Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը հաստատելու, դրանց սահմաններում ներառվող հողամասերի նվիրաբերության, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման, ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխման գործընթացը կազմակերպելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ (ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ) ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.   Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

1.1 Բնության հուշարձանների անձնագրավորման ներկա վիճակը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը, որով սահմանվել է 233 բնության հուշարձան։ Սակայն դրանցից միայն մի մասն ունի հաստատված անձնագիր և ներկայում անձնագրավորված են ընդամենը 33 բնության հուշարձաններ։

Սա նշանակում է, որ բնության հուշարձանների զգալի մասի դեպքում դեռ ամբողջությամբ հստակեցված չեն դրանց սահմանները, տարածքների չափերը, հողամասերի իրավական կարգավիճակը, ինչպես նաև սեփականության և հողօգտագործման վերաբերյալ տվյալները։ Արդյունքում՝ դժվարանում է այդ տարածքների պահպանության ռեժիմի լիարժեք կիրառումը և բարդանում է դրանց նկատմամբ միասնական, կանխատեսելի և իրավական տեսանկյունից հստակ կառավարումը։

1.2. Կատարված գույքագրման աշխատանքները

Չանձնագրավորված բնության հուշարձանների ներկա վիճակի գնահատման, տեղորոշման և դրանց վերաբերյալ ճշգրիտ մասնագիտական տվյալների հավաքագրման նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 326-Լ հրամանով ստեղծվել է բնության հուշարձանների գույքագրման միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Այդ աշխատանքային խմբի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում գտնվող չանձնագրավորված բնության հուշարձանների ներկա վիճակի գնահատումն ու տեղորոշումն է։ Գույքագրման աշխատանքները շարունակվում են փուլ առ փուլ՝ ըստ մարզերի և արդեն ավարտվել  են մի շարք մարզերում, այդ թվում՝ Կոտայքի մարզում գտնվող բնության հուշարձանների մասով։ Կոտայքի մարզում իրականացված աշխատանքների ընթացքում կատարվել են մասնագիտական գնահատման, տեղորոշման, սահմանագծման և հատակագծերի մշակման աշխատանքներ։

Միաժամանակ, այդ հատակագծերի հիման վրա համապատասխան համայնքների հետ իրականացվել են համաձայնեցման աշխատանքներ։

Այս գործընթացի արդյունքում հնարավոր է դարձել հստակեցնել բնության հուշարձանների փաստացի տեղադիրքը, դրանց պահպանվածության աստիճանը, զբաղեցրած տարածքների նախնական շրջանակը և հետագա իրավական ձևակերպման համար անհրաժեշտ հիմքերը։

1.3. Առկա հիմնական խնդիրները

Միևնույն ժամանակ, առկա են մի շարք գործնական խնդիրներ։ Մասնավորապես՝ որոշմամբ ամրագրված և փաստացի տեղադիրքների միջև կան անհամապատասխանություններ ժամանակի ընթացքում առաջացել են մարդածին և բնածին ազդեցություններով պայմանավորված փոփոխություններ, ինչպես նաև կան դեպքեր, երբ բնության հուշարձանների սահմաններում ներառվող տարածքները հատվում են տարբեր կադաստրային ծածկագրերով հողամասերի հետ, գտնվում են տարբեր համայնքների վարչական սահմաններում կամ միաժամանակ ներառում են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր։

Որոշ դեպքերում կարող են առկա լինել նաև մասնավոր սեփականության իրավունքով ծանրաբեռնված հողամասեր։ Սա պահանջում է սահմանների և զբաղեցրած տարածքների վերջնական ճշգրտում՝ իրավական և կադաստրային տվյալների հիման վրա, հետևաբար՝ ոլորտում առկա հիմնական խնդիրը բնության հուշարձանների փաստացի և իրավական վիճակների միջև ձևավորված բացերի վերացումն է՝ դրանց սահմանների, տարածքների չափերի, գույքային պատկանելության և պահպանության ռեժիմի ամբողջական ձևակերպման միջոցով։

 

2.  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2.1. Անձնագրավորման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովումը

Սույն իրավական ակտի ընդունումն անհրաժեշտ է, քանի որ առանց բնության հուշարձանների սահմանների և տարածքների չափերի հաստատման, ինչպես նաև առանց դրանց սահմաններում ներառվող հողամասերի իրավական նույնականացման, պետական կամ համայնքային պատկանելության հստակեցման և հետագա պետական գրանցման, անձնագրավորման գործընթացը չի կարող համարվել ամբողջական։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի պահանջներից բխում է, որ բնության հուշարձանի անձնագրի հիմքում պետք է լինեն իրավական ուժ ունեցող սահմաններ, քարտեզ-հատակագիծ, մակերես և հողամասերի պատկանելության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ:

2.2. Փոխկապակցված իրավական գործընթացների միաժամանակյա կազմակերպման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ այս դեպքում խոսքը միայն սահմանների հաստատման մասին չէ։ Կառավարության որոշմամբ անհրաժեշտ է միաժամանակ ապահովել մի քանի փոխկապակցված իրավական գործընթացների մեկնարկն ու հաջորդական իրականացումը։ Դրանք են՝

1)     համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխան հողամասերի՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության գործընթացի կազմակերպումը,

2)    դրանց նկատմամբ պետական սեփականության իրավունքի պետական գրանցումը,

3)    պետական դարձած և արդեն իսկ պետական հողամասերի՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կառավարմանն ամրացումը,

4)    ինչպես նաև այդ հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության գործընթացի մեկնարկը։

2.3. Հողերի իրավական կարգավիճակի համապատասխանեցման անհրաժեշտությունը

Հողային օրենսգրքի 19-րդ և 20-րդ հոդվածներից բխում է, որ հատուկ պահպանվող տարածքների հողերը պետք է ունենան համապատասխան նպատակային և գործառնական կարգավիճակ, իսկ դրանց պահպանությանը հակասող գործունեությունը պետք է սահմանափակվի։

2.4. Վարչարարական արդյունավետության ապահովումը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վարչարարական արդյունավետությամբ։ Եթե սահմանները, տարածքների չափերը և դրանց սահմաններում ներառվող հողամասերի կարգավիճակը ժամանակին չհստակեցվեն, կշարունակի պահպանվել իրավական անորոշությունը։ Դա կարող է դժվարացնել պետական մարմինների միջև գործառույթների հստակ բաժանումը, նվիրաբերության գործընթացը, պետական գրանցումը, հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, հողային հաշվեկշռի ճշգրտումը և բնության հուշարձանների պահպանության ռեժիմի իրականացումը։

 

3.  Կարգավորման նպատակը և բնույթը      

3.1. Կարգավորման ընդհանուր նպատակը

Առաջարկվող կարգավորումը կրում է համալիր իրավական և վարչարարական բնույթ։ Նախագծով նախատեսվում է հաստատել համապատասխան բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը։ Սա հիմք է ստեղծում դրանց նկատմամբ հետագա բոլոր իրավական գործընթացների կազմակերպպման համար։

3.2. Նախատեսվող հիմնական իրավական և վարչարարական գործողությունները

Միաժամանակ նախագիծը նախատեսում է կազմակերպել այդ սահմաններում ներառվող հողամասերի չափագրումը, քարտեզագրումը, առանձնացումը և իրավական նույնականացումը։ Սա հնարավորություն կտա հստակ տարանջատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և իրավական առումով ճիշտ կառուցել հետագա ընթացակարգերը։

Կարգավորման էությունը նաև կայանոմ է նրանում, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մասով պետք է նախապատրաստվեն անհրաժեշտ իրավական հիմքերը՝ դրանք Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համար։ Իսկ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի մասով պետք է իրականացվեն դրանց իրավական նույնականացման, անհրաժեշտության դեպքում պետական գրանցման ճշգրտման, հետագայում լիազորված մարմնին հանձնման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության գործողությունները։

Այսպիսով, առաջարկվող կարգավորումը միաժամանակ լուծում է սահմանային, գույքային, կառավարչական և բնապահպանական մի շարք փոխկապակցված խնդիրներ՝ առանց դրանք տարբեր և միմյանցից կտրված իրավական գործընթացների բաժանելու։

3.3. Անձնագրման և հետագա կառավարման համար ստեղծվող հիմքը

Առաջարկվող կարգավորումը նաև ապահովում է, որ համապատասխան հուշարձանների անձնագրերը կազմվեն և հաստատվեն արդեն այնպիսի իրավական հիմքի վրա, որի պայմաններում առկա կլինեն հստակ սահմաններ, կադաստրային և գույքային տվյալներ, ինչպես նաև պահպանության ռեժիմի կիրառման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն։ Այս իմաստով կարգավորումը չի սահմանափակվում միայն քարտեզ-հատակագծերի հաստատմամբ։ Այն ստեղծում է անձնագրավորման, պահպանության և հետագա կառավարման լիարժեք իրավական միջավայր։

3.4. Համայնքների հետ համագործակցության հիմքը

Նախագծով առաջարկվող կարգավորումը ձևավորվել է ոչ միայն մասնագիտական և իրավական վերլուծության, այլ նաև համապատասխան համայնքների հետ իրականացված աշխատանքի արդյունքներով։ Բնության հուշարձանների սահմանների և հատակագծերի մշակման, դրանց զբաղեցրած տարածքների հստակեցման և հետագա իրավական ձևակերպման նախապատրաստման ընթացքում աշխատանքները քննարկվել և համաձայնեցվել են նաև այն համայնքների հետ, որոնց վարչական սահմաններում գտնվում են տվյալ բնության հուշարձանները։

Այդ գործընթացի շրջանակում համայնքներին ներկայացվել են առաջարկվող սահմանները, հատակագծերը, հողամասերի հնարավոր ընդգրկման շրջանակը և հետագա իրավական քայլերի ընդհանուր տրամաբանությունը։ Արդյունքում ստացվել են նաև համայնքների պաշտոնական դրական դիրքորոշումները՝ համապատասխան հողամասերի նկատմամբ հետագայում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման մասով։

Այս համատեքստում կառավարության որոշման նախագիծը մշակվել է համայնքների հետ նախնական և գործնական աշխատանքի արդյունքում և նրանց համար չի առաջացնում անակնկալ իրավական հետևանքներ։

Նախագծով առաջարկվող մոտեցումը հիմնված է այն տրամաբանության վրա, որ բնության հուշարձանների պահպանության, անձնագրման և հողերի իրավական կարգավիճակի հստակեցման գործընթացը պետք է իրականացվի փոխըմբռնման, համագործակցության և կանխատեսելիության սկզբունքներով։ Այս իմաստով համայնքները ոչ միայն իրազեկված են առաջարկվող կարգավորման բովանդակության մասին, այլ նաև ներգրավված են եղել դրա նախապատրաստական փուլերում, ինչը կարևոր նախադրյալ է որոշման հետագա արդյունավետ և սահուն իրականացման համար։

 

4.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

5.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

5.1. Իրավական և կառավարչական հստակության ապահովումը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համապատասխան բնության հուշարձանների սահմանները և տարածքների չափերը կստանան պաշտոնական, իրավական ուժ ունեցող ամրագրում։ Սա հիմք կհանդիսանա դրանց հետագա անձնագրավորման, պահպանության ռեժիմի կիրառման, գույքային կարգավիճակի հստակեցման և արդյունավետ կառավարման համար։

Արդյունքում բնության հուշարձանների պահպանությունը ցանկային և նկարագրական մակարդակից կտեղափոխվի հստակ սահմաններով, մակերեսներով, կադաստրային և իրավական տվյալներով ապահովված կառավարման դաշտ։

Միաժամանակ ակնկալվում է, որ կբարձրանա պետական և տեղական մակարդակներում կառավարման արդյունավետությունը, քանի որ կնվազեն սահմանների, հողամասերի պատկանելության, վարչական սահմանների և օգտագործման իրավաչափության հետ կապված անորոշությունները։ Սա անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի համայնքային հողերի՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերման, պետական գրանցման և հողերի նպատակային ու գործառնական նշանակության համապատասխանեցման համար, ինչպես նաև պետական դարձած և արդեն պետական հողամասերի՝ շրջակա միջավայրի նախարարությանը հանձնման և բնության հուշարձանների պահպանության ու կառավարման ոլորտային համակարգում ներառման համար։

5.2. Համայնքների զարգացման հնարավորությունների ընդլայնումը

Նախագծի կարևոր ակնկալվող արդյունքներից մեկն այն է, որ ամբողջությամբ հստակեցված, քարտեզագրված և անձնագրավորված բնության հուշարձանները համայնքների համար կարող են դառնալ ոչ միայն պահպանության ենթակա բնական արժեքներ, այլ նաև զարգացման գործիքներ։

Բնության հուշարձանները ունեն գիտական, կրթական, բնապահպանական, բնապատմական, գեղագիտական և մշակութային կարևոր նշանակություն։ Սակայն դրանց ներուժը միայն դրանով չի սահմանափակվում։ Դրանք կարող են ունենալ նաև զբոսաշրջային մեծ գրավչություն։ Եթե այդ տարածքները կառավարվեն ճիշտ, պահպանական պահանջներին համահունչ և երկարաժամկետ տեսլականով, դրանք կարող են համայնքներին բերել նաև շոշափելի սոցիալ-տնտեսական օգուտներ՝ այցելությունների աճի, տեղական ծառայությունների զարգացման, ուղեկցող ենթակառուցվածքների ձևավորման, նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային եկամուտների ավելացման միջոցով։

 

 

5.3. Պահպանության և թույլատրելի օգտագործման համադրումը

Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման վերաբերյալ գործող օրենսդրությունը նույնպես նախատեսում է, որ պահպանական ռեժիմին համապատասխան թույլատրելի են ճանաչողական զբոսաշրջությունը, գիտական ուսումնասիրությունները և կրթական գործունեության տարբեր ձևերը։

Այս առումով առաջարկվող կարգավորման նպատակը միայն արգելքներ կամ սահմանափակումներ սահմանելը չէ։ Դրա հիմնական նպատակը բնության հուշարձանների արժեքի պահպանումն է, դրանց նկատմամբ իրավական և կառավարչական հստակության ապահովումը և համայնքներին հնարավորություն տալը, որպեսզի իրենց վարչական սահմաններում գտնվող այդ բնական արժեքները վերածվեն նաև կայուն զարգացման, ճանաչելիության և տեղական տնտեսական ակտիվության աղբյուրի։

Այս մոտեցման գործնական օրինակներից է Գառնի համայնքի կողմից «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության երկրաբանական հուշարձանի արդյունավետ օգտագործումը, երբ բնության հուշարձանի պահպանությունը զուգակցվել է զբոսաշրջային գրավչության բարձրացման հետ՝ համայնքի համար ստեղծելով լրացուցիչ ճանաչելիություն և տնտեսական ակտիվություն։

5.4. Ընդհանուր արդյունքը

Ուստի նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ բնության հուշարձանների պահպանության և օգտագործման միջև կձևավորվի ավելի հավասարակշռված և գործնական հարաբերակցություն, որի պայմաններում միաժամանակ կապահովվեն բնական արժեքների պահպանումը, համայնքների շահերի սպասարկումը և պետական կառավարման արդյունավետության բարձրացումը։

Արդյունքում բնության հուշարձանները կդիտարկվեն ոչ միայն որպես սահմանափակումների ենթակա տարածքներ, այլ նաև որպես համայնքների երկարաժամկետ, պատասխանատու և խելամիտ զարգացման ռեսուրսներ։

 

6.  Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում:

 

7.          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բովանդակային առումով համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի տրամաբանությանը, քանի որ այն միտված է պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնական ժառանգության պահպանությանը, տարածքների նկատմամբ իրավական հստակության ապահովմանը և բնական կապիտալի նկատմամբ պատասխանատու կառավարմանը։ Բնության hուշարձանների սահմանների, տարածքների չափերի, գույքային կարգավիճակի և կառավարման ենթակայության հստակեցումը նպաստում է «կանաչ», անվտանգ և երկարաժամկետ կայուն զարգացման նպատակներին։

Նախագիծը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների կայուն կառավարման, պետական կառավարման արդյունավետության, hողային և կադաստրային տվյալների հստակեցման, ինչպես նաև ոլորտային քաղաքականությունների գործնական իրականացման ուղղություններով ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Բնության hուշարձանների իրավական ամբողջական ձևակերպումը տվյալ ծրագրի շրջանակում բնապահպանական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործնական քայլ է։

Ոլորտային ռազմավարությունների մասով նախագիծը անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարության, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագրի և միջոցառումների հետ, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1059-Ա որոշմամբ։ Այդ ռազմավարությամբ բնության հատուկ պահպանվող տարածքները դիտարկվում են որպես բնական միջավայրի, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, ինչպես նաև երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման ապահովման արդյունավետ միջոց և առաջարկվող նախագիծը հենց այդ ռազմավարական նպատակների գործնական շարունակությունն է՝ միտված բնության hուշարձանների սահմանների, hողային կարգավիճակի, պետական կառավարման և անձնագրման համակարգի հստակեցմանը։

  • Duration

    27.04.2026 21.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Territorial administration and development, State property management, Cadastre, Historical and cultural heritage protection, State property accounting, State property contribution and dedication

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 332

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: