Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈւԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաuտանի Հանրապետության «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ ապրանքների կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից պատրաստվածների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ։

Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը  10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը: Հայաստանում խնդիրը բարդանում է նաև նրանով, որ աննշան են աղբի տեսակավորման և պլաստիկ հումքի վերամշակման ծավալները, որի արդյունքում պլաստիկ թափոնների հիմնական մասը կուտակվում է աղբավայրերում և շրջակա միջավայրում: Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները,  հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Հանրապետությունում արտադրվող և ներկրվող պոլիէթիլենային փաթեթների ողջ ծավալն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին դիօքսին և ֆուրան գազեր:

Առկա վիճակը պայմանավորված է նաև հասարակության բնապահպանական մշակույթի անբավարար ձևավորմամբ, և սույն նախաձեռնությամբ, նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը սպառողին կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր և տոպրակներ:

Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների (բնապահպանական հարկեր, վճարներ, նվազագույն գնի սահմանում և այլն) կիրառմամբ: Բնապահպանական հարկի կիրառմամբ խնդրի կարգավորումը  Հայաստանի Հանրապետությունում նպատակահարմար չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ հարկի դրույքաչափ կարող է կիրառվել միայն կոնկրետ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի նշումով, սակայն գործող ծածկագրերով հնարավոր չէ առանձնացնել ապրանքատեսակները ըստ թաղանթի հաստության և ըստ վերջնական սպառման ոլորտի։ Հարկային մեխանիզմի կիրառումը կհանգեցնի նվազեցման ենթակա ապրանքների խմբին քանակական առումով մի քանի անգամ գերազանցող այլ ապրանքների էական թանկացմանը, ինչն էլ իր հերթին կբերի սպառողների և տնտեսվարողների համար ծախսային մասի չհիմնավորված մեծացմանն ու հասարակության լայն շերտերում դժգոհության առաջացմանը։ Էապես կթանկանան այն պոլիէթիլենային պարկերն ու տոպրակները, որոնք կիրառվում են արտադրական փաթեթավորման փուլում և (կամ) ունեն օգտագործման խիստ նեղ շրջանակ, արդի փուլում չեն կարող փոխարինվել փաթեթավորման բազմակի օգտագործման նյութերով։ Անհիմն կթանկանան նաև մանրածախ առևտրի ոլորտում ապրանքների ամբողջականության, սանիտարահիգիենիկ անվտանգության, ապրանքների որակական հատկանիշների (համ, հոտ, գույն, օգտակարություն և այլ) պահպանման նպատակով փաթեթավորման համար օգտագործվող պոլիէթիլենային պարկերն ու տոպրակները։ Նախագիծը, նպատակ ունենալով կրճատել շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության համար վնասակար ապրանքների կիրառման ծավալները, ուղղված չի տնտեսվարողների համար հարկային բեռի, իսկ սպառողների համար՝ ծախսային մասի անհարկի և բազմակի ավելացմանը։ Հետևաբար, նպատակահարմար է սահմանել  մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տվյալ ապրանքների տրամադրման արգելք՝  համարժեք պատժամիջոցներ սահմանելով նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթներով։ Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների կիրառման սահմանափակումների մասով արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար անհրաժեշտ պայման է նաև «կշռափաթեթավորում» հասկացության հստակեցումը, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել համապատասխան մարմինների կողմից վերահսկողության իրականացման ընթացքոմ ի հայտ եկող անորոշությունները և դրանցից բխող հավանական կոռուպցիոն ռիսկերը։ Երկրորդային հումքի ցանկն արդեն իսկ սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N136-Ն որոշմամբ։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլենի արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական և ֆիզիկական անձիք 44-ն են, որոնցից 29-ի արտադրական կարողություններն են ամբողջությամբ ուղղված թիրախային խմբի ապրանքների արտադրությանը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով արգելվող ապրանքների վաճառքի, ինչպես նաև մասնակի հատուցմամբ և անհատույց տրամադրման կանխարգելման ու համարժեք պատժամիջոցի կիրառման ապահովմամբ։ Գործող օրենսդրությամբ վերը նշված օրենքով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսունապատիկի չափով տուգանք՝ օրենքով արգելված ապրանքներ վաճառելու (իրացնելու) համար, ինչը համարժեք չէ հասցվող վնասին, ինչպես նաև համահունչ չէ նույն օրենքի 170.13-րդ հոդվածի դրույթին, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանք ՀՀ օրենսդրությամբ որոշակի ապրանքների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով այդ ապրանքների օտարման համար։ Գործող դրույթով չեն կարգավորվում նաև նշված ապրանքների անհատույց տրամադրման (օտարման) դեպքերը։

 

  1. Ֆինանսական գնահատականը

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված կառաջանա պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների եկամուտների նվազում, ինչպես նաև վերջիններիս ծախսերի ավելացում՝ արտադրությունները վերապրոֆիլավորելու և  արդիականացնելու նպատակով։ Սակայն հաշվի առնելով արգելքի կիրառման սկիզբը նախատեսված է 2 տարի հետո, ակնկալվում է վերոնշյալ աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպում։

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեղական ինքակառավարման մարմինների բյուջեների եկամտային մասի ավելացում, սակայն, հաշվի առնելով նախագծի կանխարգելիչ ուղղվածությունը, ֆինանսական մասով իրական կանխատեսում ներկայացնելը հիմնավոր չէ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-180) 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ,  որով 2023 թվականի հունվարի 1-ից կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կհստակեցվի «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով արգելվող ապրանքների օտարման համար նախատեսվող տուգանքի չափը, այն կմոտարկվի խախտման վտանգավորությանը և համանման այլ խախտման համար գործող տուգանքի չափին։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքների նախագծերը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով, խուսափելով պոլիմերային հիմքով մեծաքանակ ապրանքների անհարկի թանկացումից՝  նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։ Կսահմանվի պատասխանատվության համապատասխան մեխանիզմ, ինչը կնպաստի շրջակա միջավայրին և մարդու կյանքին ու առողջությանը էական վնաս պատճառող ապրանքների կրճատման գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը։

  • Քննարկվել է

    22.02.2019 - 26.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5823

Տպել

Առաջարկներ`

Լևոն Բաբալյան

07.03.2019

հիմնականում շատ ճիշտ նախագիծ է, վերջապես երկիրը կսկսվի մաքրվել․ խայտառակ վիճակ է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից այլ նաև տուրիզմի զարգացմանն է խոչնդորում․ շատ այցելուներ հիասթափվում են տեսնելով մեր կեղտոտված միջավայրը․ արդյունքում տուրիզմի բնագավառում շատ ավելի աշխատատեղ կարող է ստողծվել մաքուր երկիր ունենալու դեպքում։ Պլաստիկ տոպրակ արտադրողներն էլ թող անցնեն թղթե տոպրակ արտադրելում։ Առաջարկում եմ նախատեսել դրույթ, որով մի քանի տավա ընթացքում կշռափաթեթավորման համար նախատեսված պլաստիկ տոպրակները նույնպես կփոխարինվեն թղթով, ինչպես արդեն արվում է աշխարհի շատ երկրներում և ինչպես եղել է Հայաստանում մինչև 1990ականների պլաստիկ ներխուժումը

Viken Berberian

05.03.2019

ԿԵՐՏԵԼ ՄԱՔՈԻՐ ՀԱՑԱՍՏԱՆ։ Եթե Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք գնի օրական մեկ պլաստիկ տոպրակ 100 դրամ արժողությամբ, ապա ամսեկան միջին գումարը մեկ ընտանիքի համար կկազմի 4800 դրամ։ 2016 թվականի տվյալներով Հայաստանում բնակվում է 1.000.000 ընտանիք։ Տարադրամի փոխանակման 2018 թվականի հունվարի փոխարժեքով յուրաքանյուր ընտանիք պետությանը կփոխանցեր տարեկան 72 դոլար /մոտավոր/։ Մեկ միլիոն ընտանիքների դեպքում դա կկազմի 72 միլիոն դոլար։ Սա ավելի է քան Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող տարեկան օգնությունը։ Պատկերացնում ե՞ք ինչ նպատակներով կարելի է օգտագործել այս գումարը Հայաստանում, օրինակ ստեղծել աշխատատեղեր․․․․

Հարություն Հարությունյան

01.03.2019

Ձեր մշակած նախագծով հանգեցնելու եք պոլիէթիլենային տոպրակների արտադրամասերի գործունեության դադարեցում և դրան հաջորդող գործազրկության խթանում։ Այսօր հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ արտադրամասերում և ամեն մեկը ընտանիք է պահում, սկզբում գործազրկության կրճատման մասին մտածեք, հետո նոր էկոլոգիան մաքրելու, մեզ պետք չէ համեմատաբար մաքուր էկոլոգիա, բայց սոված ընտանիքներ։

Տեսնել ավելին