Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արսեն Մանուկյան 02.03.2018 18:50:29 Առաջարկում եմ Նախագծի 2-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով հետ հետևայալ բովանդակությամբ․ <<2. Սույն օրենքի 4-րդ, 6-9-րդ,11-րդ և 12-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչների վրա, ովքեր թեև պատմականորեն ձևավորված չեն Հայաստանի Հանրապետությունում, սակայն ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։>> Այլ կերպ, ստացվում է, որ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք, օրինակ՝ ֆիլիպինցիները, ՀՀ-ում չեն կարող անարգել խոսել իրենց մայրենի լեզվով կամ չեն կարող իրենց երեխաներին դաստիարակել իրենց ազգային ավանդույթներին համապատասխան։ Չի ընդունվել: Չնայած այն հանգամանքին, որ նախագծով սահմանվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինչ-ինչ իրավունքներ, դեռևս չի նշանակում, որ դրանով իսկ ժխտվում է նույն իրավունքների առկայությունը այլ անձանց մոտ: Իսկ ինչ վերաբերում է ֆիլիպինցիներին, նրանք սույն նախագծի իմաստով չեն կարող համարվել ազգային փոքրամասնություն, ուստի նախագծի գործողությունը նրանց նկատմամբ չի տարածվում:
2 Արսեն Մանուկյան 02.03.2018 19:07:12 Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում <<մասնավոր կարգով դավանելու>> արտահայտությունում <<մասնավոր>> բառն առաջարկում եմ փոխել << գաղտնի>> կամ <<ոչ հրապարակային>> բառով։ <<Մասնավոր>> բառը տվյալ դեպքում չի արտահայտում ճիշտ բովանդակությունը կամ ասելիքը։ Չի ընդունվել: Հիմնավորված չէ առաջարկվող տարբերակի առավելությունը նախագծում առկա ձևակերպման նկատմամբ, բացի այդ նախագծով առաջարկվող ձևակերպումը համապատասխանում է համանման օրենքներում օգտագործվող միջազգային տերմինաբանությանը:
3 Արսեն Մանուկյան 02.03.2018 19:21:47 Հայաստանում ապրում են մոլոկաններ, ովքեր նույնպես պատմականորեն ձևավորված էթնիկ խումբ են, ապրում են Հայաստանում սկսած 18 -րդ դարից։ Հայտնի է, որ նրանց մշակույթը տարբերվում է ռուսների մշակույթից։ Արդյոք, մոլոկանները չեն կարող օգտվել Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով (Կրթության իրավունքը), ինչպես նաև 4- րդ, 6-9 րդ, 11-րդ և12-րդ հոդվածներով սահմանված իրավունքներից։ Ընդունվել է ի գիտություն: Մոլոկանները նախագծի իմաստով կհամարվեն ազգային փոքրամասնություն, քանի որ պատկանում են ռուս ազգային փոքրամասնությանը, թեև ունեն առանձնահատուկ դավանանք և ավանդույթներ:
4 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններն են՝ ասորիները, բելառուսները, գերմանացիները, եզդիները, լեհերը, հրեաները, հույները, ռուսները, վրացիները, ուկրաինացիները, քրդերը։ Գտնում ենք, որ նման սպառիչ ցանկի սահմանումը զրկում է ՀՀ այլ ազգային փոքրամասնություններին՝ սույն օրենքով ընձեռված իրավունքների իրացումից։ Առաջարկում ենք նման ցանկը չնախատեսել որպես սպառիչ ցանկ։ Չի ընդունվել: Ազգային փոքրամասնությունների ցանկը սահմանելը պայմանավորված է ՀՀ սահմանադրության 56-րդ հոդվածով ամրագրված իրավունքների իրականացման համար իրավական որոշակիություն ապահովելու անհրաժեշտությամբ: Ազգային փոքրամասնությունների հստակ ցանկի բացակայության պայմաններում պարզ չէ, թե ինչպես պետք է որոշվի այս կամ այն խմբի և դրան պատկանող անձանց՝ ազգային փոքրամասնություն համարվելու հարցը: Միանշանակ է, որ նախագիծը նպատակ չունի որևէ երկրից Հայաստան ժամանած և այստեղ գործունեություն իրականացնող անձանց ցանկացած խմբի շնորհել ազգային փոքրամասնության կարգավիճակ: Նման կարգավիճակով պետք է օժտված լինեն բացառապես պատմականորեն Հայաստանում ձևավորված ազգային փոքրամասնություններ: Նախագծի նման կարգավորումը, սակայն, չի բացառում հետագայում այդ ցանկը լրացնելը, եթե որոշակի ժամանակ անց որևէ այլ փոքրամասնություն հավակնի նշված կարգավիճակին:
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, Խորհրդի անդամների թեկնածությունն առաջադրում են ազգային փոքրամասնությունների կազմակերպությունները՝ այդ մասին տեղեկացնելով Հանրային խորհրդի նախագահին: Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունը ներկայացնող մինչև երկու թեկնածու առաջադրվելու դեպքում նրանք դառնում են Խորհրդի անդամ: Երկուսից ավելի թեկնածու առաջադրվելու դեպքում Խորհրդի անդամներին ընտրում է Հանրային Խորհուրդը: Առաջարկում ենք նախատեսել հստակ չափանիշներ առ այն, թե ինչպես են առաջադրվելու թեկնածուները ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների կողմից, և ինչպե՞ս է Հանրային խորհուրդը ընտրելու 3-ից ավելի թեկնածուների դեպքում։ Ընդունվել է: Նախագծում հստակեցվել է, որ Պալատի անդամներին ընտրելիս հաշվի է առնվում տվյալ ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության և ինքնության պահպանության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում թեկնածուի ծավալած գործունեությունը:
6 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Խորհրդի հերթական նիստերը կազմակերպվում են առնվազն կիսամյակը մեկ անգամ։ Գտնում ենք, որ առավել արդյունավետ գործելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել առնվազն երեք ամիսը մեկ անգամ նիստեր կազմակերպելու կարգ։ Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
7 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով չի կարգավորվում, թե նույն անձը քանի անգամ կարող է հանդես գալ որպես խորհրդի անդամ։ Առաջարկում ենք նախատեսել առավելագույնը 2 անգամ որպես խորհրդի անդամ հանդես գալու կարգ։ Չի ընդունվել: Ազգային փոքրամասնությունների ինքնավարության իրավունքից բխում է, որ նրանք պետք է ինքնուրույն որոշեն, թե ով պետք է իրենց ներկայացնի՝ առանց կոնկրետ անձանց համար նախատեսված սահմանափակումների: Հատկապես, հաշվի առնելով այն մտահոգությունը, որ ազգային փոքրամասնությունների համայնքներում հնարավոր է՝ այնքան շատ չլինեն անձինք, ովքեր, վայելելով իրենց համայնքի վստահությունը, կարողանան ամեն մի քանի տարին մեկ փոխարինել միմյանց: Այդ իսկ պատճառով առավել նպատակահարմար է ընդլայնել ազգային փոքրամասնությունների հայեցողության շրջանակն այս հարցում:
8 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունք։ Բնականաբար, նշյալը վերաբերվում է ցանկացած դեպքում խտրականության ենթարկվելուն։ Սակայն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ բարոյական վնասի փոխհատուցում կարելի է պահանջել միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտված իրավունքների համար։ Նշենք, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ առհասարակ սուբյեկտների սահմանափակում սույն հարցի շրջանակներում չկա, որի արդյունքում հնարավոր է ոչ նյութական վնասի հատուցում պահանջել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից թե խտրականության արգելքի, թե՝ այլ իրավունքների խախտումների համար։ Ուստի, առաջարկում ենք փոփոխություններ կատարել նշյալ հոդվածում և սուբյեկտների ցանկում հավելել ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Ընդունվել է ի գիտություն: Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը ՀՀ-ում դեռևս գտնվում է կայացման փուլում և զարգանում է այն տրամաբանությամբ, որ որոշ ժամանակ անց միանգամայն հնարավոր կլինի առաջարկվող կարգավորման նախատեսումը: Սակայն, զարգացման ներկա փուլում, երբ մի շարք այլ կարևոր իրավունքների խախտման համար մասնավոր սուբյեկտներից ոչ նյութական վնասի հատուցում նախատեսված չէ, միայն խտրականության պարագայում նման հնարավորության նախատեսումը նպատակահարմար չէ: Բացի այդ, խտրականության որոշ դրսևորումների պարագայում ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի շրջանակում:
9 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են սկզբունքները, որոնք չեն ներառում հաշվետվողականության սկզբունքը։ Առաջարկում ենք սկզբունքների ցանկում ներառել հաշվետվողականության սկզբունքը։ Չի ընդունվել: Նախագծով ամրագրված հրապարակայնության և թափանցիկության սկզբունքները ներառում են նաև հաշվետվողականության բաղադրիչը:
10 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 7. Առաջարկում ենք փոփոխություններ կատարել «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում և նախատեսել նաև հաշվետվողականության սկզբունքի կիրառման գործուն մեխանիզմներ, ինչպիսիք են որոշակի ժամկետներում խորհրդի գործունեության հաշվետվությունների ներկայացումը մարդու իրավունքների պաշտպանին և հանրությանը։ Ընդունվել է ի գիտություն: Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի <<գ>> ենթակետում նախատեսված է Խորհրդի մասնակցությունը ՄԻՊ տարեկան հաղորդման մշակմանը՝ խտրականության վերացման վերաբերյալ մասով, ինչը ներառում է նաև Խորհրդի գործունեության արդյունքների ամփոփումը տարեկան հաղորդման մեջ: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ին ներկայացվող հաշվետվությանը, ապա նման անհրաժեշտության դեպքում այդ հարցը պետք է կարգավորվի Խորհրդի աշխատակարգով:
11 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված են իրավահավասարության խորհրդի անդամ նշանակվելու պահանջները, որոնցում նշված է ՀՀ քաղաքացիության առկայությունը։ Հաշվի առնելով իրավահավասարության խորհրդի դերն ու առաքելությունը՝ առաջարկում ենք չցուցաբերել խտրական մոտեցում և չնախատեսել ՀՀ քաղաքացիության պահանջ, այլ՝ օրինակ՝ ՀՀ-ում կացության պահանջ։ Չի ընդունվել: Հաշվի առնելով խորհրդի առանձնահատուկ դերն ու կարգավիճակը՝ նպատակահարմար չէ նման գործառույթներով օժտել ՀՀ քաղաքացի չհանդիսացող անհատներին:
12 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված են իրավահավասարության խորհրդի անդամ նշանակվելու պահանջները, որոնցում նշված է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառին առնչվող գիտական աշխատություններ ունենալը։ Առաջարկում ենք նախատեսել նվազագույն շեմ, օրինակ՝ առնվազն 5 գիտական աշխատություններ ունենալը։ Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան լրացում:
13 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 10. «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք, ով հիմքեր ունի կարծելու, որ իր նկատմամբ դրսևորվել է խտրականություն, իրավունք ունի դիմելու դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին կամ համապատասխան վարչական մարմին՝ իր իրավունքները վերականգնելու, նյութական և բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար: Նույն նախագծի 11-րդ հոդվածով նախատեսված են գործատուի պարտականությունները իրավահավասարության ապահովման բնագավառում, որոնք կրում են դեկլարատիվ բնույթ։ Գտնում ենք, որ անհրաժեշտ է նախագծով նախատեսել կոնկրետ գործուն մեխանիզմներ, երբ ներքին կարգով կլուծվի աշխատանքային խտրականությունը, օրինակ՝ համապատասխան կանոնակարգերի սահմանում, համապատասխան ստորաբաժանման ստեղծում կամ աշխատակցի սահմանում, երբ կարիք չի լինի նախագծով նախատեսված արտաքին լծակներին դիմել՝ իրավունքները վերականգնելու համար: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի 7-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է, որ համապատասխան սուբյեկտները պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեն՝ այդ թվում ներքին կանոնակարգերի մակարդակով, խտրականությունը բացառելու և խտրականություն դրսևորած անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Առաջարկից պարզ չէ, թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է նախատեսվեն:
14 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 11. «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված ձևակերպումը խրթին է և, առհասարակ, ավելորդ, քանի որ գործում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենքի նորմերի մեկնաբանման կանոնները։ Ուստի, առաջարկում ենք նշյալ նորմը կամ հանել նախագծի տեքստից, կամ հստակեցնել։ Ընդունվել է: Խնդրո առարկա դրույթը հանվել է Նախագծից:
15 Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2018 16:59:43 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածով սահմանված է, որ հանրությանը հասանելի ապրանքներ մատակարարելիս և ծառայություններ մատուցելիս խտրականությունն արգելվում է, ինչպես նաև նախատեսված է ոլորտների սպառիչ ցանկ, որոնցում առաջարկվող ապրանքների և ծառայությունների առնչությամբ ծագող իրավահարաբերությունների նկատմամբ տարածվում է խտրականության արգելքը։ Գտնում ենք, որ նախ նման սպառիչ ցանկ անհրաժեշտ չէ նախատեսել, իսկ նախատեսելու դեպքում էլ անհրաժեշտ է ներառել նաև մեդիա ոլորտը՝ որպես խոցելի։ Ընդունվել է: Զանգվածային լրատվության մասով կատարվել է համապատասխան լրացում:
16 Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ 09.03.2018 20:51:09 Առաջարկվում է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի վերնագիրը փոխարինել «Խտրականության բացառման մասին» վերնագրով՝ հետևյալ հիմնավորմամամբ՝ Խտրականության բացառումը ներառում է պետության ստանձնած բոլոր պարտավորությունները (Հարգել, պաշտպանել, ստեղծել ապահով միջավայր)՝ ուղղված մարդու՝ խտրականությունից զերծ լինելու իրավունքի ապահովմանը։ Իրավահավասարության ապահովումը ողջ ծավալով չի արտացոլում խտրականության բացառման էությունը և կարող է մեկնաբանվել նեղ՝ որպես դրա մի բաղադրիչ։ Չի ընդունվել: Մեր համոզմամբ ընդհակառակը՝ հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումն ընդգծում է պետության պոզիտիվ պարտականության բաղադրիչը:
