Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 22.08.2023 - 06.09.2023

««ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվել է՝ 1) Հանրային խորհրդի շրանակներում գործող Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականը ներառյալ տեղի ունեցած` դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը, որը պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` անձանց իրավունքների և արժանապատվության հարգում և պաշտպանություն, անկախություն, օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, ֆինանսական ինքնուրույնություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն.  2) Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների շրջանակը և լիազորությունները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝ ա. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, բ. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,  գ. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,  դ. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ,  ե. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, զ. վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու: Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից ստանալ տեղեկություններ, կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում պահանջել և ստանալ դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել և ստանալ դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել անցկացնելու հետազոտություններ և տրամադրել եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ: 3) Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը և կառուցվածքը, անդամներին ներկայացվող պահանջները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ, իսկ նրա անդամները ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից.  4) Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման և գործունեության կարգը, նախատեսվում է իրականացնել նիստերի միջոցով. 5) Փաստահավաք հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման և հրապարակման կարգը, մասնավորապես` Նախագծով նախատեսվում է, որ  Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և  Փաստահավաք հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի հատսատումից հետո  ներկայացվելու է Կառավարություն և Ազգային ժողովի խմբակցություններին: 6) Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովման անհրաժեշտությունից բխող կարգավորումներ են սահմանվել հարակից օրենքում:
0 2045

Обсуждалось 06.04.2020 - 21.04.2020

«Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Հանրային խորհուրդը՝ ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի, Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է: Սակայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համատեքստի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի ուսումնասիրության, ինչպես նաև Քարտուղարության գործառույթների համադրման արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ Քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները։ Միաժամանակ, հարկ է նշել, որ Քարտուղարությունը կողմից իրականացվող գործառույթները առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանն առնչվող գործառույթներին և իրավասություններին: Մասնավորապես, իրականացնել տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ: Ուստի, առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-մասով սահմանված քարտուղարության կարգավիճակում, մասնավորապես սահմանել, որ քարտուղարությունը այսուհետ  վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:
0 5156

Проект принят

Обсуждалось 26.12.2017 - 15.01.2018

«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները. սահմանվել են Հանրային խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը. նախատեսվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող պահանջները. սահմանվել է, որ Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցման և դադարման հիմքերի հետ կապված հարցերը. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
2 8606

Проект принят

Обсуждалось 19.10.2017 - 04.11.2017

«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով` ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության սկզբունքները, նպատակները և խնդիրները. սահմանվել են Հանրային խորհրդի կազմը, կազմավորման և գործունեության կարգը. ամրագրվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող, ինչպես նաև անհամատեղելիության պահանջները. նախատեսվել է Հանրային խորհրդում մշտական և ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի հետ կապված հարցերը. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:
15 8088