Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հստակեցումն ու ընդլայնումն է, պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարձրացումը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) կարգավորվում են մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի համաձայն՝ Հիմնադրամի շահառուներ են համարվում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով (այսուհետ՝ մարտական գործողություններ) հետևանքով:

Օրենքով Հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը:

Միաժամանակ Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդին տրված է իրավասություն՝ իր սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ), պայմաններով և ժամկետներում հատուցում վճարել նաև Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:

Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած Հատուցման դեպքերում իրավահարաբերությունները ծագելու պահին գործող օրենսդրությամբ զինծառայողը ձեռք է բերել զինվորական կենսաթոշակի իրավունք, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը՝ օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կեսնաթոշակի իրավունք: Նշված անձինք ձեռք են բերել նաև պարգևավճարի, մինչև 14.08.2014՝ դրամական օգնության իրավունք:

Վերը նշված իրավական հիմքով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի օգոստոսի 9-ի թիվ 6 և 2019թ. մարտի 22-ի որոշումներով սահմանվել են, համապատասխանաբար, 2015-2016թթ և 2008-2014թթ տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերում հատուցման գումարներ վճարելու կարգը և ժամկետները: Այդ գումարները սկսվել են վճարվել, համապատասխանաբար, 2018 թվականի սեպտեմբեր և 2019 թվականի ապրիլ ամիսներից։

Հատուցման գումարները վճարվում են 20 տարվա ընթացքում (ինչպես Հիմնադրամի շահառուներին) և հաշվարկվում են որպես Օրենքով սահմանված ամսական հավասար վճարների և օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակային ապահովության շրջանակներում նրանց պետական բյուջեից վճարվող ընդհանուր գումարի (զինվորական կենսաթոշակի և պարգևավճար(ներ)ի) տարբերություն: Օրենքով սահմանված միանվագ գումարներն այս դեպքում չեն վճարվել:

Այսպիսով, ստացվում է, որ ներկայումս 2008-2016թթ տեղի ունեցած Հատուցման դեպքերով պետական բյուջեի և Հիմնադրամի միջոցների հաշվին, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունենցած դեպքերով միայն Հիմնադրամի միջոցների հաշվին վճարվում են նույն չափով ամսական հավասար վճարներ:

Ելնլելով Հիմնադրամի ֆինանսական հնարավորություններից՝ նպատակահարմար է ավելի երկարատև ժամանակահատվածի՝ 1998-2016թթ տեղի ունեցած հատուցման դեպքերով ամսական հավասար վճարները վճարվել միայն Հիմնադրամի միջոցների հաշվին: Այս դեպքում խնդիրը մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը Հատուցման դեպք որակելն է:

Խնդիրը լուծված է 2008-2016թթ ժամանակահատվածի համար, երբ գործող օրենսդրությունը համադրելի է եղել 2017 թվականից հետո գործող օրենսդրությանը, ինչը հնարավոր է դարձրել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերոնշյալ որոշումների կիրարկման շրջանակներում խնդրո առարկա դեպքերը որակել որպես Հատուցման դեպքեր:

Խնդիրի լուծումը բարդանում է 1998-2007թթ համար: Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ «հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ» հաշմանդամության պատճառական կապն առաջին անգամ սահմանվել է Կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի «Զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 13.03.2004): Մինչ այդ սահմանված է եղել «հիվանդությունը ձեռք է բերել, վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական պարտականությունները կատարելիս» պատճառական կապը: Այսինքն, առկա պատճառական կապերով ուղղակիորեն հնարավոր չէ տարանջատել Հիմնադրամի հատուցման դեպքը զինվորական պարտականությունները կատարելիս տեղի ունեցած դեպքերից։ Սակայն հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ զոհված զինծառայողների ընտանիքները իրավահարաբերությունները ծագելու պահին գործող օրենսդրությամբ ձեռք են բերել պետական բյուջեից ֆինանսավորվող որոշակի սոցիալական երաշխիքներ՝ հաշմանդամության կամ մահվան «զինվորական պարտականությունները կատարելիս» կամ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ» պատճառական կապերի հիման վրա:

Բացի դրանից, առկա չեն անհրաժեշտ փաստաթղթեր՝ զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամություն ձեռք բերելը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք լինելու կամ չլինելու վերաբերյալ:

Սա նշանակում է, որ 1998-2007թթ տեղի ունեցած դեպքերը որպես Հատուցման դեպքեր հատկորոշելու համար հարկ կլինի նախատեսել լրացուցիչ կարգավորումներ՝ հիմք ընդունելով իրավահարաբերությունները ծագելու պահին գործող իրավական ակտերը՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (ուժը կորցրել է 16.12.2017) 34.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, 4-րդ կետը, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման (ուժը կորցրել է 10.02.2021) հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 7-րդ կետի 1-ին ենթակետը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 70‑րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, 4-րդ կետը, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը, 10-րդ կետի 1-ին ենթակետը:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և սահմանել

1.    որ, Հատուցման դեպք է համարվում նաև 1998 թվականի հունվարի 1-ից մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ն (այսուհետ՝ 1998-2007թթ) ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը, եթե (շահառուն ունի համապատասխան պարգևավճարի իրավունք) և առկա փաստաթղթերով կհատկորոշվի այդ դեպքը, որպես հատուցման դեպք։ Ընդ որում, փաստաթղթերի բացակայության դեպքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը հավաստվում է Կառավարության սահմանած կարգով տրված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ կամ դատական կարգով․

2.   որ, Հատուցման դեպք է համարվում նաև 2008 հունվարի 1-ից մինչև թվականի դեկտեմբերի 31-ն (այսուհետ՝ 2008-2016թթ)  տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը

3.   որ, 1998-2016թթ տեղի ունեցած Հատուցման դեպքի համար՝ միանվագ գումար չի վճարվում, իսկ ամսական հավասար վճարները վճարվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար սահմանված չափերին հավասար չափով՝ 20 տարվա ընթացքում․

4.   1998-2016թթ տեղի ունեցած Հատուցման դեպքով շահառուների վերաբերյալ տեղեկությունները և դրանք համապատասխան մարմինների կողմից Հիմնադրամին ներկայացնելու կարգը և ժամկետները

5.   1998-2016թթ տեղի ունեցած Հատուցման դեպքով ամսական հավասար վճարների վճարման կարգը․

6.   հատուցման գումարների վճարումները կասեցման հիմքերը և ժամկետները․

7.   հատուցման գումարների վճարումները դադարեցնելու հիմքերը․

8.   հատուցման գումարների վճարման կարգի փոփոխություն՝ հատուցման գումարը Օրենքով սահմանված կարգով բաժանել շահառուների միջև և վճարվում է նրանցից յուրաքանչյուրին առանձին՝ խուսափելով ընտանեկան տարաձայնություններին միջամտելու անհրաժաշտությունից․

9.   նոր շահառուի ի հայտ գալու դեպքում վճարվելիք հատուցման գումարի չափը որոշելու կարգը (հատուցման գումարը բաժանվում է շահառուների՝ նոր թվի վրա, իսկ նախորդ ժամանակահատվածում վճարված հատուցման գումարների վերահաշվարկ չի կատարվում)․

10. որ, անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող շահառուի հատուցման գումարը վճարվում է շահառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին։

Բացի դրանից, Նախագծով առաջարկվում է ուժը կորցած ճանաչել Օրենքի 4-րդ հոդվածի՝

1)      3-րդ մասի 3-րդ կետը, քանի որ համապատասխան հարաբերությունները  կարգավորվում են «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքով

2)      5-րդ մասի 2-րդ կետը, քանի որ այդ կետով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորությունը բովանդակային առումով ներառված է նախագիծ։

Պայմանավորված Նախագծի կարգավորման առարկայով՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել անցումային դրույթներ՝ Օրենքի գործողությունը 1998-2016թթ տեղի ունեցած հատուցման դեպքերի վրա տարածելու առանձնահատկություններից ելնելով։

Նախագիծը մշակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի, Պաշտպանության նախարարության մասնագետների աջակցությամբ։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվի ու կընդլայնվի Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները, կբարելավվի շահառուներին պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետությունը:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ կետից՝ Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները:

 

5. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա կամ նվազի, իսկ ծախսերը կնվազեն՝ Հիմնադրամի միջոցների հաշվին վճարվելիք զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների հաշվին։ Ըստ Հիմնադրամի գնահատականների (կատարված են մինչև 01.04.2026 զինվորական կենսաթոշակների բարձրացումը)՝ պետական բյուջեի տարեկան ծախսը կնվազի շուրջ 1.1 մլրդ դրամով։

  • Duration

    20.04.2026 06.05.2026
  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 383

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: