Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ հարկային օրենսգիրքը նախատեսում է, որ ակցիզային հարկ վճարողները կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում: Տվյալ կարգավորման պարագայում ենթաակցիզային ապրանք արտադրող փոքր տնտեսավարողներն ունենում են հարկման ընդհանուր համակարգի վարչարարությունից բխող էական խնդիրներ և գործնականում հաճախ նախընտրում են գործել ստվերում:

Խնդիրը հատկապես արդիական է գինու արտադրությամբ զբաղվող գերփոքր և փոքր տնտեսավարողների համար, որոնք ունենալով կայուն արտադրություն և սպառման շուկա, նախընտրում են գործել հարկային դաշտից դուրս:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2018թ. փետրվարին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզում գործող ընկերություններն արտադրում են տարեկան մոտ 920 հազար լիտր գինի: Միաժամանակ, նույն մարզում տնայնագործ-գինեգործների կողմից արտադրվում և իրացվում է շուրջ 450-500 հազար լիտր գինի:

Ինչպես ցույց է տալիս Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքներում 2013թ. իրականացված հետազոտությունը՝[1] նշված համայնքներում տնային պայմաններում արտադրվել է շուրջ 885 հազար լիտր գինի, որից միայն 80 հազար լիտրն է օգտագործվել սեփական կարիքների համար: Արտադրված գինու մնացած մասն, ինչպես նաև գործարաններից ձեռք բերված մոտ 242 հազար լիտր գինին վաճառվել է չշշալցված վիճակում (պոլիէթիլենային շշերով): Համեմատության համար նշենք, որ նույն տարածաշրջանում գործարանային պայմաններում արտադրվել է մոտ 2,6 մլն լիտր գինի:

Չնայած պաշտոնական տեղեկատվության և վերը նշված հետազոտության արդյունքների միջև առկա որոշակի շեղմանը (ինչը կարող է պայմանավորված լինել նաև ժամանակագրական տարբերությամբ)՝ ակնհայտ է, որ երկու դեպքում էլ տնային պայմաններում գինու արտադրությունը կազմում է տվյալ տարածաշրջանում գործարանների կողմից արտադրված գինու մոտ 50 տոկոսը:

Փաստորեն, ուսումնասիրված տարածաշրջանում[2] գինու արտադրության մի զգալի մասն արտադրվում և շրջանառվում է՝ շրջանցելով հարկային օրենսդրությունը:

Այս երևույթն ունի մի քանի բացասական կողմ.

  1. Փոքր ծավալների գինի արտադրողները հիմնականում հրաժարվում են օրինական դաշտում աշխատելուց՝ պայմանավորված վարչարարության տեսանկյունից առավել պարզ ընթացակարգեր նախատեսող հարկման համակարգերում (հարկման հատուկ համակարգերում) գործելու հնարավորության բացակայությամբ, ուստի չեն կարող իրենց գործունեությունն էապես ընդլայնել և արտահանել արտադրանքը:
  2. Գործելով ստվերային դաշտում՝ տնտեսավարողներն, ըստ էության, իրականացնում են ապօրինի ձեռնարկատիրություն և չեն վճարում հարկեր: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գինու գործարանների կողմից հարկային դաշտում չգործող տնտեսավարողների միջոցով գինու վաճառքը ևս պարունակում է հարկային պարտավորությունների կատարման հետ կապված էական ռիսկեր:
  3. Ստվերային դաշտում գործող գինի արտադրողներն, ինչպես նաև վերջիններիս գինի մատակարարող գործարանները ստանում են մրցակցային առավելություն՝ ամբողջությամբ օրինական դաշտում գործողների նկատմամբ:
  4. Փոքր ծավալների գինի արտադրողները խուսափում են իրենց արտադրության ընդլայնմանն ուղղված ներդրումներից, քանի որ օրինական դաշտում չգործելը համարում են ռիսկային՝ ապագայում նման տնտեսավարողների նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքը կանխատեսելի չլինելու պատճառով:
  5. Չնայած նման արտադրողների գինու նկատմամբ բավականաչափ պահանջարկին՝ հանրային սննդի և առևտրի ոչ բոլոր օբյեկտներն են համաձայնում գնել հարկային օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրանքը: Միաժամանակ, շշալցված, սակայն ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված շշերը զսպող ազդեցություն են ունենում զբոսաշրջիկների կողմից դրանց արտահանման ուղղությամբ:

Նշված եզրահանգումների համար հիմք են հանդիսացել նաև Գործարարության աջակցման գրասենյակի աշխատակիցների կողմից 2018թ. փետրվարին Արենիի համայնքապետարանում կայացած գինեգործների հետ հանդիպման, ինչպես նաև գինի արտադրող առանձին անհատների հետ ունեցած քննարկումների արդյունքում:

Հարկ է նշել նաև, որ միջնաժամկետ հեռանկարում վերը նշված համայնքների գինեգործների համար առկա է ևս մի մտահոգություն. վերջիններս հիմնականում գինին իրացնում են միջպետական ճանապարհի եզրին տեղակայված տաղավարներից, ուստի հնարավոր է ինչ-որ պահի նման գործունեությունն արգելվի: Այդ պարագայում էապես կկրճատվի տվյալ տարածաշրջանում տնայնագործական գինու արտադրության (իրացման) հնարավորությունը, ինչը համարվում է հարյուրավոր ընտանիքների (մոտ 70 ընտանիք միայն Արենի համայնքում) հիմնական գործունեությունը:

Նշված խնդիրներին լուծում տալու, գինու արտադրությամբ զբաղվող փոքր ընկերությունների համար օրինական դաշտում տնտեսավարելու և աճի հնարավորություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է վերջիններիս համար նախատեսել որպես շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործելու հնարավորություն:

Նախագծի մշակման համար ուսումնասիրված միջազգային փորձը վկայում է, որ գինեգործության զարգացման նպատակով մի շարք երկրներ կիրառում են հարկային արտոնություններ, այդ թվում՝ ակցիզային հարկի 0-ական դրույքաչափ: Օրինակ՝ Վրաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Կիպրոսում, Գերմանիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Հունգարիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Լյուքսեմբուրգում, Սլովակիայում, Սլովենիայում[3] սովորական գինու արտադրությունը և իրացումն ազատված է ակցիզային հարկից:

ԱՄՆ-ում 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխության համաձայն՝ իջեցվել է գինու ակցիզային հարկը բոլոր արտադրողների համար, սակայն փոքր ընկերությունների  և ընտանեկան գինեգործության համար սահմանվել է ավելի ցածր դրույքաչափ[4]:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին թույլ տալ գործել նաև որպես շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ՝ միաժամանակ համարվելով ակցիզային հարկ վճարող:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է զարգացման պոտենցիալ ունեցող փոքր գինի արտադրողների համար ստեղծել օրինական դաշտում գործելու հնարավորություն, բարձրացնել ոլորտի թափանցիկությունը և ապահովել առավել հավասար մրցակցային պայմաններ:

Որպես հետևանք՝ օրինական դաշտում գործող գինի արտադրողների թվի ավելացման հաշվին ակնկալվում է նաև հարկային եկամուտների աճ:

 

[1] Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ, «Տեղական տնտեսական զարգացում Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքներում», Վայոց ձոր, մարտ-ապրիլ, 2013թ., էջ 13:

[2] Ուսումնասիրության համար հիմք է ընդունվել Վայոց ձորի մարզը, քանի որ այդտեղ է կենտրոնացած տնայնագործական գինի արտադրողների զգալի մասը: Բացի այդ, այլ մարզերում տնայնագործական գինու արտադրության վերաբերյալ պաշտոնական և փորձագիտական տվյալներ առկա չեն:

[3]https://ec.europa.eu/taxation_customs/sites/taxation/files/resources/documents/taxation/excise_duties/alcoholic_beverages/rates/excise_duties-part_i_alcohol_en.pdf

[4] https://www.ttb.gov/tax_audit/taxguide.shtml#eleven,

 https://www.forbes.com/sites/thomaspellechia/2017/12/20/the-tax-cut-and-jobs-act-benefits-beverage-alcohol-producers-big-time/#3aa802b85f22

 

  • Discussed

    14.08.2018 - 30.08.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Public discussion

31.07.2018 13:46

Մհեր Մկրտչյան 5

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8344

Print

Suggestions

Razmik Khachaturyan

15.08.2018

ԱԱՀ-ի շեմը տարանջատել երկու մասի - Ներքին իրացումներ և արտահանում։ Տրամաբանությունն այն է, որ արտահանման ծավալների աճի պատճառով, երբ ԱԱՀ-ի շեմը հատվում է, տնտեսվարողը ստիպված չլինի ԱԱՀ-ի (որոշ չափով նաև շահութահարկի) չափով թանկացնել իր ծառայությունների գները։ Առաջարկս հիմնականում վերաբերվում է ՏՏ ոլորտին, քանի որ շատ ՏՏ կազմակերպություններ կամ այլ երկրում են գրանցում իրենց բիզնեսը, ՀՀ-ում թողնելով միայն ներքին շուկայի հաճախորդներին (որ մրցունակ մնան), ինչը լրիվ օրինական է, բայց պետությունը ոչինչ չի շահում, կամ ՀՀ-ում երկու կազմակերպություն են բացում (ներքին ու արտաքին շուկաների համար), ինչը օրենքի խախտում է։ Իսկ արտահանման դեպքում շեմը մի քանի անգամ մեծացնել, ինչը շատ մեծ մրցակցային հնարավորություններ կտա շատ արագ տեմպերով բիզնեսը ընդլայնելու ու ծառայությունների որակը էապես բարձրացնելու համար։

Andranik Daniel

14.08.2018

Տնայնագործ գինեգործները տասնամյակներ շարունակ ՀՀ տարածքում գործել են առանց պետական գրանցման և նրանց հարկային դաշտ բերելու համար անհրաժեշտ են իրական գործողություններ, այլ ոչ թե թղթի վրա գրված սիրուն օրենք:

Andranik Daniel

14.08.2018

Մինչև օրենքի փոփոխությունը, անհրաժեշտ է բացատրական հսկայածավալ աշխատանքներ կատարել տնայնագործ գինեգործների հետ: Հակառակ դեպքում՝ սա կդարնա հերթական շատ լավ օրենքը, սակայն այն մի մի աղերս չի ունենա իրականության հետ:

See more