, նախատեսված խաղաղ ժամանակ և արտակարգ իրավիճակներում, շուրջօրյա գործելու համար:

 

 

 

 

 

 

 

 

  1. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հայեցակարգում հիմնավորված են Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, ստեղծման և հետագա զարգացման հնարավորությունները:
  2. Հայեցակարգում սահմանված է Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման խնդիրների լուծման ցանկը, կառուցվածքը և շահագործման եղանակները, նրա ստեղծման հիմնական ուղղությունները, հիմնվելով ժամանակակից տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների վրա, ինչպես նաև աշխատանքների համապատասխան կազմակերպման հերթականությունը:
  3. Հայեցակարգում մշակված «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման» ուղղությամբ ներկայացված առաջարկների իրագործումը կտրամադրի բնակչությանը հավաստի տեղեկատվություն արտակարգ իրավիճակների մասին:
  4. Ի վերջո ՀՀ-ում «Աղետների վաղ ազդարարման համակարգի» ստեղծումը կբարելավի արագ արձագանքման միջոցառումների որակը և արդյունավետությունը, աղետների կանխարգելման և կառավարման ուղղությամբ, կնվազեցնի հնարավոր սոցիալ-տնտեսական վնասները:
  5. Աղետների վաղ ազդարարման ներդրված և գործուն համակարգը կնպաստի տնտեսական վնասների և մարդկային կորուստների նվազեցմանը:
  • Discussed

    04.10.2018 - 19.10.2018

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4266

Print