Add to favourites

Under development

<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

1.     <Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>  ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի ավելի հրապարակային, թափանցիկ, արագ, օպերատիվ և առանց վարչական քաշքշուկների կազմակերպման, նվիրատվության համար առաջադրվող պահանջների մեղմացման, նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկի ճշգրտման /լրացման/ անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության /այսուհետ՝ Վարչություն/ կողմից ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան բնակելի տարածքների նվիրատվության գործընթացն ավելի արագ, օպերատիվ կազմակերպելու՝ նվիրատվության համար առաջադրվող պահանջները մեղմացնելու և վարչական քաշքշուկները վերացնելու նպատակով, ինչպես նաև ելնելով ՀՀ կառավարության այդ ոլորտում տարվող քաղաքականության պահանջներից /մասնավորապես, հնարավոր կարճ ժամկետում հանրակացարնների նվիրատվության գործընթացն ավարտին հասցնելու պահանջից/ և բնակիչների առաջարկությունների քննարկման արդյունքներից՝ Վարչության կողմից նախապատրաստվել է <ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ընդ որում նախքան ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակվելը.

1. Վարչության աշխատակիցներն այցելել են Վարչության տնօրինության հանրակացարաններ /մասնավորապես Աբովյան քաղաքի Հատիսի փ. Ճարտարագիտական քոլեջի, Երևան քաղաքի Մոլդովական 29/1-ի, Մոլդովական 29/2-ի, Շիրակի փող. 2ա/7, Աճառյան փող. 20/3 և Վարդաշեն 6 փող. 66 հասցեի հանրակացարաններ/, զրուցել հանրակացարանների բնակիչների` տեղաբնակ և փախստական ընտանիքների անդամների հետ, տեղում ծանոթացել նրանց խնդիրներին և հրավիրել մասնակցելու Վարչությունում 02.02.2017թ. ժամը 17:00-ին հանրակացարանների բնակիչների հետ կայանալիք խորհրդակցությանը: Վարչությունում 02.02.2017թ. հանրակացարանների բնակիչների հետ անցկացվել է խորհրդակցություն. բնակիչներն անձամբ ներկայացրել են իրենց խնդիրները, մտահոգությունները և նվիրատվությանը խոչընդոտող հանգամանքները:

Ամփոփելով քաղաքացիների գրություններում բարձրացված խնդիրները, հանրակացարաններ այցելությունների, ինչպես նաև Վարչությունում կայացած խորհրդակցության արդյունքները` Վարչությունն արձանագրել է բնակելի տարածքների նվիրատվության գործընթացը խոչընդոտող հիմնական պատճառները: Դրանցից են.

·    Փաստացի բնակվելու և հաշվառման ժամկետի պահանջը /5 տարին/՝ ընտանիքների անդամների կողմից  չբավարարելու հանգամանքը,

·    այլ բնակելի տարածքների նկատմամբ ընտանիքի որևէ անդամի համասեփականություն ունենալու սահմանափակումը,

·    որպես բարելավում հատկացված բնակարանային տարածքները բնակիչներին չսեփականացնելու խնդիրը և այլն:

Քննարկման արդյունքների վերաբերյալ Վարչությունը տեղեկացրել է ՀՀ կառավարությանը և առաջարկել է մեղմացնել նվիրատվության ժամանակ ներկայացվող պահանջները և սահմանափակումները: Միաժամանակ, խնդրելով համաձայնության դեպքում տալ հանձնարարական ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ Վարչապետի 19.10.2017թ. N04/9661-17 հանձնարարականով հանձնարարվել է նախագիծը լրամշակել՝ դրանով հանելով նվիրատվության տրամադրման համար սահմանված պահանջները: Միաժամանակ առաջարկվել է ճշգրտումներ կատարել տվյալ տարածքներում արդեն իսկ հաշվառված անձանց տվյալների մասով և նախագծին կից հավելվածով ներկայացնել բոլոր այն նվիրառուների ցանկը /շուրջ 590/, որոնց բնակելի տարածքները կտրամադրվեն նույն նախագծով:

 Արդյունքում նախագծից հանվել են նվիրատվության տրամադրման համար սահմանված պահանջները:

Նվիրատվության տրամադրման համար սահմանված պահանջների հանման արդյունքում, ըստ Վարչության,  ծագող խնդիրները.

ա. Նշված նախագծի ընդունման արդյունքում տրամադրվող բնակելի տարածքների  մակերեսների սահմանափակումների վերաբերյալ տարակարծիքությունը վերանում է, ինչը կարող է և երկակի արձագանք ունենալ. Որոշ պետական կառավարչական մարմիններ դեմ են նման մոտեցմանը, միևնույն ժամանակ մեծ մակերեսով տարածքներ զբաղեցնող քաղաքացիներ կողմ են նման մոտեցմանը, նույնիսկ առկա են որոշ նախադեպեր, երբ քաղաքացիները Վարչության դեմ հայցով դիմել են դատարան /իրենց կողմից զբաղեցրած մեծ մակերես ունեցող բնակելի տարածքների նվիրատվության գործընթացին ընթացք չտալու համար, ինչը պայմանավորված է եղել նախագծին վերոգրյալ ՊԿՀ-ի կողմից ներկայացված դիտողություններով/: Այսպես Որոշման մեջ ընդգրկված ուսուցչի տներում և հանրակացարաններում բնակվող ընտանիքների բնակելի տարածքների բաշխման միջև պատկերը տարբեր է. հանրակացարանային կացարաններում բնակվող ընտանիքին /հիմնականում Երևան քաղաքում/ նվիրվող բնակելի տարածքների միջին մակերեսը կազմում է 31.5 ք.մ. (1 անձին հասանելիք միջին մակերեսը` 14.7 ք.մ.), իսկ նվիրատվության ենթակա ուսուցչի տներում հիմնականում 1 ընտանիքին նվիրվող բնակելի տարածքի մակերեսը՝ բավականին մեծ է (մարզերում ուսուցչի տան 1 անձի կողմից զբաղեցրած բնակարանի մակերեսը կազմում է 139.25 ք.մ., մեկ այլ դեպքում 3 անձի կողմից զբաղեցրած բնակարանի մակերեսը՝ 148.17 ք.մ.), մարզերի որոշ հանրակացարաններում ևս բնակելի տարածքի մակերեսը բավականին մեծ է /Օրինակ, ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի 1-ին փող. 5-րդ շենք թիվ 3-րդ բնակարանի 1 անձին նվիրատվության ենթակա բնակելի տածաքի մակերեսը կազմել է 139.25քմ, իսկ ՀՀ Շիրակի մարզ, Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փող. 5ա թիվ 1 բն. 3 անձից բաղկացած բնակիչների կողմից զբաղեցրած բնակարանի մակերեսը կազմել է 148.17քմ/:

 Վարչությունը, ունենալով մասնավոր դեպք. Քաղաքացի Վ.Ալթունյանի դիմումը /ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ուսուցչի տան 139.25քմ մակերեսով տարածքը 1 անձին սեփականաշնորհելու վերաբերյալ) և շահագրգիռ մարմնի՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից ներկայացված առաջարկությունը (ըստ որի առաջարկվել էր նշված բնակչին նվիրել վերջինիս կողմից զբաղեցրած 2 հարկերից մեկը) նախագիծը հանել է շրջանառությունից՝ համապատասխան գրությամբ դիմվել է դիմողին՝ առաջարկելով առանձնացնել և զբաղեցրած հարկերից միայն մեկը /ըստ իր ցանկության/ նվիրատվությամբ տրամադրվի: Վերջինս չհամաձայնվելով դիմել է դատարան և ներկայումս դատական գործընթացը շարունակվում է:

բ. Կազմում կարող են ընդգրկվել նաև ՀՀ տարածքում այլ սեփականություն ունեցող բնակիչներ, մինչդեռ նշված որոշման ընդունման նպատակը ի սկզբանէ բնակչության անապահով խավին բնակարաններով ապահովելն էր:

գ.Ցանկում կարող են ընդգրկվել անձիք, որոնք ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նվիրատվության /սեփականաշնորհման/ գործընթացն ավարտին չհասցնեն /նոտարական վավերացման կամ սեփականության իրավունքի գրանցման համար նախատեսված վճարները չվճարելու պատճառով/:

2.   Վարչությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկում ընդգրկված բնակելի տարածքների վերաբերյալ առանձնացված հատակագծեր առկա չեն և գործող որոշմամբ սահմանված կարգով նվիրառուն դիմումը ներկայացնելիս կից ներկայացնում էր նաև չափագրված հատակագծի տարբերակը, որը նախօրոք համապատասխանեցվում էր պատկան մարմնի` ՊԿՀ-ի կողմից ներկայացված մակերեսի հետ, արդյունքում նախագծում ներառվում էր ճշտված և ՊԿՀ հաշվեկշռում առկա մակերես և հաշվեկշռային արժեք, ներկայում ՀՀ կառավարության մեկ որոշմամբ նվիրառուների ցանկի տրամադրման արդյունքում, հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար, Վարչությունը նպատակահարմար է գտնում նախագիծը կարծիքի ուղարկել բոլոր պետական շահագրգիռ մարմիններ, վերջիններիս կողմից համապատասխան սենյակների ճշտված մակերեսները նախագծում ընդգրկելու համար, իսկ քաղաքացիներին հնարավորություն տալ մինչև պայմանագրերի կնքումն ապահովել նվիրատվության ենթական բնակելի տարածքների հատակագծերի /կազմված և հաստատված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով / ներկայացում պայմանագիրը կնքող մարմնին:

3.   Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկմանը /նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am/, որի արդյունքում ստացվել է մեկ առաջարկ. առաջարկվել է սահմանամերձ տարածքներում փաստացի և հաշվառման տարեթվերի ժամկետի սահմանափակում չնախատեսել: Սահմանամերձ տարածքներում ազգաբնակչության բնակեցումն ապահովելու խնդրից ելնելով՝ առաջարկն ևս ներառվել է նախագծում:

 

4.               Միաժամանակ Նախագիծը նախապատրաստվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա: Նախագծով հիմնականում առաջարկվում է կատարել ճշգրտումներ ցանկում ընդգրկված անշարժ գույքերի /բնակելի տարածքների/ հասցեներում, քանի որ Որոշման հիման վրա իրականացվել են դպրոցներից ուսուցչի տների առանձնացումներ, որոնց տրվել են նոր հասցեներ : Միաժամանակ եղել են առաջարկություններ նաև նոր բնակելի տարածքներ ընդգրկելու կամ հանելու վերաբերյալ: Այսպես.

·   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկությունների հիման վրա բնակելի տարածքների ցանկում կատարել են լրացումներ՝ ավելացվել են թվով 2 նոր բնակելի տարածքներ, իսկ <ք. Երևան, Հատիսի 4> հասցեն փոխարինվել է <ք. Աբովյան. Հատիսի 4> հասցեով:

·   ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան գրությունների հիման վրա լրացվել է Ցանկի 54-րդ կետը : Իսկ ցանկում ՀՀ Կոտայքի մարզում գտնվող լաբորատոր մասնաշենքեր /որոնք բնակեցված են/ ընդգրկելու վերաբերյալ առաջարկը չի ընդունվել, քանի որ Որոշման համաձայն նվիրատվության ենթակա են միայն բնակելի նշանակության տարածքները:

·   ՀՀ ՏԿ և ԶՆ-ի ՄՊԾ-ի առաջարկությամբ Որոշման N2 հավելվածի 26-րդ տողում լրացում է կատարվել. Նվիրատվության ենթակա ցանկից բացառվել են Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի 1-ին մասնաշենքի /ներկայիս Մոլդովական փող. 29/1 հասցեի մասնաշենքի/ 1-ին հարկում գտնվող թվով 11 և 3-րդ հարկում գտնվող թվով 13 բնակարանները, քանի որ նշվածները վերակառուցվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցներով, նախատեսվում են օգտագործման որպես սոցիալական տիպի բնակարաններ և չեն կարող նվիրաբերվել բնակիչներին, ինչպես նաև ենթակա չեն սեփականաշնորհման:

·   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առաջարկությամբ Ա. Մանուկյան 31 հասցեում գտնվող` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ> ՊՈԱԿ-ի հանրակացարանը հանվել է ցանկից, քանի որ ՊՈԱԿ-ին ամրացված տարածքը (այսուհետ՝ Տարածք) բնակելի չէ և ծառայում է սպորտի բնագավառում մարզական գործունեության իրականացմանը : Բացի այդ, Տարածքը նախատեսված է ՀՀ կառավարության 11.06.2009 թվականի հունիսի 11-ի «Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին» № 657-Ն որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման, քոլեջի գործունեության ապահովման (տարածքում գտնվում են բժշկական կենտրոն, վարչական մաս, ուսանողների դասընթացների լսարաններ, մարզագույքի և սննդի պահեստներ), ինչպես նաև ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից քոլեջի օլիմպիական հերթափոխի մարզիկների (սովորելու տարիներին) ժամանակավոր բնակեցման համար:

·   ՀՀ Լոռու մարզպետարանի առաջարկությամբ բնակելի տարածքների ցանկը լրացվել է թվով 7 նոր բնակելի տարածքներով: Ներկայացվել էր թվով 10 բնակելի տարածքների վերաբերյալ ցանկ, սակայն լրացուցիչ ուսումնասիրություններից պարզ էր դարձել, որ թվով 3 փայտյա հանրակացարանները տեղակայված են համայնքի սեփականությունը հանդիսացող  հողատարածքի վրա /գույքերը չունեն վկայականներ, օգտագործման վաղեմություններն անցած են/, իսկ որոշումը վերաբերվում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքներին, հետևաբար թվով 3 փայտյա հանրակացարանները հանվել են ցանկից:

·   ՀՀ Սյունիքի մարզպետարանի առաջարկությամբ բնակելի տարածքների ցանկը լրացվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության թվով 2 բնակելի տարածքներով:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումը։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի ավելի օպերատիվ կազմակերպում, նվիրատվության համար առաջադրվող պահանջների մեղմացում, հնարավոր սեղմ ժամկետում ավարտել նվիրատվության գործընթացը, ինչպես նաև նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկի ճշգրտում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Բնակչության բնակարանային խնդիրների լուծումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    03.05.2017 - 21.01.2018

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9038

Print

Suggestions

Արամ Ճուղուրյան

05.05.2017

<Բնակելի տարածքները նվիրվում են համապատասխան տարածքում վերջին 3 տարվա կամ ընդամենը 5 և ավելի տարիների ընթացքում տեղում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին> բառերից հետո ավելացնել բացառությամբ սահմանամերձ համայնքների բնակիչների բառերը։

See more