Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

         

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը  

Դատարանների գործունեության վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների միջև ստեղծվել են ծանրաբեռնվածության էական տարբերություններ: Մասնավորապես, օրինակ, 2015 թվականի ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4633 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 5772 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6074 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 4597 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 3893 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 5507 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6150 քաղաքացիական գործ:

Բացի այդ, Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ գործերի բաշխման էական անհամաչափություն է առկա նաև առանձին դատավորների ծանրաբեռնվածության միջև: Մասնավորապես, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստանում է 1074 գործ, մինչդեռ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստանում է 371 գործ, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստանում է 670 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 4 դատավորի առակայության պարագայում, այն դեպքում, երբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստանում է 355 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 8 դատավորի առակայության պարագայում:

Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին վերաբերող միջնորդությունները: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականին ստացել է 3924 միջնորդություն, իսկ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 2016 թվականին ստացել է 556 միջնորդություն:

Միևնույն ժամանակ, Դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25-Լ որոշմամբ սահմանված կոնկրետ տոկոսաչափերն առանց հիմնավորման անհավասարաչափ են բաշխված, ինչի արդյունքում մեկ դատարանի նախագահն օգտվում է 95 տոկոս արտոնությունից, այսինքն` նրան մակագրվում է գործերի ընդամենը 5 տոկոսը, իսկ այլ նախագահ 25 տոկոսից կամ առհասարակ որևիցե արտոնություն չունի, ինչը ևս հանգեցնում է դատարանների և առանձին դատավորների միջև ծանրաբեռնվածության անհամաչափ բաշխման:

2. Ընդհանուր իրավասության դատարանների կողմից գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննության վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013 թվականին գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի 48 տոկոսը կազմել են 2.000.000 դրամը չգերազանցող հայցագին ունեցող գործերը, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 2.000.000 դրամը չգերազանցող հայցագին ունեցող գործերը կազմել են արդեն գումարի բռնագանձման վերաբերյալ բոլոր գործերի 82 տոկոսը: Ընդ որում, որ նշված գործերի մեծ մասը հիմնվում եմ գրավոր գործարքի (վարկային և այլ պայմանագրեր) վրա:

Այս առումով ուշադրության է արժանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 28.02.1984 թվականի թիվ R/84/5 հանձնարարականը, որով սահմանվել է պարտատիրոջ իրավունքների առավել արդյունավետ, ճկուն և արագ պաշտպանության կագուցակարգեր ներդնելու պահանջ: Փաստաթղթին կից սկզբունքներով նախատեսվում է, որ քաղաքացիական դատավարությունում անհրաժեշտ է նախատեսել վեճի լուծումն արագացնող կոնկրետ կանոններ, որոնք թույլ կտան անհետաձգելի կամ անվիճելի դեպքերում թեթևացնել դատական ընթացակարգը, ապահովել խախտված կամ խախտման վտանգի տակ գտնվող իրավունքների առավել արագ պաշտպանությունը՝ ապահովելով այդ կատեգորիաների գործերով արդարադատության մատչելիությունն ու արդյունավետությունը:

  Վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

 

2. Առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր)`

  • նվազեցվել է դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի:
  • հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը,
  • սահմանվել է, որ Երևան քաղաքում գործում է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով,
  • մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագերծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

 

 4Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվի դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որոշակի գումարային շեմը չգերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմ:

  • Քննարկվել է

    20.10.2017 - 05.11.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11233

Տպել

Առաջարկներ`

ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

29.10.2017

ՀՀ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ /այսուհետև` օրենսգիրք/ ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե.ԵՍՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈւՆՆԵՐ Ներկայացվող Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ըստ էության նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում ներառված որոշ դրույթների և կարգավորումների առանձնացում է, որոնք որ նպատակահարմար էր կիրառել մինչև նոր օրենսգրքի գործողության մեջ մտնելը: Այս առումով որպես առանձին գլուխ առանձնացվել և ներկայացվել է <<Գլուխ 19.1 գործերի քննությունը պարզեցված վարույթի կարգով>>: Ըստ էության նման վարույթի կարգ և պայման ես ինքս եմ առաջարկել և մտցվել է նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր նախագծում: Ինքն իրենից շատ դրական ընթացակարգ է` գործերի քննության արդյունավետությունը և հնարավորինս կարճ ժամկետը պահպանելու և դատարանների դատական նիստերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Սակայն գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրը և նոր օրենսգրքի նախագիծն ունեն որոշակի դատավարական տարբերություններ` կախված հայցադիմումի ձևից, բովանդակությունից, դատարան ներկայացնելու կարգից, վարույթ ընդունելու, կողմերին ուղարկելու, պատասխան ներկայացնելու ժամկետներից: Ներկայացված պարզեցված վարույթի կարգավորումները ներառելով գործող օրենսգրքում հանգեցնում է որոշակի բարդությունների: Անհրաժեշտ է այդ գլխում հստակեցնել նաև, որ պարզեցված վարույթի կարգով գործեր քննելու ժամանակ հայցադիմումը և կից փաստաթղթերը մեկ օրինակը նախօրոք պետք է ուղարկվի մյուս կողմին կամ դատարան ներկայացնել պատասխանողների քանակին համաչափ հայցադիմումի և կից փաստաթղթերի օրինակներ: Պետք է նշվի, որ հայցադիմումին կից գրավոր ապացույցները դատարան պետք է ներկայացնեն բնօրինակներով կամ պատշաճ վավերացված պատճենի տեսքով: Պարզեցված վարույթի ընթացքում պետք է ներկայացվի նաև հայցադիմումի պատասխան /առարկություն/ ներկայացնելու կարգը, պայմանները և բովանդակությունը: Բացի այդ որևէ ձևով չի կարգավորվում պարզեցված վարույթի կարգով քննված գործերի դեմ վերաքննիչ բողոք բերելու կարգը և վերաքննիչ դատարանում քննության պայմանները: Այս առումով առաջարկում եմ ներկայացված նախագծում մանրամասն հստակեցնել և սահմանել բոլոր դատավարական ընթացակարգերը կամ դրանց անդրադառնալ միայն նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունման ժամանակ: ԴԱՏԱՎՈՐ՝ ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

29.10.2017

ՀՀ ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ /այսուհետև` օրենսգիրք/ ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե.ԵՍՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈւՆՆԵՐ Ներկայացվող Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ըստ էության ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեջ ներառված որոշ դրույթների և կարգավորումների առանձնացում է, որոնք որ նպատակահարմար էր կիրառել մինչև նոր օրենսգրքի գործողության մեջ մտնելը: Այս առումով նախատեսվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության մեկ դատարանի ստեղծումը` դատարանի նախագահի և 65 դատավորի կազմով: Նախագծի 6-րդ հոդվածը կարգավորում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անցումային դրույթները, որի 2-րդ մասը վերաբերում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին, որտեղ նշված է, որ դատավորները և դատարանների նախագահները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը: Այս առումով պարզ չէ, թե - եթե բոլոր դատարանի նախագահները պաշտոնավարելու են որպես դատարանի դատավոր, ապա ով է լինելու կամ ինչ կարգով է նշանակվելու դատարանի նախագահը, - եթե դատավորները շարունակելու են քննել իրենց վարույթում եղած գործերը, ապա ինչ ձևով պետք է վերացվի այս պահին տարբեր դատավորների վարույթում եղած գործերի անհամաչափությունը, - եթե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսվում են նստավայրեր, ապա ինչ կարգով պետք է բաշխվեն այդ նստավայրերը և կոնկրետ այդ նստավայրերում ինչ ենթակայության գործեր պետք է քննվեն, - եթե սնանկության մասնագիտացված դատարանը գործում է 2019թ. հունվարի 01-ից, ապա սնանկության մասնագիտացված դատավորները մինչ այդ պետք է քննեն միայն սնանկության գործեր, թե այլ քաղաքացիական գործեր ևս: Բացի այդ չի կարգավորվում նաև դատարանի անվանման փոփոխման հետ կապված նախկինում կայացված դատական ակտերի կատարման, վերանայման և այլ գործողությունների կարգը, ինչպես նաև վարույթում գտնվող ընթացիկ չավարտված գործերը նոր` փոփոխված դատարանի անունով, դատական կազմով քննելու կարգը և պայմանները: Օրենքն ուժի մեջ մտնելու է պաշտոնական հրապարակման օրվա հաջորդող 10-րդ օրը: Սակայն այդ ընթացքում նույնիսկ տեխնիկապես անհնար է փոխել 66 դատավորի կնիքները, դրոշմակնիքիները և ձևաթղթերը: ԴԱՏԱՎՈՐ՝ ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

Տեսնել ավելին