ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են կատալիզային չեզոքարարները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիզային չեզոքարարի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Առանց այդ սարքավորման շահագործվող ավտոմեքենաները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 965-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2017 թվականի հուլիսի 20-ի N860-Ն որոշման դրույթներով սահմանված պահանջներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԵՏՀ համապատասխան կանոններով սահմանված արտանետումների մակարդակներին կամ արտանետումների տեխնիկական նորմատիվներին։ Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչը ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում։
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N3 հավելվածի՝ Պայմաններ և անցումային դրույթների «VI. Տեխնիկական կանոնակարգման հարցեր» գլխի 48-րդ կետով սահմանված է, որ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգը Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում է Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 ամիս հետո, այսինքն 2020 թվականի հունվարի 1-ից։
Մաքսային միության` «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ հաստատված N 8 հավելվածի («Շահագործվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները») 9-րդ՝ «Պահանջներ շարժիչի և դրա համակարգերի համար» բաժնի 9.4-րդ կետի համաձայն՝
«9.4. Չի թույլատրվում շարժիչի կառավարման և հսկողության համակարգի տարրերի և արտանետումների նվազեցման համակարգի (շարժիչի կառավարման էլեկտրոնային բլոկ, թթվածնի սենսոր, կատալիզային չեզոքարարներ, բեռնախցիկ օդափոխման համակարգ, բանած գազերի շրջանառության համակարգ, վառելիքի գոլորշիների որսման համակարգ և այլն) տարրերի բացակայությունն ու դրանց տեսանելի վնասվածքները։» և 9.10-րդ կետի համաձայն՝
«9.10: Բանած գազերի արտանետող համակարգում փոփոխություններ չեն թույլատրվում:»։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող բանած գազերի չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի և (կամ) թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի բացակայությամբ կամ դրանց անսարքությունների առկայությամբ ավտոտրանսպորտային միջոցների շահագործման կանխարգելման անհրաժեշտությամբ։
- Ֆինանսական գնահատականը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական բյուջեի եկամտային մասի ոչ էական ավելացում, սակայն, հաշվի առնելով նախագծի կանխարգելիչ ուղղվածությունը, ֆինանսական մասով իրական կանխատեսում ներկայացնելը հիմնավոր չէ։
Տուգանքի չափը պայմանավորված է ապամոնտաժված կատալիզային չեզոքարարների շուկայական գներով, ինչպես նաև հաշվի են առնվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 9-րդ, 22-րդ և 32-րդ հոդվածների դրույթները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց միջին գինը հասնում է 300.000 դրամի։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող կատալիզային չեզոքարարներ, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-180) 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել 82.1-րդ հոդվածով, որով կսահմանվի տուգանք՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող բանած գազերի չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի և (կամ) թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի բացակայությամբ կամ դրանց անսարքությունների առկայությամբ ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Օրենքի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի պատասխանատվության համապատասխան մեխանիզմ, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների չեզոքացման համակարգի ապամոնտաժման և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։