Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Հանրապետության Նախագահը կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրությամբ հաստատվեցին Հանրային խորհրդի կանոնադրությունը և  Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող՝ Հանրային խորհրդի անդամների կազմը: Այսպիսով, ներկայում գործող Հանրային խորհուրդը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմինն է:

          2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև Հանրապետության Նախագահի ինստիտուտը: Մասնավորապես, Հանրապետության Նախագահն իր գործառույթներն այլևս իրականացնելու է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրային խորհուրդը ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ՝ դառնալով Կառավարության խորհրդակցական մարմինը: Միաժամանակ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածով սահմանվել է, որ Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

          Վերոհիշյալը վկայում է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

                   

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)`

  1. ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության սկզբունքները, նպատակները և խնդիրները.
  2. սահմանվել են Հանրային խորհրդի կազմը, կազմավորման և գործունեության կարգը.
  3. ամրագրվել են Հանրային խորհրդի անդամին ներկայացվող, ինչպես նաև անհամատեղելիության պահանջները.
  4. նախատեսվել է Հանրային խորհրդում մշտական և ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը.
  5. կարգավորվել են Հանրային խորհրդի անդամի լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի հետ կապված հարցերը.
  6. նախատեսվել են Հանրային խորհրդի գործունեության ապահովմանը վերաբերող դրույթներ:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:

Նախագծի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

 4Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով Հանրային խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:

  • Քննարկվել է

    19.10.2017 - 04.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10257

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

01.11.2017

Հոդված 3-ի 2-րդ մասի 2-րդ կետի «մթնոլորտի ձևավորմանը» բառերից հետո լրացնել «և խտրականության դեմ պայքարին» բառերով։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

01.11.2017

Հոդված 4-ի 3-րդ մասից հանել 1-ին կետը։ Վերջինս հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային։ Օրինակ՝ այն պայմաններում, երբ բժշկական նպատակներով թմրանյութերի գործածման քաղաքականությունը չի բխում առողջական խնդիրներ ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքից, և համակարգը ունի մի շարք բացեր, նման սահմանափակումը կարող է բացառել հաշմանդամություն ունեցող մարդկանց այս գործընթացից, ինչը խտրականություն է։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

01.11.2017

Հոդված 4-ի 3-րդ մասից հանել 2-րդ կետը։ Գործունակության իրավունքի սահմանափակումը կամ դրանից զրկումը ինքնին անձի նկատմամբ հաշմանդամության հիմքով խտրականություն է և հակասության մեջ է նախագծի հոդված 3-ի 2-րդ մասի հետ։ Այն նաև հակասում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային։ Մասնակցության իրավունքի սահմանափակումները, թեև հակասելով միջազգային պայմանագրերին, արդեն իսկ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, ուստի այս օրենքում չկա նման դրույթի անհրաժեշտություն։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 1-ը և Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները (պարբերություն 5)։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: