Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության օրենքը «Բարձրագույն կրթության մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մարիան Թումանյան 02.12.2017 17:21:11 Չնայած տեքստում պարզ նշված չէր, բայց ինչպես հասկացա, նախատեսվում է փոփոխել ասպիրանտական համակարգը եւ գիտությունների թեկնածուից անցում կատարել դոկտորի աստիճանի։ Գաղափարը ինքնին վատը չէ, բայց ունի մի քանի խնդիրներ։ Բարձրակարգ Եվրոպական բուհերում դոկտորի կոչում ստանալու համար պետք է անել բավական որակյալ, հատուկ չափանիշների համապատասխանող գիտական աշխատանք եւ տպագրվել միջազգային հեղինակավար պարբերականներում։ 1. Հայաստանում շատ քիչ են հեղինակավոր, միջազգային ստանդարտներին համապատասխանող, impact factor ունեցող պարբերականները, որոնք նաեւ հիմնված են կույր գրախոսության վրա (blind peer-review)։ 2. Միջազգային հեղինակավոր պարբերականների հասանելությունը եւ նրանց օգտագործումը հետազոտական գործընթացում եւս շատ սուղ է Հայաստանում։ 3. Չկան նաեւ մեծ թվով այնպիսի դասընթացներ, որոնք կպատրաստեն որակյալ հետազոտական աշխատանք անելուն։ 4. Գիտնականները անհրաժեշտ ֆինանսական աջակցություն չեն ստանում հետազոտական աշխատանքը կատարելու նաեւ միջազգային կոնֆերանսների մասնակցելու համար։ Այդպիսով, անցում կատարելը դոկտորի աստիճանի ՝ առանց որակական փոփոխություններ կատարելու համակարգում, ուղղակի անթույլատրելի է։ Արդյունքը միայն կլինի այն, որ կունենանք մի շարք դոկտորներ ՝ առանց անհրաժեշտ գիտելիքների, հմտություննեի եւ կարողությունների։ Դա ոչ մի ձեւով չի օգնի մեր պետությանը, այլ միայն անպատվություն կբերի։ Ելնելով վերոնշյալ կետերից, առաջարկում եմ կատարել հիմնավոր փոփոխություններ համակարգում ՝ ուղղված հայ գիտնականների աջակցմանը, գիտելիքների եւ հետազոտական հմտությունների հարստացմանը, գիտական աշխատանքների ֆինանսվորմանը։ Միայն դրանից հետո, ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան որակ, անցում կատարել գիտության թեկնածուից դեպի դոկտորի (PhD) աստիճանին։ Ընդունված է ի գիտություն: «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով կանոնակարգվում և հստակեցվում են միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների (այդ թվում՝ կրթական ծրագիր, բարձրագույն կրթության աստիճաններ, որակավորում և այլն) սահմանումները և անհրաժեշտ դրույթները, որը համադրելի և ըմբռնելի կդարձնի ՀՀ բարձրագույն կրթական համակարգի նկարագրությունը ազգային և միջազգային մակարդակներում: Մասնավորապես ներկայիս օրենսդրությամբ (այդ թվում՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով) կիրառվող հետբուհական կրթության՝ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում եվրոպական որակավորումների շրջանակի և Զալցբուրգյան սկզբունքների (ասպիրանտական կրթությունն որպես բարձրագույն կրթական 3-րդ մակարդակ) հետ համապատասխանեցմամբ, որը հնարավորություն կընձեռնի որակյալ գիտական հետազոտությունների և աստիճան շնորհելու չափանիշներ ու որակի չափորոշիչներ սահմանելու համար: Հարկ ենք համարում նշել, որ «գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում առաջացնում է թյուրըմբռնում՝ որակավորման արդեն իսկ ձեռք բերված լինելու ուղղությամբ: «Մասնագիտության դոկտոր» որակավորումն իր գիտահետազոտական գործընթացով նախատեսվում է, որ կազմված է լինելու 30% կրթական բաղադրիչից, իսկ մնացածը հետազոտական: Միևնույն ժամանակ «գիտությունների դոկտորը» ամբողջովին գիտական աստիճան է, որը չի պարունակում կրթական բաղադրիչ և չի բնութագրվում կրթական վերջնարդյունքներով, այն շնորհվում է գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող անձին` համապատասխան ոլորտում իր կողմից իրականացրած ակնառու (նշանավոր) բացահայտումների, նորարարությունների և նորամուծությունների արդյունքում: Նշենք նաև, որ «Գիտության դոկտորը» ՀՀ-ում որպես գիտական աստիճան գործելու է, բայց կարգավորվող «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով և վերջինիս դրույթներից բխող այլ իրավական ակտերով: Հիշյալով պայմանավորված, օրենքի նախագծով նախատեսվել է «գիտությունների թեկնածու» գիտական աստիճանը որպես այդպիսին նախատեսել «մասնագիտության դոկտոր (PhD)» որակավորումով՝ միջազգային որակավորման ճանաչելիության ապահովելու նպատակով և որակավորումը, որը ձեռք է բերվում ուսումնառության հաջող ավարտին՝ կրթական որակավորում է, իսկ երրորդ աստիճանի որակավորման շնորհման կարգի հաստատումը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից համապատասխան ենթաօրենսդրական ակտով: Ավելին, օրենքով հստակ ամրագրված է, որ ասպիրանտական ուսուցման արդյունքում (կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի 180 կրեդիտ) ուսանողը ձեռք է բերում խոր և համալիր գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական և մասնագիտական գործունեություն իրականացնելու և նոր գիտելիք ստեղծելու համար, իսկ ուսուցումն ամփոփվում է ատենախոսության պաշտպանությամբ, իսկ ուսուցումն ավարտած և ատենախոսությունը պաշտպանած անձին շնորհվում է գիտական աստիճան: Տվյալ դեպքում նշենք, որ օրենքը չի կարող ամենայն մանրամասնությամբ կարգավորել ասպիրանտական ծրագրի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջներին վերաբերող հարցերը: Որակավորումների տեսանկյունից խնդիրը կարգավորվում է Որակավորումներ ազգային շրջանակի (ՈԱՇ) 8-րդ մակարդակում ձեռք բերվող վերջնարդյունքների միջոցով՝ բարձրացնելով ակնկալվող գիտելիքների, հմտությունների և կարողունակության շեմը (տես՝ ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը): Ելնելով վերոշարադրյալից նշենք, որ ՀՀ օրենքի նախագծով ամրագրվում է Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան ասպիրանտական կրթության ոլորտը բարեփոխելու ու վերջինովս պայմանավորված բուհերի ասպիրանտական կրթական ծրագրերը վերանայելու ու համապատասխանեցնելու Զալցբուրգյան սկզբունքներին և նորարարական դոկտորական (ասպիրանտական) դասընթացների պահանջներին: Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2017-2022 ծրագրի 4.1 «Կրթություն և գիտություն» բաժնի 10-րդ կետի 1գ) ենթակետով նախատեսված է 2019-2021 թվականների ընթացքում մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերում զարգացնել հետազոտական ու նորարական բաղադրիչները, ինչպես նաև ներկայումս ՀՀ ԿԳ նախարարի 13.04.2017թ. N 371-Ն հրամանի համաձայն ասպիրանտական կրթական ծրագրերի պարտադիր դասընթացների շարքում արդեն իսկ ընդգրկվել է «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն» առարկան:
2 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 4-ի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «5. Անհատին բնորոշ արժանապատվության, անհատի ինքնուրույնության, պահանջմունքների և կարողությունների նկատմամբ հարգանքը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի Ներառական կրթության մասին ընդհանուր մեկնաբանություն 4-ը, պարբ. 6 (b)։ Չի ընդունվել: Օրենքում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնցով իրացված է բարձրացված խնդիրը:
3 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 4-ի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «գենդերային հավասարությունը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 6-ը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի Ներառական կրթության մասին ընդհանուր մեկնաբանություն 4-ը, պարբ. 46։ Տե՛ս նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի Կանանց նկատմամբ գենդերային բռնության մասին ընդհանուր առաջարկություն 35-ը և Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան։ Չի ընդունվել: Սույն օրենքի կարգավորման դրույթ չէ:
4 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 4-ի 1-ին մասի 4-րդ կետը «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք» բառերից հետո լրացնել «և (կամ) հաշմանդամություն ունեցող» բառերով։ Չբացառելով կրթության բնագավառում յուրաքանչյուր անձի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի կարևորությունը, անհրաժեշտ է երաշխավորել նաև հաշմանդամություն ունեցող անձանց կրթական հնարավորությունների հավասարության սկզբունքը։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց խումբ առավել լայն է և ընդգրկում է նաև անձանց, ովքեր, նեղ իմաստով, չունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, սակայն կրթության իրավունքն օգտագործելիս հանդիպում են բազմաթիվ արգելքների։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի՝ Ներառական կրթության մասին ընդհանուր մեկնաբանություն 4-ը, պարբ. 13։ Ընդունվել է: Խմբագրվել է:
5 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 5-ի 1-ին մասի 1-ին կետը «որակյալ» բառից հետո լրացնել «ներառական» բառով։ «Որակյալ ներառական ... կրթություն» եզրը կիրառվում է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից ընդհանուր մեկնաբանություն 4-ում, պարբ. 1։ Կայուն զարգացման նպատակ 4-ը ևս հաստատում է ներառական որակյալ և արդար կրթության արժեքը։ Չի ընդունվել: Օրենքի Հոդված 5-ի մաս 1-ի 1-ին կետի համաձայն՝ բուհի խնդիրն որպես այդպիսին ընտրած մասնագիտությամբ որակյալ բարձրագույն կրթության ապահովումն է բոլոր անձանց համար:
6 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 6-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «12. Բուհը պարտավոր է ապահովել կրթության, այդ թվում՝ կրթական ծրագրի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բուհը ապահովում է խելամիտ հարմարեցումների տրամադրումը, որոնք համաչափ ու նպատակահարմար են և ուղղված են անձի կրթության իրավունքի իրականացմանը՝ մշակելով անհրաժեշտ քաղաքականությունը և համապատասխան ընթացակարգերը»։ «Խելամիտ հարմարեցումներ» եզրը սահմանված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով և դրա տրամադրումը մերժելը համարվում է հաշմանդամության հիմքով խտրականություն։ Խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը խտրականություն է համարվում նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծով, որը խելամիտ հարմարեցումը սահմանում է որպես «անհրաժեշտ փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք համաչափ ու նպատակահարմար են և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի մարդու հիմնական իրավունքներից և ազատություններից օգտվելուն.»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն 2-ը և 4-ը, պարբ. 28։ Տե՛ս նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբ. 42 (2): Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկման և հստակեցման անհրաժեշտություն ունի, քանի որ համապատասխան կարգավորումներ նախատեսվում են սահմանել տվյալ ոլորտի օրենսդրությամբ:
7 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 9-ի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Ուսանողի կամ ասպիրանտի դիմումի հիման վրա կրթությունը կարող է կազմակերպվել հայերեն ժեստերի լեզվով, իսկ առանձին մասնագիտական դասընթացների օտար լեզվով դասավանդվելու դեպքում՝ համապատասխան ժեստերի լեզվով»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ, պարբ. 16 և Կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 4-ը, պարբ. 23, 35, 36, 58։ Չի ընդունվել: Սույն օրենքի կարգավորման դրույթ չէ, այլ կարող է նախատեսվել ենթաօրենսդրական համապատասխան ակտերով:
8 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 12-ի 2-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Կրթական միջավայրի մատչելիությունը և տրամադրվող ծառայությունների առկայությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ (պարբ. 42) և Կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 4-ը։ Ընդունվել է ի գիտություն: Ըստ անհրաժեշտության կսահմանվի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
9 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 15-ի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Բուհը պարտավոր է ապահովել ընդունելության քննությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող դիմորդների համար»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ (պարբ. 42) և Կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 4-ը։ Ընդունվել է ի գիտություն: Տե՛ս նախորդ կետի պատասխանը:
10 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 12-ի 12-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «բուհի մատչելիության շարունակական ապահովման ռազմավարության և հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման ընթացակարգերի հաստատումը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ (պարբ. 42) և Կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 4-ը։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկման և հստակեցման անհրաժեշտություն ունի, քանի որ համապատասխան կարգավորումներ նախատեսվում են սահմանել տվյալ ոլորտի օրենսդրությամբ:
11 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 23-ի 4-րդ մասի 2-րդ մասի «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց», իսկ «հաշմանդամ» բառը «հաշմանդամություն ունեցող» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ընդունելի է: Խմբագրվել է:
12 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 26-ի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Չի թույլատրվում հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների մատչելիության ապահովման համար հավելյալ վճարների գանձումը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 4-ը, պարբ. 4. «Մատչելիությունը պահանջում է, որ կրթությունը բոլոր փուլերում լինի գնային առումով հասանելի հաշմանդամություն ունեցող ուսանողներին։ Խելամիտ հարմարեցումները չպետք է հավելյալ ծախս լինեն հաշմանդամություն ունեցող սովորողների համար։ Պարտադիր, որակյալ, անվճար և մատչելի առաջնային կրթությունը անհետաձգելի պարտավորություն է»։ Ընդունվել է: Կատարվել է համապատասխան բովանդակությամբ լրացում:
13 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 26-ի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արգելվում է բուհերի վճարովի համակարգում սովորող, ուսումնառող փախստական ճանաչված և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած անձանց համար կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ բուհում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:»։ Տե՛ս Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի հոդված 22-ը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հոդված 5-ը, Փախստականների և միգրանտների համար Նյու Յորքի հռչակագիրը (A/RES/71/1)։ Ընդունվել է մասնակի: Օրենքում կատարվել է խմբագրում՝ «ծագումով հայ քաղաքացիների» բառերը փոխարինելով «անձանց» բառով:
14 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 27-ի 5-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «բուհում սահմանված ընթացակարգի համաձայն օգտվել խելամիտ հարմարեցումների և կրթության ներառականությունն ապահովող այլ ծառայություններից»։ Հիմնավորումը տե՛ս նախորդ առաջարկներում։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկման և հստակեցման անհրաժեշտություն ունի, քանի որ համապատասխան կարգավորումներ նախատեսվում են սահմանել տվյալ ոլորտի օրենսդրությամբ:
15 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 24-ի 14-րդ մասի 2-րդ կետի «գ.» ենթակետի «հավասարության» բառից հետո լրացնել «ներկայացուցչականության և ներառականության» բառերով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ընդհանուր առաջարկություն 4-ը, պարբ. 62։ Չի ընդունվել: Օրենքի Հոդված 27-ի (կարծում ենք 27, այլ ոչ 24) 14-րդ մասի համաձայն՝ ուսանողական մարմինների աշխատանքներում կարող են ընդգրկվել բուհի բոլոր սովորողները, այդ թվում՝ նաև հաշմանդամություն ունեցող անձինք:
16 «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն 20.12.2017 00:56:15 Հոդված 28-ի 14-րդ մասի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «բուհում սահմանված ընթացակարգի համաձայն՝ աշխատանքային և մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցության իրավունքների իրականացման համար օգտվել խելամիտ հարմարեցումներից»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 27-ը։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկման և հստակեցման անհրաժեշտություն ունի, քանի որ համապատասխան կարգավորումներ նախատեսվում են սահմանել տվյալ ոլորտի օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
17 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:00:59 Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի հանրային քննարկմանը հրավիրելու համար: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (այսուհետ՝ ԲՀՀ-Հայաստան) մեծապես կարևորում է բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների, այդ թվում` նաև Բարձրագույն կրթության մասին օրենսդրության բարեփոխումների գործընթացի և բովանդակության մեջ այնպիսի սկզբունքների և արժեքների որդեգրումն ու ամրագրումը, ինչպիսիք են` բարեվարքությունը, թափանցիկությունը, մասնակցայնությունն ու հաշվետվողականությունը: Կարծում ենք, որ ոլորտում իրականացվող ցանկացած նախաձեռնություն պետք է միտված լինի բարձրագույն կրթության որակի բարելավմանը, համակարգային կոռուպցիայի ու քաղաքականացվածության վերացմանը և ՀՀ բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը՝ համահունչ միջազգային լավագույն փորձին ու արդի աշխարհի զարգացման միտումներին: Հիմնադրամի օժանդակությամբ 2013թ. Կենտրոնական Եվրոպական Համալսարանի Հանրային Քաղաքականության Վերլուծական Կենտրոնի փոխձագետների կողմից իրականացված «Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր. առկա խնդիրների վերլուծություն» հետազոտությամբ հստակորեն հատկորոշված են բարձրագույն կրթության ոլորտի զարգացման հրատապ և ռիսկային խոչընդոտները, որոնցից առավել էական են բարձրագույն կրթության համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողությունը, ակադեմիական անկախության սահմանափակումը և շահերի բախումները՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններում: Նույն խնդիրները նշված են նաև Համաշխարհային Բանկի կողմից 2013թ.-ին հրապարակված «Կառավարման հետ կապված հարցերը Հայաստանի բարձրագույն կրթության ռեֆորմների կենտրոնում» հաշվետվության մեջ, Եվրոպայի Խորհրդի կողմից 2015թ.-ին անցկացված «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության վրա ազդող ռիսկերի վերլուծությունը» զեկույցում: Այս համատեքստում գտնում ենք, որ ՀՀ ԿԳՆ կողմից սույն թվականի դեկտեմբերի 18-ին հանրային քննարկման ներկայացված Բարձրագույն կրթության մասին ՀՀ Օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), չնայած որոշակի կառուցողական դրույթների ամրագրման, այնուամենայնիվ, չի հասցեագրում վերոհիշյալ հետազատական աշխատանքներում գնահատված և վերլուծված համակարգային խնդիրներն ու խոչընդոտներն ամբողջությամբ: Նախագծում առկա են մի շարք հակասական և խնդրահարույց դրույթներ, որոնք լրամշակման և վերանայման խիստ անհրաժեշտություն են զգում: Ընդունվել է ի գիտություն: Օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկվել է նաև ԵՄ, ԵԽ և ՀԲ միջազգային փորձագետների հետ:
18 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:01:19 1. Ողջունելի է Նախագծում ամրագրված այն սկզբունքը, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձիք և մարզպետները չեն կարող լինել բուհերի կառավարման խորհրդի անդամ: Սակայն այս դրույթի ամրագրմամբ բուհերի և բարձրագույն կրթության համակարգի քաղաքականացման և գործադիրի կողմից վերահսկման խնդիրը լիարժեք չի կարգավորվում: Նախագծի հոդված 18-ը ամրագրում է բուհի կառավարման խորհրդի ձևավորման կարգը, որը, ինչպես արդեն նշվել է, կիրառելի է միայն հանրային բուհի դեպքում, և կարող է հակասել մասնավոր բուհի կազմակերպաիրավական ձևից բխող կարգավորումներին: Այնուհետև, սույն հոդվածի համաձայն, կառավարման խորհրդի 30 տոկոսը կազմված է բուհի հետ համագործակցող գործատուներից: Տվյալ դեպքում հստակ չէ գործատուների ոլորտային ինքնությունը: Արդյոք խոսքը գնում է մասնավոր հատվածի մասին, թե այս 30 տոկոսում կարող են ընդգրկվել նաև պետական գործատուների, ինչպես օրինակ՝ դպրոցների, նախարարությունների, մարզպետարանների և այլ ներկայացուցիչներ: Նման ձևակերպման պարագայում գոյություն ունի ռիսկ, որ բուհի հետ համագործակցող գործատուները կարող են նույնականացվել, օրինակ, պետական կառավարման մարմինների կամ պետական այլ ձեռնարկությունների հետ, ինչի արդյունքում հիմնադիրը՝ ի դեմս ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազորված մարմնի, կարող է ձեռք բերել բացարձակ վերահսկողություն բուհի կառավարման խորհրդի նկատմամբ՝ ունենալով 50 % մասնաբաժին: Խնդիրն էլ ավելի կարող է ռիսկային դառնալ, եթե հաշվի առնենք, որ նույն հոդվածի 9-րդ կետն ամրագրում է, որ կառավարման խորհրդի նախագահ չի կարող ընտրվել ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված խորհրդի անդամը, ինչը նույնպես հակասում է բուհի ինքնավարության սկզբունքներին: Չի ընդունվել: Տե՛ս օրենքի Հոդված 29-ի մաս 11-ը: Օրենքի Հոդված 18-ն արդեն իսկ խմբագրվել է և բուհի հետ համագործակցող գործատուների ներկայացուցիչներին առաջադրելու է բուհի գիտական խորհուրդը, ելնելով բուհի առանձնահատկություններից:
19 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:01:42 2. Նախագծի տարբեր կետերում պարբերաբար խոսվում է ակադեմիական բարեվարքության մասին՝ վերջինս ձևակերպելով կամ ազնվության վարքականոն, կամ ակադեմիական ազնվություն (օրինակ, տե՛ս հոդված 27.6.7): «Ակադեմիական բարեվարքություն» եզրույթն արդեն տարիներ շարունակ գործնական կիրառություն ունի, և ոլորտի բազմաթիվ մասնագետների կողմից, հետազոտություններում, հոդվածներներում և բուհերի կողմից ներկայացված տարբեր փաստաթղթերում և հաշվետվություններում օգտագործվում է հենց այս եզրույթը: Ավելին, Նախագծի այլ կետերում (օրինակ, տե՛ս հոդված 13.10) խոսվում է նաև գրագողության մասին, սակայն վերջինս ակադեմիական բարեվարքության խախտման դրսևորումներից ընդամենը մեկն է: Այսպիսով, առաջարկվում է Նախագծում օգտագործված մյուս տարբերակները՝ «ազնվության վարքականոն» և «ակադեմիական ազնվություն», փոխարինել «ակադեմիական բարեվարքություն» եզրույթով, իսկ նախագծի հոդված 3-ի օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների շարքը համալրել վերոնշյալ եզրույթով ու ավելի ընդգրկուն և համապարփակ ներկայացնել դրա սահմանումը: Ընդունելի է: Օրենքում կկիրառվի «ակադեմիական բարեվարքություն» եզրույթը:
20 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:02:10 3. Հոդված 27.6.7 նշվում է՝ «բուհի ուսանողը պարտավոր է պահպանել բուհի կողմից սահմանված էթիկայի կանոնները և ակադեմիական ազնվության վարքականոնները», մինչդեռ հարկ է նշել, ինչպես փաստում եմ մի շարք տեղական և միջազգային հետազոտությունների տվյալներ (այդ թվում՝ տե՛ս «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» (2016) ԲԲՀ-Հայաստան, Կիրառական քաղաքականության կենտրոն, Մ. Միլովանովիչ, «Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր. առկա խնդիրների վերլուծություն» (2013), ԲԲՀ-Հայաստան, ԿԵՀ բարձրագույն կրթության վերլուծական կենտրոն, Լ. Մաթեյ, Յու. Իվինսկան), «Կառավարման հետ կապված հարցերը Հայաստանի բարձրագույն կրթության ռեֆորմների կենտրոնում» (2013), Համաշխարհային Բանկ), ակադեմիական բարեվարքությունն ու դրա խախտումը կրթական համակարգի ընդհանուր խնդիր է և չի կարող սամանափակվել ուսանողական մակարդակում միայն: Հետևաբար, առաջարկվում է ակադեմիական բարեվարքության պահպանումը դիտարկել համակարգային հարց և ընդգրկել այլ բաժիններում ևս, այդ թվում՝ հոդված 28-ի «Բուհերի աշխատողների և նրանց իրավունքներն ու պարտականությունները» հատվածում: Ընդունելի է: Օրենքի Հոդված 28-ում կկատարվի համապատասխան լրացում:
21 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:02:10 4. Կրթության զարգացումը թե՛ հանրակրթական, թե՛ բարձրագույն կրթության մակարդակում ուղղակիորեն կապված է պատասխանատու և մտածող քաղաքացու հետ, հետևաբար նախագծի համար առանցքային պետք է դիտարկվի քննադատական մտածողության զարգացումը, իսկ դրան միտված գործողությունները պետք է դառնան գերակա: Այսպիսով, առաջարկվում է Նախագծում կրթության զարգացման համար կարևոր նախապայման դիտարկել քննադատական մտածողությունը և առանձին կետով անդրադառնալ դրան հոդված 4-ում «կամ հոդված 5-ում: Ընդունվել է ի գիտություն: Սույն օրենքի կարգավորման առարկա չէ և կարգավորվում է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով:
22 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:02:10 5. Նախագիծը սահմանում է կառավարման և գիտական խորհուրդները՝ որպես բուհերի կառավարման կոլեգիալ մարմիններ: Սակայն, հաշվի առնելով պետական բուհերի կազմակերպաիրավական ձևի փոփոխման միտումները (վերակազմակերպումը ՊՈԱԿ-ներից՝ հիմնադրամների), «կառավարման խորհուրդ» եզրույթը կարող է տարընթերցում առաջացնել: Միևնույն ժամանակ, գիտական խորհուրդը չի կարող համարվել կառավարման մարմին՝ համաձայն Հիմնադրամների մասին ՀՀ Օրենքի: Բացի այդ, կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծի գլուխ 3-ում սահմանել, թե ինչպիսի կազմակերպաիրավական ձևեր կարող են ունենալ հանրային և մասնավոր բաձրագույն ուսումնական հաստատությունները՝ դրանից բխող կոլեգիալ և գործադիր կառավարման մարմինների տարբերակումներով: Չի ընդունվել: Տե՛ս օրենքի Հոդված 18-ի մաս 2-ի 1-ին կետը: Տե՛ս նաև նախորդ պատասխանը: Բացի այդ նշենք, որ համապատասխան փոփոխություն և լրացում է նախատեսվել նաև «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում:
23 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:02:41 6. Նախագծում մանրամասնորեն ամրագրված են միայն հանրային բուհի կառավարման դրույթները (տե՛ս գլուխ 3, հոդված 18), սակայն մասնավոր բուհերի կազմակերպաիրավական և կառավարման տիպային կարգավորումները բացակայում են: Այսպիսով, առաջարկվում է համալրել հոդված 8-ը մասնավոր բուհերի կառավարման կառուցվածքային նկարագրությամբ: Չի ընդունվել: Տե՛ս օրենքի Հոդված 29-ի մաս 11-ը: Մասնավոր բուհերի կազմակեպաիրավական ձևերից ելնելով կառավարման կարգավորումները սահմանվում են համապատասխան օրենքներով:
24 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:02:41 7. Հոդված 5-ի 10 և 11-րդ կետերում խոսվում է բուհին վերապահված այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը, սովորողի` ազգային, հոգևոր և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը, սովորողների մեջ քաղաքացիական հմտությունների արմատավորումը, բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը, և այլն: Այստեղ հարկ է շեշտել, որ բուհի դաստիարակչական, ինչպես նաև անձի հոգևրոր, բարոյական ու քաղաքացիական հմտությունների զարգացման կամ բնակչության կրթման գործառույթները քննարկման առարկա են և կարող են ունենալ տարբեր մոտեցումներ: Ուստի առաջարկվում է նախագծից հանել այս վիճակահարույց կետերը: Ընդունվել է ի գիտություն: Բերված փաստարկները հիմնավոր չեն:
25 Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 20.12.2017 14:02:41 8. Հոդված 28-ի կետ 15-ի ենթակետ 3-ում նշվում է՝ «Բուհի աշխատողները պարտավոր են սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն»: Սակայն նշվածները բուհի աշխատողների գործառույթները չեն և անհարկի են վերագրված նրանց: Բացի այդ, պարզ չէ, թե ինչպիսի «քաղաքացիական դիրքորոշման» ձևավորման մասին է խոսքը: Քաղաքացիական դիրքորոշումը միշտ էլ կոնկրետ բնույթ ունի, այս կամ այն կոնկրետ հարցի շուրջ է և դրսևորման տարբեր եղանակներ ունի: Հետևաբար, դժվար է պատկերացնել ընդհանրական «քաղաքացիական դիրքորոշման» ձևավորում: Նույնը վերագրելի է նաև «հայրենասիրության» ձևավորմանը: Եվ քանի որ նման ձևակերպումները ռիսկային են քննադատական մտածողության տեսանկյունից, առաջարկվում է Նախագծից հանել վերոնշյալ խնդրահարույց ձևակերպումները: Ընդունվել է ի գիտություն: