Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.      Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգի, որակավորման չափանիշների և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության ընդունման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մարտի 5-ին հաստատված ՀՕ-58-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը (6) հաստատել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը), ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի մայիսի 26-ի «Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 442-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը:

 

2.     Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Երիտասարդական աշխատանքը պետական երիտասարդական քաղաքականության առանցքային գործիքներից մեկն է, որն ուղղված է երիտասարդների անձնական, սոցիալական, քաղաքացիական զարգացմանը՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության, մասնակցության և սոցիալական ներգրավման մեխանիզմների միջոցով։ Միջազգային ու տեղական քաղաքական շրջանակներում այն դիտարկվում է որպես հանրային քաղաքականության ինքնուրույն ուղղություն, որը լրացնում է կրթական, սոցիալական և մշակութային համակարգերը։ Միջազգային ու տեղական փորձը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքը դիտարկվում է ոչ թե որպես միջոցառումների կամ ծրագրերի համախումբ, այլ որպես երիտասարդների զարգացմանն ուղղված համակարգված միջամտություն՝ հիմնված արժեքների, մասնագիտական մոտեցումների և որակի ապահովման վրա։

Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանք իրականացնող դերակատարները բազմազան են։ Երիտասարդական աշխատանք հիմնականում իրականացնում են երիտասարդական կազմակերպությունները, որոնք ազդեցություն ունեն ինչպես համայնքային, այնպես էլ ազգային մակարդակում: Երիտասարդական աշխատանք իրականացնում են նաև պետության, համայնքի կամ մասնավոր հատվածի կողմից կամ երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծված երիտասարդական միջավայրերում: Երիտասարդական աշխատանքի դերակատար են նաև  անկախ երիտասարդական շարժումները, ինչպես նաև բուհական կառույցների շրջանակում գործող մարմիններն ու անձինք։ Սակայն երիտասարդական աշխատողի պատրաստման և վերապատրաստման գործընթացը ներկայումս իրականացվում է մասնատված ձևով և չունի միասնական կարգավորում։

Այս համատեքստում կարևոր է նշել, որ 2021 թվականից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» պետական դրամաշնորհային մրցույթներ։ Արդյունքում՝ պետություն, համայնք և ոչ պետական կազմակերպությունների եռակողմ համագործակցությամբ ՀՀ տարբեր մարզերում ստեղծվել են երիտասարդական միջավայրեր (կենտրոններ ու տարածքներ)։ Միջավայրերի գործունեությանն աջակցելու նպատակով 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույց», որը նպաստում, սակայն իր բնույթով չի կարգավորում երիտասարդական աշխատանքի իրականացումը։

Հայաստանում երիտասարդական աշխատանքի գաղափարը սկզբնական շրջանում հիմնականում իրականացվում էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կառույցների միջոցով։ Պետական մակարդակում երիտասարդական քաղաքականությունը զարգանում էր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով, սակայն դեռևս երիտասարդական աշխատողի ինստիտուտը ամբողջությամբ ձևավորված չէր։

Այս փուլում պետությունը հիմնականում՝

·         աջակցում էր երիտասարդական կազմակերպություններին,

·         իրականացնում էր երիտասարդական ծրագրեր և դրամաշնորհներ,

·         համագործակցում էր միջազգային կառույցների (ԵՄ, ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ և այլն) հետ։

Երիտասարդական աշխատանքի զարգացման կարևոր փուլը սկսվեց 2015 թվականից, երբ պետական քաղաքականության շրջանակում պաշտոնապես ներդրվեց «երիտասարդական աշխատող» հասկացությունը։

·         Այն ներառվեց Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում (2015-2025)։

·         Երիտասարդական աշխատողը սահմանվեց որպես անձ, որը աշխատում է երիտասարդների հետ՝ նպաստելով նրանց անձնական, սոցիալական և կրթական զարգացմանը, ինչպես նաև ծրագրերի մշակմանը և իրականացմանը։

Նույն ժամանակաշրջանում իրականացվեցին մի շարք կարևոր քայլեր

·         ձևավորվեց երիտասարդական աշխատողների ինստիտուտը,

·         մշակվեցին երիտասարդական աշխատանքի կարգավորումներ և մեթոդական հիմքեր,

·         սկսեցին իրականացվել երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրեր։

Վերջին տարիներին պետությունը սկսել է ավելի համակարգված մոտենալ երիտասարդական աշխատանքի զարգացմանը։

Կարևոր ուղղություններն են՝

1. Մասնագիտական կարողությունների զարգացում.
պետության և միջազգային գործընկերների համագործակցությամբ իրականացվում են երիտասարդական աշխատողների վերապատրաստումներ։ Օրինակ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերով վերապատրաստվել են երիտասարդական աշխատողներ տարբեր համայնքներից։

2.    Երիտասարդական միջավայրերի զարգացում.
Հայաստանում ձևավորվում
են երիտասարդական կենտրոններ և համայնքային երիտասարդական միջավայրեր, որոնք ապահովում են

ü  ոչ ֆորմալ կրթություն,

ü  համայնքային մասնակցություն,

ü  երիտասարդների սոցիալական և անձնական զարգացման հնարավորություններ։

3.    Քաղաքացիական հասարակության մասնակցություն.
պետությունը ակտիվ համագործակցում է երիտասարդական կազմակերպությունների հետ՝

ü  դրամաշնորհային ծրագրերի,

ü  քաղաքականության մշակման,

ü  համայնքային նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։

Վերջին տարիներին կարևոր քայլ է եղել երիտասարդության ոլորտի նոր օրենսդրության ընդունումը։

Նոր մոտեցումների շրջանակում նախատեսվում է՝

ü  յուրաքանչյուր համայնքում երիտասարդական կենտրոնների ստեղծում,

ü  երիտասարդական աշխատանքի իրականացում համայնքային մակարդակում,

ü  երիտասարդական աշխատողի դերակատարության ամրապնդում։

Պետությունը նաև աշխատում է երիտասարդական աշխատողների մասնագիտական չափանիշների և կարողունակությունների մշակման վրա, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների գործունեության միասնական մոդելի ստեղծման վրա:

Այսօր Հայաստանում երիտասարդական աշխատանքը գտնվում է կայացման և համակարգային զարգացման փուլում։

Այն բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով

ü  ձևավորվում է մասնագիտական երիտասարդական աշխատողի ինստիտուտ,

ü  զարգանում են համայնքային երիտասարդական կենտրոնները,

ü  ակտիվ է պետություն–համայնք–քաղաքացիական հասարակության կազմակերպություններ-միջազգային կազմակերպություններ համագործակցությունը,

ü  մեծ ուշադրություն է դարձվում ոչ ֆորմալ կրթությանը և երիտասարդների մասնակցությանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանքի զարգացման գործընթացը վերջին տարիներին ստացել է նոր քաղաքական և իրավական դինամիկա։ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ էլ ավելի է կարևորվել երիտասարդական աշխատանքի՝ որպես պետական երիտասարդական քաղաքականության առանցքային ուղղության, դերը։ Սա հիմք է ստեղծում ոլորտի ինստիտուցիոնալացման, որակի բարձրացման և մասնագիտական կարգավորումների համար։ Միաժամանակ, գործող պրակտիկաները ցույց են տալիս, որ ոլորտը դեռևս գտնվում է ձևավորման փուլում և բախվում է համակարգային մի շարք սահմանափակումների։ Իրավական ճանաչումը դեռևս լիարժեք չի վերածվել համակարգված քաղաքական և գործառնական լուծումների։

Այս համատեքստում հատկապես կարևոր է երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման համակարգի ձևավորումը, քանի որ հենց մարդկային ռեսուրսն է ապահովում քաղաքականության իրականացման որակը և կայունությունը։ Առանց հստակ ձևակերպված կարողունակությունների, որակի չափորոշիչների և շարունակական զարգացման հնարավորությունների՝ երիտասարդական աշխատանքի ներուժը մնում է թերի իրացված։

Երիտասարդական աշխատանքի իրականացման ներկա վիճակի, առկա խնդիրների ու հնարավորությունների վերբերյալ փաստական, գիտելիքահեն տվյալների հավաքագրման նպատակով 2025 թվականի հոկտեմբերից դեկտեմբերին՝ Հայաստանի երիտասարդության ոլորտի մի շարք դերակատարների մասնակցությամբ, իրականացվել է միջազգային և հայաստանյան փորձի ուսումնասիրություն։

Ուսումնասիրվել է շուրջ 12 երկրի՝ Ավստրիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մալթայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ուկրաինայի, Սերբիայի ու Ֆինլանդիայի երիտասարդական աշխատանքի գործնական մոդելները ու առկա համակարգերը։ Տվյալները համակարգվել և վերլուծվել են հետևյալ հիմնական թեմատիկ ուղղություններով՝ ա) երիտասարդական աշխատանքի սահմանումներ և արժեքային հիմքեր, բ) երիտասարդական աշխատողի ինստիտուտ, գ) որակի ապահովման և մշտադիտարկման մեխանիզմներ, դ) երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման համակարգեր։

Զուգահեռ, Հայաստանյան փորձի ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են երիտասարդական աշխատանքի տարբեր ձևաչափերում գործունեություն իրականացնող կառույցներ՝ ա) երիտասարդական կենտրոններ, բ) երիտասարդական տարածքներ, գ) քաղաքացիական հասարակության կառույցներ և շարժումներ, որոնք իրականացնում են երիտասարդական ծրագրեր, դ) բուհերի կարիերայի կենտրոններ, ուսանողական խորհուրդներ։ Վերլուծվել է 39 լրացված հարցաթերթ, որոնք ներկայացնում են Հայաստանում երիտասարդական աշխատանքի կազմակերպչական և իրականացման բազմազանությունը։ Հավաքագրվել են տվյալներ երիտասարդական աշխատանքի արժեքային հիմքերի, թիրախային խմբերի, իրականացման ձևերի, աշխատողների դերերի, որակի ապահովման և վերապատրաստման պրակտիկաների վերաբերյալ։

Համաձայն ուսումնասիրության՝ երիտասարդական աշխատանքի ընկալումները և արժեքային հիմքերը հետևյալն են. միջազգային փորձը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքը դիտարկվում է որպես հանրային ծառայության առանձնացված ձև, որը նպաստում է ոչ միայն անհատի զարգացմանը, այլ նաև սոցիալական համերաշխությանը, համայնքային կապերի ամրապնդմանը և ժողովրդավարական մասնակցությանը։ Այս մոտեցումը թույլ է տալիս երիտասարդական աշխատանքը կապել հանրային քաղաքականության լայն նպատակների հետ։ Հայաստանյան փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքը հիմնականում ընկալվում է որպես ոչ ֆորմալ կրթության, ծրագրային գործունեության և երիտասարդների ներգրավման գործընթաց։ Արժեքային սկզբունքները՝ երիտասարդակենտրոնություն, մասնակցայնություն, ներառականություն և կամավորություն, առավելապես արտահայտվում են գործնական մակարդակում և հազվադեպ են համակարգված կամ ամրագրված փաստաթղթերում։

Թիրախային խմբերի և միջամտությունների համակարգայնության պատկերը հետևյալն է. միջազգային փորձը ցույց է տալիս ավելի համակարգային մոտեցում, որտեղ երիտասարդական աշխատանքը դիտարկվում է ոչ միայն երիտասարդների, այլ նաև նրանց միջավայրի հետ աշխատելու համատեքստում՝ ներառելով համայնքները, կրթական և սոցիալական դերակատարներին։ Հայաստանում երիտասարդական աշխատանքի հիմնական թիրախը երիտասարդներն են՝ տարբեր տարիքային (13-35) և սոցիալական խմբերում։ Միևնույն ժամանակ, թիրախավորումը հաճախ իրականացվում է կազմակերպությունների ներքին առաջնահերթությունների հիման վրա և չունի միասնական քաղաքական ուղղորդում։ Ծրագրերն ապահովում են ճկունություն և հասանելիություն, սակայն դրանց ազդեցությունը հաճախ սահմանափակվում է ծրագրային ժամանակահատվածներով՝ չապահովելով շարունակականություն ու կայունություն։

Երիտասարդական աշխատանքի իրականացման հիմնական ձևաչափերը հետևյալն են. միջազգային փորձը ցույց է տալիս ձևաչափերի բազմազանություն և ճկունություն, ինչը դիտարկվում է որպես երիտասարդների հասանելիության և ներառականության ապահովման հիմնական գործիք։ Հայաստանյան պրակտիկաներում գերակշռում են կենտրոնահեն և առանձին միջոցառումների ձևաչափերը։ Փողոցային, շրջիկ և թվային երիտասարդական աշխատանքի ձևաչափերը առկա են սահմանափակ չափով։

Երիտասարդական աշխատողի ինստիտուտը ներկայանում է հետևյալ կերպ. միջազգային փորձը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատողի ինստիտուցիոնալացումը հիմնված է դերերի տարբերակման, մասնագիտական կարողունակությունների և շարունակական զարգացման համակարգերի վրա։ Հայաստանում երիտասարդական աշխատողը՝ որպես սուբյեկտ, սահմանված է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով (2025 թ.), սակայն երիտասարդական կազմակերպություններում նրանց դերն ու կարգավիճակը, հաճախ, հստակ սահմանված չէ։ Գործունեությունը հաճախ իրականացվում է կամավորների կամ ծրագրային աշխատողների կողմից՝ առանց միասնական կարողունակությունների շրջանակի և պաշտոնական ճանաչման մեխանիզմների։ Համալսարանական միջավայրում երիտասարդական աշխատանքին բնորոշ գործառույթներ իրականացնող դերակատարներն այդ միջավայրում չեն դիտարկվում որպես երիտասարդական աշխատողներ։

Որակի ապահովման և վերապատրաստման համակարգերի պատկերը հետևյալն է. Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքի որակի ապահովումը և երիտասարդական աշխատողի վերապատրաստումը դիտարկվում են որպես փոխկապակցված համակարգեր, որոնք ուղղված են երիտասարդական աշխատանքի զարգացմանն ու բարելավմանը, այլ ոչ միայն վերահսկողությանը։ Հայաստանում որակի ապահովման մեխանիզմները հիմնականում անկանոն են և սահմանափակվում են հաշվետվողականության ձևական գործիքներով։ Առկա է երիտասարդական աշխատողի վերապատրաստման պետական ծրագիր, որին ամեն տարի մասնակցում է ոլորտային շուրջ 25 դերակատար։ Սակայն սա թե՛ բովանդակային, թե՛ քանակական իմաստով բավարար չէ։ Իրենց հերթին, երիտասարդական կազմակերպությունների վերապատրաստման նախաձեռնությունները մասնատված են, և այս ամենը չի ձևավորում միասնական, շարունակական համակարգ։

Ամբողջության մեջ, միջազգային փորձի վերլուծությունը բացահայտում է մի շարք ընդհանուր օրինաչափություններ, որոնք ցույց են տալիս, որ երիտասարդական աշխատանքի արդյունավետ համակարգերը հիմնված են հետևյալի վրա՝

1)     Վերապատրաստման համակարգերը կառուցվում են մի քանի մակարդակների մոդելով,

2)    Որակի ապահովումը ներառում է ինքնագնահատում և արտաքին գնահատում,

3)    Վերապատրաստման արդյունքները ճանաչվում են վկայականների և պորտֆոլիոների միջոցով,

4)    Մասնագիտականացումը դիտարկվում է որպես շարունակական գործընթաց։

Այս մոտեցումները կարող են ադապտացվել Հայաստանի պայմաններին՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման ներկա փուլը և դերակատարների բազմազանությունը։

Ի համեմատություն սրա Հայաստանում առկա են հետևյալ հիմնական խնդիրները՝

1)     Բացակայում է երիտասարդական աշխատողի կարողունակությունների միասնական շրջանակը։

2)    Վերապատրաստման պետական ծրագիրը չունի ըստ բարդության մակարդակային կառուցվածք կամ նեղ թեմաներով խորացված ուսուցման հնարավորություն։

3)    Սահմանափակ են վերապատրաստման արդյունքների պաշտոնական և գործնական ճանաչման մեխանիզմները։

4)    Բացակայում են երիտասարդական աշխատանքի որակի ապահովման հստակ չափորոշիչները։

5)    Վերապատրաստման մատակարարների գործունեությունը չունի միասնական նվազագույն պահանջներ։

Առկա իրավիճակը խոչընդոտում է Հայաստանում երիտասարդական աշխատանքի կայուն և կանխատեսելի զարգացմանը և մասնագիտական համակարգի ձևավորմանը։

 

 

3.     Ակնկալվող արդյունքները

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման միասնական կարգավորում, բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը և արդյունավետությունը, ապահովել ոլորտում մասնագիտական կարողունակությունների համադրելիություն և ճանաչելիություն, ամրապնդել պետական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմները։

Նախագծի ընդունումը անհրաժեշտ և հիմնավորված քայլ է երիտասարդական աշխատողների վերապատրաստման, որակավորման և մեթոդաբանական կարգավորման միասնական համակարգի ձևավորման համար և ուղղված է պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման ապահովմանը։

 

4.     Ֆինանսական ազդեցությունը

Իրավական ակտի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չի առաջացնում։ Իրավական ակտից բխող միջոցառումների ֆինանսավորումը կիրականացվի գործող ծրագրերի և սահմանված բյուջետային հատկացումների շրջանակում։

 



[1] ՀՀ ԿԳՄՍ նախարարի 02.09.2025 թվականի N 2048-Ա/2 հրամանը ՀՀ ԿԳՄՍ նախախարի 30.12.2022 թվականի «Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցը հաստատելու մասին» N 2505-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին, https://escs.am/am/news/15476

[2] Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն) որոշում https://www.arlis.am/hy/acts/96116

[3] ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2022 թվականի N 2496-Ա/2 հրաման, https://escs.am/files/files/2024-06-21/c971d455dc7095b6a0ce82627a3f7e27.pdf

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2022 թվականի N 2502-Ա/2 հրաման, https://escs.am/am/news/15533

 

  • Duration

    31.03.2026 15.04.2026
  • Type

    Order Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 356

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: