Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ընթացիկ կարգավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005 թվականի հունիսի 9-ի          N 744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում  կատարելու  մասին>> Կառավա­րության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ, ինչը ներկա իրավական կարգա­վորումներով հնարավոր չէ ապահովել:

Մասնավորապես, ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Կառավարության 2005 թվականի  հունիսի 9-ի <<Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսա­լիության ստուգման  կարգը հաստատելու մասին>>  N 744-Ն որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ` Կարգ), որով ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգումն իրականացվում է միայն աշխատանքի ընդունման ժամանակ: Նման կարգավորումը բացառում է որոշակի պարբերականությամբ ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքեր իրականացնող անձանց հուսալիության ստուգման գործընթացը: Բացի այդ, հուսալիության վերստուգման հնարավորություն նախատեսված չէ նաև այն դեպքում, երբ ստացվում են տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձանց հուսալիությունը:

Կարգով ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներ անձի մուտքի թույլտվության մերժման հիմք է նախատեսում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում առկա տվյալները վերջինիս կողմից կազմակերպված հանցավոր կամ ծայրահեղական խմբավորումների հետ կայուն կապերի մասին: Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ առկա են լինում անձի` հանցավոր խմբավորումների հետ առնչվելու վերաբերյալ այնպիսի տվյալներ, որոնք պարունակում են ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության սպառնա­լիքներ, սակայն դրանցով հնարավոր չէ հիմնավորել  անձի` հանցավոր խմբավորումների հետ կայուն կապի առկայությունը:

Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում հարցումներ ուղարկել տարբեր մարմիններ, ինչպես նաև իրականացնել այլ ժամանակատար գործողություններ, ինչի պատճառով հաճախ խնդիրներ են առաջանում Կարգով սահմանված ժամկետները պահպանելիս:

 

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է.

  1. սահմանել ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման հնարավորություն` 5 տարին մեկ պարբերականությամբ, կամ նշված ժամկետից շուտ, եթե ստացվել են այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կասկածի տակ են դնում վերջիններիս հուսալիությունը,
  2. որպես ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներ անձի մուտքի թույլտվության մերժման հիմք նախատեսել ահաբեկչական, ծայրահեղական կամ կազմակերպված հանցավոր խմբա­վորում­նե­րին (կազմակերպություններին) առնչություն ունենալու վերաբերյալ տվյալները,
  3. հուսալիության ստուգման բացասական եզրակացության հիմք նախատեսել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար քրեական պատասխա­նատվության ենթարկված լինելը,
  4. սահմանել հուսալիության ստուգման ավելի երկար ժամկետներ,
  5. հուսալիության ստուգման ընթացքում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց վերաբերյալ բացասական եզրակացություն կայացվելու դեպքում նշված անձանց զրկել անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատելու իրավունքից և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծել:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կբարձրանա ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության ապահովման մակարդակը և կհստակեցվի տվյալ օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգուման ընթացակարգը:

  • Քննարկվել է

    29.10.2019 - 13.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4422

Տպել