17 Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ 09.03.2018 20:55:58 Առաջարկվում է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծից հեռացնել 6-րդ հոդվածն ամբողջությամբ՝ հետևյալ հիմնավորմամբ՝ Հոդվածի էությունը ինքնին խտրականության տարրեր է պարունակում, քանի որ տեղիք է տալիս այնպիսի մեկնաբանության, որը որոշակի խմբի համար կարող է առաջացնել մյուսի նկատմամբ նվազ բարենպաստ պայմաններ։ Կրոնական կազմակերպությունների իրավահավասարությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ՝ ներառյալ խտրականությունից զերծ լինելու իրավունքով։ Հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերի ամրագրումը Սահմանադրությամբ չի կարող հիմք հանդիսանալ դրա՝ մյուս կրոնական կազմակերպությունների կամ հասարակության այլ խմբերի նկատմամբ առավել բարենպաստ պայմանների ստեղծման համար։ ՀՀ Սահանադրությամբ նաև ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, ինչը նշանակում է, որ պետությունը, իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավանորմեր մշակելիս որևէ կերպ չի կարող սահմանափակված լինել կրոնական կազմակերպությունների կողմից տրված որևէ մեկնաբանմամբ։ Հետևաբար խտրականության արգելքի մասին օրենքում որպես դրա մեկնաբանման նման սահմանափակում և/կամ նախապատվություն նախատեսելը հիմնավորված և արդարացված չէ, ավելին, ռիսկային է սահմանադրականության և մարդու իրավունքների տեսանկյունից։ Ընդունվել է: Խնդրո առարկա դրույթը հանվել է Նախագծից:
18 Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ 09.03.2018 21:12:13 Առաջարկվում է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում նախատեսված պաշտպանված հատկանիշների շարքում ավելացնել սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։ Չնայած նրան, որ հոդվածը նախատեսում է պաշտպանվող հատկանիշների բաց ցանկ, որը, իհարկե, տալիս է լայն մեկնաբանման հնարավորություն, այն այնուամենայնիվ չի բացառում շարժառիթների, հիմքերի հստակ նախատեսումը՝ որոնցով պայմանավորված խտրականության դեպքերը զգալի տարածում ունեն երկրում։ Ձևակարպումը, որը տրված է նախագծում, այն է՝ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանք», իհարկե, ներառում է անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքը, սակայն որոշ իրավիճակներում կարող է բավարար չլինել այդ հիմքերով խտրականության դեպքերի բազմապողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու տեսանկյունից, կարող է տալ տարընթերցման տեղիք և կարող է հանգեցնել օրենքի ոչ միատեսակ մեկնաբանման և/կամ կիրառման՝ հատկապես հաշվի առնելով նման դեպքերի քննության արդյունավետության նկատմամբ բազմիցս, ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մարմինների կողմից արտահայտված մտահոգությունները։ Անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության արգելքի օբյեկտիվ անհրաժեշտությունը, իհարկե պայմանավորված է դրա կարևորությամբ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր Վեդելանդը եւ այլոք ընդդեմ Շվեդիայի, թիվ 1813/07, 09.02.2012թ. վճռով հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Անձի սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը նույնքան խնդրահարույց է, որքան ռասայի, ծագման, մաշկի գույնի հիմքով խտրականությունը»: Այն որ սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված իրավախախտումները Հայաստանում մեծ տարածում ունեն հայտնի է ինչպես ՀՀ-ում գործող կազմակեպությունների կողմից ներկայացված զեկույցներից և հետազոտություններից, այնպես էլ միջազգային տարբեր մարմինների կողմից ներկայացված զեկույցներից, որոնք նաև պարունակում են որոշակի առաջարկներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը՝ երկրում խտրականության բոլոր ձևերի, ներառյալ՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության բացառմանը։ Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից ներկայացված զեկույցում Հայաստանի Հանրապետությանն են ներկայացվել որոշ առաջարկներ։ Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության և կանխարգելման ուղղությամբ ներկայացվել են առաջարկներ, որոնց արձագանքել է պետությունը՝ նշելով իր համար առաջարկների ընդունելիության մասին։ Նշված առաջարկներն ու դրանց վերաբերյալ պետության դիրքորոշումը՝ ստորև՝ 120.72. Մշակել եւ ընդունել համապատասխան օրենսդրական եւ վարչական միջոցներ՝ կանանց նկատմամբ խտրականության, ինչպես նաեւ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով (Արգենտինա). Ընդունելի է; ՀՀ օրենդրությունն արգելում է խտրականությունը: 120.52. Ընդունել օրենք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու նպատակով՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի, եւ գործուն կերպով կիրառել այն, ինչպես նաեւ արգելել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականությունը եւ ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը (Ավստրիա) Ընդունելի է: Մշակվել է «ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ապահովումը, ինչը բխում է կոնվենցիայի պահանջներից: 120.86. Ապահովել, որ պաշտոնատար անձինք անցնեն համապատասխան վերապատրաստման դասընթացներ, եւ որ ԼԳԲՏԻ անձանց վրա հարձակման դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից բազմակողմանի եւ անհապաղ քննություն իրականացվի (Ավստրալիա) Ընդունելի է; վերապատրաստման դասընթացներն կրում են շարունակական բնույթ և անցկացվում են խտրականության բոլոր դրսևորումների հետ կապված: 120.48. Ապահովել խտրականության բացառման սկզբունքի կիրառումը եւ ընդունել խտրականությունը բացառելու վերաբերյալ համապարփակ օրենք (Նիդեռլանդներ) Ընդունելի է, ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է ՀՀ օրենսդրության համապատասխանությունը խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև 2014 թվականին քննարկվել է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու հարցը: Այս խնդրի վերաբերյալ անց են կացվել հանրային քննարկումներ, որոնց արդյունքների մասին տեղեկացվել է Կառավարությանը: Համապատասխանաբար քննարկվել է Օրենքի ընդունման նպատակահարմարության հարցը: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստվել է զեկույց (https://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf) Հայաստնում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ, որում արնդրադարձ է կատարվել նաև անձանց սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների արդյունավետ քննությանը։ Մասնավորապես զեկույցում արտահայտված մտահոգությունը կապված է երկրում տիրող հետևյալ հիմնական խնդիրների հետ. օրենսդրական բաց, դեպքերի ոչ արդյունավետ քննություն։ Այս առնչությամբ ՌԱԵՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանն են ներկայացվել որոշակի առաջարկներ, որանցում, ի թիվս այլոց նշվում է. 14. (§ 100) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի կառավարությունը համապատասխան մարմնին հանձնարարի մշակել ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ գործողությունների ծրագիր, որը պետք է ներառի ԼԳԲՏ անձանց իրավունքների եւ նրանց կենսապայմանների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման, ԼԳԲՏ անձանց ընկալման խթանման, հավասար վերաբերմունքի նրանց իրավունքն իրականություն դարձնելու, ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենսդրության սահմանման եւ նախորդ կետերում նկարագրված՝ առավել հրատապ հարցերի լուծման նպատակներ։ Նշյալ առաջարկին ի պատասխան ՀՀ կառավարությունը հայտնել է. « ՀՀ-ն ընդունել է Մարդու իրավունքների համապարփակ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, որոնք անդրադառնում են նաեւ խտրականության խնդիրներին։ Ավելին՝ ներկայումս քննարկման փուլում է գտնվում խտրականության դեմ օրենքի նախագիծը, որը համապարփակ կերպով անդրադառնալու է խտրականության բոլոր դրսեւորումներին»։ Այսպիսով, գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ անձինք համարվում են խտրականության տեսանկյունից առավել խոցելի խումբ, իսկ պետությունը ընդունելի է համարել ԼԳԲՏ անձանց իրավունքների ապահովման համար համապարփակ օրենսդրության մշակումը։ Չի ընդունվել: Նպատակահարմար չէ նախատեսել պաշտպանված հատկանիշների սպառիչ կամ չափազանց ծանրաբեռնված ցանկ, քանի որ հասարակական հարաբերությունները զարգանում են շատ արագ և վտանգ կա, որ կարող է որևէ հիմք բաց մնալ կամ անընդհատ ցանկը լրացնելու անհրաժեշտություն առաջանալ: Հետևաբար, առավել նպատակահարմար է օրենքում նշել միայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հատկանիշները, որոնք համապատասխանում են նաև ՄԻԵԿ-ում ամրագրված ցանկին՝ լրացուցիչ հիմքերի մեկնաբանությունը թողնելով իրավակիրառողին:
19 Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ 09.03.2018 21:13:53 Առաջարկվում է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծում դատավարական իրավասուբյեկտությունը նախատեսող 8-րդ հոդվածում կատարել լրացում։ Մասնավորապես, Օրենքը պետք է ամրագրի խտրականության գործերով հանրային շահի պաշտպանության նպատակով հասարակական կազմակերպությունների, համայնքահեն կազմակերպությունների, այլ շահագրգիռ անձանց դատարան դիմելու իրավունքը՝ խտրականությունից տուժած անձանց համար արդարադատության մատչելիությունն ապահովելու նպատակով (actio popularis): Ընդունվել է ի գիտություն: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում: Բացի այդ, քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք: Մատնանշված նորմերի համատեքստում հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունեն դատարանում պաշտպանելու իրենց անդամների և շահառուների իրավունքները և շահերը և դատարանում բարձրացնելու խտրականության հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվող ոլորտում հասարակական կազմակերպություններին ավելի լայն իրավասություն վերապահելը առավել մանրամասն քննարկումներ և երկար ժամանակ պահանջող խնդիր է, որը ենթակա է քննարկման ապագայում:
20 Իրինա Գասպարյան 09.03.2018 22:22:39 «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծի, Հոդված 6, 16-րդ կետի, 10-րդ մասը. «16․ Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովները և դրանց գործունեության ոլորտներն են՝ ․․․․ 10) ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով (ազգային փոքրամասնությունների խնդիրներ)»։ Չի ընդունվել: Կարևորելով ազգային փոքրամասնությունների պալատի առանձնահատուկ դերը՝ նպատակահարմար չենք գտնում այն հավասարեցնել Հանրային խորհրդի հանձնաժողովի կարգավիճակին:
21 Իրինա Գասպարյան 09.03.2018 22:24:44 «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում Հոդված 18, 1-ին կետին տալ հետևյալ ձեվակերպում․ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացմանը նպաստելու, իրավունքների իրականացման հետ կապված իրավիճակը և խնդիրները քննարկելու, խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելու և դիրքորոշում հայտնելու նպատակով ստեղծվում է ազգային փոքրամասնությունների հարցերով Համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ) առընթեր Վարչապետին։ Վարչապետը նշանակում է Համակարգող Խորհուրդի համակարգող, որը չունի Համակարգող Խորհրդի քվեարկություններին (որոշումների ընդունմանը) մասնակցելու իրավունք։» Ընդունվել է մասնակի: Նախագծում ամրագրվել է, որ Պալատի նիստերը վարում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված անձը, ոչ չունի քվեարկությանը մասնակցելու իրավունք: Մնացած մասով պարզ չէ, թե որն է առաջարկվող մոդելի առավելությունը Նախագծում նախատեսվածի համեմատությամբ:
22 Հերիքնազ Տիգրանյան 10.03.2018 23:31:39 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հոդված 3. Ազգային փոքրամասնությանը պատկանող անձինք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ ազգային փոքրամասնությանը պատկանող անձինք են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են իրենց ուրույն ազգային կամ էթնիկ ինքնություն ունեցող, Հայաստանի Հանրապետությունում պատմականորեն ձևավորված խմբի՝ ազգային փոքրամասնության անդամ։ Այս սահանումից բխում է, որ օրենքով ազգային փոքրամասնությանը պատկանող անձինք են ճանաչվում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մինչդեռ անձը կարող է չլինել ՀՀ քաղաքացի, սակայն օրինական հիմքերով գտնվել Հայաստանում և լինելով, օրինակ՝ լեհ, համարվել ազգային փոքրամասնությանը պատկանող, դրանից բխող իրավական հետևանքներով: Հետևաբար, ազգային փոքրամասնության պատկանելությունը չպետք է պայմանավորված լինի քաղաքացիության ինստիտուտով: Առաջարկություն 1.– Նախագծի 3-րդ հոդվածի 1-ի մասի «Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող/բնակվող այն անձինք» բառերով, այնուհետև՝ ինչպես տեքստում: Խնդրահարույց է նույն հոդվածի 2-րդ մասի կարգավորումն այն առումով, որ սպառիչ թվարկում է ազգային փոքրամասնությունների ցանկը՝ բացառելով երկրում գոյութուն ունեցող ազգային այլ փոքրամասնությունների՝ սույն օրենքով տրված իրավունքներից օգտվելու իրավունքը: Բացի այդ, ցանկի սպառիչ սահմանումը ենթադրում է օրենսդրական փոփոխության և ցանկի լրացման անհրաժեշտություն, եթե ստացվի այնպես, որ պատմաքաղաքական կամ այլ իրադարձություններով պայմանավորված երկրում ձևավորվեն այլ՝ ցանկում չթվարված ազգային փոքրամասնություններ: Առաջարկություն 2. – Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել՝ ցանկը սահմանելով որպես ոչ սպառիչ ցանկ: Խոսելով ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց մասին՝ հարկ է նկատել, որ նախագծով սահմանված չէ ազգային փոքրամասնության հասկացությունը: Վերջինիս օրենսդրական ձևակերպումը կարևոր է օրենքի միատեսակ մեկնաբանման և իրավական որաշակիության ապահովման ազգային փոքրամասնությանը առումով: Առաջարկություն 3. - Նախագծով սահմանել «ազգային փոքրամասնություն» եզրույթի հասկացությունը: Չի ընդունվել: Ոչ քաղաքացիներին ազգային փոքրամասնություն համարելը կարող է հանգեցնել տարատեսակ անորոշությունների, այդ թվում՝ «ազգային փոքրամասնությունների» աճին, միգրանտների կողմից նման կարգավիճակ ստանալու հավակնություններին: Պետությունները շարունակում են դիտարկել քաղաքացիության առկայությունը որպես ազգային փոքրամասնությանը պատկանելության կարգավիճակի պարտադիր տարր: Քաղաքացիության չափանիշը խնդրահարույց կարող է լինել այն պետություններում, որտեղ քաղաքացիության ձեռքբերման ոլորտում առկա է խտրական պրակտիկա, ինչը ՀՀ-ում բացակայում է: Բացի այդ, Նախագծով որդեգրված մոտեցումը միանգամայն համապատասխանում է «Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին» 1995 թվականի շրջանակային կոնվենցիային և միջազգային փորձին: Սպառիչ ցանկի մասով տե՛ս ամփոփաթերթի 4-րդ կետը:
23 Հերիքնազ Տիգրանյան 10.03.2018 23:31:39 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հոդված 18. Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) անդամների թեկնածությունն առաջադրում են ազգային փոքրամասնությունների կազմակերպությունները: ….. Երկուսից ավելի թեկնածու առաջադրվելու դեպքում Խորհրդի անդամներին ընտրում է Հանրային Խորհուրդը: …. Խորհրդի անդամներն իրենց գործառույթներն իրականացնում են չորս տարի ժամկետով: Քննարկվող նորմի այսպիսի ձևակերպումը խնդրահարույց է՝ մի շարք հարցերի՝ կարգավորումից դուրս մնալու պատճառով: Նախ՝ Խորհրդի համար թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ազգային փոքրամասնությունների կազմակերպությունները, ինչը նշանակում է, որ եթե ազգային փոքրամասնությունը չունի գրանցված կազմակերպություն, ապա չի կարող Խորհրդի համար թեկնածու առաջադրել, որի պատճառով, փաստորեն, ազգային փոքրամասնությունը Խորհրդում ներկայացված չի լինի: Մյուս կողմից այս կարգավորումը հակասում է Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմանը, ըստ որի ազգային փոքրամասնությունների որևէ կազմակերպություն չի համարվում ամբողջ ազգային փոքրամասնության կամքն արտահայտող։ Հետևաբար, առավել տրամաբանական է, որ Խորհրդի կազմի համար թեկնածու առաջադրի ոչ թե կազմակերպությունը, այլ ազգային փոքրամասնությունը: Առաջարկություն 1- Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանել Խորհրդի կազմի համար թեկնածու առաջադրելու ազգային փոքրամասնության իրավունքը: Քննարկվող դրույթի համաձայն Խորհրդի կազմում յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից լինելու է երկու անդամ։ Երկուսից ավելի թեկնածու առաջադրվելու դեպքում Խորհրդի անդամներին ընտրում է Հանրային Խորհուրդը: Սակայն նախագծով սահմանված չէ որևէ պահանջ կամ չափորոշիչ, որով պետք է առաջնորդվի Հանրային խորհուրդը ընտություն կատարելիս, որպիսի պարագայում թեկնածուի ընտրության օբյեկտիվությունը միշտ կասկածի տակ է դրվելու: Առաջարկություն 2- Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Երկուսից ավելի թեկնածու առաջադրվելու դեպքում Խորհրդի անդամներին ընտրում է Հանրային Խորհուրդը:» բառերը՝ բացառելու երկուսից ավելի թեկնածու առաջադրվելու ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հնարավորությունը և Հանրային խորհրդի՝ ընտրություն կատարելու իրավունքը: Քննարկվող դրույթի համաձայն՝ Խորհրդի անդամներն իրենց գործառույթներն իրականացնում են չորս տարի ժամկետով: Սակայն որևէ սահմնափակում առկա չէ նույն անձի կողմից անընդմեջ Խորհրդի անդամ լինելու համար: Խորհրդի կազմի թարմացման և ազգային փոքրամասնությունների ներկայացուցչականությունն ապահովելու համար առավել նպատակահարմար ենք համարում որոշակի ժամկետային սահմանափակումը, օրինակ՝ 2 տարի անընդմեջ: Առաջարկություն 3- Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետյալ բովադակությամբ նոր նախադասությամբ «Նույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավելի լինել Խորհուրդի անդամ:» Չի ընդունվել: Պարզ չէ, թե ազգային փոքրամասնությունն ուրիշ ինչ մեխանիզմով պետք է առաջադրի թեկնածու, դրա իրականացման միակ ողջամիտ մեխանիզմը հենց տվյալ ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանությամբ և ինքնության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից առաջադրվելն է: Տարբեր խորհուրդներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ ընդգրկվում են տվյալ կազմակերպությունների ներկայացմամբ: Եվ այլ մոդել առաջարկի հեղինակը չի ներկայացրել: Մյուս կողմից, օրենքի նախագիծը չի բացառում այն հնարավորությունը, որ նույն ազգային փոքրամասնություններ ներկայացնող ՀԿ-ները համատեղ որոշեն, թե որ երկու ազգային փոքրամասնություննեի անդամները կներկայացվեն նշված մարմնում: Մնացած մասով տե՛ս ամփոփաթերթի 5-րդ և 7-րդ կետերը:
24 Հերիքնազ Տիգրանյան 10.03.2018 23:31:39 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հոդված 6. Օրենքի մեկնաբանությունը Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի դրույթները մեկնաբանվում են՝ հաշվի առնելով պետության հատուկ հոգածությունը ընտանիքի՝ որպես հասարակության բնական և հիմնական բջջի նկատմամբ, կրոնական կազմակերպությունների՝ դավանանքի ազատության հետ կապված իրավունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի 5-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված են օրենքում գործածվող հիմնական հասկացությունները, որի նպատակն է հստակեցնել օրենքի միատեսակ ընկալումը, ուստի օրենքի մեկնաբանման վերաբերյալ առանձին հոդվածի ներմուծումը իրավակարգավորման առումով որևէ էական նշանակություն չունի: Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ սահմանում է իրավական ակտերի մեկնաբանման ընդհանուր կանոնները, ինչը վերաբերելի է նաև այս նախագծին, հետևաբար 6-րդ հոդվածի անհրաժեշտությունը վերանում է: Մյուս կողմից՝ եթե նախագծի քննարկվող դրույթով օրենքի մեկնաբանման հիմքում դրվում են սահմանադրորեն ամրագրված այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են ընտանիքը, կրոնական կազմակերպությունները՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերով, ապա առավել տրամաբանական է, որ օրենքի մեկնաբանման հիմքում նախ և առաջ լինի մարդը՝ որպես սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեք: Առաջարկություն - Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը «հաշվի առնելով» բառերից հետո լրացնել «մարդը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք» բառերը, այնուհետև՝ ինչպես տեքստում: Ընդունվել է: Խնդրո առարկա դրույթը հանվել է Նախագծից:
25 Հերիքնազ Տիգրանյան 10.03.2018 23:31:39 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հոդված 10. Խտրականության արգելքն աշխատանքային հարաբերություններում Հոդված 11. Գործատուի պարտականությունները իրավահավասարության ապահովման բնագավառում Նախագծի 10-րդ և 11-րդ հոդվածները բովանդակային առումով նույնական են և արգելում են խտրականությունն աշխատանքային հարաբերություններում: Ըստ էության այս հոդվածների սուբյեկտը գործատուն է, ում վրա դրված է խտրականությունը բացառելու պարտականությունը: Սակայն 10-րդ հոդված 2-րդ մասում որպես գործատու թվարկված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք, մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն գործատու է համարվում իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, և ֆիզիկական անձը: Այս հոդվածով ֆիզիկական անձ գործատուն ազատվում խտրականության բացառման պարտականությունից, ինչը հակասում է սույն օրենքին և Աշխատանքային օրենսգրքին: Բացի այդ, 11-րդ հոդվածի հենց վերնագրում խոսվում է սուբյեկտային կազմի՝ գործատուի մասին, մինչդեռ նախագծի որևէ հոդվածով մինչ այդ գործատու եզրույթը չի գործածվել: Իրավական տեխնիկայի առումով տրամաբանական է, որ 11-րդ հոդվածը դառնա 10-րդ հոդվածի մաս, քանի որ դրանց կարգավորման առարկան նույնն է, միայն այն տարբերությամբ, որ 11-րդ հոդվածը վերաբերում է արդեն իսկ առկա աշխատանքային հարաբերություններին: Առաջարկություն 1 - Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ՝ գործատու)» բառերով, այնուհետև՝ ինչպես տեքստում: Առաջարկություն 2 - Նախագծի 11-րդ հոդվածը դարձնել 10-րդ հոդվածի 4-րդ մաս: Ընդունվել է մասնակի: 10-րդ հոդվածը վերաբերում է այն կոնկրետ ոլորտներին, որտեղ խտրականությունը պետք է բացառվի, իսկ 11-րդ հոդվածը՝ գործատուի պոզիտիվ պարտականություններին: «Գործատու» եզրույթի սահմանման կարիքը չկա, քանի այն պետք է մեկնաբանվի համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի: Մնացած մասով առաջարկն ընդունվել է և նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: