Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«63 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նախագծի մշակումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի N ԿԱ/2-2026 նիստի արձանագրության 8.1-ին կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ, որով առաջարկվել է մշակել և ներկայացնել ավագ սերնդի անձանց զբաղվածության և տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ՝ վարչապետի հանձնարարականի նպատակային կատարումն ապահովելու համար։

2. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ժողովրդագրական կառուցվածքի փոփոխության, բնակչության ծերացման միտումների, ինչպես նաև ավագ սերնդի մասնագիտական փորձի, գիտելիքների և հմտությունների արդյունավետ օգտագործման կարևորության պայմաններում անհրաժեշտ է ձևավորել պետական աջակցության համապատասխան գործիքակազմ՝ ուղղված նրանց տնտեսական ներգրավվածության ընդլայնմանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 63–75 տարեկան կենսաթոշակառուների ընդհանուր թիվը կազմում է 343,702 անձ, որոնցից 199,013-ը կանայք են, իսկ 144,689-ը՝ տղամարդիկ։ Նշված տարիքային խմբում կանանց թվային գերակշռությունը վկայում է, որ ավագ տարիքի քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ցանկացած աջակցության գործիք ունենալու է նաև գենդերային նշանակություն։

Նույն տարիքային խմբում սոցիալապես անապահով անձանց թիվը կազմում է 17,925, միայնակ բնակվող անձանց թիվը՝ 13,243, տեղահանված անձանց թիվը՝ 21,266, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը՝ շուրջ 79,625։ Միաժամանակ, առկա տվյալները վկայում են, որ նշված տարիքային խմբում առկա է նաև չիրացված տնտեսական և աշխատանքային ներուժ, որը համապատասխան խթանիչ գործիքների առկայության դեպքում կարող է ներգրավվել տնտեսական գործունեության մեջ։

Նշված տվյալները վերաբերում են 63–75 տարեկան տարիքային խմբին և օգտագործվել են որպես ծրագրի մշակման նախնական տեղեկատվական և սոցիալ-ժողովրդագրական հիմք, մինչդեռ նախագծի վերջնական տարբերակով ծրագրի թիրախային շահառուները սահմանվել են 63–72 տարեկան քաղաքացիները։

Ավագ տարիքի քաղաքացիների տնտեսական ակտիվության մակարդակը շարունակում է մնալ սահմանափակ՝ պայմանավորված տարիքային առանձնահատկություններով, աշխատաշուկայի փոփոխվող պահանջներով, թվային և տեխնոլոգիական հմտությունների պակասով, ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությամբ, ինչպես նաև մրցունակության ապահովման հետ կապված դժվարություններով։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բնակչության ծերացման պայմաններում մի շարք երկրներում իրականացվում են ակտիվ ծերացման քաղաքականություններ՝ ուղղված ավագ տարիքի անձանց տնտեսական և սոցիալական ներգրավվածության պահպանմանը։

3. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է սահմանել ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված պետական աջակցության նոր գործիք։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝

·  ծրագիրը նախատեսված է 63–72 տարեկան քաղաքացիների համար,

·  աջակցությունը տրամադրվում է ներկայացված գործարար գաղափարների գնահատման արդյունքում ձևավորված վարկանիշային ցանկի հիման վրա,

·  մեկ շահառուի համար նախատեսվում է մինչև 2,000,000 ՀՀ դրամ աջակցություն,

·  իրականացումը փուլային է՝ տարածքային առաջնահերթություններով։

Գնահատման մեխանիզմը կառուցված է փաստաթղթային և բովանդակային գնահատման համակցված սկզբունքով՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունը, համադրելիությունը և ներկայացված գաղափարների իրագործելիության գնահատումը։ Գնահատման ընթացքում վերլուծվում են գործարար գաղափարի բովանդակությունը, իրագործելիությունը, դիմողի փորձը, տնտեսական կենսունակության ներուժը և աջակցության միջոցների օգտագործման հիմնավորվածությունը։

Ծրագրի իրականացումը կառուցված է փուլային սկզբունքով՝ տարածքային առաջնահերթությունների հիման վրա, ինչը նպատակ ունի նախապատվություն տալ սահմանամերձ, լեռնային և գյուղական համայնքներում բնակվող թիրախային խմբերի ներկայացուցիչներին։ Միաժամանակ, ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ընդհանուր բյուջետային սահմանաչափի շրջանակում, իսկ փուլային մոտեցումը կիրառվում է դիմումների ընդունման, դիտարկման և առաջնահերթ գնահատման կազմակերպման նպատակով։ Այսպիսով, փուլային իրականացումը ծառայում է ոչ թե ֆինանսավորման կոշտ բաժանմանը, այլ ծրագրի հասցեականության և սոցիալ-տնտեսական առաջնահերթությունների ապահովմանը։

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է խթանել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվությունը՝ ստեղծելով պայմաններ նրանց մասնագիտական փորձի, կուտակված գիտելիքների, աշխատանքային հմտությունների և սոցիալական կապերի տնտեսական իրացման համար։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ թիրախային խմբի ներկայացուցիչների մի մասը կներգրավվի եկամուտ ստեղծող գործունեության մեջ՝ ինքնազբաղվածության, փոքր ձեռնարկատիրական նախաձեռնությունների ստեղծման, գործող գործունեության վերագործարկման կամ ընդլայնման միջոցով։

Ծրագիրը միտված է ոչ միայն անհատական տնտեսական ակտիվության խթանմանը, այլև համայնքային մակարդակում տնտեսական շրջանառության աշխուժացմանը, քանի որ աջակցությունը կարող է ուղղվել տեղական պահանջարկ ունեցող փոքրածավալ արտադրական, ծառայությունների, արհեստագործական, գյուղատնտեսական, ստեղծագործական և այլ տնտեսական գործունեությունների իրականացմանը։ Այս առումով ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի համայնքներում փոքր տնտեսական նախաձեռնությունների թվի աճին, տեղական արտադրանքի և ծառայությունների առաջարկի ընդլայնմանը, ինչպես նաև ընտանեկան և միկրոձեռնարկատիրական մոդելների զարգացմանը։

Ծրագրի սոցիալական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ թիրախային խմբում ներառված են նաև սոցիալապես խոցելի, միայնակ բնակվող, տեղահանված, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար տնտեսական գործունեությանն աջակցությունը կարող է հանդիսանալ ոչ միայն եկամտի լրացուցիչ աղբյուրի ձևավորման, այլև սոցիալական ներառման, ինքնուրույնության և արժանապատիվ կենսագործունեության պահպանման կարևոր միջոց։ Այս առումով ծրագիրը կարող է նպաստել սոցիալական աջակցության համակարգից կախվածության որոշակի նվազեցմանը և շահառուների տնտեսական ինքնաբավության բարձրացմանը։

Միաժամանակ, ակնկալվում է նաև գենդերային դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ ավագ տարիքի կենսաթոշակառուների ընդհանուր կազմում կանայք թվային առումով գերակշռում են։ Հետևաբար, ծրագրի շրջանակում տնտեսական նախաձեռնությունների խթանումը կնպաստի նաև ավագ տարիքի կանանց տնտեսական ակտիվության, ինքնուրույնության և ֆինանսական դիմակայունության բարձրացմանը։

Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացումը կարող է նպաստել ակտիվ ծերացման քաղաքականության գործնական իրացմանը Հայաստանի Հանրապետությունում՝ ավագ սերնդի քաղաքացիներին դիտարկելով ոչ միայն որպես սոցիալական աջակցության շահառուներ, այլև որպես տնտեսական արժեք ստեղծող, փորձ և հմտություններ կրող, համայնքային զարգացմանը նպաստող ակտիվ սուբյեկտներ։ Այսպիսով, ակնկալվում է, որ ծրագիրը կունենա միաժամանակ տնտեսական, սոցիալական և ներառական ազդեցություն։

5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Նախագծի ֆինանսական գնահատականը կատարվել է ծրագրի հնարավոր շահառուների թվի կանխատեսման հաշվարկային մոտեցմամբ՝ հիմք ընդունելով թիրախային խմբի ծավալը, ծրագրի հասցեական բնույթը, դրա իրականացման փուլային եղանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ թիրախային խմբի բոլոր ներկայացուցիչները փաստացի չեն դիմելու, ներկայացված բոլոր դիմումները չեն հաղթահարելու գնահատման փուլը, և հավանության արժանացած բոլոր դիմորդներն էլ չեն դառնալու ծրագրի շահառու։

Նախագծի մշակման նախնական փուլում իրականացված կարիքների գնահատումը և շուկայական հարցումները ընդգրկել են 63–75 տարեկան քաղաքացիների միջակայքը՝ ոլորտային պահանջարկի առավել լայն պատկեր ստանալու նպատակով։ Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հարցմանը ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, համաձայն որի՝ 63–75 տարեկան կենսաթոշակառուների թիվը կազմում է 343,702 անձ։ Մասնավորապես, համաձայն նշվածի՝

Տեղեկատվության բնույթ

Ցուցանիշներ

Մեկնաբանություններ/նշումներ

Սոցիալապես խոցելի խումբ

17,925

63–75 տարիքային խմբի սոցիալապես անապահով քաղաքացիների թվաքանակը՝ վերջին հասանելի գնահատման հիման վրա

Միայնակ ապրողներ

13,243

Միայնակ բնակվող անձանց թվաքանակը (ԱՍՀՆ գնահատման համաձայն)

Հաշմանդամության կարգավիճակ

79,625

63–75 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվը

Տեղահանված քաղաքացիներ

21,266

63–75 տարիքային խմբում տեղահանված անձանց թվաքանակը

Լրացուցիչ դիտարկումներ

343,702

ՀՀ-ում 63–75 տարեկան կենսաթոշակառուների թվաքանակը

այդ թվում՝ կանայք

199,013

 

այդ թվում՝ տղամարդիկ

144,689

 

Լրացուցիչ դիտարկումներ

47,865

63–75 տարեկան ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների թվաքանակը

այդ թվում՝ կանայք

33,651

 

այդ թվում՝ տղամարդիկ

14,214

 

Գործող պետական ծրագրեր

63–75 տարիքային խմբին ուղղված գործող պետական աջակցության ծրագրեր նախատեսված չեն

Ծրագրի մշակման նախնական փուլում իրականացված կարիքների գնահատման և սոցիալ-ժողովրդագրական վերլուծության շրջանակում օգտագործվել են նաև 63–75 տարեկան քաղաքացիների վերաբերյալ ամփոփ տվյալներ՝ թիրախային միջավայրի առավել լայն պատկերը գնահատելու նպատակով։ Միաժամանակ, ծրագրի վերջնական տարբերակով շահառուների թիրախային խումբը սահմանվել է 63–72 տարեկան քաղաքացիները, ինչը պայմանավորված է տվյալ տարիքային խմբում տնտեսական ակտիվության պահպանման, ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու գործնական կարողությունների, ինչպես նաև ծրագրի արդյունավետ և ռիսկակառավարվող իրականացման ապահովման անհրաժեշտությամբ։ Հետևաբար, ծրագրի ֆինանսական գնահատականները և շահառուների թվի կանխատեսումները պետք է դիտարկվեն հենց ծրագրով սահմանված 63–72 տարեկան թիրախային խմբի շրջանակում, մինչդեռ 63–75 տարեկանների վերաբերյալ տվյալները կիրառվել են որպես նախնական լայն սոցիալ-ժողովրդագրական տեղեկատվական հիմք։

Ծրագրի հնարավոր շահառուների թվի գնահատման համար ընդունվել է թիրախային խմբի շուրջ 0.5 տոկոսի հաշվարկային ընդգրկվածության մոտեցումը, որը պայմանավորված է ծրագրի հասցեական բնույթով, ընտրողականության մեխանիզմով, ինչպես նաև փուլային իրականացման սկզբունքով՝ ըստ տարածքային առաջնահերթությունների։ Ընդ որում, փուլային մոտեցումը տվյալ դեպքում վերաբերում է դիմումների դիտարկման և թիրախային խմբերի առաջնահերթ ընդգրկման կազմակերպմանը և չի նշանակում յուրաքանչյուր փուլի համար ֆինանսավորման կոշտ առանձնացված բաշխում։

Ծրագրով մեկ շահառուի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է մինչև 2,000,000 ՀՀ դրամ։ Նշված չափը հանդիսանում է մեկ շահառուի համար աջակցության առավելագույն վերին սահմանաչափը և չի դիտվում որպես յուրաքանչյուր շահառուի համար տրամադրվող պարտադիր աջակցության չափ։ Աջակցության չափը կախված է լինելու ներկայացված գործարար գաղափարի բովանդակությունից, դրա ֆինանսական հիմնավորվածությունից, գնահատման արդյունքներից և տվյալ տարվա բյուջետային հնարավորություններից։

2,000,000 ՀՀ դրամ առավելագույն աջակցության չափը սահմանվել է՝ հիմք ընդունելով փոքրածավալ տնտեսական գործունեության մեկնարկի, վերագործարկման կամ ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական ծախսային ուղղությունների համախառն գնահատումը։ Մասնավորապես, նշված չափը ձևավորվել է ծրագրով նախատեսված նպատակային ուղղությունների շրջանակում առավել բնորոշ ծախսային բաղադրիչների համադրմամբ, այդ թվում՝ փոքր արտադրական սարքավորումների, տեխնիկայի կամ մասնագիտական գործիքների ձեռքբերման, հումքի և մեկնարկային նյութերի ձեռքբերման, տարածքի նվազագույն հարմարեցման, թվային գործիքների ներդրման, փաթեթավորման, մարքեթինգային և այլ ուղեկցող ծախսերի հաշվառմամբ։

Մասնավորապես, մեկ շահառուի համար առավելագույն աջակցության չափի հաշվարկային բացվածքը պայմանականորեն կարող է ներկայացվել հետևյալ կառուցվածքով՝

Ծախսի ուղղություն

Մոտավոր արժեք (ՀՀ դրամ)

Նկարագրություն

Սարքավորումներ և հիմնական միջոցներ

1,000,000

Փոքր արտադրական սարքավորումներ, տեխնիկա կամ մասնագիտական գործիքներ

Շրջանառու միջոցներ և հումք

300,000

Հումք, նյութեր և գործունեության մեկնարկի համար անհրաժեշտ պաշար

Տարածքի հարմարեցում և տեխնիկական ապահովում

400,000

Տարածքի նվազագույն վերանորոգում, հարմարեցում և տեխնիկական ապահովում

Մարքեթինգային և թվային գործիքներ

150,000

Գովազդ, բրենդինգ, առցանց ներկայություն, թվային լուծումներ

Կազմակերպչական և այլ օժանդակ ծախսեր

150,000

Կազմակերպչական, գրանցման և ուղեկցող ծախսեր

Ընդամենը

2,000,000

 

Նշված կառուցվածքը ցույց է տալիս, որ աջակցությունը նախատեսված է ոչ թե առանձին ծախսային տարրերի մասնակի ծածկույթի, այլ շահառուին տնտեսական գործունեություն սկսելու կամ շարունակելու համար անհրաժեշտ նվազագույն գործառնական հնարավորությունների ձևավորման նպատակով։

Ծրագրի հնարավոր շահառուների թվի և մեկ շահառուի համար սահմանված աջակցության առավելագույն չափի համադրմամբ ծրագրի շրջանակում ուղղակի ֆինանսական աջակցության առավելագույն հնարավոր ծավալը կարող է կազմել շուրջ 3.4 միլիարդ ՀՀ դրամ։ Միաժամանակ, նշված ցուցանիշը ներկայացնում է տեսական առավելագույն բյուջետային բեռի հաշվարկ և չի ենթադրում, որ ծրագիրը կիրականացվի ամբողջ ծավալով կամ բոլոր շահառուներին կտրամադրվի նույն չափի աջակցություն։ Փաստացի բյուջետային պահանջարկը կախված է լինելու ներկայացված և հավանության արժանացած դիմումների քանակից, յուրաքանչյուր հայտով հիմնավորված ծախսերի կառուցվածքից, փուլային իրականացման արդյունքներից, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով ծրագրի համար նախատեսված միջոցներից։

Ծրագրի ֆինանսական պահանջը նպատակահարմար է ներկայացնել ըստ բյուջետային տարիների։ 2026 թվականին ձևավորվում է ծրագրի հիմնական ֆինանսական բեռը՝ կապված դիմումների ընդունման, գնահատման, շահառուների ընտրության, պայմանագրերի կնքման և աջակցության տրամադրման հետ։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ ծրագրի 4-րդ փուլի շրջանակում 2026 թվականի դեկտեմբերին ընտրված առանձին շահառուների նկատմամբ ստանձնված ֆինանսական պարտավորությունների կատարումը տեխնիկական կամ ժամանակային պատճառներով կարող է օբյեկտիվորեն իրականացվել նաև 2027 թվականին, ինչպես նաև ծրագրով նախատեսված են վերահսկողական, հաշվետվողական և արդյունքների գնահատման գործընթացներ, 2027 թվականի համար ևս կարող է առաջանալ ֆինանսական պահանջ։ Այդ պահանջը կարող է վերաբերվել ինչպես 2026 թվականի ընթացքում ստանձնված առանձին ֆինանսական պարտավորությունների կատարմանը, այնպես էլ ծրագրի իրականացման շրջանակում հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրության, անհրաժեշտության դեպքում տեղայցերի, լրացուցիչ պարզաբանումների կամ փաստաթղթերի պահանջման և ծրագրի արդյունքների գնահատման գործընթացներին։

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասի ավելացման՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ուղղակի ֆինանսական հատկացումների չափով։ Բյուջետային ազդեցության նախնական գնահատումը կատարվել է՝ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած վարչական տվյալները, համաձայն որոնց՝ 63–75 տարեկան անձանց թիվը կազմում է 343,702 անձ։ Նշված տվյալներն օգտագործվել են որպես ծրագրի նախնական սոցիալ-ժողովրդագրական և վիճակագրական հիմք, մինչդեռ ծրագրի վերջնական շահառու խումբը սահմանվել է 63–72 տարեկան քաղաքացիները։

Ծրագրի հնարավոր շահառուների քանակի կանխատեսման նպատակով կիրառվել է թիրախային խմբի 0.5% հաշվարկային ընդգրկվածություն, ինչը հիմնավորվում է հետևյալ գործոններով

· ծրագրի հասցեական բնույթը և ընտրողականության չափանիշները,

· իրականացման փուլային եղանակը՝ ըստ բնակավայրերի առաջնահերթության,

· միջազգային փորձը, որի համաձայն ավագ տարիքի անձանց ձեռնարկատիրական խթանման ծրագրերն ունեն սահմանափակ և թիրախային ընդգրկվածություն։

Այս ցուցանիշը դիտարկվում է որպես պահպանողական հաշվարկային մոտեցում, որը թույլ է տալիս կանխատեսել ծրագրի հնարավոր առավելագույն ֆինանսական պահանջարկը՝ խուսափելով բյուջետային անբավարարության ռիսկերից։

Վերոգրյալ մոտեցման պայմաններում շահառուների կանխատեսվող թիվը կազմում է շուրջ 1,719 անձ։ Ծրագրի շրջանակում հնարավոր առավելագույն ընդհանուր բյուջետային բեռը գնահատվում է շուրջ 3.4 մլրդ ՀՀ դրամ։ Սակայն դրա ամբողջական իրագործումը միաժամանակ չի նախատեսվում, և փաստացի ֆինանսավորումը կիրականացվի համապատասխան բյուջետային տարիների համար նախատեսված հատկացումների շրջանակում։ Ընդ որում, 2026 թվականի համար ծրագրի իրականացման նպատակով տրամադրվող ֆինանսավորման չափը չի կարող գերազանցել 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամը։

2027 թվականի համար ֆինանսական պահանջ կարող է առաջանալ ինչպես 2026 թվականի դեկտեմբերին ընտրված առանձին շահառուների նկատմամբ արդեն ստանձնված ֆինանսական պարտավորությունների կատարման, այնպես էլ ծրագրից բխող վերահսկողական, հաշվետվողական և գնահատման գործառույթների իրականացման մասով։

Հարկ է նշել, որ ծրագրի փաստացի բյուջետային ծախսերը կձևավորվեն՝ ելնելով՝

  1. համապատասխան տարվա բյուջետային հատկացումների սահմանաչափերից, ներառյալ՝ 2026 թվականի համար սահմանված 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի առավելագույն շեմը,
  2. հավանության արժանացած գործարար գաղափարների փաստացի քանակից,
  3. յուրաքանչյուր գործարար գաղափարի իրականացման համար անհրաժեշտ աջակցության փաստացի չափից։

7. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

8. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, ներառական աճի և մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման պետական քաղաքականության առաջնահերթություններից։

Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրի տնտեսական զարգացման և ներառական աճի առաջնահերթություններին, ինչպես նաև բովանդակային առումով համընկնում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» տեսլականի հետ՝ ավագ սերնդի մարդկային և տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործման մասով։

  • Duration

    05.05.2026 21.05.2026
  • Type

    Programme

  • Area

    Job and employment, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 295

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: