В стадии разработки
«ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշում
-
8 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ 2019 թվականի N__ -Ն
ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին առաջնային օժանդակություն ցուցաբերելու նպատակով, հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, 153-րդ հոդվածի 3-րդ մասը և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի 65-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հավելվածի 6.7-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակացության պետական ծրագիրը»՝ համաձայն հավելված N 1-ի:
- Հաստատել ««Մեկ պատուհան» սկզբունքով խորհրդատվական և ուղղորդման ծառայության գործունեության կարգը և Հայաստանի Հանրապետություն հարկադիր վերադարձած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման կարգը»՝ համաձայն հավելված N 2-ի:
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության վերադարձող քաղաքացիների կաիրքների գնահատման հարցաթերթը»՝ համաձայն հավելված N 3-ի:
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկադիր վերադարձող քաղաքացիների խոցելի խմբերի վերաինտեգրման պլանը»՝ համաձայն հավելված N 4-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված N1 |
ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1.ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման ուղղությամբ առաջնային աջակցության պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով, ինչպես նաև ուղղորդում և խորհրդատվություն տրամադրել և՛ կամավոր, և՛ հարկադիր վերադարձածներին։
2.ԾՐԱԳՐԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ
Սույն ծրագրի թիրախային խումբը հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներն են, այդ թվում՝
ա/ հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները,
բ/ Եվրոպական երկրներից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այլ երկրներից արտաքսված և վտարված ՀՀ քաղաքացիները,
գ/ Ռուսաստանի Դաշնությունից դատական կարգով արտաքսված կամ վտարված ՀՀ քաղաքացիները:
Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու հարցում առաջնահերթություն է տրվելու․
- բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխաներ ունեցող),
- տարեցներին (65 տարին լրացած),
- հաշմանդամություն ունեցող անձանց,
- առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։
Ծրագրի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը երեք ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով։
3.ԿԱՐԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂԻՆԵՐԸ
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, Հայաստան վերադարձող միգրանտների վերաինտեգրման գործընթացում առաջանում են մի շարք հիմնախնդիրներ` իրազեկման, զբաղվածության, բնակարանային, սոցիալ-տնտեսական ապահովության, հոգեբանական, կրթա-մշակութային և այլն:
Թվարկված բոլոր հիմնախնդիրների լուծումներն իրար հետ սերտ փոխկապակցված են և դրանց լուծումներից է կախված վերադարձողների՝ հայրենիքում վերահաստատման հաջող գործընթացը:
Ծրագրի առաջնային խնդիրներից է վերոնշյալ հիմնախնդիրների շարքում առանձնացնել առաջին անհրաժեշտության և հրատապության կարիքների այն շրջանակը, որոնց առնչությամբ վերադարձողները կարող են ակնկալել պետության աջակցությունը, և որոնց լուծման ուղղությամբ պետությունը կարող է ձեռնարկել որոշակի քայլեր:
Այդ նպատակով ոլորտում գործունեություն ծավալող պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ կազմակերպվել են վերադարձողների հիմնական կարիքների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված հանդիպումներ, քննարկումներ, ինչպես նաև ուսումնասիրվել են առկա հետազոտական տվյալները, որոնց արդյունքում առանձնացվել է վերադարձողների առաջին հրատապության խնդիրների շրջանակը։
Նշված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել միջոցառումներ՝ հետևյալ հիմնական ուղղություններով
- տեղեկատվական աջակցություն,
- ժամանակավոր կացարանով ապահովում,
- առողջապահական խնդիրների լուծման նպատակով վերադարձողների ուղղորդում,
- խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվելու, և խնամք ստանալու նպատակով ուղղորդում դեպի համապատասխան կազմակերպություններ։
1.Տեղեկատվական աջակցություն
Վերադարձած միգրանտների համար առաջնահերթ խնդիրներից մեկն էլ տեղեկատվության պակասն է, որը լուրջ խոչընդոտ է ծագման երկրում նրանց վերահաստատման համար: Վերադարձողները և հատկապես նրանք, ովքեր Հայաստանից բացակայել են տևական ժամանակ և կապ չեն ունեցել հայրենիքի հետ, շատ հաճախ Հայաստանի նկատմամբ ունեն բացասական և հոռետեսական ընկալում, երբեմն էլ նաև դրական, սակայն իրականությանը չհամապատասխանող պատկերացում: Քանի որ իրենց բացակայության ընթացքում շատ փոփոխություններ են եղել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ փոխվել է իրավական դաշտը, ձևավորվել են նոր ինստիտուտներ, ուստի Հայաստանում առկա իրավիճակի, օրենսդրական դաշտի, զբաղվածության և սեփական բիզնեսի/աշխատանքի կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ իրազեկման կարիք կա: Այդ բացը շատ հաճախ լրացնում են սոցիալական ցանցերը, բարեկամները և ընկերները, ծանոթները, ովքեր աջակցում են միգրանտներին` Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելով ինչպես նախքան նրանց վերադարձը, այնպես էլ վերադարձից հետո` Հայաստանում վերաինտեգրման գործընթացում: Մասնավորապես, սոցիալական կապիտալ հանդիսացող կապերը ընկերների, հարևանների հետ վերադարձած միգրանտների համար հանդես են գալիս որպես տեղեկատվական, հոգեբանական, երբեմն նաև ֆինանսական աջակցության կարևոր աղբյուր։ Սակայն, երկար տարիներ բացակայելով՝ նրանք հաճախ կորցնում են իրենց սոցիալական կապերը և նրանց համար լուրջ խնդիր է դառնում դրանց վերաակտիվացումը։ Ելնելով վերոհիշյալից՝ կիրականացվեն հետևյալ միջոցառումները․
1․1. Վերադարձած միգրանտների՝ իրենց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առկա մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացում հետևյալ ուղղություններով՝
- երկրի օրենսդրական դաշտի, պետական կառավարման համապատասխան հիմնարկների ու վերադարձողների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ կազմակերպությունների գործունեության,
- առողջապահական ծառայությունների, մասնավորապես՝ պետական պատվերով առողջապահական ծառայություններ տրամադրող հիվանդանոցների ցանկի և այդպիսի ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող սոցիալական խմբերի կողմից դրանցից օգտվելու մեխանիզմների,
- սոցիալական աջակցության ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների,
- կենսաթոշակային ապահովության համակարգի,
- պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և համաներման կարգի,
- անձնական իրերի տեղափոխման մաքսազերծման արտոնությունների,
- փաստաթղթային խնդիրների, մասնավորապես՝ անձնագրային և երկքաղաքացիության ձեռքբերման հետ կապված հարցերի և այլն:
1.2. ԶԼՄ-ների միջոցով լայն հասարակության համար նախատեսված տեղեկատվության տարածման միջոցառումներ ՝
- վիդեոռեպորտաժների ցուցադրում՝ ուղղված օրինական միգրացիայի առավելությունների, անօրինական միգրացիայի ռիսկերի և դրանից բխող հետևանքների, հանրության շրջանում միգրացիոն գործընթացների և առհասարակ եվրոպական երկրներում ապաստանի համակարգի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը,
- ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվության տարածում վերադարձից հետո հայրենիքում վերաինտեգրման հնարավորությունների, վերադարձի և վերաինտեգրման հետ առնչություններ ունեցող պետական և հասարակական կազմակերպությունների գործունեության և նրանց կողմից իրականացվող ծրագրերի մասին,
- Վերոնշյալ թեմաների շուրջ ԶԼՄ-ների, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող պետական կառույցների, միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից տեղեկատվական նյութերի պատրաստում, տպագրում, տարածում և պարբերաբար լրամշակում:
1.3. Մուտքի երկրների իրավասու մարմինների միջոցով տեղեկատվության տրամադրում տվյալ երկրում անօրինական կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներին։
- Մուտքի երկրների միգրացիոն կառույցների, ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տվյալ երկրում անօրինական կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներին տվյալ երկրի միգրացիոն օրենսդրության, օրինական կացության, ինչպես նաև անօրինական միգրացիայի հետևանքների վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկատվության տրամադրում գրքույկների, տեղեկագրերի, թերթոնների և տպագիր այլ նյութերի միջոցով:
1. ժամանակավոր կացարանով ապահովում
Որոշ ընտանիքներ նախքան մեկնելը վաճառում են իրենց բնակարանները ճանապարհածախսը և այլ կարիքներ հոգալու նպատակով, ուստի վերադառնալով նրանք առաջնահերթ ունենում են կացարանի խնդիր: Սա մեծագույն խնդիր է հատկապես հարկադիր վերադարձածների շրջանում։
- Հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին բնակարաններ վարձակալելու համար տրամադրվելու է սուբսիդիա։ Սուբսիդավորումը՝ 60.000 դրամի[1] չափով և 6 ամիս տևողությամբ[2]։ Այդ նպատակով միգրացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում իրականացվող ծախսային ծրագրերի ցանկում կներառվի «ՀՀ վերադարձած անձանց համար վարձակալությամբ բնակարանների ձեռք բերման համար սուբսիդավորում» ծախսային ծրագիրը։
1.Բժշկական աջակցության տրամադրման նպատակով ուղղորդում
Արտերկրում բուժում ստացած, սակայն Հայաստան վերադարձած քաղաքացիների բժշկական աջակցության հարցը նույնպես շատ հրատապ է, քանի որ վերադարձողների այս խումբը վերադարձից հետո պետք է հայրենիքում շարունակի բուժման կուրսերը, մշտապես ստանա դեղորայք՝ երբեմն բավականին թանկարժեք, ինչը շատ հաճախ հնարավոր չի լինում ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում դեղորայքը չի կարող անդադար տրամադրվել շահառուին: Խնդիրն ավելի է բարդանում քրոնիկ, սուր վարակիչ և կյանքի համար վտանգավոր հիվանդությունների պարագայում, երբ նման հիվանդներին անհրաժեշտ է թե՛ շուրջօրյա խնամք, թե՛ դեղորայք: Նշված խմբերի անձանց համար ծրագիրը լրացուցիչ ֆինանսական կամ բժշկական սպասարկման/դեղորայքի տրամադրման հնարավորություն չի նախատեսում, նրանք կարող են իրենց բուժումը շարունակել կամ վճարովի հիմունքներով , կամ էլ օգտվել ՀՀ-ում առկա պետական պատվերի հնարավորություններից; Փոխարենը ծրագիրը նպատակ է դնում կազմակերպել նրանց պատշաճ ուղղորդումը դեպի այդ ծառայություններ, մասնավորապես՝ բժշկական աջակցության կարիք ունեցող վերադարձողներին թիրախավորելով ըստ հետևյալ խմբերի՝
- հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներ,
- ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդներ,
- տուբերկուլոզով հիվանդներ,
- դիալիզի կարիք ունեցողներ,
- քաղցկեղով հիվանդներ։
Ըստ այդմ՝ առողջության հրատապ խնդիրներ ունեցող վերադարձողների, ըստ իրենց կարիքների, դեպի համապատասխան առողջապահական հաստատություններ ուղղորդելու կամ տեղափոխելու ընթացակարգերը սահմանվել են «Մեկ պատուհան» սկզբունքով խորհրդատվական և ուղղորդման ծառայության գործունեության կարգում (Հավելված 1)։
1.Խոցելի խմբերին՝ դեպի համապատասխան հաստատություններ ուղղորդում
Շատ կարևոր են 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող, տարեց անձանց, առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ վերադարձից հետո իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորման և խնամքի կազմակերպման հարցերը. վերադառնում են հիվանդ, ծեր ու միայնակ տարեցներ, ովքեր կարիք ունեն ստանալու առաջին անհրաժեշտության աջակցություն: Այս պարագայում պետությունը պետք է լինի այն մարմինը, որը որոշակիորեն կստանձնի նման մարդկանց առաջին անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև նրանց հետագա խնամքի կազմակերպման հարցը։
Մասնավորապես՝
- Կկազմակերպվի առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օդանավակայանում և սահմանի այլ անցակետերում դիմավորելու, համապատասխան հաստատություններում տեղավորելու և նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը։
- Կկազմակերպվի 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տարեց անձանց (65 տարին լրացած) համապատասխան խնամքի կենտրոններում տեղավորման հարցերը։
Վերադարձողներին տեղեկատվական աջակցության տրամադրման և ուղղորդման նպատակով կստեղծվի «մեկ պատուհան» սկզբունքով գործող ծառայություն, որի իրականացնող մարմինները կլինեն․
- Երևանում՝ Միգրացիոն ծառայությունը,
- մարզերում՝ մարզպետարանները կամ համայնքապետարանները։[3]
Շահառուների ուղղորդումն ավելի արդյունավետ դարձնելու, հավաքված վիճակագրությունն արխիվացնելու նպատակով կներդրվեն նաև շահառուի ուղղորդման և արդյունքներին հետևելու արդյունավետ մեխանիզմներ:
4․ ԾԱԽՍԵՐԸ
Ծրագրի արժեքը կազմում է 13,680,000 ՀՀ դրամ, որը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի գումարների հաշվին։ Այն ներառում է միայն ժամանակավոր կացարանի տրամադրման համար անհրաժեշտ միջոցները, քանի որ աջակցության մյուս տեսակների համար՝ տեղեկատվական աջակցություն, առողջապահական խնդիրների լուծում, խոցելի խմբերին համապատասխան հաստատություններում տեղավորում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, դրանք տրամադրվելու են առկա հատկացումների կամ ծրագրերի շրջանակներում։
Ժամանակավոր կացարանի տրամադրման իրականացման ֆինանսական գնահատականը ներառում է հետևյալը՝
- Շահառուների ընտրություն – 0 դրամ
- Ժամանակավոր կացարանի տրամադրման իրականացման ապահովում -
ՀՀ-ում տարեկան միջին հաշվով հարկադիր վերադառնում են շուրջ 300 անձինք: Հարկադիր վերադարձողների մի մասը սովորաբար չեն ունենում կացարանի կարիք, որոշ մասն էլ նմանատիպ աջակցություն ստանում է վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում[4], իսկ մնացած մոտավորապես 38 ընտանիքների համար, որը կազմում է վերադարձողների շուրջ 10%-ը, բնակարանների վարձակալության սուբսիդավորման համար տարեկան անհրաժեշտ կլինի 13մլն 680 հզ ՀՀ դրամ (38×60.000×6):
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Պետական միջամտությամբ առաջնային աջակցության ծրագրի իրականացման աշխատանքներն իրագործվելու են պետական այն մարմինների, միջազգային և հասարակական այն կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ովքեր ներգրավված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում:
Սույն ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների մանրամասները շարադրված են «Մեկ պատուհան» խորհրդատվական և ուղղորդման ծառայության գործունեության կարգում ( Հավելված 1)։
Շահառուների ընտրության նպատակով մշակվել են կարիքների գնահատման չափանիշներ, որոնց միջոցով իրականացվելու է կարիքների գնահատում ՀՀ հարկադիր վերադարձած անձանց շրջանում: Շահառուների կարիքների գնահատումը իրականացվելու է կարիքների գնահատման հարցաթերթիկի միջոցով (Հավելված 2)։ Կարիքների գնահատումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության միգրացիայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
Կարիքների գնահատման հիման վրա կազմվելու է վերաինտեգրման պլանը (Հավելված 3), որում շարադրվելու են վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման միջոցառումները։
Հավելված N2 |
ԿԱՐԳ N 1
«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն կարգով սահմանվում է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունում ՀՀ վերադարձող քաղաքացիների համար «մեկ պատուհան» սկզբունքով խորհրդատվական և ուղղորդման ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) աշխատանքների կազմակերպման կարգը։
- Ծառայությունը նախատեսված է Հայաստան վերադարձող քաղաքացիների համար՝ անկախ իրենց հարկադիր կամ կամավոր վերադարձի հանգամանքից, ովքեր վերադառնալուց հետո Հայաստանում հաստատվելու աջակցություն, ինչպես նաև խորհրդատվություն ստանալու կարիք ունեն:
- Ծառայությանը կարող են դիմել իրավական և սոցիալական տարբեր հարցերի շուրջ խորհրդատվություն ստանալու կարիք ունեցող քաղաքացիները:
«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1.ԴԻՄԱՎՈՐՈՒՄ
- Ծառայության խորհրդատուները, անհրաժեշտության դեպքում, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են չարթերային չվերթներով վերադարձողներին։
- Ծառայության խորհրդատուները վերադարձողներին բաժանում են Հայաստանում վերաինտեգրման հնարավորությունների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված տեղեկատվական գրքույկներ, ուղեցույցներ և տպագիր այլ նյութեր:
- Ծառայության խորհրդատուները վերադարձողներին իրազեկում են Հայաստանում իրականացվող վերաինտեգրման բոլոր ծրագրերի, դրանք իրականացնող կազմակերպությունների, հատկացվող օգնության տեսակների մասին, տրամադրում են տեղեկատվություն վերադարձի և վերաինտեգրման հետ առնչություններ ունեցող պետական մարմինների մասին:
2.ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
- Ծառայության խորհրդատուները ընդունում են ՀՀ վերադարձած քաղաքացիներին այցելությունների միջոցով, պատասխանում են քաղաքացիների հեռախոսազանգերին և տրամադրում վերջիններիս կարիքներին համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվություն նաև էլեկտրոնային փոստի և ինտերնետ հաղորդակցության այլ միջոցներով:
- ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
- Ծառայության խորհրդատուները ՀՀ վերադարձող քաղաքացիներից հավաքագրում են վերջիններիս անձնական գործի կազմման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- Ըստ այդմ, Ծառայությանը դիմող ՀՀ վերադարձող քաղաքացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
- վերադարձի վկայական,
- Ռուսաստանի Դաշնությունից դատարանի կողմից արտաքսման վերաբերյալ որոշումները,
- լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում գտնվելու և Հայաստան վերադարձի ժամկետների մասին,
- առողջապահական կարիք ունեցող քաղաքացիների դեպքում՝ հիվանդության վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը։
- Հավաքված բոլոր փաստաթղթերը պատճենահանվում և կցվում են դիմողի անձնական գործին:
4.ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- Ծառայության խորհրդատուները Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման հարցաթերթի (տե՛ս Հավելված 2) միջոցով վարում են հարցազրույց՝ վեր հանելով շահառուների հիմնական կարիքները:
- Կարիքների գնահատման հարցաթերթում լրացվում են ընդհանուր տեղեկություններ՝ վերադարձողի անձնական տվյալների, վերադարձի ժամանակ առաջացած խնդիրների, փաստաթղթերի առկայության, եկամտի հիմնական աղբյուրների և չափերի, սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվածության, զբաղվածության, վերադարձողի հատուկ կարիքների, կացարանով ապահովվածության, առողջական խնդիրների, խնամքի հատուկ հաստատություններում տեղավորման և հարցաթերթում նշված այլ հարցերի վերաբերյալ:
5.ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- Ծառայության խորհրդատուները քաղաքացիներին տրամադրում են խորհրդատվություն տարբեր իրավական և սոցիալական հարցերի շուրջ:
- Խորհրդատվությունը տրամադրվում է ինչպես այցելությունների, այնպես էլ հեռախոսազանգերի, էլեկտրոնային հաղորդագրությունների և ինտերնետ հաղորդակցության այլ միջոցներով:
- ՈՒՂՂՈՐԴՈՒՄ
- Ծառայության խորհրդատուները, շահառուի կարիքներից ելնելով, վերջինիս ուղղորդում են համապատասխան կառույցներ և վերաինտեգրման ծրագրեր:
- ՀՀ հարկադիր վերադարձած այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված են «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրով» սահմանված թիրախային խմբում և ունեն առողջապահական հրատապ խնդիրներ, ըստ իրենց կարիքների ենթակա են համապատասխան առողջապահական հաստատություններում տեղավորման և բուժման, որն իրականացվելու է ուղղորդման գործուն մեխանիզմի միջոցով:
- Ծրագրով սահմանված հրատապ առողջապահական խնդիրներ ունեցողներն են՝
- հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներ,
- ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդներ,
- տուբերկուլոզով հիվանդներ,
- երիկամային անբավարարությամբ պացիենտներ,
- քաղցկեղով հիվանդներ։
- Անհրաժեշտության դեպքում, ՀՀ առողջապահության նախարարության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կազմակերպվում է օդանավակայանից համապատասխան բժշկական հաստատություն հիվանդին տեղափոխելու հարցը։
- ՀՀ ՏԿԵն միգրացիոն ծառայության աշխատակիցը (այսուհետ՝ Ծառայության աշխատակից) հիվանդին օդանավակայանում դիմավորելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությանը վերջինիս վերադարձից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ նախապես ուղարկված գրության միջոցով, որի մեջ նշվում է վերադարձի օրը, ամիսը, չվերթի համարը և հիվանդին առնչվող առկա տեղեկատվությունը։
- Ծառայության աշխատակիցը հարցազրույցի միջոցով կամ դիմողի ներկայության անհնարինության դեպքում ուղարկված փաստաթղթերի միջոցով վեր է հանում առողջապահական խնդիրներ ունեցող անձանց կարիքները, որոնց հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում և ուղարկում է պաշտոնական գրություն՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանը։ Դիմումին կից ներկայացվում են դիմողի անձնական գործը, ինչպես նաև նրա հիվանդության վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը։ Դիմողին բժշկական աջակցություն հատկացնելու վերաբերյալ պատասխան գրությունը 3-օրյա ժամկետում ստանալուց հետո անձը ուղղորդվում է համապատասխան բժշկական հաստատություն։
- 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող անձինք, տարեց անձինք (65 տարին լրացած), առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ըստ իրենց կարիքների ենթակա են համապատասխան հաստատություններում և խնամքի կենտրոններում տեղավորման, որն իրականացվելու է ուղղորդման գործուն մեխանիզմի միջոցով:
- Ծառայության աշխատակիցը հարցազրույցի միջոցով կամ դիմողի ներկայության անհնարինության դեպքում ուղարկված փաստաթղթերի միջոցով վեր է հանում խնամքի կենտրոններում և համապատասխան հաստատություններում տեղավորվելու խնդիր ունեցող անձանց կարիքները, որոնց հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում և ուղարկում է պաշտոնական գրություն՝ ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
- Դիմումին կից ներկայացվում են դիմողի անձնական գործը, ինչպես նաև նրա կարգավիճակը հավաստող առկա բոլոր փաստաթղթերը։
- Դիմողին համապատասխան հաստատությունում տեղավորելու վերաբերյալ պատասխան գրությունը 3-օրյա ժամկետում ստանալուց հետո անձը ուղղորդվում է համապատասխան հաստատություն։
- Անհրաժեշտության դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ոստիկանության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կազմակերպվում է օդանավակայանում առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին դիմավորելու, համապատասխան հաստատություններում տեղավորելու և նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը։
- Ծառայության աշխատակիցը առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օդանավակայանում դիմավորելու և նրանց հետագա խնամքը կազմակերպելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը վերջին(ներ)իս վերադարձից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ նախապես ուղարկված գրության միջոցով, որի մեջ նշվում է վերադարձի օրը, ամիսը, չվերթի համարը և վերադարձողին առնչվող առկա տեղեկատվությունը։
- ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
- Գրանցամատյանում (Ձև N 3) հաշվառված առողջապահական խնդիրներ ունեցող դիմողների առողջական վիճակի և բուժման ընթացքի մշտադիտարկման նպատակով Ծառայության աշխատակիցը պարբերաբար կապ է հաստատում հիվանդի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վերջինիս հարազատների կամ բժշկական հաստատության հետ։
- Առողջապահական խնդիրներ ունեցող դիմողների առողջական վիճակի և բուժման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ արդյունքները գրանցվում են գրանցամատյանում:
- Ծառայության աշխատակիցն իրականացնում է գրանցամատյանում (Ձև N 4) հաշվառված, խնամքի կենտրոններում և համապատասխան հաստատություններում տեղավորվելու կարիք ունեցող դիմողներին աջակցության տրամադրման գործընթացի մշտադիտարկում՝ պարբերաբար կապ հաստատելով վերոնշյալ կենտրոնների հետ։
- Վերոնշյալ կենտրոններում տեղավորվելու կարիք ունեցող դիմողներին աջակցության տրամադրման գործընթացի մշտադիտարկման վերաբերյալ արդյունքները գրանցվում են գրանցամատյանում:
- ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Ծառայության խորհրդատուները իրականացնում են համապատասխան կառույց/վերաինտեգրման ծրագիր ուղղորդված քաղաքացու վերաինտեգրման գործընթացի վերահսկում՝ վերջինիս հետ հետադարձ կապի ապահովման միջոցով: Վերահսկման արդյունքներն ամփոփվում են ՀՀ վերադարձող միգրանտների հաշվառման վերաբերյալ տվյալների բազայում:
- Ծառայության խորհրդատուները վերադարձող միգրանտների վերաբերյալ հավաքագրված տվյալները մուտքագրում են ՀՀ վերադարձող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ տվյալների բազա:
- Տվյալների բազան ներառում է տեղեկություններ վերադարձողի և նրա ընտանիքի անդամների անձնական տվյալների, կարիքների գնահատման հարցաթերթին կից ներկայացված փաստաթղթերի, ընդունող երկրի, վերադարձի տեսակի, արտերկրում բնակության տևողության, ՀՀ վերադարձի ամսաթվի, վերադարձի ժամանակ առաջացած խնդիրների, հարցազրույցի անցկացման օրվա, ամսվա և տարեթվի, հարցազրույցի ընթացքում վեր հանված կարիքների, Ծառայության մասին տեղեկատվության աղբյուրի վերաբերյալ: Բազան ներառում է տեղեկություններ նաև ուղղորդման մասին որոշման օրվա, ամսվա և տարեթվի, ուղղորդվող կառույցի և ուղղորդման արդյունքների վերաբերյալ:
- Ծառայության խորհրդատուները վարում են ՀՀ-ում վերաինտեգրման աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման բոլոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական բազան:
- Բազան ներառում է տեղեկություններ ՀՀ-ում իրականացվող վերաինտեգրման ծրագրերի բովանդակության, դրանք իրականացնող կազմակերպությունների, դոնորների, նպատակակետ երկրների, թիրախային խմբերի, շահառու համարվելու չափանիշների, վերադարձի տեսակի, ինչպես նաև հատկացվող վերաինտեգրման աջակցության տեսակների վերաբերյալ:
- Ծառայությունը համագործակցող կառույցների օժանդակությամբ հավաքագրում, համակարգում և ամփոփում է իրականացվող վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում ՀՀ վերադարձող միգրանտների վերաբերյալ վիճակագրական տվյալները:
- Վիճակագրական ցուցանիշների առումով ավելի ընդհանրական և հստակ պատկեր ունենալու նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից մշակվել է կիսամյակային կտրվածքով հավաքագրվող վիճակագրական տվյալների միասնական ձևաչափ:
- Վիճակագրական տվյալների հավաքագրման ձևաչափը ներառում է տեղեկատվություն վերաինտեգրման ծրագրի, իրականացնող կազմակերպության, վերադարձողների թվի, վերադարձի երկրի, վերադարձի տեսակի, վերադարձողների բնակության վայրի, սեռատարիքային կազմի, կրթական մակարդակի և վերաինտեգրման աջակցություն ստացած շահառուների թվաքանակի վերաբերյալ:
- Ամփոփված վիճակագրությունը ներկայացվում է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումիեռամսյակային հանդիպումների ընթացքում:
ԿԱՐԳ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն հարկադիր վերադարձած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետություն հարկադիր վերադարձած անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` վեց ամիս ժամկետով:
- Փոխհատուցման տրամադրման շահառուների ընտրության հայտանիշներն են.
1) Ծրագրում սահմանված թիրախային խմբում ընդգրկված լինելը,
2) սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը։
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Փոխհատուցում ստանալու համար Հայաստանի Հանրապետություն հարկադիր վերադարձած անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում, ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն (այսուհետ` Ծառայություն) է ներկայացնում դիմում՝ համաձայն N1 ձևի:
- Դիմումին կից ներկայացվում են նաև ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերը:
- Ծառայությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու օրը պարզում է դիմողի՝ Ծրագրի չափանիշներին համապատասխանելիությունը, որից հետո երկօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Կադաստրի կոմիտե` դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասին տվյալներ ստանալու նպատակով: Միաժամանակ հարցում է ուղարկվում Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպություններին, իրենց կողմից վարվող ծրագրերի շրջանակներում դիմողին բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցման տրամադրման, կամ այլ կացարանով ապահովման փաստը պարզելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հարցումն ստանալուց հետո պատասխանում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
- Դիմումը ենթակա չէ բավարարման, եթե.
1) չի բավարարում սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված հայտանիշներին,
2) դիմողը որպես առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված կամ հատուկ կարիք ունեցող` իրավասու մարմինների կողմից տեղավորվել է այնպիսի հաստատությունում, որտեղ ապահովվում են նրա կենսաապահովման հիմնական կարիքները,
3) դիմողին Հայաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցում կամ կացարան է տրամադրվում:
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր դիմողի համար Ծառայությունում բացվում է անձնական գործ:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Դիմումն ընդունելիս, Ծառայության աշխատակիցը դիմողին ծանոթացնում է փոխհատուցման տրամադրման ընթացակարգին և դադարեցման հիմքերին։
- Դիմումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցում ստանալու վերաբերյալ դիմումը և դրան կցված փաստաթղթերը ներկայացվում են Ծառայության պետին:
- Ծառայության պետը 2 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում դիմողին փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին:
- Փոխհատուցում տրամադրելու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին որոշման մասին Ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին, մերժման դեպքում` նշելով մերժելու պատճառը:
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ
- Յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է 60,000 ՀՀ դրամ։
15.Փոխհատուցումը տրամադրվում է բանկային փոխանցումով: Փոխհատուցումը չի կարող տրամադրվել դիմողի ներկայացուցչին` բացառությամբ հատուկ կարիքներ ունեցող դիմողի ներկայացուցիչների: Փաստաթղթի պատճենը կցվում է դիմողի անձնական գործին:
- Փոխհատուցումը տրամադրվում է 6 ամիս ժամկե
-
Обсуждалось
02.10.2019 - 17.10.2019
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 15515
Принт