1.2 ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: 2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ «1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: 2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան (…) »:
ՀՀ Սահմանադրական դատարանը 30.01.2020թ. թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ արձանագրել է, որ «18 տարին չլրացած (...) պացիենտները բժշկական միջամտության ենթարկվելու առումով հավասարեցված են այն պացիենտներին, որոնց վիճակը թույլ չի տալիս արտահայտել իրենց կամքը և նրանց փոխարեն համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցիչների կողմից:» Սահմանադրական դատարանը հավելել է, որ օրենսդրության համաձայն՝ «թեև անձի վիճակը կարող է թույլ տալ նրան արտահայտել իր կամքը, սակայն 18 տարին չլրացած լինելու (...) փաստի ուժով անձը զրկվում է իր կամքն արտահայտելու հնարավորությունից»: Սահմանադրական դատարանը ընդգծել է, որ «օրենքը պետք է ստեղծի անհրաժեշտ նախադրյալներ հաշվի առնելու երեխայի կարծիքը իրեն վերաբերող հարցերում, եթե նրա տարիքը և հասունության մակարդակը այդ հնարավորությունը տալիս են, և, երբ երեխան ունակ է ինքնուրույնաբար իրականացնելու հոգեկան անձեռնմխելիության իր հիմնական իրավունքը, իսկ օրինական ներկայացուցչի ներգրավումը, ինչպես և չափահաս անձանց դեպքում, պետք է իրականացվի սուբսիդիարության սկզբունքի հիման վրա»։
2013 թվականին Կոմիտեն ՀՀ երրորդ և չորրորդ համատեղ պարբերական զեկույցների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում նշել է, որ Կոմիտեն անհանգստացած է, որ 18 տարեկանից ցածր երեխաների դեպքում բժշկական միջամտության վերաբերյալ համաձայնությունը տալիս է միայն երեխայի ներկայացուցիչը: Կոմիտեն ուշադրություն է դարձնում մասնակից պետությանը իր՝ թիվ 12 (2009) ընդհանուր մեկնաբանությանը երեխայի լսվելու իրավունքի վերաբերյալ և խորհուրդ է տալիս, որ պետությունը միջոցներ ձեռնարկի այդ իրավունքի ամրապնդման համար՝ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն: Մասնակից պետությանը առաջարկում է՝ (...) ապահովել, որ երեխաների կարծիքները հաշվի առնվեն բժշկական միջամտությունների դեպքում, ինչպես նշված է Կոմիտեի N 15 (2013) ընդհանուր մեկնաբանության մեջ (Committee on the Rights of the Child․ Concluding observations on the combined third and fourth periodic reports of Armenia, adopted by the Committee at its sixty-third session (27 May – 14 June 2013):
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին 2020 թ․ մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության համար համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, եթե բացակայում են հետևյալ պայմանները (Տե՛ս «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին 2020թ․ մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը (Առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու մարդու (պացիենտի) իրավունքը) ) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով երեխան ի վիճակի է գնահատել իր առողջական վիճակը. 2) տեղեկությունները իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, 3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն, բացառությամբ 16 տարին լրացած երեխայի:
Նախատեսված պայմանների առկայության դեպքում հաշվի է առնվում 16 տարին չլրացած պացիենտի կարծիքը:
Նախագծով առաջարկվող կարգավորումներն անդրադառնում են միայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականությանը, չկատարելով սահմանադրի այն պահանջը, ըստ որի պետք է երաշխավորվի երեխայի կարծիքն իրեն վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը՝ երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, որն ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից, արդեն իսկ տրվում են առանձնահատուկ կարգավորումներ երեխայի (…)՝ իր առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու, երեխայի (..) կողմից բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքների վերաբերյալ:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ անչափահաս անձանց լսված լինելու իրավունքին վերաբերելի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և Նախագծով առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են և դրվագային լուծումներ են պարունակում տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդրի լուծման համար: ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված Նախագծի ընդունմամբ չի երաշխավորվում Սահմանադրական դատարանի 30.01.2020թ. թիվ ՍԴՈ-1504 որոշման պահանջների կատարումը ստորև ներկայացված հիմնավորմամբ:
Այսպես, «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որպես «lex specialis» նորմեր պարունակող օրենսդրական ակտ, երաշխավորված չէ երեխայի լսված լինելու իրավունքն առողջապահական ոլորտում, մասնավորապես՝ գաղտնի բժշկական խորհրդատվություն և այլ բժշկական ծառայություններ ստանալն առանց ծնողների համաձայնության։ Նախատեսված չէ միայն երեխայի իրազեկված և կամավոր համաձայնության դեպքում բժշկական միջամտության հնարավորությունը՝ առանց ծնողների համաձայնության, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վավերապայմանը, որ օրինական ներկայացուցիչները չեն առարկում տեղեկությունները տրամադրելուն, բացառությամբ (...) 16 տարին լրացած երեխայի, անհամաչափ և ոչ իրավաչափ սահմանափակում է։ Այդպիսի սահմանափակման նախատեսումը դուրս է միջազգային չափանիշների, սահմանադրական նորմերի և լավագույն փորձի շրջանակից: Բացի այդ, այն հակասում է նույն օրենքի 16-րդ հոդվածի 3 մասին այն առումով, որ այդ պայմանի գործողությունը վերաբերում է 16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության իրականացմանը։ Այդպիսով, 16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության իրականացումը պայմանավորվում է ոչ թե անձի իրազեկված և կամավոր համաձայնությամբ, այլ օրինական ներկայացուցչի առարկությամբ: Բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու պացիենտի իրավունքի իրացման պայմանները պետք է տարբերակել բժշկական միջամտության իրականացման կանոններից։ Հետևաբար, բժշկական միջամտության իրականացումը չի կարող պայմանավորվել բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու պացիենտի իրավունքի իրացման կանոններով։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ «Մարդու գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացառությամբ 1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում` Կառավարության սահմանած կարգով. 2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով»: Նշված իրավակարգավորումները հակասում են Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1504 որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումներին։ Սահմանադրական դատարանը անդրադարձել է որևէ անձի կամ այլոց առողջության պաշտպանության նկատառումներով հոգեկան անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմանը, և փաստել, որ հենց այդ նպատակով ոչ թե պետք է սահմանափակվի անձի իրազեկված համաձայնություն ստանալը, այլ այն պետք է երաշխավորվի բոլոր դեպքերում, երբ նա ունակ է ինքնուրույն իրականացնել այդ իրավունքը: Անձի հոգեկան առողջությանը միջամտությունն այդ համաձայնությամբ պայմանավորելն ինքնին չի ենթադրում, որ նա, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան, եթե հոգեկան խանգարում ունի և նրանից վտանգ է բխում, չի կարող զրկվել անձնական ազատությունից՝ օրենքով սահմանված կարգով:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով նախատեսված հոդվածները, որոնք վերաբերում են բժշկական միջամտության իրականացման համար համաձայնության տրամադրման պայմաններին, չեն համապատասխանում ՍԴՈ-1504 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներին, չեն ապահովում անչափահասների պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին, հետևաբար Նախագիծը որպես «lex specialis» նորմեր պարունակող օրենսդրական ակտ առաջնային լուծումներ պետք է պարունակի։
Առաջարկում ենք․
«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ և 4-րդ մասերով՝ հետևյալ ձևակերպամբ․ «3․ Բժշկական միջամտություն ստանալը կամ դրանից հրաժարվելն իրականացվում է երեխայի կամավոր իրազեկված համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եթե 1) բժշկի եզրակացությամբ հաստատվում է, որ երեխայի տարիքը, հասունության մակարդակը և հոգեկան առողջության բնույթը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կատարվող բժշկական միջամտության բնույթն ու հնարավոր հետևանքները, 2) բխում է երեխայի լավագույն շահից։
Երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից, եթե բացակայում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանները»:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին 2020 թ․ մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի կարգավորումները համապատասխանեցնել ներկայացված առաջարկություններին։