Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 24.10.2019 - 08.11.2019 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով: ՀՀ Սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ նույն հոդվածի դրույթների համաձայն, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածով նախատեսված է, որ ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավասությունները և դրանք ամրագրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում: 26 31 1 2684