ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվական մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշմամբ այսուհետ՝ Որոշում սահմանված է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև՝ վարորդական վկայական ստանալու գործընթացի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, գործող կարգավորման մի շարք դրույթներում դեռևս օգտագործվում է «ոստիկանություն» ձևակերպումը, մինչդեռ պետական կառավարման համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում ոստիկանությանը վերապահված մի շարք գործառույթներ փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։ Բացի այդ, տեսական քննությունների կազմակերպման մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ, որ հարցաշարերը պետք է վերաբերվեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչը գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է «ոստիկանություն» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարություն» բառերով՝ պայմանավորված պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններով, որոնց արդյունքում համապատասխան գործառույթները վերապահվել են Ներքին գործերի նախարարությանը, Որոշմամբ սահմանված N 1 հավելվածը լրացնել նոր 17.1-ին կետով, որով հստակ սահմանվում է, որ տեսական քննության թեստերում ընդգրկվում են բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչը կնպաստի քննության նպատակային բնույթի ապահովմանը։ Բացի այդ, առաջարկվում է տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը փոխարինել երկու տարի ժամկետով, ինչը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է վարորդական վկայականի պահպանման ժամկետի հաշվարկման հիմքում դնել բացառապես տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկման ժամկետի լրանալու օրը՝ հանելով «օրենքով սահմանված կարգով կրճատվելու» ձևակերպումը՝ հաշվի առնելով վերջինիս օրենսդրական հիմքի բացակայությունը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20‑ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետից (տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաև վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացի լավարկում)։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունումը կնպաստի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետության բարձրացմանը, քննությունների անցկացման պայմանների ավելի արդար ու ճկուն կազմակերպմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը և իրավական հստակության ապահովմանը, ինչպես նաև իրավական ակտը կհամապատասխանեցվի պետական կառավարման համակարգի կառուցվածքին։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Duration
09.04.2026 24.04.2026 -
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 187
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.