Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը սահմանում է տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, նրանց լիազորությունները և կարգավորում է տարածքային կառավարման մարմինների փոխհարաբերությունները պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Հոդված 2. Տարածքային կառավարման մասին օրենսդրությունը

1․ Հայաստանի Հանրապետությունում տարածքային կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով։

ԳԼՈՒԽ II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը հիմնվում է.

1) տարածքային զարգացման ռազմավարության,

2) մարզերի  զարգացման ռազմավարությունների

3) համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի,

4) նպատակային և հեռանկարային այլ ծրագրերի վրա։

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը իրականացվում է տարածքային զարգացման ռազմավարությամբ նախանշված նպատակների իրականացման միջոցով եւ կոչված է ապահովելու հանրապետության մարզերի կայուն, համաչափ և ներդաշնակ զարգացումը:

Հոդված 4. Տարածքային կառավարման հասկացությունը

  1. Տարածքային կառավարումը պետական կառավարման իրականացումն է մարզերում։
  2. Կառավարության տարածքային քաղաքականության հիմնադրույթները մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը։

Հոդված 5. Տարածքային կառավարման մարմինները

  1. Հայաստանի Հանրապետության մարզերում տարածքային կառավարման մարմիններն են մարզպետը, մարզային հիմնադրամը և մարզի հիմնադրամի զարգացման խորհուրդը (այսուհետ` զարգացման խորհուրդ)։

Հոդված 6. Տարածքային կառավարման սկզբունքները

1.Տարածքային կառավարման սկզբունքներն են՝

1) համալիրությունը և համակարգայնությունը

2) օրինականությունը և հաշվետվողականությունը

3) հրապարակայնությունը և թափանցիկությունը։

Հոդված 7. Մարզը

  1. Մարզը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր է, որն ունի տարածք, բնակչություն, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ։
  2. Մարզերի վարչական սահմանները և բաժանումը կարգավորվում է օրենքով։

Հոդված 8. Մարզպետարանը

  1. Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետարանի աշխատակազմից և մարզային հիմնադրամից։ Մարզպետարանի համակարգում կարող են ընգրկվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։ Մարզպետարանը գլխավորում է մարզպետը։
  2. Մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ աշխատողների թվաքանակը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ մարզպետի ներկայացմամբ։

Հոդված 9. Մարզպետը

  1. Մարզպետը գլխավորում է մարզպետարանը, որի միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, նպաստում տարածքային նշանակության հարցերի լուծմանը և համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
  2. Մարզպետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ։ Մարզպետը հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, փոխվարչապետերին և կառավարության տարածքային քաղաքականության լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին)։
  3. Մարզպետը չի կարող անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից։
  4. Մարզպետի նստավայրը գտնվում է մարզի վարչական կենտրոնում:

Հոդված 10. Մարզպետարանի ստորաբաժանումները

  1. Մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակը սահմանվում է մարզպետարանի կանոնադրությամբ։ Մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներն իրականացնում են կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորություններ։
  2. Մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է կառավարության լիազոր մարմինը՝ մարզպետի ներկայացմամբ։ Մարզային ենթակայության կազմակերպությունների հիմնադրումը, վերակազմակերպումն ու լուծարումը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Մարզպետարանի գործունեությունն իրականացվում է մարզպետի տեղակալի, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի և մարզպետարանի աշխատակազմի միջոցով։

Հոդված 11. Մարզպետի տեղակալը

  1. Մարզպետն ունի տեղակալ, որն իրականացնում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով և մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։
  2. Մարզպետի տեղակալին մարզպետի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը։
  3. Մարզպետի տեղակալը չի կարող անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից։

Հոդված 12. Մարզպետի խոհրդականները, օգնականները և մամուլի քարտուղարը

  1. Մարզպետի խոհրդականների և օգնականների, մամուլի քարտուղարի պաշտոնները և թվաքանակը սահմանվում է մարզպետարանի կանոնադրությամբ։ Մարզպետի խոհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը։
  2. Մարզպետի խորհրդականները, օգնականները և մամուլի քարտուղարը իրականացնում են մարզպետի կարգադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, չեն կարող անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից։

Հոդված 13. Մարզպետարանի աշխատակազմը

  1. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։
  2. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը սույն օրենքով և այլ իրավական ակտերով մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է։
  3. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, ինչպես նաև մարզպետարանի կանոնադրության հիման վրա։
  4. Մարզպետարանի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
  5. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
  6. Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
  7. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու մարզպետը՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում։ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը։
  8. Մարզպետարանի աշխատողներ են համարվում մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը։
  9. Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների և գլխավոր պաշտոնների առաջին ենթախմբի ծառայողներին պաշտոնի նշանակում և ազատում է մարզպետը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 14. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը

  1. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը։
  2. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում.

1) կազմակերպում և ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը, իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը,

2) ապահովում է մարզպետի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքը և զեկուցում մարզպետին,

3) մշակում և մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման ժամկետայնության նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է մարզպետին,

4) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոննների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև ընդունում է աշխատանքի և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց,

5) ապահովում է մարզպետարանի աշխատակազմի բյուջետային ծախսերի կատարումը,

6) իրականացնում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով այլ լիազորություններ։

  1. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար։ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար։

Հոդված 15. Մարզային հիմնադրամը

1.Մարզային ռազմավարական և հեռանկարային, ինչպես նաև այլ ծրագրերի գնահատման, մշակման և իրականացման համար մարզերում ստեղծվում են մարզային հիմնադրամներ: Մարզային հիմնադրամների հիմնադիրը Հայաստանի Հանրապետության է ի դեմս Կառավարությունն է։

  1. Հիմնադրամի անմիջական կառավարումն իրականացնում է հիմանդրամի տնօրենը: Հիմնադրամի տնօրենին նշանակում և ազատում է մարզային հիմնադրամի խորհուրդը՝ մարզպետի ներկայացմամբ: Մարզպետը մինչ հիմնադրամի տնօրենի թեկնածուին զարգացման խորհրդին ներկայացնելը հարցը քննարկում է վարչապետի հետ: Հիմնադրամի տնօրենը հաշվետու է վարչապետին, լիազոր մարմնի ղեկավարին և հիմնադրամի խորհրդին:
  2. Հիմնադրամի կառուցվածը և գործունեության կարգը սահմանվում է հիմնադրամի կանոնադրությամբ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի կանոնակարգի համաձայն հաստատում է հիմնադրամի խորհուրդը։
  3. Հիմնադրամի գործունեության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը հաստատվում են կառավարության կողմից: Տարեկան գործառնական ծրագիրը հաստատում է զարագացման խորհուրդը: Հիմնադրամի միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության տարածքային և մարզային զարգացման ռազմավարություններից:
  4. Հիմնադրամի գործառույթներն են՝

1) Ներդրումների ներգրավումը, այդ թվում արտաքին և ներքին  միջոցներ,

2) տարածքային ծրագրերի մշակումը և իրականացումը,

3) գործարարության աջակցությունը,

4) դոնորների ներգրավումը իրականացվող ծրագրերին,

5) իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը և ազդեցության գնահատումը,

6)միջնորդավորված կամ անմիջականորեն տարածքային ծրագրերի ֆինանսավորումը:

Հոդված 16. Մարզային հիմնադրամի խորհուրդը

  1. Մարզում ստեղծվում է մարզային հիմանդրամի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են մարզպետը, համայնքների ղեկավարները, մարզային հիմնադրամի տնօրենը և կառավարության երեք ներկայացուցիչ։ Մարզպետը ի պաշտոնե հիմնադրամի խորհրդի նախագահն է։ Հիմնադրամի խորհրդի անհատական կազմը սահմանվում է վարչապետի որոշմամբ:
  2. Մարզի հիմնադրամի խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է մարզպետը։ Նիստերը հրավիրվում են եռամսյա կտրվածքով: Մարզպետի կամ զարգացման խորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել մարզի հիմնադրամի զարգացման խորհրդի արտահերթ նիստ։ Հիմնադրամի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են խորհրդի անդամների 1/2-ը: Մարզի հիմանդրամի խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին։ Մարզի հիմնադրամի խորհրդի որոշումները ստորագրում է մարզպետը։
  3. Մարզի խորհուրդը մարզպետի ներկայացմամբ քննարկում և որոշում է ընդունում հետևյալ հարցերի վերաբերյալ՝

1) մարզային հիմնադրամի տարեկան գործունեության վերաբերյալ հիմնադրամի տնօրենի զեկույց,

2) մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրեր,

3) պետական բյուջեի նախագծի՝ մարզի կտրվածքով, այդ թվում՝ պետական բյուջեից համայնքներին նախատեսվող հատկացումների վերաբերյալ մարզպետի առաջարկների առնչությամբ։

  1. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հարցերի շուրջ հիմնադրամի խորհրդի նիստերին մարզպետի հրավերով կարող են մասնակցել և հաշվետվություններ ներկայացնել կամ զեկույցներով հանդես գալ մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և այլ անձինք։
  2. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քննարկված հարցերի առնչությամբ հիմնադրամի խորհուրդը կարող է կառավարություն և լիազոր մարմին ներկայացնել առաջարկություններ, որոնք ենթակա են պարտադիր քննարկման:

ԳԼՈՒԽ III ՄԱՐԶՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 17. Մարզում պետական կառավարման ոլորտի հարաբերությունների կարգավորումը

  1. Մարզում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետի և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա։
  2. Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով։
  3. Մարզպետը օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում՝

1) ֆինանսներ

2) պաշտպանություն,

3) քաղաքացիական պաշտպանություն

4) քաղաքաշինության

5) տրանսպորտ

6) գյուղանտեսություն և հողօգտագործում

7)  կրթություն

8)  առողջապահություն և սոցիալական ապահովություն

9)  բնապահպանություն

10)  մշակույթ, սպորտ և երիտասարդություն

  1. Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետը իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով։ Վերջիններիս ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։

Հոդված 18. Մարզում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

  1. Մարզում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով։
  2. Մարզպետը կարող է տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկել դատարան։ Դատական կարգով բողոքարկման գործընթաց սկսելու դեպքում մարզպետը այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:

Հոդված 19. Մարզպետի փոխհարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ

  1. Մարզպետը՝

1) վերահսկում է պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը.

2) տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրությանը հակասող որոշումները՝  և գործողությունները կասեցնելու կամ վերացնելու նպատակով հայցով իրավասու է դիմել դատարան։

3) ավագանու կողմից ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելուց հետո, եթե թափուր տեղերը հնարավորություն չեն ընձեռում ավագանու հետագա աշխատանքի շարունակման համար, դիմում է կառավարությանը՝ ավագանու նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ առաջարկով.

4) նշանակում է գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ համայնքի ղեկավարի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, մինչև նորընտիր ղեկավարի կողմից իր պարտականությունների ստանձնումը.

5) մեթոդական ցուցումներով օգնում է համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը, ինչպես նաև համայնքային զարգացման քառամյա ծրագրերի պատրաստմանը։

Հոդված 20. Իրավական և մասնագիտական հսկողության իրականացման կարգը

  1. Համայնքի պարտադիր խնդիրների և պետության պատվիրակած լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության բովանդակությունը, հսկողության ոլորտները, սահմանները և միջամտող միջոցառումները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքերով:
  2. Համայնքներում իրավական հսկողության իրականացնում է լիազորված մարմինը, որի ձևերը և կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։

 Հոդված 21. Մարզպետի գործունեությունը հանրային կառավարման հարաբերություններում

  1. Հանրային կառավարման ոլորտում մարզպետը՝

1) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը,

2) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է կառավարության նիստերին,

3) սահմանված կարգով կառավարության, վարչապետի, փոխվարչապետերի և լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը,

4) նախապատրաստում և կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում մարզում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կատարելագործման վերաբերյալ,

5) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերվող մարզին առնչվող հարցերը,

6) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ,

7) մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև համայնքային բյուջեներին հատկացումների մասով սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին,

8) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն՝ իր գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, մարզային ռազմավարության գործառնական ծրագրերի կատարման ընթացքի մասին, ինչպես նաև ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում կառավարությանը, փոխվարչապետին և լիազոր մարմնի ղեկավարին

9) տարածքային կառավարման և զարգացման հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին,

10) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու համար,

11) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների՝ օրենսդրությանը հակասող իրավական ակտերը,

12) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում մարզում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ,

13) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ,

14) օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական և մասնագիտական հսկողությունն  է իրականացնում պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակած լիազորությունների և պարտադիր խնդիրների կատարման նկատմամբ,

15) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և սահմանված կարգով իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասություններ,

16) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետության շահերի և հասարակական կարգի պահպանման ապահովման համար,

17) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում դատախազություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

18) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանի և մարզային կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին

19) օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ներկայացնում է մարզի շահերը արտաքին հարաբերություններում, իր իրավասությունների սահմաններում կնքում է պայմանագրեր, համագործակցում է օտարերկրյա պետությունների, այլ վարչատարածքային միավորների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ,

20) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ։

Հոդված 22. Մարզպետի որոշումները և կարգադրությունները

  1. Մարզպետը կարող է ընդունել նորմատիվ կամ անհատական որոշումներ և կարգադրություններ միայն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։
  2. Մարզպետը նորմատիվ որոշումներ ընդունում է միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում։
  3. Մարզպետը, Հայաստանի Հանրապետության նախարարները կարող են ընդունել համատեղ հրամաններ կամ որոշումներ։
  4. Մարզպետի՝ օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրություններն ուժը կորցրած կամ անվավեր են ճանաչվում վարչապետի, ոլորտը համակարգող փոխվարչապետի կամ դատարանի որոշմամբ։

Հոդված 23. Մարզի խորհուրդը

  1. Մարզում կարող է ստեղծվել մարզի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են մարզպետը, համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Մարզպետի առաջարկությամբ խորհրդի նիստերին կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Մարզպետը ի պաշտոնե մարզի խորհրդի ղեկավարն է։
  2. Մարզի խորհուրդը խորդակցական մարմինն է, որի աշխատակարգը սահմանվում է մարզպետի որոշմամբ։ Աշխատակարգի օրինակելի ձևը սահմանում է լիազոր մարմինը։

ԳԼՈՒԽ IV. ՄԱՐԶՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Հոդված 24. Մարզպետի գործունեությունը ֆինանսների բնագավառում

  1. Ֆինանսների բնագավառում մարզպետը՝

1) սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի՝ մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ,

2) տնօրինում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկում է այդ միջոցների նպատակային օգտագործումը,

3) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման գործում։

Հոդված 25. Մարզպետի գործունեությունը պաշտպանության բնագավառում

  1. Պաշտպանության բնագավառում մարզպետը՝

1) իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականությունը,

2) ապահովում է մարզում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, զինված ուժերի զորահավաքային պատրաստությունը և զորակոչի իրականացումը, զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանությունը,

3) պաշտպանության նպատակով իրականացնում է տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումները, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների կատարումը,

4) մասնակցում է տարածքային պաշտպանության միջոցառումների ծրագրավորմանն ու օժանդակում դրանց իրագործմանը,

5) օրենսդրությամբ սահմանված կարգով զինված ուժերն ապահովում է նյութական միջոցներով և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով,

Հոդված 26. Մարզպետի գործունեությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում

  1. Մարզպետը հանդիսանում է մարզի քաղաքացիական պաշտպանության պետը, կազմակերպում և ղեկավարում է մարզի բնակչության քաղաքացիական պաշտպանության աշխատանքները և պատասխանատվություն է կրում մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության համար։
  2. Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մարզպետը՝

1) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում մարզային համապատասխան ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները,

2) մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը,

3) բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին,

4) համապատասխան հանձնարարականներ է տալիս և կարգադրություններ անում մարզում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության ղեկավարին։

Հոդված 27. Մարզպետի գործունեությունը քաղաքաշինության բնագավառում

  1. Քաղաքաշինության բնագավառում մարզպետը՝

1) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը եւ ներկայացնում է լիազոր մարմին,

2) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ,

Հոդված 28. Մարզպետի գործունեությունը տրանսպորտի բնագավառում

  1. Տրանսպորտի բնագավառներում մարզպետը ՝

1) կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը,

2) աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը։

Հոդված 29. Մարզպետի գործունեությունը գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառում

  1. Գյուղանտեսության և հողօգտագործման բնագավառում մարզպետը՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը,

2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում մարզի հողերի օգտագործման սխեմաները,

3) մեթոդական աջակցություն է ցուցաբերում մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին:

Հոդված 30. Մարզպետի գործունեությունը կրթության բնագավառում

  1. Կրթության բնագավառում մարզպետը՝

1) ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը,

2) կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների աշխատանքը,

3) կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

Հոդված 31. Մարզպետի գործունեությունը առողջապահության բնագավառում

  1. Առողջապահության բնագավառում մարզպետը՝

1) իրագործում է պետական առողջապահական ծրագրերը,

2) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը,

3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը,

4) աջակցում է մարզի տարածքում հակամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը:

Հոդված 32. Մարզպետի գործունեությունը սոցիալական ապահովության բնագավառում

  1. Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետը`

1) իրագործում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը,

2) կազմակերպում է մարզային ենթակայության գործունեությունը,

3) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

Հոդված 33. Մարզպետի գործունեությունը սպորտի, երիտասարդության և մշակույթի բնագավառներում

1.Սպորտի, երիտասարդության և մշակույթի բնագավառներում մարզպետը՝

1) իրագործում է սպորտի, երիտասարդության և մշակույթի ոլորտներում պետական ծրագերը,

2) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը,

3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը,

4)  աջակցում է համայնքներին մշակութային և սպորտային ծրագրերի և միջոցառումների իրականացման գործում:

Հոդված 34. Մարզպետի գործունեությունը բնապահպանության բնագավառում

1.Բնապահպանության բնագավառում մարզպետը՝

1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը

2) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.

3) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

ԳԼՈՒԽ V.  ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 35. Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը

  1. Մարզպետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համակարգում է ոստիկանության, ազգային անվտանգության, պաշտպանության, հարկային և մաքսային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
  2. Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, մարզպետին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է՝

1) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.

2) մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, տեղեկատվության ստացումը.

3) տարածքային քաղաքականության, մարզի ռազմավարական զարգացման ծրագրի, պետական բյուջեով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով խորհրդակցությունների կազմակերպումը։

ԳԼՈՒԽ VI. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Հոդված 36. Երևան քաղաքում տարածքային կառավարում իրականացնող մարմինը

  1. Երևան քաղաքում տարածքային կառավարումն իրականացվում է ՀՀ Սահմանադրության, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման» մասին, սույն օրենքի շրջանակներում:
  2. Տարածքային կառավարման և զարգացման քաղաքականության իրագործումն ապահովվում   է  Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր մարմնի կողմից:

Հոդված 37. Երևան քաղաքում տարածքային կառավարման հարաբերությունների բովանդակությունը

  1. Տարածքային կառավարումն ընդգրկում է ՝

1) Երևան համայնքի քաղաքային զարգացման ծրագրերի, քաղաքային տնտեսական բաղադրիչ ունեցող այլ ծրագրերի նկատմամբ մշտադիտարկման իրականացումը

2) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարկային և այլ փոխառու իջոցների  ներգրավման կամ ֆինանսական պարտավորություն նախատեսող պայմանագրերի վերաբերյալ, տնտեսական ազդեցության գնահատման վերաբերյալ Կառավարությանը եզրակացության տրամադրումը,

3) Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ իրավական  հսկողության իրականացումը,

4) Երևանում պետական սեփականություն հանդիսացող հողային ֆոնդի կառավարումը,

5) Հողային տեսչական գործառույթների իրականացումը:

ԳԼՈՒԽ VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 38. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
  2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ -728 հրամանագիրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.11.2017 - 14.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 700

Տպել

Առաջարկներ`

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպություն

12.12.2017

Հոդված 6-ը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Անխտրականությունը։»։

Բյուրեղավանի համայնքապետարան

04.12.2017

Ծանոթացել ենք «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախագիծը հնարավորիս կարգավորում է տարածքային կառավարման հարաբերությունները և մարզում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի հետ կապված փոխհարաբերությունները: Ներկայացնում ենք մեր առաջարկը նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի վերաբերյալ՝ Հոդված 19. Մարզպետի փոխհարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ 5) մեթոդական ցուցումներով օգնում է համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստմանը, ինչպես նաև համայնքային զարգացման քառամյա ծրագրերի պատրաստմանը։ Համայնքային զարգացման ծրագրերը լինում են հնգամյա: «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածով սահմանվել է, որ համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիր: Վերը նշված օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նույնպես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականությունը հիմնվում է նաև համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի վրա:

Տեսնել ավելին