Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն Հարկային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը իրենց հոլովումներով փոխարինել «ֆինանսական լիզինգ (տարատեսակներ)» բառերով համապատասխան հոլովումներով:
Հոդված 2. Օրենսգիրքի 4-րդ հոդվածի.
1) 1-ին մասի 20-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Ֆինանսական լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ ակտիվի սկզբնական արժեք է համարվում այդ ֆինանսական լիզինգի առարկայի սկզբնական արժեքը.».
2) 1-ին մասի 30-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Ֆինանսական լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ ակտիվի հաշվեկշռային արժեքը որոշելիս նվազեցվում է նաև այդ ֆինանսական լիզինգի առարկայի հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումները, հաշվի առած նաև մինչև լիզինգի առարկան սեփականության իրավունքով լիզինգառուին անցնելը՝ լիզինգառուի կողմից կատարված Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը.».

3) 1-ին մասը լրացնել 64-րդ և 65-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«64) ֆինանսական լիզինգի առարկայի սկզբնական արժեք՝ լիզինգառուի մոտ ֆինանսական լիզինգի առարկայի ստացման հաշվարկային փաստաթղթում արտացոլված արժեք, կառուցման կամ ստեղծման կամ մշակման ծախսերի (այդ թվում՝ չփոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չնվազեցվող) հարկերի և վճարների), տեղափոխման, տեղակայման ծախսերի և (կամ) ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսերի հանրագումար՝ դրամական արտահայտությամբ.
65) ֆինանսական լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեք՝ լիզինգառուի մոտ ֆինանսական լիզինգի առարկայի սկզբնական արժեքի և հարկման նպատակով դրանից կատարված նվազեցումների (այդ թվում՝ մաշվածության կամ ամորտիզացիայի մասհանումների) տարբերություն՝ հաշվի առած Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կապիտալ ծախսերը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամսվա վերջին օրը՝ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափով, եթե սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչև հաշվետու ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի՝ սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման պահը՝ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափով, եթե սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:
Ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված՝ մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճար ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին՝ մինչև այդ պահը ստացված լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճարի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին» բառերը փոխարինել «եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին կամ եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին՝ ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարների մասով» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. ապրանքի՝ վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, ինչպես նաև գույքի ֆինանսական լիզինգով (տարատեսակներով) տրամադրումը,»:

Հոդված 6. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 19-րդ մասի.
1) 3-րդ կետում «վարկերի (փոխառությունների)» բառերից հետո լրացնել «և գույքի ֆինանսական լիզինգով (տարատեսակներով)» բառերով,
2) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա լիզինգի առարկայի արժեքի համապատասխան չափը և հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները, իսկ եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարները:»:

Հոդված 7. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-ին մասի.
ա) 47-րդ կետի «բ» ենթակետում «փոխառությունների» բառից հետո լրացնել «կամ գույքի ֆինանսական լիզինգով (տարատեսակներով)» բառերով,
բ) 47-րդ կետի «ժդ» ենթակետում «լիզինգային» բառը փոխարինել «ֆինանսական լիզինգի (տարատեսակների)» բառերով.
գ) 47-րդ կետի «ժե» ենթակետում «ավարտին» բառը փոխարինել «ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը» բառերով.
դ) 47-րդ կետի «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժզ» ենթակետով՝
«ժզ. ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից այն գույքի լիզինգով (տարատեսակներով) օտարումը, որոնց մատակարարման գործարքից ԱԱՀ-ն օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվարկվել և չի վճարվել:»:

Հոդված 8. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 9-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«9) լիզինգի առարկայի օտարման գործարքից առաջացած՝ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի և Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վերաձևակերպված ԱԱՀ-ի գումարների բացասական տարբերության չափով, եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին:»:

Հոդված 9. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «տոկոսների տեսքով» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների)»:

Հոդված 10. Օրենսգրքի 121-րդ հոդվածի
1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ֆինանսական լիզինգի (տարատեսակների) առարկան սեփականության իրավունքով հարկ վճարողին անցնելու դեպքում՝ այդ սեփականության իրավունքով անցած ակտիվի՝ ամորտիզացիոն ժամկետի հաշվարկելու նպատակով, ամորտիզացիոն ժամկետի սկիզբ է համարվում այդ ֆինանսական լիզինգի առարկայի ամորտիզացիայի հաշվարկման առաջին օրը.»
2) 8-րդ մասից հետո լրացնել նոր 9-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«9. Եթե ֆինանսական լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ծախս է ճանաչվում լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին լիզինգի առարկայի հաշվեկշռային արժեքը՝ այդ պայմանագրով նախատեսված լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի՝ այդ հաշվետու ժամանակաշրջանում այդ լիզինգի առարկայի գծով որպես եկամուտ ճանաչված գումարի համամասնությամբ:»:

Հոդված 11. Օրենսգրքի 225-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով՝
«5. Եթե հարկվող օբյեկտը հանդիսանում է լիզինգի առարկա, ապա անշարժ գույքի հարկ վճարող է համարվում լիզինգառուն:»:

Հոդված 12. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ կետերով.
«5) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգի առարկայի նկատմամբ լիզինգի իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) առարկայի նկատմամբ լիզինգի իրավունքի դադարման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն չի հաշվարկվում:»:

Հոդված 13. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով՝
«5) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին.»:

Հոդված 14. Օրենսգրքի 240-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով՝
«4. Եթե հարկվող օբյեկտը հանդիսանում է լիզինգի առարկա, ապա փոխադրամիջոցների գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն:»:

Հոդված 15. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ կետերով.
«5) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցի նկատմամբ լիզինգի իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) առարկա հանդիսացող փոխադրամիջոցի նկատմամբ լիզինգի իրավունքի դադարման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6) լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն սույն մասի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում կատարում է լիզինգառուն, իսկ լիզինգատուի մոտ այդ նույն ժամանակահատվածում ֆինանսական լիզինգի (տարատեսակաների) պայմանագրով լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունն չի հաշվարկվում:»:

Հոդված 16. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով՝
«4) շարժական գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին.»:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն օրենքի 11-16-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 18. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք հանդիսացող լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է 2019 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 19. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական գրանցում ստացած՝ փոխադրամիջոց հանդիսացող լիզինգի առարկա համարվող հարկման օբյեկտների համար լիզինգառուի մոտ փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունն առաջանում է 2019 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 20. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններին:

Հոդված 21. Շարժական գույքի կադաստր վարող մարմինը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններին:

  • Discussed

    16.08.2018 - 01.09.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3254

Print