ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2026 թ. № --------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
«
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման |
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ:
3. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը և սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում քաղաքացու գործունեությունը հաստատող, ինչպես նաև գիտական կամ գիտատեխնիկական արդյունքներ պարունակող (նկարագրող) փաստաթղթերը: Սույն կետով նախատեսված համապատասխան ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման, և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը վերադարձնելու հիմքը:
4. Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար տարկետում ստացած քաղաքացիները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները:
5. Մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եզրակացություն է կազմում ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Քաղաքացին կարող է եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:
7. Սույն կարգի համաձայն դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
2. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ սույն կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:
9. Բակալավրի (այդ թվում ինտեգրացված)՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության մինչև մեկ տարի ժամկետով նախապատրաստական (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝
1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝
ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,
բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,
գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,
դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,
ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,
զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,
է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,
ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից,
թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,
ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,
ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,
ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,
2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:
10. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով «Վեբ օֆ նոլիջ (Web of Knowledge)» կամ «Սկոպուս (Scopus)» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում առնվազն մեկ (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու հանգամանքը:
11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումների համար մագիստրատուրայի կրթական ծրագրով տարկետում ստացած լինելու դեպքում նույն նշանակալի նվաճումները չեն կարող հիմք հանդիսանալ քաղաքացուն ասպիրանտուրայի կրթական ծրագրով տարկետում տալու համար:
12. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրի ուսումնառության ժամկետով: Ուսումնական հաստատությունը և ուսումնառության ժամկետն ամրագրվում են քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն կարգի 19-րդ կետով սահմանված տեղեկատվությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստանալուց հետո, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
13. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:
14. Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 13-րդ կետով նախատեսված փաստաթուղթը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը հոկտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները, որի հիման վրա մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:
15. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ:
16. Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած այն քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանությունը կամ որոնց՝ օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին իրականացվում է հայտարարված զորակոչի ընթացքում, պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ժամանակ:
17. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած ու տարկետման ժամկետի ավարտից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները կարող են մասնակցել զինված ուժերի գիտական ստորաբաժանման համալրման մրցույթին և այլ հավասար պայմանների ապահովման դեպքում՝ օգտվել այդ ստորաբաժանումում ծառայության նշանակվելու նախապատվության իրավունքից:
18. Սույն կարգի համաձայն համապատասխան կրթական ծրագրով քաղաքացուն տրված տարկետման ժամկետը կարող է երկարաձգվել` համաճարակով կամ այլ արտակարգ իրավիճակով (տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքեր) պայմանավորված քաղաքացու ուսումնառության ավարտի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացու դիմումում նախապես նշված ժամկետի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու որոշման մեջ նշված ուսումնառության ժամկետը չի համապատասխանում քաղաքացու փաստացի ուսումնառության ժամկետին կամ քաղաքացու առողջական վիճակով պայմանավորված սահմանված ժամկետում ուսումնական հաստատությունը չավարտելու դեպքում՝ բժշկական հաստատության (բժշկի) և ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքների համադրության արդյունքում: Տրված տարկետման ժամկետի սույն կետի համաձայն երկարացումը ձևակերպում է համապատասխան զինվորական կոմիսարիատը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարկետումը երկարացնելու վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա: Սույն կետով քաղաքացիների տարկետման ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:
19. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված՝ քաղաքացու նշանակալի նվաճումները գնահատվում են նաև դիմորդի կամ առանց դիմորդի կարգավիճակի։ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ սահմանվում է նաև, որ սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած քաղաքացին ամառային զորակոչի ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ձմեռային զորակոչի ժամանակ՝ մինչև մարտի 1-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք։ Համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքն ուսումնասիրվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացվում Պաշտպանության նախարարություն՝ քաղաքացիների համապատասխան ուսումնական հաստատությունում ուսումնառության և դրա ժամկետների վերաբերյալ, կամ տեղեկատվություն քաղաքացիների կողմից համապատասխան տեղեկանքները չներկայացվելու մասին: Սույն կետով սահմանված ժամկետներում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան տեղեկանքները չներկայացնելու դեպքում քաղաքացին համարվում է տարկետման իրավունք չունեցող, իսկ նրան տրված տարկետումը համարվում է դադարեցված և նա չի կարող նույն հիմքով հաջորդ զորակոչին հավակնել տարկետման իրավունքի:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ` Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Duration
10.04.2026 26.04.2026 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 257
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.