Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԾԽԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Armine Poghosyan 10.09.2018 09:33:30 Նախագծում օգտագործվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսին են «Էլեկտրոնային սիգարետ», «Մանկապատանեկան  կազմակերպություն», «Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձ» հասկացությունները, որոնց սահմանումները տրված չեն և շրջանակը հասկանալի չէ։ Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, ես առաջարկում եմ ավելի հստակ սահմանել տվյալ հասկացությունների բովանդակությունը։ Առաջարկությունն ընդունվել է մասամբ. Նշված առաջարկը ներկայացվել է նաև այլ գերատեսչությունների կողմից, որի արդյունքում նախագիծը խմբագրվել է: Միաժամանակ, «Մանկապատանեկան կազմակերպություն», «Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձ» հասկացությունները հանրաճանաչ են և տվյալ օրենքի իմաստով լրացուցիչ սահմանման կարիք չունեն:
2 Karen Sef 13.09.2018 17:17:53 Ողջունելով ներկայացված նախագիծը և կարևորելով ծխախոտի դեմ պայքարը, միևնույն ժամանակ գտնում եմ, որ նախագիծը ունի մի շարք թերություններ, որոնք դեռ պետք է լրացուցիչ ուսումնասիրվեն և շթկվեն․ Այսպես․ 1․ Նախագծով նախատեսվում է ծխախոտային բոլոր արտադրատեսակները կարգավորել միանման, հաշվի չառնելով անձի առողջության համար դրանց վտանգավորության աստիճանների տարբերությունը։ Ավելին, հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ որոշ ծխախոտային արտադրատեսակներ ամբողջությամբ անվտանգ են օգտագործողին շրջապատող անձանց համար։ Օրինակ՝ ծամելու կամ ներս շնչելու համար նախատեսված ծխախոտը որևէ արտանետում չի առաջացնում և շրջապատի համար անվտանգ է, այնինչ այն հավասարեցվելով ծխախոտային մնացած արտադրանքներին արգելվում է օգտագործել փակ և կիսափակ տարածքներում։ Այսպիսով գտնում եմ, որ նախագիծը անհամաչափ հավասարության նշան է դնում տարբեր վնասակարության աստիճան ունեցող արտադրանքների միջև, ինչը սխալ է։ 2․ Նախագիծը ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի և արտադրատեսակների փաթեթավորման կարգավորումները թողնում է ՀՀ կառավարության լիազորությանը, այն դեպքում երբ նշված լիազորությունները ԵԱՏՄ պայմանագրով փոխանցված են ԵԱՏՄ-ին, որը արդեն իսկ ընդունել և կիրառում է նշված կանոնակարգը։ Գտնում եմ, որ նման հակասությունը օգուտ չի բերի ինչպես նախագծին, այնպես էլ ՀՀ հարաբերություններին ԵԱՏՄ անդամ խետությունների հետ։ 3․ Նախագծով սահմանվում է փակ և կիսափակ տարածքներում ծխելու արգելք, մինչդեռ փակ և կիսափակ տարածքի հասկացությունը հստակ չէ, որի հետևանքով հասկանալի չէ թե որ տարածքը կլինի փակ, որը՝ բաց և որը՝ կիսաբաց։ Օրինակ ստացվում է, որ ցանկացած շենքի հարևանությամբ տարածք կիսափակ է։ Հասկանալի չէ նաև կիսափակ տարածքի շառավիղը։ Կարծում եմ, որ արգելքը իրականում և ոչ թե թղթի վրա սահմանելու համար պետք է հստակ հասկանալ, թե որտեղ է թույլատրվում ծխել և որտեղ՝ ոչ։ Նույն ժամանակ առաջարկում եմ սահմանել թույլտվություն ստալու ընթացակարգ, որը ստանալուց հետո փակ տարածքը կարող է դառնալ ծխելու համար թույլատրելի։ Օրինակ՝ անձը, վճարելով համապատասխան տեղական տուրքը իր սրճարանը կարող է դարձնել ծխողների համար նախատեսված՝ ներս չթողնելով 18 տարին չլրացած անձանց և համապատասխան նախազգուշացնող հայտարարություն փակցնելով մուտքի մոտ, որը տեսնելով չծխող անձը կարող է չմտնել ներս։ Նման լուծումը թույլ կտա համաչափորեն պաշտպանել և ծխողների և չծխողների իրավունքները։ Բացի այդ, նման լուծումը թույլ կտա ավելացնել համայնքային բյուջեի եկամուտները, որոնք կարող են ուղղվել ի թիվս այլոց՝ հակածխախոտային ծրագրելի իրականացմանը։ 4․ Նախագծով նախատեսվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների վաճառքը հանրային սննդի օբյեկտներում։ Կարծում եմ, նման արգելքը կզրկի համայնքներին վաճառքի թույլտվությունների համար գանձվող միլլիոնավոր դրամներից, սակայն ծխելու դեմ պայքարում ոչինչի չի բերի, քանի որ գնորդը կարող է հարևան խանութից գնել ծխախոտը։ Այսպիսով նման արգելքը, ըստ իս, համաչափ չէ և կբերի պետական բյուջեի մեծ ծախսերի։ 5․ Առաջարկում եմ նաև նախատեսել միջոցներ, որոնք կօգնեն ծխախոտային ընկերություններին իրենց գործունեության ոլորտը փոխել, որպիսզի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը չտուժի իր կարևոր ճյուղերից մեկի սահմանափակումների հետևանքով։ 6․ Նախագծով նաև արգելվում է երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց օգտագործման պատկերումը։ Այսինքն պետք է արգելվեն է մեր մանկության սիրելի «Ну погоди»-ն, «Трое из Простоквашино» «Том и джерри» և շատ այլ մուլտֆիլմեր և կինոնկարներ։ Գտնում եմ որ նման արգելքը առնվազն ողջամիտ չէ։ Բացի այդ ստացվում է, որ պետք է սահմանափակվի ինտերնետում կինոնկարների և հեռուստահաղորդումների ցուցադրումը։ Ամբողջ աշխարհում ինտերնետի ազատությունը համարվում է կարևոր իրավունք, իսկ այն սահմանափակող երկրները շատ դեպքերում դիտվում են որպես ձայնի ազատությունը սահմանափակող գործողություններ։ Գտնում եմ, որ նման սահմանափակումները տեղ չունեն ժողովրդավար ՀՀ-ում։ Միաժամանակ կցանկանայի ստանալ հիմնավորում, թե ում միջոցներով է սահմանափակվելու ինտերնետի ազատությունը և որքան գումար է նախատեսվում դրա համար ծախսել։ Ակընկալում եմ ստանալ իմ կողմից բարձրացված հարցերի և առաջարկների հիմնավոր պատասխաններ։ Կցանկանայի նաև ամեն դեպքում կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կկարողանայի ներկայացնել իմ առաջարկները և մտահոգությունները։ 1. Առաջարկությունը չի ընդունվել. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների տարբերակումն ըստ դրա օգտագործման ձևերի անընդունելի է, նկատի ունենալով, որ այդ դեպքում օրենքի մակարդակով անհիմն տարբերակում կդրվի կոնկրետ մարդու առողջության պահպանման իրավունքի և հանրային առողջության պահպանման իրավունքի ապահովման գործիքների միջև: Նման սահմանափակումների սահմանման նպատակը ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից զերծ տարածքների՝ հնարավորին լայն շրջանակի ստեղծումն է, որտեղ կբացառվի առողջության համար վնասակար գործողությունների իրականացումը: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ այլ ձևերով ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքների և սահմանափակումների առավել մեղմ ռեժիմների սահմանումը կնշանակի, որ օրենքի մակարդակով ճանաչվում է դրանց պակաս վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա, ինչը հիմնավորող ապացուցողական նշանակության տվյալներ ներկայում չկան, ավելին նման մոտեցումը խթանելու է դրանց օգտագործումը հատկապես երիտասարդ տարիքի բնակչության շրջանում, որպես ծխախոտային արտադրատեսակների առավել մատչելի, ժամանակակից ու նորաձև եղանակների: 2. Առաջարկությունը չի ընդունվել. ԵԱՏՄ-ի Տեխնիկական կանոնակարգերը տալիս են ընդհանուր մոտեցումները և կարգավորումները, որոնց հիման վրա ՀՀ Կառարության կողմից հաստատվում են Հայաստանի Հանրապետությունում կիրառվող տեխնիկական կանոնակարգումները (օրինակ` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշական տեքստերը և այլն): 3. Առաջարկությունն ընդունվել է մասամբ. Նախագծում փակ և կիսափակ տարածքների հասկացությունները խմբագրվել և հստակեցվել են: Նախագծով Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, օգտագործումն արգելվում է հոդված 6-ով սահմանված փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում, որը չի ենթադրում թույլտվություն տալու ընթացակարգ: 4. Առաջարկությունը չի ընդունվել. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի արգելքը հանրային սննդի օբյեկտներում պայմանավորված է Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) պահանջների ապահովմամբ, մասնավորապես Կոնվենցիայի հոդված 16-ի համաձայն, յուրաքանչյուր Կողմ համապատասխան կառավարական մակարդակում ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ ծխախոտային արտադրատեսակների վաճառքի արգելում ցանկացած ձևով, որը այդ արտադրատեսակները ուղղակիորեն մատչելի է դարձնում: 5. Առաջարկը չի ընդունվել. Սույն առաջարկը Նախագծի կարգավորման ոլորտից դուրս է: 6. Նախագծում նշված «Հայաստանի Հանրապետությունում արտադրված երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը» վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությունում արտադրված նոր ստեղծագործություններին և պայմանավորված է երեխաների մոտ հետաքրքրություն չձևավորելու անհրաժեշտությամբ: