Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ /էլեկտրամոբիլ-2025/

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2019 թվականի հունիսի 7-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), համաձայն որի ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին (մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ) դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը: Բացի այդ 2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժովի որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 և M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար:

          Վերոնշյալ իրավական կարգավորումների արդյունքում հանրապետությունում ստեղծվել է շատ բարենպաստ միջավայր էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար։

  • 2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, (2018 թվականին՝ ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ):
  • 2018-2020թթ. «am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղադրվել են 20-ից ավել լիցքավորման կայաններ հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։
  • Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021/2022թթ. նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաև էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը։

          Վերոնշյալ դրական արդյունքները ամրապնդելու և դրանց հետագա զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել Օրենքի կիրառության ժամկետը ևս երեք տարով, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատել նաև  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 90 000 1 ծածկագրին դասվող մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը՝ կարևորելով բեռնատար ավտոմեքենաների վնասակար արտանետումների արդյունքում օդի աղտոտման նվազեցման հարցը (բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը), ինչպես նաև էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման մեծ հետաքրքրությունը։

          Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 307-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ 2021 թվականի համար ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից։ Կարևորելով նմանատիպ գործիքների անհրաժեշտություն՝ իրականում նշված արտոնությունը գործնականում չի ապահովում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման և գործածության էական խթանում ՀՀ-ում։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՕ-180-Ն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 90 000 1 ծածկագրին դասվող մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը և երկարաձգել վերոնշյալ արտոնությունը ևս երեք տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

          Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

          Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կտեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար (բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը)։ Հարկ է նշել նաև, որ էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների/միջազգային և մասնավոր հատվածի կողմից/ և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով։

          Նախագծի ընդունումը ուղղակիորեն կնպաստի նաև Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացմանը, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի  հանրագումարի մեջ, իսկ համաձայն միջազգային կառույցների կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների՝  էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը ի տարբերություն բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների տարեկան միջինում 4.6 տոննա C02-ի արտանետումների կրճատում է ապահովում։

 

          5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

          Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը։

          Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության վիճակագրական տվյալները՝ 2019-2020թթ. հանրապետություն է ներմուծվել ավելի քան 265 հազար տրանսպորտային միջոց (8702, 8703,8704 և 8711 ԱՏԳ ԱԱ ծածկագրերով), որից միայն 2,8 հազարն են (ընդամենը 1,05 տոկոսը) բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցներ, ինչից կարելի է վստահաբար եզրահանգել, որ օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեի մուտքերի վրա կունենա ոչ էական ազդեցություն։ Հաշվի առնելով նախատեսվող արտոնության արդյունքում կանխատեսվող բնապահպանական և սոցիալ-տնտեսական օգուտները, կարելի է արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարում օրենքի կիրարկման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում կլինեն դրական փոփոխություններ՝ ենթակառուցվածքների զարգացման, արդյունավետ շահագործման նպատակով լրացուցիչ ներդրումների/միջազգային և մասնավոր հատվածի կողմից/ և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով։

  • Քննարկվել է

    11.08.2021 - 31.08.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1180

Տպել