Add to favourites

The project has not been accepted

Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի՝ 03.07.2018 - 18.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենսգիրք), ի թիվս այլնի, սահմանում է առաջին ատյանի դատարանի դատավորի, առաջին ատյանի դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թեկնածուի ընտրության և Հանրապետության կողմից նշանակմանն առաջադրելու հետ կապված հարաբերությունները: Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է թեկնածուի համաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից թեկնածուի թեկնածությունը Հանրապետության նախագահին առաջարկելու մասին դրույթ, իսկ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասը նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի որոշման ընդունում՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` գաղտնի քվեարկությամբ, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է այնպիսի իրավիճակների, երբ դատավորների թեկնածուների ցուցակում ընգրկված անձը Հանրապետության նախագահին ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ չի ստացել Բարձրագույն դատական խորհրդի անդամների՝ Օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քանակի ձայներ: Արդյունքում, մի կողմից՝ կարող են առաջանալ համալրման ենթակա, սակայն դեռևս չհամալրված՝ համապատասխան ատյանի դատարանի թափուր տեղեր, որն իր բացասական ազդեցությունը կունենա դատարանների ծանրաբեռնվածության վրա, մյուս կողմից՝ կարող է հանգեցնել դատավորների նշանակման գործընթացի նկատմամբ հանրային վստահության կորստի, քանի որ նշանակման բոլոր փուլերն անցած դատավորի թեկնածուն գործնականում երբեմն չի ունենա Հանրապետության նախագահի կողմից դատավոր նշանակվելու հնարավորություն:

Բացի այդ, Օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս համապատասխան առաջարկություն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը, Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ևս ենթադրում է որոշում ընդունելու անհրաժեշտություն: Նման պահանջը, սակայն, անհարկի բարդացնում է վերոնշյալ գործընթացը և ազդում է Բարձրագույն դատական խորհրդի ծանրաբեռնվածության վրա:

Հարկ է նշել նաև, որ Օրենսգիրքը վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրվելու համար թեկնածուի ներկայացված դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը սահմանելիս հղում է կատարում 98-րդ հոդվածին, ըստ այդմ՝ դիմումին կից պետք է ներկայացված լինի նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնինչ «Պետական տուրքի մասին» օրենքը չի նախատեսում նշված դիմումների և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար վճարման ենթակա պետական տուրքի չափը:

Վերոշարադրյալը վկայում է Օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

          1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով.

          2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը.

          3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության  «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

        Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դատավորների ընտրության և նշանակման գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

 

 

  • Discussed

    08.08.2018 - 23.08.2018

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6998

Print