Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» նախագծի ընդունման վերաբերյալ

 

 

1Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների (այսուհետ` միջազգային ծառայողներ) կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ:

 

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կանոնակարգով, ի թիվս սոցիալական այլ երաշխիքների, սահմանվել է, որ միջազգային ծառայողների կենսաթոշակային իրավունքը իրացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացիներն են նրանք: Այս նպատակով, առանց միջազգային ծառայողների աշխատավարձից պահման, Միության բյուջետային միջոցների հաշվից կատարվում են աշխատակիցների կենսաթոշակային ապահովության գծով պարտադիր մասհանումներ` անդամ պետությունների կենսաթոշակային ֆոնդերին:

Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի իրավունքն իրացվում է «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքների համաձայն` օրենքներով սահմանված պայմաններին բավարարելու, այդ թվում, համապատասխանաբար, ՀՀ պետական բյուջե եկամտային հարկ կամ սոցիալական վճար վճարած լինելու դեպքերում:

Կանոնակարգի համաձայն`

ա) եթե Հանձնաժողովի կոլեգիայի անդամները և Միության դատարանի դատավորները հյուրընկալող պետության քաղաքացիներ չեն, ապա արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվում են այն չափով, որը «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված է դիվանագիտական գործակալի համար (18-րդ կետ).

բ) պաշտոնատար անձինք ազատվում են Միության մարմինների կողմից վճարվող աշխատավարձի և այլ վարձատրությունների հարկումից (19-րդ կետ):

Այսինքն, Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց աշխատավարձը և այլ վարձատրություններն ազատված են եկամտային հարկից և նույնիսկ Միության բյուջետային միջոցների հաշվին նրանց համար ՀՀ պետական բյուջե եկամտային հարկ վճարվել չի կարող:

Մյուս կողմից, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներն ամբողջությամբ կիրառելի են այն վարձու աշխատողների համար, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվում բացառապես ՀՀ պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց հետ, որոնց էլեկտրոնային եղանակով ներկայացրած գրանցման հայտերի և անձնավորված հաշվարկների հիման վրա էլ կառուցված է կուտակային կենսաթոշակային համակարգը:

Ստացվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները բավարար չեն Միության բյուջետային միջոցների հաշվին միջազգային ծառայողների կենսաթոշակային ապահովության գծով պարտադիր մասհանումներ կատարումն ապահովելու համար:

Հարկ է նշել, որ Կանոնակարգի դրույթները նախատեսված են պետական բյուջեից տարբեր` կենսաթոշակային ֆոնդեր ունեցող երկրների համար: Հաշվի առնելով ՀՀ օրենսդրության վերը նշված առանձնահատկությունները, նպատակահարմար է Կանոնադրությունում, դրանում ներդրված գաղափարախոսության ենթատեքստում, կատարել համապատասխան փոփոխություններ:

 

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

 

Նախագծերով առաջարկվում է`

  1. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ ՀՀ կառավարությանը իրավական ակտերի մշակման (ընդունման) լիազորություն վերապահող այն դրույթների մասով, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով
  2. Սահմանել կենսաթոշակային վճար, որպես միջազգային ծառայողների` ՀՀ օրենսդրության համաձայն պետական կենսաթոշակային ապահովության մակարդակում կենսաթոշակի իրավունքի իրացման պայման.
  3. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան նաև առանց ՀՀ պետական ռեգիստրում գրանցվելու` միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատու ունեցող պաշտոնեական կամ ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ քաղաքացիների համար կատարել սոցիալական վճար.
  4. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով միջազգային կազմակերպության համար, որպես բացառություն ընդհանուր կանոնից, նախատեսել գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը թղթային տարբերակով ներկայացնելու հնարավորություն.
  5. հաշվի առնելով Կանոնակարգի դրույթները ՌԴ-ի համար` ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Միության դատարանի դատավորի պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները հավասարեցնել, համապատասխանաբար, ՀՀ նախարարի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածներին: Ընդ որում, սահմանվել են նաև այն պայմանները, որոնք բավարարված լինելու դեպքում միայն կկատարվի այդ հավասարեցումը: Պայմանները սահմանվել են` հիմք ընդունելով Պայմանագրի N 1 հավելվածով (39-րդ կետ) Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար նախատեսված սահամնափակումները և Պայմանագրի N 2 հավելվածով (12-րդ կետ) Միության դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը:

Նախագծերով առաջարկվող իրավակարգավորումների կիրարկման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն միջազգային կազմակերպությունից ստացված` անձնավորված տվյալները անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգ ներառելու ընթացակարգի խնդրի լուծումը: Նախագծով առաջարկվում է անձնավորված տվյալները տեղեկատվական բազա ներառել պետական մարմնի միջոցով` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

4Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի միջազգային ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացումը` ՀՀ օրենսդրության համաձայն կենսաթոշակի իրավունքի իրացման համար միջազգային կառույցի բյուջեի միջոցների հաշվին կատարված մասհանումների հիման վրա: Ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կկատարվեն փոփոխություններ ՀՀ կառավարությանը իրավական ակտերի մշակման (ընդունման) լիազորություն  վերապահող այն դրույթների մասով, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ և անձինք

Նախագծի մշակման աշխատանքներն իրականացրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատակիցները:

 

  • Քննարկվել է

    28.02.2017 - 05.05.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9825

Տպել