Քննարկվել է 04.06.2021 - 20.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով լիարժեք կարգավորվում են ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման իրավահարաբերությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, բացի առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերի, նախատեսում է նաև միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպում, իսկ ներկայիս Օրենսգիրքը չի կարգավորում նման դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցում, ուստի նպատակահարմար է Օրենսգրքով նախատեսել այդ դեպքերում լիազոր մարմնին տեղեկացնելու պահանջ։ Ուստի առաջարկվում է Օրենսգրքի 22-րդ հոդվածը լրացնել 1․2․ մասով հետևյալ խմբագրությամբ՝ «Ընդերքօգտագործման իրավունքը միաձուլման, միացման կամ վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում իրավահաջորդության կարգով փոխանցելիս՝ անձը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով փոխանցման ակտը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համապատասխան քաղվածքը՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապաստախան փոփոխություններ կատարելու նպատակով:»։ Նախագծով նախատեսվում են նաև լրացումներ կատարել Օրենսգրքի 25-րդ հոդվածում հետևյալ հիմնավորմամբ․ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարվել էր ռազմական դրություն։ Որևէ մեկը չէր կարող կանխատեսել կորոնավիրուսի պանդեմիայի առաջացումը, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիան և պատերազմը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ: Պանդեմիայի և պատերազմի հետևանքով պետությունը հայտնվեց այնպիսի անկանխատեսելի իրավիճակներում, որոնց լուծումը օրենսդիրը չէր կանխատեսել: Այսպես, Ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարման հիմք նախատեսված չէ անհաղթահարելի ուժը կամ որևէ հիմք, որով հնարավոր կլինի հայտարարված արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում պարտավորությունների կատարումից ազատել և հանգամանքների առաջացման ողջ ժամկետով երկարաձգել այդ պարտավորությունների կատարումը: Միևնույն ժամանակ, պարտավորությունների իրականացման ժամկետները հստակ են, երբեմն՝ սեղմ, իսկ դրանց չպահպանումը հանգեցնում է բացասական հետևանքների, ընդհուպ` ֆիկցիայի ուժով վարչական ակտի ընդունման: Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված կարող են ծագել պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ: Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր ընդհանուր զորահավաք, գործողության մեջ էր դրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը, ապահովվել էր «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության: Արտակարգ դրություն և ռազմական դրություն հայտարարված լինելու պայմաններում առաջացած հանգամանքների հիմքով, այդ հանգամանքների ժամկետով պարտավորությունների կատարման հետաձգումը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որն էլ անհրաժեշտ է ամրագրել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում։ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ, 63-րդ հոդվածի 10-րդ մասերում սահմանված է «կանխատեսումային պաշարներ» եզրույթը, որը նախագծով փոխարինվում է «կանխատեսումային ռեսուրսներ» եզրույթով, հաշվի առնելով, որ օգտակար հանածոյի պաշարները, դրանք օգտակար հանածոյի կուտակումներն են, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են, իսկ կանխատեսումային ռեսուրսները՝ օգտակար հանածոյի առկայությունն է, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն: 0 0 0 6309