Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված կենտրոնական մարմնի և սույն օրենքով նախատեսված իրավասու այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Կոնվենցիա՝ «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի  հոկտեմբերի 25-ի Կոնվենցիա.

2) Երեխա՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն Կոնվենցայի մասնակից պետությունում անօրինական տեղափոխված կամ այնտեղ պահվող 16 տարին չլրացած անձ, որի անօրինական տեղափոխման կամ պահման արդյունքում, խախտվել են Կոնվենցիայով նախատեսված խնամակալության կամ տեսակցության իրավունքները: Խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից անմիջապես առաջ երեխան պետք է մշտապես բնակված լինի Կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում:

3) Դիմող՝ ցանկացած անձ, հաստատություն կամ այլ մարմին, ով ներկայացել է երեխայի վերադարձի մասին դիմում և որի՝ Կոնվենցիայով նախատեսված խնամակալության կամ տեսակցության իրավունքը ծագում է օրենքի, դատական կամ վարչական ակտի հիման վրա կամ այլ օրինական հիմքով.

4) Երեխայի մշտական բնակության վայր՝ այն պետության տարածքը, որտեղ երեխան ապրել է մշտապես կամ առավելապես, որի արդյունքում ընտելացել է միջավայրին, վարել կենցաղ, հաճախել նախադպրոցական, դպրոցական կամ այլ ուսումնական հաստատություն: Երեխայի մշտական բնակության վայրը որոշելիս հաշվի են առնվում տվյալ գործի առանձնահատկությունները և համապատասխան պետության՝ բնակության վայրի վերաբերյալ օրենսդրությունը.     

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմին՝ Կոնվենցիայով նախատեսված պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի թիվ 952-Ն որոշմամբ նշանակված իրավասու մարմին (այսուհետ՝ ՀՀ կենտրոնական մարմին).

6) Հայցող պետության կենտրոնական մարմին՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան Կոնվենցիայի անդամ պետության կողմից նշանակված իրավասու մարմին, որի կողմից ներկայացվել է երեխայի վերադարձն ապահովելու մասին դիմում:

7) Հայցվող պետության կենտրոնական մարմին՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան Կոնվենցիայի անդամ պետության կողմից նշանակված իրավասու մարմին, որին ներկայացվել է երեխայի վերադարձն  ապահովելու մասին դիմում:  

8) Դատարան՝ երեխայի բնակության վայրի, իսկ երեխայի բնակության վայրը անհայտ լինելու դեպքում՝ ՀՀ կենտրոնական մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

9) Պատասխանող՝ երեխայի անօրինական տեղափոխման կամ ապօրինի պահման մեջ մեղադրվող անձ.

10) Վարույթ՝ ՀՀ կենտրոնական մարմնի կողմից Կոնվենցիայի և սույն օրենքի շրջանակներում իրականացվող երեխայի վերադարձն ապահովելուն ուղղված գործընթաց.

11) Վարույթի կողմեր՝ Դիմող, Պատասխանող, ՀՀ կենտրոնական մարմին կամ Հայցող կամ Հայցվող պետության կենտրոնական մարմին. 

12) Կոնվենցիայի անդամ պետություն՝ Կոնվենցիային միացած պետություն:

 

Հոդված 3. ՀՀ կենտրոնական մարմինը

 

  1. ՀՀ կենտրոնական մարմինը համագործակցում է Կոնվենցիայի անդամ հանդիսացող պետությունների կենտրոնական մարմինների հետ և օժանդակում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև համագործակցությանը՝ երեխաների անհապաղ վերադարձն ապահովելու և Կոնվենցիայի այլ նպատակներին հասնելու համար:
  2. ՀՀ կենտրոնական մարմինն իրականացնում է սույն օրենքով և Կոնվենցիայով կենտրոնական մարմինների համար սահմանված լիազորությունները:

 

Հոդված 4. Գաղտնիությունը

 

  1. Կոնվենցիայի և սույն օրենքի շրջանակներում համագործակցող իրավասու մարմիններին և վարույթին ներգրավված անձանց հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
  2. Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վարույթի կողմերը, ինչպես նաև գործընթացին առնչվող այլ անձինք և մարմինները պարտավոր են պահպանել վարույթի և իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:

 

Հոդված 5. Փաստաթղթերի փոխանակումը

 

  1. Կենտրոնական մարմինների և իրավասու մարմինների միջև համագործակցությունը, փաստաթղթերի և տեղեկատվության փոխանցումը և ստացումն իրականացվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ փոստային ծառայության կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  2. ՀՀ կենտրոնական մարմինը սույն օրենքով և Կոնվենցիայով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը փոխանցում և ստանում է`

1) Դիմողից՝ եթե դիմումը ներկայացվել է անմիջականորեն նրա կողմից կամ

2) Կոնվենցիայի անդամ պետության կենտրոնական մարմնից, եթե դիմումը ներկայացվել է կենտրոնական մարմնի կողմից: 

  1. Կոնվենցիայի անդամ պետության վարչական կամ դատական մարմինների կողմից տրված փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության վարչական կամ դատական մարմինների կողմից՝ առանց լրացուցիչ վավերացման: Թվայնացված տարբերակով ներկայացված փաստաթղթերն ունեն բնօրինակին համարժեք ապացուցողական նշանակություն:
  2. Հայցող կենտրոնական մարմնի կամ Դիմողի կողմից ՀՀ կենտրոնական մարմին ներկայացվող փաստաթղթերը տրամադրվում են բնագրի լեզվով և հայերեն թարգմանությամբ, իսկ հայերեն թարգմանությունն ապահովելու անհնարինության դեպքում՝ անգլերեն: Փաստաթղթերի թարգմանությունը կարող է հաստատվել նոտարական կարգով՝ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, հավատարմագրված թարգմանչի միջոցով կամ ոչ պաշտոնական թարգմանությամբ, բացառությամբ՝ Դատարան ներկայացվող հայցադիմումի: ՀՀ կենտրոնական մարմինը կարող է հիմք է ընդունել ոչ պաշտոնական թարգմանությունը և պատասխանատվություն չի կրում ոչ պաշտոնական թարգմանությամբ փաստաթղթերի բովանդակության իսկության համար: Անգլերեն փաստաթղթերի թարգմանությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական մարմնի միջոցով:

 

 

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԱՐՈՒՅԹԸ     

 

 

Հոդված 6.   Երեխայի վերադարձի դիմումը և կից փաստաթղթերը

 

  1. Երեխայի վերադարձն ապահովելուն աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական մարմին է ներկայացվում երեխայի վերադարձի վերաբերյալ դիմում (բնօրինակ): Դիմումը ներկայացվում է Դիմողի կամ Հայցող պետության կենտրոնական մարմնի կողմից՝ ՀՀ կենտրոնական մարմնին: ՀՀ կենտրոնական մարմինը ընդունում և քննարկում է կապի ցանկացած միջոցով ներկայացված դիմումի թվայնացված տարբերակը՝ մինչև դրա բնօրինակը ստանալը:
  2. Երեխայի վերադարձի վերաբերյալ դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, հասցեն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, քաղաքացիությունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), զբաղվածության մասին տեղեկություն.

2) երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը (հնարավորության դեպքում), քաղաքացիությունը, մշտական բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

3) երեխային անօրինական տեղափոխելու կամ պահելու մեջ մեղադրվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, հասցեն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, քաղաքացիությունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), զբաղվածության մասին տեղեկություն, երեխայի անօրինական տեղափոխման կամ պահման պետության տարածքում բնակության հասցեն.

4) երեխային անօրինական տեղափոխելու կամ պահելու պայմանների, ժամանակի մասին տեղեկություն.

5) երեխայի գտնվելու վայրի հավանական հասցեն, եթե Դիմողին հայտնի են գտնվելու վայրի մասին տեղեկություններ.

6) երեխայի վերադարձի դիմումը հիմնավորող այլ փաստաթղթեր և տեղեկություններ.

  1. Երեխայի վերադարձի վերաբերյալ դիմումին կցվում են.

1) երեխայի լուսանկարը.

2) լիազորագիր՝ ՀՀ կենտրոնական մարմնի կողմից Դիմողի անունից հանդես գալու կամ դիմողի անունից հանդես գալու համար այլ ներկայացուցիչ նշանակելու համար (Դիմողի ցանկության դեպքում):

  1. Դիմումը ստորագրվում է դիմողի կամ վերջինիս անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձի կողմից:
  2. Երեխային անօրինական տեղափոխելու կամ պահելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 3-5-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունները լրացվում են, եթե դիմողը տիրապետում է այդ տեղեկություններին:
  3. ՀՀ կենտրոնական մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է Դիմողից կամ Հայցող կենտրոնական մարմնից պահանջել երեխայի՝ բժշկական կազմակերպությունում հաշվառման, նախադպրոցական, դպրոցական կամ այլ կրթական հաստատություն հաճախելու, հոգեկան և ֆիզիկական առողջության վերաբերյալ մասնագիտական կարծիք կամ այլ փաստաթղթեր:

 

Հոդված 7.   Դիմումը չքննարկելը

 

  1. ՀՀ կենտրոնական մարմինը չի քննարկում է երեխայի վերադարձի դիմումը, եթե`

1) դիմում ներկայացնելու պահին լրացել է երեխայի 16 տարին,

2) իրավասու մարմնից ստացվել է տեղեկություն, որ երեխան մուտք չի գործել Հայաստանի Հանարպետության տարածք կամ մուտք գործելուց հետո դուրս է եկել Հայաստանի Հանարպետության տարածքից,

3) երեխան գտնվում է այն պետության տարածքում, որը չի միացել Կոնվենցիային կամ որի հետ ձեռք չի բերվել Կոնվենցիան կիրառելու վերաբերյալ պայմանավորվածություն:

  1. Դիմումը չքննարկելու մասին ՀՀ կենտրոնական մարմինը կայացնում է որոշում և 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում Դիմողին կամ Հայցող պետության կենտրոնական մարմնին:
  2. Եթե դիմումը չի համապատասխանում սույն օրենքով և Կոնվենցիայով նախատեսված պահանջներին, ապա Կենտրոնական մարմինը դիմողին առաջարկում է շտկել թերությունները:

 

 

Հոդված 8. Դիմումի ուսումնասիրությունը ՀՀ Կենտրոնական մարմնի կողմից

  1. Դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Կենտրոնական մարմինն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում այդ մասին հայտնում է Հայցող պետության կենտրոնական մարմնին կամ Դիմողին: Եթե առանց լրացուցիչ տեղեկությունների հնարավոր չէ պարզել երեխայի կամ նրան անօրինական տեղափոխելու կամ պահելու մեջ մեղադրվող անձի ինքնությունը կամ գտնվելու վայրը, ապա Դիմումի հետագա ընթացքն ապահովվում է անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 աշխատանքային օր, եթե դիմումը կամ կից փաստաթղթերը ներկայացվել են անգլերենով:
  3. Եթե դիմումը կամ կից փաստաթղթերը ներկայացվել են այլ օտար լեզվով, ապա ՀՀ կենտրոնական մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Դիմողին կամ Հայցող պետության կենտրոնական մարմնին տեղեկացնում է դրանք թարգմանելու անհրաժեշտության մասին:

 

Հոդված 9. ՀՀ իրավասու մարմինների հետ համագործակցությունը

  1. Դիմումը ստանալուց հետո ՀՀ կենտրոնական մարմինը միջոցներ է ձեռնարկում երեխայի գտնվելու վայրը պարզելու և երեխայի՝ Հայաստանի Հանարապետության տարածքից դուրս գալը բացառելու ուղղությամբ:
  2. Սույն օրենքով նախատեսված իրավասու մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկում են երեխայի շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ:

 

Հոդված 10. Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությունը

  1. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետից կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական մարմինը դիմում է Ազգային անվտանգության ծառայություն երեխայի՝ Հայաստանի Հանարպետության տարածք մուտք գործելու կամ Հայաստանի Հանարպետության տարածքից դուրս գալու մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
  2. Ազգային անվտանգության ծառայությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական մարմնին տրամադրում է երեխայի՝ Հայաստանի Հանարպետության տարածք մուտք գործելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները:
  3. Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու դեպքում Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ կենտրոնական մարմնի միջնորդությամբ արգելում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալը:
  4. Երեխային Հայաստանի Հանարպետության տարածքից դուրս բերելու մասին տեղեկությունները Ազգային անվտանգության ծառայությունն անհապաղ տրամադրում է ՀՀ կենտրոնական մարմնին:

 

Հոդված 11. Ոստիկանության հետ համագործակցությունը

  1. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու և Հայաստանի Հանարպետության տարածքում գտնվելու մասին տեղեկություններ ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում երեխայի գտնվելու վայրը պարզելու նպատակով ՀՀ կենտրոնական մարմինը դիմում է Ոստիկանություն, եթե Դիմողը չի հայտնել երեխայի գտնվելու վայրի հավանական հասցեն:
  2. Ոստիկանությունը, ստանալով երեխայի գտնվելու վայրը պարզելու վերաբերյալ ՀՀ կենտրոնական մարմնի միջնորդությունը, միջոցներ է ձեռնարկում երեխայի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Եթե Դիմողը հայտնել է երեխայի գտնվելու վայրի հավանական հասցեն՝ Ոստիկանությունը ՀՀ կենտրոնական մարմնի կողմից համապատասխան տվյալները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ է ձեռնարկում դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
  3. Երեխայի գտնվելու վայրը պարզելուց հետո Ոստիկանությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական մարմնին տրամադրում է երեխայի գտնվելու վայրի, երեխայի հետ բնակվող անձանց և երեխայի մասին իրենց հայտնի դարձած այլ տեղեկություններ:
  4. Եթե ձեռք բերված տեղեկությունների համաձայն առկա է երեխային Հայաստանի Հանարպետության տարածքից դուրս տանելու կամ այլ վայրում պահելու հավանականություն, ելնելով երեխայի շահերից և վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն իրականացնում է շուրջօրյա հսկողություն: Ոստիկանությունը սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկությունը փոխանցում է Ազգային անվտանգության ծառայություն՝ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալը կանխելու նպատակով:
  5. Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երեխայի անօրինական տեղափոխման կամ ապօրինի պահման մեջ մեղադրվող անձից երեխային առանձնացնելու ուղղությամբ, եթե երեխայի անօրինական տեղափոխման կամ ապօրինի պահման մեջ մեղադրվող անձի արարքում առկա են հանցակազմի հատկանիշներ կամ անօրինական տեղափոխման կամ ապօրինի պահման մեջ մեղադրվող անձի կողմից դրսևորվել է երեխայի կյանքի կամ առողջության համար վտանգավոր սպառնալիք կամ վերջինս գտնվում է հետախուզման մեջ կամ վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական գործ, ունի դատվածություն մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործության համար, որը մարված կամ հանված չէ, չի հանդիսանում երեխայի օրինական ներկայացուցիչ կամ զրկված է ծնողական իրավունքներից:
  6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքերում Ոստիկանությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՀՀ կենտրոնական մարմնին, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին է ներկայացնում երեխային կացարանով ապահովելու վերաբերյալ միջնորդություն:  
  7. Ոստիկանությունը սույն հոդվածի 1-6-րդ մասերով նախատեսված գործողությունների հետ միաժամանակ երեխայի տվյալները փոխանցում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որը երեխային Հայաստանի Հանարպետության քաղաքացիություն կամ անձնագիր տրամադրելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՀՀ կենտրոնական մարմնին:
  8. Երեխային քաղաքացիություն շնորհվում կամ անձնագիր տրամադրվում է, եթե առկա է երեխայի ծնողների (օրինական ներկայացուցիչների) համաձայնությունը: Ծնողների (օրինական ներկայացուցիչների) համաձայնությունը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ՀՀ կենտրոնական մարմնի միջոցով:

 

Հոդված 12. Երեխայի կենսապայմանների ուսումնասիրությունը

  1. ՀՀ կենտրոնական մարմինը, Ոստիկանությունից ստանալով երեխայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ, երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնում է երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այցելում է երեխայի բնակության վայր և պատրաստում երեխայի կենսապայմանների մասին զեկույց:
  2. Զեկույցը պատրաստվում է երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով (կրթության, բժշկական օգնություն ստանալու և այլն)՝ հաշվի առնելով երեխայի բնակության վայրի կենցաղային, սանիտարահիգիենիկ և այլ պայմանները:
  3. Երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կազմած բացասական զեկույցը հիմք է երեխային իր գտնվելու վայրից դուրս բերելու և  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու համար: Երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը ՀՀ կենտրոնական մարմնին տեղեկացնում է երեխային իր գտնվելու վայրից դուրս բերելու և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու անհրաժեշտության մասին:
  4. ՀՀ կենտրոնական մարմինը երեխային սոցիալական պաշտպանության հաստատություն տեղափոխելու անհրաժեշտության մասին հայտնում է Ոստիկանությանը՝ տեղափոխումը կազմակերպելու նպատակով:
  5. ՀՀ կենտրոնական մարմինը երեխային սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որը համակարգում է երեխայի տեղավորման գործընթացը:

 

Հոդված 13. ՀՀ կենտրոնական մարմնի կողմից դիմումի ուսումնասիրությունը

  1. ՀՀ կենտրոնական մարմինը սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով երեխայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Հայցող պետության կենտրոնական մարմնին և գրավոր տեղեկացնում Պատասխանողին՝ կցելով ստացված փաստաթղթերը: ՀՀ կենտրոնական մարմինը Պատասխանողին և Դիմողին (Հայցող պետության կենտրոնական մարմնի միջոցով կամ անմիջականորեն) առաջարկում է վեճը լուծել խաղաղ ճանապարհով՝ հաշտվելու միջոցով:
  2. ՀՀ կենտրոնական մարմինը Պատասխանողին և Դիմողին է փոխանցում միմյանց պատասխանները՝ տրամադրելով իր կողմից հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը:
  3. Դիմողից (Հայցող պետության կենտրոնական մարմնից) կամ Պատասխանողից պատասխան չստանալը հիմք չէ ՀՀ կենտրոնական մարմնի կողմից սույն օրենքով նախատեսված գործողությունների իրականացումը կասեցնելու համար:
  4. Դիմողից (Հայցող պետության կենտրոնական մարմնից) և Պատասխանողից պատասխան ստանալու առավելագույն ժամկետը 12 աշխատանքային օր է: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել, եթե կողմերը հաշտվելու կամ վեճի լուծման համար անհրաժեշտ այլ գործողություններ իրականացնելու համար ներկայացրել են ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն, որում պետք է նշվի հաշտվելու կամ այլ գործողություններ իրականացնելու համար Կողմերին անհրաժեշտ լրացուցիչ ժամանակը:
  5. Կենտրոնական մարմինը չի քննարկում դիմումը սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված հիմքերով՝ այդ մասին տեղեկացնելով Դիմողին և Հայցող պետության կենտրոնական մարմնին:

 

Հոդված 14. Կողմերի հաշտությունը

  1. Կողմերը հաշտվելու դեպքում այդ մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական մարմնին:
  2. Եթե հաշտության արդյունքում կայացվել է երեխային վերադարձնելու մասին համաձայնություն, ապա երեխայի վերադարձի գործընթացը կազմակերպվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

          Հոդված 15. Դիմումի ուսումնասիրությունը դադարեցնելու հիմքերը

  1. ՀՀ կենտրոնական մարմինը դադարեցնում է երեխայի վերադարձի մասին դիմումի ուսումնասիրությունը, եթե՝

1) ՀՀ կենտրոնական մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության ընթացքում երեխան դուրս է բերվում Հայաստանի Հանարպետության տարածքից,

2) կողմերը հաշտվում են,

3) ՀՀ կենտրոնական մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության ընթացքում Դիմողի կողմից հայցադիմում է ներկայացվում դատարան,

4) Դիմողը միջնորդում է դադարեցնել դիմումի ուսումնասիրությունը:  

  1. Եթե ՀՀ կենտրոնական մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության ընթացքում երեխան դուրս է բերվում Հայաստանի Հանարպետության տարածքից, ՀՀ կենտրոնական մարմինը համապատասխան պահանջ ներկայացվելու դեպքում իր մոտ առկա բոլոր փաստաթղթերի պատճենները փոխանցում է այն պետության կենտրոնական մարմնին, որտեղ գտնվում է երեխան: ՀՀ կենտրոնական մարմնում պահվում են փաստաթղթերի պատճենները:
  2. Դիմումի ուսումնասիրությունը դադարեցնելու մասին ՀՀ կենտրոնական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Կողմերին:

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետություն տեղափոխված երեխաների վերադարձի վարույթը

 

  1. 1. Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործը քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ՀՀ կենտրոնական մարմնի կամ անմիջականորեն Դիմողի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա: Դիմողի կողմից անմիջականորեն դատարան դիմելու դեպքում ՀՀ կենտրոնական մարմինն օժանդակում է անհրաժեշտ տեղեկությունները ստանալու գործընթացին՝ Կոնվենցիայի անդամ պետության կենտրոնական մարմնից անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու միջոցով:  
  2. 2. ՀՀ կենտրոնական մարմինը, ստանալով երեխայի վերադարձի դիմումը, ստուգում է դրա համապատասխանությունը Կոնվենցիայի պահանջներին, իրականացնում Կոնվենցիայով և սույն օրենքով նախատեսված լիազորությունները և Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի կամ վերադարձը մերժելու մասին եզրակացություն կազմելուց հետո, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով դիմում է դատարան:
  3. 3. ՀՀ կենտրոնական մարմինը Հայցող պետության կենտրոնական մարմնին և Դիմողին (եթե դիմողն անձամբ հայց չի ներկայացրել դատարան) տեղեկացնում է վարույթի ընթացքի մասին և տրամադրում Դատարանի վճիռը: ՀՀ կենտրոնական մարմինը վճիռը տրամադրում է բնագիր լեզվով և ոչ պաշտոնական անգլերեն թարգմանությամբ:

 

Հոդված 17. ՀՀ կենտրոնական մարմնի կողմից երեխայի վերադարձն ապահովելու միջոցառումների ցանկը կազմելը և ծախսերի հաշվարկն իրականացնելը

 

  1. Մինչև Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ հայցադիմումը դատարան ներկայացնելը ՀՀ կենտրոնական մարմինը սույն օրենքում նշված մարմինների ներկայացրած և իր կողմից ձեռք բերված տեղեկությունների, առաջարկների հիման վրա կազմում է երեխայի վերադարձն ապահովող միջոցառումների ցանկ և իրականացնում ծախսերի հաշվարկ՝ այն դատարան ներկայացնելու նպատակով:

 

Հոդված 18. Երեխայի վերադարձը մերժելու հիմքերը

 

  1. Դատարանը երեխայի վերադարձը մերժելու վերաբերյալ վճիռ է կայացնում Կոնվեցիայի 3-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 20-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ մեկով:

 

Հոդված 19. Դատավորների Հաագայի միջազգային ցանցի անդամ դատավորը

 

  1. Կոնվենցիայի շրջանակներում իրավունքի կիրառման հարցերով Կոնվենցիայի անդամ պետության իրավասու մարմինների հետ համագործակցության նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը նշանակում է անգլերենի իմացությամբ համապատասխան մասնագիտացմամբ դատավոր:

 

Հոդված 20. Երեխայի տեղափոխումը

  1. Երեխային վերադարձնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կենտրոնական մարմինը կազմակերպում է երեխայի վերադարձի գործընթացը: Պատասխանողի կողմից երեխային վերադարձնելու պահանջը սեղմ ժամկետում կամովին չկատարելու դեպքում երեխայի վերադարձն իրականացվում է «Հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Ոստիկանության մասնակցությամբ:
  2. Երեխայի տեղափոխումն իրականացվում է ՀՀ կենտրոնական մարմնի, Ոստիկանության և հարկադիր կատարման ծառայության կողմից համատեղ մշակված միջոցառումների ծրագրին համապատասխան:
  3. Երեխային իր գտնվելու վայրից դուրս բերելիս երեխայի տարիքի կամ հոգեվիճակի հաշվառմամբ Ոստիկանությունը կարող է դիմել երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ երեխային իր գտնվելու վայրից դուրս բերելու գործընթացին ներկա գտնվելու նպատակով: Երեխային դուրս բերելու օրվա և ժամանակի մասին Ոստիկանությունը ոչ ուշ, քան մեկ օր առաջ տեղեկացնում է երեխայի գնտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին: Խնամակալության և հոգաբարձության մարմինն ապահովում է երեխայի դուրս բերման գործընթացին իր ներկայացուցչի մասնակցությունը:
  4. Հարկադիր կատարման ծառայության և Ոստիկանության համապատասխան աշխատակիցներն ուղեկցում են երեխային մինչև Դիմողին (կամ նրա ներկայացուցչին) հանձնելը կամ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելը (կամ ինքնաթիռ նստելը):
  5. Ոստիկանությունը երեխայի տեղափոխման օրվա և կարգի մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին՝ երեխայի տեղափոխման գործընթացը հսկելու նպատակով:
  6. Եթե երեխայի տեղափոխումն իրականացվում է կողմերի համաձայնության հիման վրա, Ոստիկանությունը մասնակցում է երեխայի տեղափոխմանը՝ Դիմողի համապատասխան միջնորդության առկայության դեպքում:
  7. Երեխայի տեղափոխմանը Ոստիկանության մասնակցությունը պարտադիր է, եթե գործի հանգամանքների հաշվառմամբ առկա է երեխայի նկատմամբ վտանգի անմիջական սպառնալիք կամ երեխային թաքցնելու ռիսկ:
  8. Երեխայի տեղափոխման միջոցառումների ավարտից հետո Ոստիկանությունը, հարկադիր կատարման ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի տեղափոխման միջոցառումների ավարտից հետո անհապաղ տեղեկացնում են ՀՀ կենտրոնական մարմնին:
  9. Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու մասին անհապաղ տեղեկացնում են ՀՀ կենտրոնական մարմնին:
  10. Երեխայի տեղափոխման միջոցառումների ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական մարմինը հայտնում է Հայցող պետության կենտրոնական մարմնին:
  11. ՀՀ կենտրոնական մարմինը կարող է դիմել Կողմերին՝ երեխայի վերադարձի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԱՐՈՒՅԹԸ   

  

Հոդված 21. Դիմում ներկայացնելը

  1. Երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անօրինական տեղափոխման կամ Կոնվենցիայի անդամ պետությունում ապօրինի պահելու դեպքում երեխայի վերադարձի դիմումը ներկայացվում է ՀՀ կենտրոնական մարմին:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը կարող են ներկայացնել երեխայի ծնողը (ծնողները) և (կամ) օրինական ներկայացուցիչները:
  3. Դիմումը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենքի 5-6-րդ հոդվածներին համապատասխան:

 

 

Հոդված 22. Դիմումը չքննարկելը

  1. ՀՀ կենտրոնական մարմինը չի քննարկում դիմումը, եթե՝

1) դիմում ներկայացնելու պահին լրացել է երեխայի 16 տարին,

2) երեխան գտնվում է այն պետության տարածքում, որը չի միացել Կոնվենցիային կամ որի հետ բացակայում է Կոնվենցիան կիրառելու վերաբերյալ պայմանավորվածություն,

3) Ազգային Անվտանգության ծառայությունից ստացվել է տեղեկություն, որ երեխան դուրս չի եկել Հայաստանի Հանարպետության տարածքից:

  1. Եթե դիմումը չի համապատասխանում սույն օրենքով և Կոնվենցիայով նախատեսված պահանջներին, ապա Կենտրոնական մարմինը դիմողին առաջարկում է շտկել թերությունները:
  2. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ՀՀ կենտրոնական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է դիմումը չքննարկելու մասին որոշում՝ այդ մասին տեղեկացնելով Դիմողին:
  3. 4. Դիմումը ենթակա չէ քննարկման, եթե առկա չեն երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու մասին տեղեկություններ, սակայն առկա են ստույգ տվյալներ, որ երեխան գտնվում է այլ պետության տարածքում:
  4. 5. Երեխային իր բնակության վայրից տեղափոխելու վերաբերյալ օրինական ներկայացուցչի կողմից տրված համաձայնությունը հիմք չէ դիմումը չքննարկելու համար:  

 

Հոդված 23. Դիմումի ուսումնասիրությունը դադարեցնելը

  1. ՀՀ կենտրոնական մարմինը դադարեցնում է դիմումի ուսումնասիրությունը, եթե՝

1) Դիմողը միջնորդել է դադարեցնել դիմումի ուսումնասիրությունը,

2) Դիմողը անմիջականորեն դիմել է Հայցվող պետության կենտրոնական մարմին կամ երեխայի գտնվելու վայրի Կոնվենցիայի անդամ պետության դատարան:

3) ՀՀ կենտրոնական մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության ընթացքում երեխան վերադարձվել է Հայաստանի Հանարպետության տարածք,

4) կողմերը հաշտվել են,

5) երեխայի գտնվելու վայրի Կոնվենցիայի անդամ պետության դատարանը երեխայի վերադարձի հարցով կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ,

6) Հայցվող պետության կենտրոնական մարմինը վերադարձրել է դիմումը:

  1. Եթե Դիմումի ուսումնասիրությունը դադարեցնելու վերաբերյալ Դիմողի միջնորդությունը ներկայացվել է ՀՀ կենտրոնական մարմնի կողմից դիմումը Հայցվող պետության կենտրոնական մարմնին փոխանցելուց հետո, ապա ՀՀ կենտրոնական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայցվող պետության կենտրոնական մարմնին:
  2. Դիմումի ուսումնասիրությունը դադարեցնելու դեպքում Դիմողին կամ Հայցվող պետության կենտրոնական մարմնին են վերադարձվում փաստաթղթերի բնօրինակները՝ ՀՀ կենտրոնական մարմնում պահելով դրանց պատճենները:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով դիմումի ուսումնասիրությունը դադարեցնելու դեպքում ՀՀ կենտրոնական մարմինը շարունակում է Հայցվող պետության կենտրոնական մարմնի հետ համագործակցությունը՝ տրամադրելով իր մոտ առկա փաստաթղթերն ու տեղեկությունները:

 

Հոդված 24. Դիմումի ուսումնասիրությունը

  1. Դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական մարմինը դիմում է Ազգային անվտանգության ծառայություն՝ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու կամ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու փաստը պարզելու համար: Ազգային անվտանգության ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկությունները:
  2. Դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական մարմինը դիմում է Ոստիկանություն՝ երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրը պարզելու նպատակով: Ոստիկանությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկությունները:
  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված մարմիններից տեղեկություններ ստանալուց հետո, եթե հիմնավորվում է երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու փաստը, ՀՀ կենտրոնական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում իր մոտ առկա փաստաթղթերը և տեղեկությունները ուղարկում է Հայցվող պետության կենտրոնական մարմնին:
  4. Փաստաթղթերն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, իսկ թվայնացված տարբերակը՝ Հայցվող պետության կենտրոնական մարմնի էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Հոդված 25. Հայցվող պետության կենտրոնական մարմնի կողմից դիմումի ուսումնասիրության ընթացքի մասին Դիմողին տեղեկացնելը

  1. ՀՀ կենտրոնական մարմինը Հայցվող պետության կենտրոնական մարմնից որևէ փաստաթուղթ, տեղեկություն կամ հարցում ստանալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք փոխանցում է դիմողին՝ վերջինիս դիրքորոշումը կամ պահանջվող փաստաթղթերը ստանալու նպատակով: «Շտապ» նշումով փաստաթղթերը Դիմողին են փոխանցվում անմիջապես: Փաստաթղթերը Դիմողին են ուղարկվում փոստային ծառայության միջոցով, իսկ թվայնացված տարբերակն ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեին:
  2. ՀՀ կենտրոնական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում Դիմողի դիրքորոշման մասին հայտնում է Հայցվող պետության կենտրոնական մարմնին և փոխանցում Դիմողից ստացված փաստթղթերն ու տեղեկությունները:

 

Հոդված 26. Երեխայի վերադարձը  

  1. Հայցվող պետության իրավասու մարմնի կողմից երեխային Հայաստանի Հանարպետություն վերադարձնելու մասին որոշում կայացնելու դեպքում երեխայի վերադարձի մասին տեղեկություններ ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կենտրոնական մարմինն այդ մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությանը՝ երեխայի՝ Հայաստանի Հանարպետության տարածք մուտք գործելն ապահովելու նպատակով: Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու մասին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է ՀՀ կնետրոնական մարմնին: ՀՀ կենտրոնական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնում է Հայցվող պետության կենտրոնական մարմնին:
  2. Եթե Հայցվող պետության կենտրոնական մարմինը կամ Դիմողն ունի մտավախություն, որ երեխան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս կարող է առևանգվել, կամ առկա են վերջինիս թաքցնելու կամ կյանքի համար վտանգ ներկայացանող սպառնալիքներ ՀՀ կենտրոնական մարմինն այդ մասին տեղեկացնում է Ոստիկանությանը՝ երեխայի՝ Հայաստանի Հանարպետության տարածք մուտք գործելիս վերջինիս անվտանգությունն ապահովելու և բնակության վայր հասցնելու նպատակով:
  3. ՀՀ ոստիկանությունը ապահովում է երեխայի՝ իր բնակության վայր տեղափոխելու ընթացքը, եթե նրա օրինական ներկայացուցիչները երեխայի ժամանման օրը բացակայում են Հայաստանի Հանրապետությունից:
  4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում երեխան տեղավորվում է սոցիալական պատշպանության հաստատություն մինչև օրինական ներկայացուցչի ներկայանալը կամ հանձնվում է երեխայի օրինական ներկայացուցչի կողմից նշված անձին:

 

Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    03.08.2018 - 18.08.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, International relations, Legal assistance, Civil procedure, Combating domestic violence and protection of minor's rights

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7928

Print