ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի N 47-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 8-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգը և պայմանները, շահա- ռուների խմբերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կացարանով ապահովումն անօթևան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի՝ օրենքով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։ Կացարանով ապահովում է համարվում`
1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ
2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝
ա. անհատույց որոշակի ժամկետով,
բ. անհատույց անժամկետ,
գ. վարձակալությամբ կամ․․․։
Կառավարության սահմանած դեպքերում և կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է արտահերթ կարգով անձին կամ ընտանիքին ապահովելու կացարանով: Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական սոցիալական բնակարանային ֆոնդում և ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգերը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:
Անձանց (ընտանիքներին) պետական սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
Սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ոլորտում գործող օրենսդրության մեջ առկա են հետևյալ խնդիրները՝
✔ անհրաժեշտ է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման իրավունք ունեցող սոցիալական խմբերի ցանկը՝ ընդգրկելով առավել խոցելի թիրախային խմբերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ նախատեսված շահառուներին․
✔ Արցախյան 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախի բնակչության բռնի տեղահանումը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ընդլայնել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) շրջանակը և կարգավորել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին) կացարանով ապահովման առանձնահատկությունները.
✔ չնայած Որոշման մեջ նախատեսված է համապատասխան սոցիալական խմբերին պատկանող անձանց սոցիալական բնակարանային ֆոնդից վարձակալության հիմքով կացարանի տրամադրման հնարավորությունը, սակայն վարձավճարի չափը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը ճանաչվել է ուժը կորցրած, որի արդյունքում այժմ հնարավոր չէ կնքել վարձակալության պայմանագրեր.
✔ անհրաժեշտ է վերանայել կացարանով ապահովման ժամկետները՝ անձին (ընտանիքին) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու և նրանց սոցիալական խնամառությունը բացառելու նպատակով.
✔ Որոշման N 2 հավելվածով կարգավորվում են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու և կացարան տրամադրելու կարգը, իսկ N 5 հավելվածով հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանով ապահովելու կարգը և պայմանները: Նշված երկու հավելվածներով առկա են կացարանի տրամադրման հետ կապված առանձին իրավակարգավորումներ: Ընդ որում, անձանց (ընտանիքներին) կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթն այժմ իրականացնում է «Օթևան» ՊՈԱԿ-ը: Արդյունքում ստացվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց պայմանագրի հիման վրա կացարանում տեղավորման և կացարանով ապահովման երկու առանձին կարգավորումներ են սահմանված, այնինչ անհրաժեշտ է ապահովել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման մեկ միասնական ընթացակարգ․
✔ բացակայում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում շահառուների դեպքի վարմանն ուղղված իրավակարգավորումները․
✔ անհրաժեշտ է լրամշակել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման դիմումի մերժման, ընտանիքներին հաշվառումից հանելու, կացարանով ապահովման ծառայությունը դադարեցնելու հիմքերը․
✔ անհրաժեշտ է վերանայել արտահերթ եղանակով կացարանով ապահովման հստակ հիմքերը և դեպքերը․
✔ անհրաժեշտ է վերանայել կացարանների առաջարկման մեխանիզմները (հաշվի առնելով Շահառու ընտանիքի անդամների թիվը)․
✔ անհրաժեշտ է ապահովել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայության ընթացակարգի թվայնացումը, ինչպես նաև համայնքների ներգրավումը և այլն։
Հարկ է նկատի ունենալ, որ այժմ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում առկա է 264 կացարան։ Հերթացուցակում հաշվառված են շուրջ 400 շահառու։ Այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ քաղաք Հրազդանում, Արտաշատում, Վանաձորում գտնվող պետական սոցիալական բնակարանյին ֆոնդի շենքերում, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ևս 182 կացարան։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է Նախագիծը, որի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է
1) վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները։ Մասնավորապես,
ա․ Նախագծով ի թիվս այլ խմբերի, սահմանվել է նաև հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված ընտանիքներին ներկայացվող չափորոշիչները ու պայմանները։ Ընդ որում հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձին կամ ընտանիքին, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան տրամադրվելու է, եթե համապատասխան հիմքը վերանալուց հետո անցել է 6 ամիս, այսինքն, դա այն ժամանակահատվածն է, երբ արդեն իսկ ընտանիքներին անհրաժեշտ է ինտեգրել․
բ․որպես առանձին խումբ սահմանվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշման շահառուները՝ հիմք ընդունելով նույն որոշման կարգավորումները․
գ․ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին հնարավորություն է տրվում կացարանով ապահովվել երկու մեխանիզմներով․ եթե ՀՀ-ում ապաստան ստացած փախստականը մինչև կարգավիճակի հաստատումը բնակվել է ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանում, նշված կացարանից դուրս է գրվել ՀՀ-ում փախստական ճանաչվելու հիմքով, ապա մեկ ամսվա ընթացքում դիմելու դեպքում, կարող է տեղավորվել ք․Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (Երևան, Մոլդովական 29/1 հասցեի 1-ին հարկում առկա են 10 սենյակ)՝ 6 ամիս ժամկետով, եթե առկա են ազատ կացարաններ։ Եթե ազատ կացարաններ առկա չեն, ապա դիմումը մերժվում է և ՀՀ-ում փախստական ճանաչված անձը կարող է դիմել արդեն իսկ որպես «անօթևան» հանդիսացող անձ, որի պայմանները այլ են։ ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք կարող են նաև օգտվել վարձավճարի հատուցումից՝ 6 ամիս ժամկետով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշմամբ սահմանված կարգով.
դ․ որպես նոր սոցիալական խումբ սահմանվել են նաև ընտանեկան բռնության զոհերը, ովքեր հիմքեր չունեն ապաստարանում բնակվելու, սակայն սոցիալական գնահատման կարիքի հիման վրա նրանք ունեն կացարանի կարիք․
2) բոլոր շահառուներին կացարանով ապահովման կարգը սահմանել մի ընթացակարգով, որն իրականացվելու է ՄՍԾ-ի կողմից․
3) պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները տրամադրել անհատույց օգտագործման հիմքով․
4) սահմանել փորձնական ծրագիր, որի համաձայն ի սկզբանե պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները հատկացվում են մատչելի վարձավճարի դիմաց։ Փորձնական ծրագրի մոդելը մշակվել է հիմք ընդունելով Բոսնիայի լավագույն փորձը։ Տվյալ դեպքում վարձավճարը հաշվարկվելու է հետևյալ բանաձևով՝ V=A+B+C+D+E,
որտեղ V-ն սոցիալական բնակարանային ֆոնդից Շահառուին տրամադրվող կացարանի 1 քմ համար հաշվարկվող արժեքն է արտահայտված ՀՀ դրամով, որը 2026 թվականի համար կազմելու է 427 ՀՀ դրամ։ Նշված բանաձևում
· A-ն անշարժ գույքի մաշվածության ծախսն է, որը հաշվարկվում է շենքի ծառայության տևողությունն ընդունելով 100 տարի հետևյալ բանաձևով՝ Q։100(տարի)։12 (ամիս), որտեղ Q Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանի հավելվածի Մաս 1-ի 26-րդ ու 35-րդ կետերով սահմանված անշարժ գույքի վերանորոգման համար նախատեսված երկու արժեքների հանրագումարն է (2026 թ․ դրությամբ դրա արժեքն է 221,600 դրամ*1.2 ԱԱՀ=265,920)․
A=265,920/100/12=221.6 ՀՀ դրամ,
· B-ն անշարժ գույքի մաշվածության սպասարկման ծախսն է, որը հաշվարկվում է A արժեքի 50 տոկոսի չափով․
B=A*50%=110.8 ՀՀ դրամ,
· C-ն անշարժ գույքի մաշվածության վերականգման կառավարման ծախսն է, որը հաշվարկվում է B արժեքի 10% չափով․
C=B*10%=11.08 ՀՀ դրամ,
· D-ն անշարժ գույքի՝ հնարավոր ռիսկերից ապահովման (ջրի հոսք, հրդեհ և այլն) ծախսն է, որը հաշվարկվում է վերանորոգված շենքի վրա կատարված ամսական ծախսերի 20%՝ 100 տարվա կտրվածքով հետևյալ բանաձևով․
D=A*20%=44.32 ՀՀ դրամ
· E-ն անշարժ գույքի վարձավճարի չվճարման ռիսկի համար հաշվարկվող ծախսն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․
E= (A+B+C+D)*10%=38.78 ՀՀ դրամ։
Փորձնական ծրագիրը իրականացվելու է քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում։ Նշված հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում նախատեսվում է ունենալ 23 կացարան։ Ընդ որում համայնքի ներգրավվածության նպատակով նաև նախատեսվել է համայնքին քվոտայի տրամադրման ինստիտուտը։ Մասնավորապես, եթե քաղաք Արտաշատում բնակվող և հերթացուցակում հաշվառված շահառուի համար Արտաշատ համայնքի աշխատակազմը պարտավորվում է վճարել մատչելի վարձավճարը բնակության բոլոր ամիսների համար, ապա շահառուն տեղավորվում է կացարանում արտահերթ՝ առանց Համակարգող խորհդի առաջարկության։ Արտաշատ համայնքի աշխատակազմը կարող է նշված կարգով տեղավորել իր համայնքում բնակվող բնակչին քաղաք Արտաշատի պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում՝ առավելագույնը նշված ֆոնդի կացարանների ընդհանուր թվի 30 տոկոսի չափով․
5) վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի պայմանագրերի ժամկետները։ Մասնավորապես, միայնակ կենսաթոշակառուների հետ պայմանագրերը կնքվելու են անժամկետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ նախատեսված շահառուների հետ՝ 10 տարի, հատուկ կացարանից դուրսգրված փախստականների հետ՝ 6 ամիս, իսկ մնացած շահառուների հետ 3 տարի ժամկետով․
6) շահառուի հետ կնքվելիք պայմանագրին կցել անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ աշխատունակ անձի կամ անձանց համար․
7) կարգավորել սոցիալական դեպքի վարման առանձնահատկություները․
8) կացարանները տրամադրել հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը և կացարանի տարածքը․
9) սահմանել կարգավորում այն մասին, որ մի քանի ընտանիքներ կարող են համատեղ բնակվել կացարանում՝ համաձայնության առկայության դեպքում (հիմնականում կիրառելի կլինի միայնակ կենսաթոշակառուների դեպքում)․
10) վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդում արտահերթ տեղավորման հիմքերը և կարգը, սահմանել, որ անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու մասին որոշում կարող է կայացվել միայն մեկ անգամ․
11) հաստատել կացարանով ապահովման համար ներկայացվող դիմումի ձևը և ՄՍԾ-ի ՏԿ-ի կողմից ընդունվող հրամանների ձևերը․
12) սահմանել պետական մարմիններից ստացվող տվյալների ցանկը և դրանց տրամադրման կարգը։ Ընդ որում Նախագծի համաձայն սկզբնական շրջանում դիմումները կընդունվեն թղթային եղանակով, իսկ ենթահամակարգի ստեղծումից հետո՝ առցանց։ Հետևաբար, նախագծում կարգավորվում են երկու ընթացակարգերը.
13) սահմանել անցումային դրույթներ արդեն իսկ հաշվառված ընտանիքների համար, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդում արդեն իսկ բնակվող ընտանիքների համար՝ ներառյալ առանց որևէ օրենսդրական հիմքի բնակվողների համար։
Հարկ է նկատի ունենալ, որ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում նախատեսվում է բնակեցնել առավելագույնը 300 շահառու:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի հետ համատեղ։
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը, վերանայել թիրախային խմբերի ցանկը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
-
Duration
30.04.2026 15.05.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 161
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.