Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

                                                                                                                              Նախագիծ

արձանագրային

 

….………  2017 թվական

 

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ

 

 

     Փաստաթուղթը մշակող մարմինը՝       ՀՀ կրթության և գիտության նախարարություն

                                                Ամփոփ համառոտագիրը

 Ժամանակակից հասարակություններին բնորոշ է միջպետական հարաբերությունների ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խորացումը, գիտու­թյան և տեխնիկայի առաջընթացը և գիտատեխնիկական տեղեկատվության պարբե­րական փոխանակումը։ Այս տեսանկյունից ավելի մեծ կարևորություն է ստանում օտար լեզուների դերը՝  որպես աշխարհում գիտատեխնիկական առաջընթացի, սոցիալ-տնտեսական զարգացումների և միջմշակութային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր մշակույթների ներկայացուցիչների շփման, հաղորդակցման  գործուն միջոց: 

Օտար լեզուների տիրապետումը կարևոր է նաև  տարբեր մասնա­գետների համար՝ իրենց մասնագիտության մեջ միջազգային զարգացում­նե­րին հետևելու, այլալեզու գործընկերների հետ շփումների, միջազգային հարթակներում սեփական փորձը և ձեռքբերումները ներկայացնելու, այլոց փորձին ծանոթանալու և այլ նկատառումներով։ Անկախացումից և կրթական բարեփոխումների առաջին փուլից հետո հան­րա­կրթության համակարգում օտար լեզուների դասավանդման ասպարեզում որակական լուրջ տեղաշարժեր են կատարվել, որոնք դեռևս բավարար չեն։ 21-րդ դարը, որպես միջազգային, միջմշակութային հաղորդակցությունների և տեղե­կատվության ակտիվ փոխանակման դար, նոր մարտահրավերներ է առաջացնում ազգերի և պետությունների համար և այդ համատեքստում, առաջնային է լեզվական պատնեշների հաղթահարումը։ Ակնհայտ է, որ նոր ժամանակ­նե­րի պահանջները բավարարելու համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատու­թ­յուններում օտար լեզուների դասավանդ­ման նկատմամբ վերաբերմունքի արմա­տական փոփո­խությունն անհրաժեշտություն է։ Բացի այդ, վերոնշյալ հաստա­տություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգային դրույթների մշակումից և հանրակրթական առարկայական չափորոշիչ­ների առաջին սերնդի ստեղծումից անցել է շուրջ 10 տարի, ուստի ժամանակի պա­հանջներից հետ չմնալու, ինչպես նաև կրթական ընդհանուր գործընթացը բարելավելու համար անհրաժեշտ է վերանայել օտար լեզուների դասավանդման գործող հայեցակար­գա­յին հիմունքները, պետական և առարկայական չափորոշիչները։

Մայրենին անձի ազգային ինքնությունը պահպանող կարևորագույն գործոն է, իսկ օտար լեզուները` մայրենիի հենքի վրա, անձի բազմակողմանի զարգացման և դաստիարակության գործիք են: Օտար լեզուների ուսուցման նպատակը պետք է լինի նախա­պատ­րաստել սովորողներին միջլեզվական և միջմշակութային շփումներին, մշակույթների երկխո­սությանը, ձևավորել սովորողին՝ որպես միջմշակութային հաղորդակ­ցության սուբյեկ­տի, որը լեզուների յուրացման ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ նաև իր երկրի և ուսումնասիրվող լեզուների երկրների և դրանց մշակույթների մասին: Հանրակրթական  առարկաների (հայոց լեզու, գրականություն և օտար լեզուներ) ուսուցումը պետք է հիմնվի ընդհանուր հայեցակարգային դրույթների վրա, մշակվեն չափորոշիչներ` հաշվի առնելով նաև միջառար­կա­յական կապերի շեշտադրումը: Լեզուների ուսուցումը պետք է նպաստի  և՛ մայրենի, և՛ օտար լեզուներով հաղորդակցական մշա­կույթի ձևավորմանն ու զարգացմանը, լեզվաբանական գիտելիքների ձեռքբերմանը, լեզվա­տրա­մա­բանական մտահորիզոնի ընդլայնմանը։

1.Ներածություն

     Կր­թա­կան հա­մա­կար­գի  բա­րե­փո­խում­նե­րի և ար­դիակա­նաց­ման մեր ժա­մա­նակ­նե­րում առանձնա­պես կար­ևոր­վում է օտար լե­զու­նե­րի ու­սուց­ման մա­կար­դա­կի և որա­կի բարձ­րա­ցու­մը, հատ­կա­պես հա­մաշ­խար­հային և եվ­րո­պա­կան միաս­նա­կան կր­թա­կան տա­րած­­քին միանա­լու Հայաս­տա­նի ձգտ­ման համատեքստում:

­Տե­ղե­կատ­վա­կան հա­սա­րա­կու­թյան պայ­ման­նե­րում ապ­րող մար­դու համար օտար լեզուներով հաղոր­դակ­ցվելու կա­րո­ղու­թյուն­նե­րը դյու­րաց­նում են մշա­կու­թային երկ­խո­սու­թյու­նը և նրա մուտ­քը հա­մաշ­խար­հային հան­րու­թյուն: Այս տե­սան­կյու­նից հատ­կան­շա­կան են Եվ­րա­խորհր­դի կող­մից հռչակ­ված լեզ­վա­քա­­ղա­քա­կա­նու­թյան սկզ­բունք­նե­րը.

  • լեզ­վա­կան և մշա­կու­թային բազ­մա­զա­նու­թյուն (diversity),
  • ­բազ­մա­լեզ­վու­թյուն (հասարակության՝ multilingualism/անհատի՝plurilingualism),
  • ­բո­լոր լե­զու­նե­րի հա­մար­ժե­քու­թյան ըն­դու­նում,
  • ազ­գա­մի­ջյան և միջմ­շա­կու­թային ար­դյու­նա­վետ հա­ղոր­դակ­ցու­թյուն,
  • բ­նակ­չու­թյան ազատ տե­ղա­շարժ, փո­խըմբռ­նում և հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն։­
  • Օտար լեզուների նկատմամբ միասնական մոտեցումը հիմնվում է լեզուների զուգամերձության վրա: Երկու և ավելի լեզուների համադրման պայմաններում շատ ավելի հեշտ է գտնել այնպիսի նմանություններ, որոնք դյուրացնում են նոր լեզվական երևույթ­ների ընկալումն ու ըմբռնումը, որը նպաստում է սովորողների հաղորդակ­ցական, լեզվամտածողական կարողությունների զարգացմանը։ Ան­ձի բազմակողմանի զար­գաց­ման կար­ևոր նա­խա­պայ­ման է բացի մայրենիից նաև առն­վազն եր­կու այլ լե­զու­նե­րի իմա­ցու­թյու­նը, որն օտա­րա­խոս հան­րու­թյան և օտա­րա­լե­զու մշա­կույ­թի հետ շփ­ման, ինչ­պես նաև սե­փա­կան մշա­կույթն այ­լոց ներ­կա­յաց­նե­լու կար­ևո­րա­գույն մի­ջոց է։

Մեր ժամանակներում ՏՀՏ-ները մուտք են գործում մարդու կենսագործունեության բոլոր, այդ թվում նաև` դպրոցական  ոլորտ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումն օտար լեզուների դասերին նպաստում է ուսուցման արդյունավետությանը, մեծացնում է սովորողների անհատական լեզվական կարողությունները, ճանաչողությունը, այլընտրանքային և փոխկապակցված մեթոդների կիրառման հնարավորու­թյունները։ Այս իրավիճակում ուսուցիչը դադարում է գիտելիքների հաղորդման միակ աղբյուրը լինելուց, քանի որ սովո­րողն ինքը պետք է կողմնորոշվի համացանցում և իր պահանջմունքներին համապատասխան աղբյուրներ գտնի: Կրթա­կան հա­մա­կար­գում լայն կի­րա­ռու­թյուն են ստա­ցել սոցիալական ցանցերը (WEB 2.0), որոնք հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս ստեղ­ծելու ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան կր­թա­կան կայքը, անցկացնելու հե­ռա­վար պա­րապ­մունք­ներ, հան­դի­­պում­ներ, գի­տա­ժո­ղով­ներ, խորհրդատվություններ՝  հետա­դարձ կա­պի ապա­հով­մամբ: Կար­ևոր է նոր ուղ­ղու­թյան՝ մեդիակրթու­թյան (media education) ի հայտ գա­լը, որն օգ­նում է սո­վո­րող­նե­րին՝ ու­սում­նա­սի­րելու զանգ­վա­ծային հա­ղոր­դակցու­թյան (մա­մու­լի, հե­­ռուս­տա­տե­սու­թյան, ռա­դիո­յի, կի­նոյի, համացանցի և այլն) օրի­նա­չա­փու­թյուն­նե­րը, ազ­դե­ցու­թյան մե­խա­նիզմ­նե­րը և դրանց վատ ազդեցությունից  պաշտ­պան­վե­լու մի­ջոց­­նե­րը: 

           Հայաստանում հանրակրթության համակարգը, ըստ էության, միալեզու է`  օտար լեզուների հերթագայված ուսուցմամբ. կրթության լեզուն հայերենն է,  2-րդ դասարանից պարտադիր դասավանդ­վում է ռուսերեն, 3-րդ դասարանից՝ անգլերեն/ֆրանսերեն/գերմա­ներեն/իսպա­նե­րեն, կամ որևէ այլ լեզու, 5-րդ դասարանից որոշ դպրոցներում արդեն դասավանդ­վում է երրորդ օտար լեզու, որի նպատակն է նպաստել սովորողների` օտար լեզուների տիրապետման զարգացմանը, ուսումնա­սիրվող լեզուների և մշակույթների բազմազա­նություն ապահովելուն`  անգլերենի գե­րակշռությունը հաղթահարելու և կրթական համակարգում ուսում­նասիրվող օտար լեզուների խախտված համա­մասնությունը վերականգնելու հաշվառմամբ:

 

  1. Նախապատմություն, խնդիրներ, նպատակներ

     Կրթությունը ժամանակակից հանրույթի (սոցիումի) զարգացման կարևո­րագույն նախապայմանն է: Այն պետք է համընթաց լինի հասարակության զարգաց­մանը։ Ուստի, պետության մենաշնորհն է ապահովել նոր պայմաններին համապատասխան կրթական համակարգ, որը ենթա­դրում է կրթական հարացույցի փոփոխություն. անցում` գիտելիքների պաշարի կուտա­կու­մից դեպի կյանքում սեփական տեղը  գտնելն օժանդակելուն, ուսուցչակենտրոն ուսուցումից դեպի անձնակենտրոն ուսումնառություն, գնա­հատումից դեպի ինքնագնահատում, ուսուցման եզակի միջոցի կիրառումից դեպի բազմատեսակ միջոցների (multimedia) կիրառում, տեղեկատվության հաղորդումից դեպի տեղե­կատվության փոխանակում և այլն։ Այս ամենը հիմնվում է կրթական քաղաքա­կա­նության հետևյալ հայեցակար­գա­յին գերակայություն­նե­րի վրա.

  • հանրայնություն,
  • ժողովրդավարություն,
  • անձ­նակենտրոն մոտեցում,
  • իրազեկված և գոր­ծուն մոտեցում,
  • հաղորդակցական մոտեցում
  • կրթական համակարգի թվայնացում:

          Հասարակության հանրայնացման և ժողովրդավարացման սկզբունքներին համապատասխան հռչակվել է կրթության նոր՝ անձնակենտրոն հարացույց, որը որպես կրթության հիմնական նպատակ է դիտարկում ազատ, կրթված ու զարգացած անձի ձևավորումը, որն ունակ է ապրելու և ստեղծագործելու  հարափոփոխ աշխարհում:

 Օտար լեզուների ուսուցման և ուսումնառության գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել ժամանակակից թվային տեխնոլոգիաների ուսուցողական ներուժն ու գործառույթները.

 Ուսումնական գործընթացի թվայնացում, այսինքն՝ հագեցնել ուսումնական գործընթացը բազմա­զան միջոցներով` համապատասխանեցնելով ժամանակակից թվային տեխնո­լո­գիաների հնարավորություններին։

 Ցանցային հաղորդակցություն և համագործակցություն (հեռավար ուսուցման, առցանց նախագծերի, հետազոտական աշխատանքների, փորձի փոխանակման, խորհրդակցությունների, տեսաժողովների և այլնի հնարավորություն)։

 Սովորողների հաղորդակցական, այդ թվում՝ միջմշակութային կարողությունների անհրաժեշտ  ունակությունների ձևավորում։

Համակարգչային և տեղեկատվական գրագիտություն. տարբեր աղբյուրներից տեղեկատ­վու­թյուն հայթայթելու, ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներով այն մշակելու,  դասակարգելու,  պահպանելու  և  աշխարհի  ցանկացած  անկյուն փոխանցելու հնարավորություններ:

      Լեզվական հաղորդակցությանբնական մթնոլորտի ստեղծում:

      Հետադարձ կապի բազմազան հնարավորությունների իրացում։

Թվարկված գործառույթները նպաստում են սովորողների խմբի և նրանցից յուրաքանչյուրի ուսման  շահագրգռվածության (մոտիվացիա), հետաքրքրության, ակտիվության աճին, զբաղվածությանը և նյութի  անհատական ընկալմանն ու յուրացմանը:

Դպրոցում օտար լեզուների ուսուցման համակարգն արմատական փոփոխու­թյուններ է կրում։ Ժամանակակից կրթական հարացույցին համապատասխան կրթական համակարգը պետք է հիմնվի այնպիսի փոխկապակցված գերակայող գործոնների վրա, ինչպիսիք են.

  • հասարակության սոցիալական պատվերը,
  • լեզվաքաղաքականության գերակա սկզբունքները,
  • հաղորդակցական և միջմշակութային մոտեցումների փոխկապակցված լինելը,
  • վերիրական և նոր տեխնոլոգիաներին ուսուցողական գործառույթով օժտելը,
  • յուրաքանչյուր սովորողի անհատական առանձնահատկություններն ու հետաքրքրությունները հաշվի առնելը,
  • տեղեկատվություն հայթայթելը և հաղորդակցվելը,
  • սովորելը, գնահատելը, ինքնագնահատելը և այլն։

Օտար լեզուների ուսուցման նպատակների և խնդիրների իրականացման համար պետք է հիմնվել այնպիսի համակարգի վրա, որտեղ որպես լեզուների ուսուցման վերջնարդյունք դիտարկվում են կարողություններն ու հմտությունները։ Այս տեսանկյունից նպատակահարմար է.

  • վերանայել օտար լեզուների ուսուցման գործընթացը՝ սկսած չափորոշիչ­ներից մինչև ուսումնական ծրագրեր, դասագրքեր, ուսումնական նյութեր և դասապլաններ:
  • նպաստել օտար լեզուների` մասնավորապես այն­պի­սի լեզուների, որոնք անգլերենի անհամաչափ տարածման հետևանքով դուրս են մղվում հանրակրթության համակարգից (օրինակ՝ գերմա­նե­րեն, ֆրանսերեն)
  • կրթական համակարգի բոլոր աստի­ճաններում (նախադպրոցական, դպրո­ցական, բուհական) բարձրացնել օտար լեզուների ուսուցման որակը, այդ թվում` նաև միջազգային հավաստա­գրման ենթակա լեզուների ուսուցանման որակը,
  • պահպա­նել լեզվակրթության շրջանակներում լեզուների զուգամերձության սկզբունքը, միասնական մոտեցում ցուցաբերել օտար լեզուների դասա­վանդ­­մանը,
  • օտար լեզուների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել սովորողների ուսումնական հիմնարար կարողությունների ձևավորմանը, որն էական է բոլոր առարկաների համար և կնպաստի միջառարկայական ինտեգրմանը,
  • որպես լեզվակրթության նպատակ դիտարկել ոչ միայն գիտելիքների, կարողու­թյունների, հմտությունների ձեռքբերումը, այլ նաև յուրաքանչյուր նոր լեզվի յուրացման արդյունքում լեզվական փորձի ընդլայնումը։

 

       Օտար լեզվի՝ որպես ուսումնական առարկայի դասավադումը, ըստ էության, սովորողի անձի բազմակողմանի զարգացմանն ու դաստիարակությանն ուղղված միասնական նպատակային գործընթաց է։

Ներկայումս ընդունելի մոտեցում է մի կողմից՝ ժամանակակից և հեռանկարային հասարակության, մյուս կողմից՝ անհատի պահանջ­մունքների ձևավորման գործընթացը:

        Այդ առումով  առանձնացվում է  երկու հիմնական նպատակ.

  • Օտար լեզուների ուսուցումը հանրակրթության համակարգում,
  • Օտար լեզվի խորացված ուսուցումը այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենի զուգահեռ դասավանդում նաև օտար լեզվով ավագ դպրոցում:
  • Անհրաժեշտ է կրթության համակարգում որոշել լեզուների տեղն ու դերը, դրանց ուսուցման նպատակները, բովանդա­կությունն ու ռազմավարությունը՝ հաշվի առնելով միջ­առար­կայական կապերն ու ընդհանրությունները:

Օտար լեզուների ուսուցման գլխավոր նպատակը սովորողի բազմակողմանի զարգացումն է՝ հաղորդակցության կարողությունների ձևավորման միջոցով, որը պետք է ապահովի ցանկալի արդյունք: Տվյալ դեպքում մոտեցումը   ավանդականից տարբերվում է նրանով, որ կարևորվում է ոչ միայն այն, թե ինչ պետք է սովորեցնել, այլ նաև այն, թե որը պիտի լինի ուսուցման արդյունքը, այսինքն` ի՞նչ վերջնարդյունք ենք ակնկալում։ Այստեղ վճռորոշ գործոնն այն է, թե որքանով են սովորողի ձեռքբերումները մոտենում չափորոշիչում նշված նպա­տակ­նե­րին (օտար լեզվակիրների հետ շփում, հաղորդակցում, աշխատա­շուկայում մրցու­նակության մեծացում և այլն)։

Օտար լեզվի ուսուցման գերակա նպատակը  հաղորդակցության կարողությունների և դրանց միջոցով սովորողի անձի՝ որպես միջմշակութային հաղոր­դակ­ցու­թյան սուբյեկտի ձևավորումն է։

Հաղորդակցվելու կարողությունը, որպես նպատակ, ըստ Եվրա­­խորհրդի մոտեցման, ունի հետևյալ հիմնական կառուցվածքային բաղա­դրիչ­ները.

  • Լեզվական կարողություն (linguistic competence), որը ենթադրում է լեզվական միջոցների (հնչյունաբանական, բառապաշարային, քերականական, ուղղա­գրական) տիրապետում։ Այն դրսևորվում է խոսքում.
  • ընկալողական (receptive)` ունկնդրելը, ընթերցելը,
  • վեր­արտադրողական (productive)`խոսելը (մենախոսություն / երկխոսու­թյուն), գրելը, ինչպես նաև գրավոր կամ բանավոր թարգմանությունը, մեկնաբանությունը և այլն,
  • հանրալեզվաբանական կարողություն` (sociolinguistic competence) ենթա­դրում է տվյալ իրադրու­թյանը համապատասխան լեզվական միջոցների ճիշտ ընտրություն և գործածություն,
  • հանրամշակութային կարողություն` (sociocultural competence) ուսուցանվող լեզվի երկրի ազգային-մշակութային առանձնահատկությունների իմացությունն է և խոսքի կառուցումը՝ հաշվի առնելով տվյալ հանրության մշակութային արժեքները,
  • գործնական կարողություն` (pragmatic competence) առնչվում է խոսքում և տեքստերում լեզվական պաշարի գործածությանը` հաղորդակցության մեխանիզմներին համապատասխան,
  • փոխհատուցման կարողություն` (compensatory competence) գիտելիքների սահմանափակությունը հաղթահարելու կարողու­թ­յուն. հասկանալու և հասկացվելու նպատակով   իրեն ծանոթ լեզվական և արտալեզվական այլ միջոցների դիմելը սովորողի կողմից,
  • սոցիալական կարողություն` սովորողի՝ զրուցակիցների հետ հաղորդակցվելու հնարավորության դյուրացում:
  • ուսումնաճանաչողական կարողություն` յուրաքանչյուր ուսումնական առարկայի` տվյալ դեպքում օտար լեզուների ուսուցման հիմնական խնդիրը, որն առավելապես դրսևորվում է հաղորդակցության միջոցով:

Բացահայտելով բոլոր լեզուների յուրացման համար ընդհանուր, առանց­քային բաղադրիչները՝ անհրաժեշտ է հստակ տարանջատել նպատակները. վերջնական նպատակներից բացի` սահմանել նաև միջանկյալ նպատակներ  (յուրաքանչյուր դասարանի համար) և մասնավոր նպատակներ (յուրաքանչյուր դասի համար)։ Համա­եվրոպական համակարգի կարողությունների բնութագրիչներից  յուրաքանչ­յուրն, ըստ էության,  կարող է  հանդես գալ որպես մասնավոր «փոքր» նպատակ:

Համապարփակ ուսումնական կարողությունների (универсальные учебные уме­ния-УУУ) թվին կարելի է դասել նաև այնպիսի կարողություններ, ինչպիսիք են.

  • առավել էական տեղեկատվության առանձնացումը,
  • գլխավոր և երկրորդական տեղեկատվությունների տարբերակումը,
  • սեփական դատողությունների փաստարկումը, հիմնավորումը,
  • եզրահանգումներ անելը, ընդհանրացումը և այլն։

Այսպիսով, պետք է իրագործվեն լեզվի հաղորդակցական-ճանաչողական գոր­ծա­ռույթները (communicative-cognitive), որոնք լեզվական ուսուցման համար ուսումնական նպատակի համարժեք, հավասարազոր բաղադրիչներ են։ Այս տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում օտար լեզու­նե­րի՝ որպես ուսումնական առարկայի և որպես հաղորդակցության միջոցի նկատմամբ դպրոցականների իմացական հետաքրքրությունների զարգացումը և արդյունքում օտարալեզու հաղորդակցության կարողություններին ինքնուրույն տիրապետելու ունակությունները։

Կարողությունների ձևավորմանն ուղղված  գործընթացում նպա­տակները ձևակերպելիս շեշտը  դրվում է բնութագրիչների (descriptors) վրա, որոնք հանդես են գալիս որպես մասնավոր նպատակներ՝ ըստ Լեզուների իմա­ցու­թյան համաեվրոպական համակարգի (CEFR)  մակարդակների (դպրոցում օտար լեզուների համար. տարրական դպրոց՝ A1, միջին դպրոց՝ A2, ավագ դպրոց՝ B1)։

 

  1. Առաջարկվող լուծումներ, առավելություններ

 

Օտար լեզուների ուսուցման արդյունավետության համար կարևոր են և՛ արդիական չափորոշիչներն ու ծրագրերը, և՛ դասագրքերն ու ձեռնարկները։ Սակայն դրանք կյանքի կոչելու, իրականացնելու համար անհրաժեշտ է երկու կարևոր հանգամանք. համապատասխան ժամաքանակ և աշակերտների համա­պատասխան թվաքանակ խմբերում։

Անհատական մոտեցման սկզբունքի տեսանկյունից օտար լեզուների ուսուց­ման անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Այն ենթադրում է.

  • անձնակենտրոն մոտեցում՝ սովորողների անձնական ներուժի բացա­հայտ­ման ու զարգացման համար առավելագույն հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով, ինչը նպաստում է յուրաքանչյուր սովորողի սոցիալականացմանը, նրանց կրթական կարիքների բավարարմանը,
  • նրանց համար սոցիալական հարմարեցման (ադապտացիայի) հավասար հնարավորությունների ստեղծում.
  • երեխաների հատուկ կարիքներին համապատասխան` ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի ստեղծում՝ նրանց անհատական կրթական ուղղվածությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև հեռավար ուսուցման կազմակերպում,
  • առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կարիքներով երեխաների հետ աշխատող մանկավարժներին ոչ միայն լեզվական մասնագիտական, այլ նաև հոգեբանական խորհրդատվություն, այդ թվում` նաև հեռակա,
  • առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին հոգեբանական և մանկա­վար­ժական աջակցություն, ինչպես նաև ներառական կրթության իրականացման համար ընտրված դասարանների աշակերտների սոցիալ-հոգեբանական նախապատրաստում։

     Լեզուների ուսուցման մակարդակը բարձրացնելու  և օտար լեզվի մասնագիտական հմտությունները զարգացնելու նկատա­ռումով կարելի է ավագ դպրոցի հոսքային դասարաններում ժամեր հատկացնել մասնագիտական առար­կաների որոշ թեմաներ զուգահեռաբար նաև օտար լեզուներով ուսումնասիրելու համար։

Ըստ սովորողների ընտրության՝ 10-12-րդ դասարաններում օտար լեզուն կարող է հանդես գալ որպես.

  • պարտադիր դասընթաց,
  • առարկա՝ սովորողի ընտրությամբ,
  • դասընթաց` ըստ նախասիրության։

   Սովորողների  մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան` բոլոր հոսքերի համար կարող են նախատեսվել օտար լեզվի հատուկ դասընթացներ։

      Ավագ դպրոցը, որպես նախամասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, ի թիվս այլ խնդիրների, պետք է նպաստի նաև սովորողների մասնագիտական կողմնորոշմանը։ Այդ նպատակին են ծառայում տարբեր հոսքերը։

       Ավագ դպրոցում հոսքային ուսուցման կազմակերպման լավագույն տարբե­րակ գտնելու նպատակով դիտարկենք  տարբեր երկրներում գործող ավագ դպրոցի հոսքային խմբերի մի քանի մոդել։

  • Ներդպրոցական մասնագիտացում` ընդհանուր, բնագի­տա­կան, հումանիտար։ Չնայած ընդհանուր հոսքի բնույթին՝ այստեղ չի բացառ­վում, սովորողների հետաքրքրություններին համապատասխան, ներդասա­րանային կամ միջդասարանային ընտրովի խմբեր կազմավորելը:
  • Ցանցային հոսքերի կազմավորում. մասնագիտացված ուսուցումը կազմակերպվում է՝ ներգրավելով մեկ այլ ուժեղ ուսումնական կամ հասարա­կական կազմակերպություն, որը ռեսուրսների կենտրոնի դեր է կատարում: Փաստորեն, թե՛ դպրոցը, թե՛ հրավիր­ված կողմն իրենց ներուժով ապահովում են մասնագիտացումը: Այսինքն՝ դպրոցն իրականացնում է այն, ինչը տվյալ հոսքում կարող է կատարել իր ուժերով, մնացածն իր վրա է վերցնում ռեսուրսների կենտրոնը:
  • Հեռավար ուսուցում. մեկ այլ տարբերակ է սովորողներին դպրոցից դուրս, բայց դպրոցի հետ համագործակցող այս կամ այն հաստատու­թյան հետ հեռավար ուսուցման մեջ ներգրավումը: Այս դեպքում աշակերտը գիտելիք ստանում է ոչ միայն այն դպրոցում, որտեղ սովորում է, այլ նաև դպրոցի հետ համագործակցող մասնագիտական կառույցներում:

Ելնելով հասարակության սոցիալական պահանջներից և լեզվակրթության ժա­­­մա­նակակից միտումներից` հանրակրթությունը պետք է կազմակերպել այնպես, որ սովորողները տիրապետեն մայրենիին՝ հայերենին և օտար լեզուների։ Դրա համար անհրաժեշտ է.

  • հանրակրթության համակարգում օտար լեզուների ուսուցման համար մշակել նոր սերնդի չափորոշիչներ և ուսումնական ծրագրեր,
  • օտար լեզվով բանավոր և գրավոր հաղորդակցման նախատեսված կա­րողու­թ­յուն­ներին հասնելու համար անհրաժեշտ և բավա­րար ժամաքանակ ապահովել,
  • դասերը կազմակերպել փոքր խմբերով,
  • պայմաններ ստեղծել օտար լեզուների խորացված ուսուցման համար` հետագա մասնագիտացման նպատակով։

Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին (լսողության, տեսողության խնդիրներով) օտար լեզուների ուսուցման համար պետական չափորոշիչներին և ծրագրերին հա­մապատասխան հատուկ ծրագրեր, ուսումնական նյութեր, անհրաժեշտ տեխնի­կական միջոցներ ապահովել, այդ թվում` նաև հեռավար ուսուցման համար։  Այդ երեխաների համար, ուսումնական նյութերից բացի, նաև հանրապետության լավա­գույն մասնագետների կողմից վարվող օրինակելի տեսադասերի փաթեթներ պատրաստել։

 

  1. Օտար լեզուների ուսուցման առանձնահատկությունները

 

Ժամանակակից լեզվակրթության և օտար լեզուների ուսուցման առանձնահատկություններն են.

  • Միջմշակութայնություն. օտար լեզուն լեզվակիր ժողովրդի մշակույթի էական տարրն է, ուստի դրա ուսումնասիրությունը նպաստում է ժողովուրդների փոխըմբռնմանը, միջմշակութային դրական հարաբերությունների ամրապնդմանն ու փոխհարստացմանը: Դպրոցականների հաղորդակցական և հանրամշակութային իրազեկության զարգացումը հնարավորություն է տալիս նրանց իրավահավասար գործընկեր լինելու օտար լեզվով միջմշակութային հաղորդակցության գործընթացում:
  • Միջառարկայական ինտեգրում. օտար լեզվի և մյուս առարկաների ինտեգրումը և միջառարկայական կապերը նպաստում են երեխաների կողմից աշխարհի ու երևույթների միասնական, ամբողջական ընկալմանը, տարբեր բնագավառներից գիտելիքների, փաստերի ու գաղափարների համադրմանը, իմաստավորմանն ու գնահատմանը, որը խթանիչ գործոն է սովորողների ճանաչողական, ստեղծա­գործական գործունեության համար: Օտար լեզվով խոսքի բովանդա­կությունը կարող է պարունակել տվյալներ գիտելիքների ամենատարբեր բնագավառներից (գրա­կա­նություն, արվեստ, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա և այլն), որն առավելագույնս մեծացնում է օտար լեզուների իմացության արժեքը՝ որպես տեղեկատվության ստացման, փոխանակման ու հաղորդակցության միջոց:
  • Բազմամակարդակություն. մի կողմից` լեզվական տարբեր միջոցների տիրա­պետման անհրաժեշտություն, մյուս կողմից՝ հաղորդակցական կարողություն­նե­րի (ունկնդրել, խոսել, կարդալ և գրել) ձևավորում, ավելին՝ օտար լեզվի օգտագործումով որևէ հանրօգուտ գործունեության ծավալում (օրինակ՝ նախագծային աշխատանք, համայնքային ծառայություն կամ ծառայության միջոցով ուսումնառություն):
  • Բազմագործառություն. կարող է հանդես գալ և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց՝ տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու համար:

Օտար լեզուների ուսուցումը, սովորողների դաստիարակությունը պետք է ընթանան անձնակենտրոն, հաղորդակցական-ճանաչողական մոտեցումների իրագործմամբ: Այսինքն, պետք է նկատի ունենալ, որ մանկավարժական գործընթացի կենտրոնում սովորողն է՝ իր հնարավո­րու­թյուններով, պահանջմունքներով, տարիքային և անհատական առանձնահատ­կություններով, ձեռքբերումներով ու դժվարություններով: Դրանք պետք է գիտակ­ցի ուսուցիչը՝ դրսևորելով հանդուրժողական վերաբերմունք սովորողների նկատմամբ: Ուսանելով օտար լեզուներ՝ սովորողները ձեռք են բերում այդ լեզվով շփման և հաղորդակցման կարողություն, որը ձևավորվում է ուսուցչի, մյուս սովորողների և այլ անձանց հետ ակտիվ փոխներգործուն (ինտերակտիվ) համագործակցության ընթացքում,

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում  օտար լեզվի ուսուցման վերը նշված հիմնական սկզբունքների համաձայն` լեզվակրթությունը պետք է հիմնված լինի լայն հանրամշակութային համա­տեքստի վրա, ինչպես նաև միտված լինի ուսուցման հաղորդակցական նպատակի իրագործմանը: Այդ նպատակն ապահովում է իրական գործնական արդյունք, այն է՝ օտար լեզվով հաղորդակցության հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Օտար լեզուների ուսումնա­սի­րության շնորհիվ սովորողների գիտակցության մեջ տեղի ունեցող տարբեր լեզվական համա­կարգերի փոխներգործության և համեմատության հիման վրա ձևավորվում և զարգանում են համընդհանուր գործառնու­թյուն­ներ` խոս­քային կարողությունները, լեզվամտածողությունը և, ընդհա­նուր առմամբ, բարեկիրթ շփման կարողությունները: Ուսումնադաստիարակ­չական ամբողջ գործընթացը օտար լեզուների ուսուցման պարագայում ուղղված է հաղորդակցական կարողությունների ձևավորմանը, որը դիտարկ­վում է որպես օտար լեզուների ուսուցման/ուսում­նառության գլխավոր նպատակ և իրականացվում է հան­րակրթական դպրոցի բո­լոր աստիճան­ներում (տարրական, միջին և ավագ):

Խոսքի բոլոր ձևերը փոխկապակցված, փոխպայմա­նա­վոր­ված են, ուստի դրանց ուսուցումը պետք է իրականացվի համաձայնեցված փոխադարձ կապի մեջ՝ մի կողմից, մյուս կողմից՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելով դրանցից յուրաքանչյուրի ձևավորմանը: Նման մոտեցման արդ­յունքում սկզբում յուրացվում է բանավոր ուսումնական նյութը, որն այ­նու­հետև ամրապնդվում է գրելու և կարդալու միջոցով:

Լեզվական և խոսքային նյութի ընտրությունն ու կիրառումը, ինչպես նաև կարողությունների ու հմտությունների ձևավորումը պետք է իրակա­նաց­վի կա­ռուցվածքային-գործառական մոտեցման և կաղապարման (մոդելավորման) հիման վրա: Ելնելով խոսողի նպատակից և պայմանավորված հաղորդակցական խնդրի բնույթով` (ինչ-որ բան հարցնել, հաղորդել, խնդրել, հաս­տա­տել, ժխտել, բնութագրել երևույթը կամ գործողությունը և այլն), սովորողնեը տիրապետում են  ‎ճիշտ խոսքին:

Ուսումնական գործընթացի կազմակերպումը պետք է արդարացնի ուսումնառության դրդապատճառները: Ուսումնական դրական դրդապատճառները մեծապես խթանում են սովորողի հետաքրքրությունների, լեզվամտածողության, ինչպես նաև ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Խնդիրների հաջորդ խումբն առնչվում է կրթության բովանդակության արդիականացման ժամանակակից միտումներին։ 20-րդ դարի վերջի և 21-րդի քաղաքական և սոցիալ-տնտեսական փոխակեր­պումները էական ազդեցություն թողեցին կրթական համակարգի վրա՝  ակադեմիական ինքնավարություն տալով բարձրագույն ուսումնական հաստա­տու­թյուններին, ապահովելով կրթական հաստա­տու­­թյունների բազմազանություն, տարբերակված կրթական ծրագրերի առկայու­թյուն, կրթության ոչ պետական հատվածի զարգացում։ Այս գործ­ըն­թացներն իրենց արտացոլումն են գտել և ամրագրվել տարբեր օրենքներում և ենթա­օրենս­դրական ակտերում։

Կրթական քաղաքականության գլխավոր խնդիրն է ապահովել կրթության որակը՝ պահպանելով նրա հիմնարար բնույթը և բավարարելով անձի, հասա­րա­կության և պետության արդիական ու հեռանկարային պահանջմունք­ները։ Օտար լեզուների ուսուցման բովանդակությունը ներառում է լեզվաբանական, մեթոդաբանական, հանրալեզվաբանական և հանրամշակութային բաղադրիչներ, մասնավորապես՝

  • թեմատիկա՝ ըստ շփման, հաղորդակցության հիմնական ոլորտների, երկրա­գիտական, մշակութաբանական տեղեկատվություն,
  • լեզվական նյութ (հնչյունաբանություն, բառապաշար, ուղղագրություն, քերականություն),
  • խոսքային նյութ (խոսքային նմուշներ և կաղապարներ, կայուն բառակապակցություններ, դարձվածային միավորներ, տեքստեր),
  • գիտելիքներ, կարողություններ, հմտություններ :

Օտար լեզուների ուսուցման հիմքը խոսքային նմուշներն են, որոնք իրենց որոշակի իմաստից բացի` ունեն նաև ընդհանրացված իմաստ, ինչը հնարա­վորություն է տալիս, ըստ տրված նմուշի, նմանատիպ այլ նախադասություններ կազմելու: Յուրաքանչյուր խոսքային նմուշ ընդգրկում է մեկ քերականական դժվա­րություն և ուսուցանվում է որոշակի տրամաբանական հաջորդա­կա­նությամբ, օրինակ՝ առարկայի (գոյական), նրա որակի կամ հատկանիշի (ածական), գործո­ղության (բայ) կամ գործողության հատկանիշի (մակբայ) անվանումները:

Կրթության էությունը սոցիալական փորձի նպատակաուղղված փոխանցումն է։ Օտար լեզուների կարգավիճակը կարևո­րվում և որոշվում է դասավանդվող մյուս բոլոր առարկաների տեսանկյունից։ Ընդ որում, հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրի համար ուսուցման  նպատակներն ու բաղադրիչները տարբեր և որոշակի բովանդակություն են ստանում։ Այս տեսանկյունից էական գործոն է առանձին  թեմաների միջառարկայական համաձայնեցումը, այդ թվում` որոշակի փուլում դրանց համաձայնեցումը երկրորդ և երրորդ լեզուների այն նյութի հետ, որը նախատեսված է ուսուցման համար։

Այս իմաստով մայրենի լեզվի ծրագիրն արդեն պետք է ներառի այն լեզվական երևույթները, որոնք կնախորդեն մյուս լեզուների ուսուցման ծրագրերում դրանց կիրառությանը։

Կարևոր է սովորողներին ընդգրկել նախագծային-հետազո­տական գործունեության մեջ` դիտարկումներում և փորձարկումներում, այդ թվում ներգրավելով նաև նոր մեդիա տեխնոլոգիաներն ու համացանցային պաշարները։

Լեզուների ուսուցման ոլորտում նոր, հետաքրքիր մոտեցում է բովանդա­կու­թյան և լեզվի ինտեգրված ուսուցումը` Նյութի և լեզվի համաժամանակյա ուսուցում/ՆԼՀՈՒ/ (CLIL -  Content and Language Integrated Lear­ning)։ Այս մոտեցման էությունն այն է, որ օտար լեզուն ուսուցանվում է այլ առար­կա­ների նյութի  հիման վրա (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն, պատ­մու­թյուն և այլն)։  ՆԼՀՈՒ–ը մանկավարժական մոտեցում է, որի ժամանակ լեզուն և որևէ այլ առարկայի հատուկ բովանդակությունը ուսուցանվում են համատեղ։

Օտար լեզուների փաստացի գիտելիքները միջոց են դառնում ուսումնա­սիրվող այլ առարկաների բովանդակության յուրացման համար։ Նման մոտեցման շնորհիվ դասավանդվող մյուս առարկաների միջոցով ապահովվում է օտար լեզվի առավել խորը յուրացումը։ Այս մոտեցման շնորհիվ մայրենի և օտար լեզուներով նույն նյութի զուգահեռ դասավանդումը դառնում է միասնական անընդհատ գործընթաց։ Ընդ որում, նման համաժամանակյա դասընթացները մեծացնում են սովորողների շահագրգռվածությունը՝ օտար լեզուն կիրառելով միմյանց հետ խնդիրներ քննարկելու համար:

 

  1. Ուսուցիչների վերապատրաստում

 

Օտար լեզուների ուսուցման դրվածքի բարելավումն անհնար է առանց որակյալ ուսուցչական կադրերի։ Հայեցակարգային, բովանդակային և մեթոդական փաստաթղթերի, մոտեցումների յուրաքանչյուր փոփոխություն պետք է ուղեկցվի ուսուցիչների վերապատրաստումներով։ Բացի այդ, այս փաստաթղթերը պետք է դառնան բուհական ծրագրերի մաս, ապագա ուսուցիչներն արդեն սովորելու տարիներին պետք է  ուսումնասիրեն կրթական նոր փաստաթղթերը։ Լուրջ մարտահրավերներ կան ավագ դպրոցում օտար լեզուների ուսուցման տեսանկյունից։ Այստեղ ընդգրկվում են տար­բեր հիմնական դպ­րոց­նե­րի  տարբեր օտար լեզուների տիրապետող սովորողներ։ Հատկապես ֆրանսերեն և գերմաներեն սովորած երեխաների փոքր թվի պատճառով դպրոցը հաճախ այդ լեզուների ուսուցիչներ չի ունենում։  Արդյունքում աշակերտները ստիպված են լինում անավարտ թողնել իրենց հիմնական օտար լեզվի ուսումնասիրությունը և նոր օտար լեզու սովորել։ Այս պարագայում հրա­տապ է դառ­նում մե­կից ավե­լի օտար լե­զու­ներ  (անգլերեն-գերմաներեն, անգլերեն-ֆրանսերեն, անգլերեն-իսպաներեն) դա­սա­վան­դե­լու հմ­տու­թյուն­ներ ու­նե­ցող ու­սու­ցիչ­նե­ր ունենալը, իսկ ման­կա­վար­ժա­կան բու­հե­րը այս­պես կոչ­ված «բազ­մա­լե­զու» ու­սու­ցիչ­ներ չեն պատ­րաս­տում, որն արդիական պահանջ է։ Երկլեզու ուսուցիչների (ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-գերմաներեն, ռու­սերեն, ֆրանսերեն) պահանջարկ կարող է լինել նաև աշակերտ­ների քիչ թվա­քանակ ունեցող, հատկապես սահմանամերձ և լեռնային գյուղերի դպրոցներում:

Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման մոտեցում (CPD).

Ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ ուղղված ուսումնադաստիա­րակչական գործընթացի բարելավմանը, շարունակական գործընթաց է, այն չի կարող ավարտվել մեկ վերապատրաստմամբ։ Անհրաժեշտություն է ծագում մասնագիտական զարգացման շարունակական համակարգի ներդրման, համա­կարգ, որտեղ ուսուցիչը ինքն է նախաձեռնում իր մասնագիտական ու անձնական որակների զարգացումը,  կարող է ընտրել մասնագիտական զարգացման այնպիսի ուղի, որը համապատասխանում է իրեն և բավարարում իր կարիքները ու ծառայում  նպատակներին: Զարգացման ուղին կարող է ներառել առցանց ,  առկա կամ հեռակա ուսուցում, սեմինարներ, խորհրդակցություններ, մասնագի­տական համաժողովներ և այլն:

Այս տեսանկյունից նպատակահարմար կլինի մշակել օտար լեզուների ուսուց­չի մասնագիտական գործունեության չափորոշիչներ, որոնք ու­սուց­չի աշ­խա­տան­քի գնա­հատ­ման հստակ չա­փա­նիշ­ներ կսահմանեն (որպես օրինակ կարող է ծառայել «Օտար լեզուների ապագա ուսանող-ուսուցիչների եվրոպական թղթա­պա­նակը» (ՕԼԱՈՒՈՒԵԹ, EPOSTL), որը նպատակահարմար է կիրառել ուսուցիչների հերթական որակա­վորման և տարակարգերի շնորհման գործընթացում):

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարա­կության մեջ ապրելուն և գոր­ծունեություն ծավալելուն նախապատրաստելով։ (Օտար լեզուների ուսուցման բարելավման նպատակը բնավ սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարա­կության մեջ ապրելուն և գոր­ծունեություն ծավալելուն նախապատրաստելը չէ: Մենք ապրում ենք և շարունակելու ենք ապրել միազգ(մոնոէթնիկ) երկրում): Այդ առումով օտար լեզուն նպաստում է ընդհանուր առմամբ կրթության նոր որակի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգը հայրենական կրթական համակարգին հարմարեցնելուն:

Սովորողի՝ որպես բազմակողմանի զարգացած անհատի ձևավորումը պետք է իրականացնել նրա` լեզվական հաղորդակցության կարողության լիարժեք ձևավորման միջոցով։

Անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք գործնական քայլեր, որոնք կնպաստեն օտար լեզվի՝ որպես սովորողի անձի զարգացման ու դաստիարակության միջոցի, կարգա­վիճակի բարելավմանը. Մասնավորապես.

  • ապահովել օտար լեզուների ուսումնասիրման անհրաժեշտ պայմաններ ժամաքանակ, խմբերում աշակերտների փոքր թվաքանակ, այլընտ­րան­քային դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ և այլն,
  • նախադրյալներ ստեղծել օտար լեզուների հենքային և խորացված ուսուց­ման համար,
  • ապահովել սովորողների կրթական պահանջմունքները, ինչպես նաև հաշվի առնել նրանց նախասիրությունները, հետաքրքրու­թյունները և ապագա մասնագիտացումը,
  • ավագ դպրոցում իրականացնել մի շարք առարկաներից (օրինակ՝ պատ­մություն, ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն) որոշ թեմա­ների կամ հատուկ դասընթացների դասավանդումը նաև օտար լեզուներով,
  • ապահովել հիմնական դպրոցում լեզվական հաղորդակցական կարողության նվազագույն տիրապետումը`2, իսկ ավագ դպրոցում՝ B1.2 մակար­դակ­ներով,
  • շեշտը դնել կրթության վերջնարդյունքի վրա,
  • բոլոր օտար լեզուների նկատմամբ իրականացնել միասնական մոտեցում:

 

 

 

  • Discussed

    31.07.2017 - 20.08.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8649

Print

Suggestions

Սուսաննա Բարսեղյան

31.07.2017

Պետք է ավելացնել և ռուսաց , և մյուս լեզուների դասաժամերը, բայց պետք է կատարել աստիճանաբար: Եթե ուզում ենք լավ արդյունք, ապա երկրորդ դասարանից սկսած ամեն օր դասավանդվի ռուսաց լեզու, որպեսզի հիմքը լավ դրվի: Հաջորդ դասարանում նույն ձևով վերաբերվել նաև մյուս լեզուների հետ: Միջին դպրոցում այժմ կարելի է խմբակների ժամերը հատկացնել:

See more